Jump to content

Անսաստելի Անժելիկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անսաստելի Անժելիկան
ֆր.՝ Indomptable Angélique
ԵրկիրՖրանսիա
 Գերմանիա
 Իտալիա
Ժանրվեպի էկրանավորում և մելոդրամա
Թվական1967
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԲեռնար Բորդերի[1][2]
Սցենարի հեղինակԲեռնար Բորդերի, Անն Գոլոն, Պասկալ Ժարդեն և Ֆրանսիս Կոն[3]
ԴերակատարներՄիշել Մերսիե[2], Ռոբերտ Հոսեյն[2], Էտտորե Մաննի, Զիգհարդտ Ռուպ, Արտուրո Դոմինիչի, Մինո Դորո, Ջիաննի Սոլարո, Պաոլո Ջուստի, Պաուլ Մյուլլեր, Քրիստիան Ռոդե[2], Բրունո Դիտրիխ, Ռոժե Պիգո[2], Ժակ Տոժա, Հելմութ Շնայդեր[3], Պասկալ Մարտինո[3], Ժան Կլոդ Պասկալ[3], Ժակ Սանտի[3], Պոլդո Բենդանդի[3] և Միմո Պոլի[3]
ՕպերատորՀենրի Փերսին
ԵրաժշտությունՄիշել Ման
ՄոնտաժՔրիստիան Գաուդին
Տևողություն80 րոպե

Անսաստելի Անժելիկան (ֆրանս.՝ Indomptable Angélique), ֆրանսիական պատմա-արկածային ռոմանտիկ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1967 թվականին, ռեժիսոր Բեռնար Բորդերիի կողմից։ Կինոնկարը Անն և Սերժ Գոլոն ամուսինների Անժելիկայի մասին պատմող վիպաշարի չորրորդ՝ համանուն գրքի էկրանավորումն է։

Անժելիկան իմանալով, որ իր ամուսինը՝ Ժոֆրեյ դը Պեյրակը ողջ է, խախտում է թագավորի հրամանն ու Փարիզից Սավարիի հետ մեկնում է Ժոֆրեյին որոնելու, ում վերջին անգամ տեսել էին Լանգուստյե կղզում։ Ժամանելուց հետո պարզվում է, որ կղզին ամա է։ Երկար որոնումներից հետո, նրանք կղզում գտնում են բորոտությամբ տառապող երիտասարդի, ով հրաժարվում է տեղեկություն հաղորդել դը Պեյրակի մասին, քանի որ վերջինս օգնել էր նրան կանգնեցնել հիվանդության զարգացումը, իսկ տղան հավատարմության երդում էր տվել դը Պեյրակին։

Սավարին փորձում է համոզել Անժելիկային՝ Փարիզ վերադառնալու համար, սակայն Անժելիկան մերժում է այդ առաջարկը, հայտարարելով, որ ավելի լավ է մեռնել, քան դառնալ Լյուդովիկոսի սիրուհին։ Դրա փոխարեն նա որոշում է ուղևորվել Մարսել, առագաստանավ վարձակալել և ինքնուրույն շարունակել ամուսնու որոնումները։

Հաջորդ առավոտ թագավորական նավատորմի ծովակալ, հերցոգ դը Վիվոնը խարիսխ է նետում կղզում։ Տեսնելով Անժելիկային, նա որոշում է նրան ուղարկել Մարսել։ Սակայն երբ Անժելիկան ակնարկում է, որ իրեն հայտնի է հերցոգի քրոջ, թագավորի սիրուհի մարքիզուհի դը Մոնտեսպանի սև պատարագներին հաճախելու մասին, հերցոգն համաձայնվում է կատարել նրա խնդրանքը։ Դը Վիվոնը փորձում է բորոտ տղայից ճշմարտությունն իմանալ, սակայն տղան չցանկանալով մատնել դը Պեյրակին, ժայռից ցած է նետվում։

Դը Վիվոնի թիանավը Անժելիկայի ու Սավարիի հետ միասին հեռանում է կղզուց։ Հասնելով մոտակա նավահանգիստը, Անժելիկան տեղեկանում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում ֆրանսիական որևէ նավ չի եղել այնտեղ։ Սավարին ենթադրում է, որ կոմս դը Պեյրակը կարող էր թաքնվել Սարդինիա կղզում և Անժելիկան դը Վիվոնին համոզում է փոխել նավի ուղղությունը։ Երեկոյան հերցոգը փորձում է տիրանալ Անժելիկային, սակայն մերժում ստանալուց հետո, զայրույթի պահին որոշում է նրան իջեցնել Կորսիկայի առաջին իսկ նավահանգստում։

Ճանապարհին նրանց հանդիպում է Ռեսկատորի առագաստային ռազմանավը, ով հայտնի էր որպես վտանգավոր ազատամիտ, Ֆրանսիայի թագավորի հակառակորդ և ստրուկներին ազատագրող։ Դը Վիվոնը սկսում է հետապնդել ռազմանավին, սակայն ծուղակն է ընկնում։ Հերցոգը Անժելիկային առաջարկում է լողալով փախչել, իսկ ինքն ընդունում է անհավասար ուժերով ծովամարտը։ Արդյունքում թագավորական թիանավը խորտակվում է, իսկ ողջ մնացածներին գերի են վերցնում բերբերական նավերը։

Ռեսկատորը ոչ այլ ոք է, այլ Ժոֆրեյ դը Պեյրակը։ Իր նավի վրա նա տոնում է թագավորական թիանավի դեմ տարած հաղթանակը և հայտարարում, որ պետք է միշտ պատերազմի թագավորի իշխանության դեմ, քանի որ դեմ է միապետությանը, ստրկությանն ու տաժանակիր կյանքին։ Երեկոյան նա սուզվող զանգով իջնում է ստորջրյա քարանձավ, որտեղ գտնվում էր հարեմ հիշեցնող միջավայր։ Նախկին ստրկուհիներից մեկը, ով խենթի պես սիրահարված էր դը Պեյրակին, խանդից պոկել էր անտիկ արձանի գլուխը, որը հիշեցնում էր Անժելիկային։ Այդ ժամանակ Ժոֆրեյի կողմնակիցները գտնում են մահացող Սավարիին, ով անընդհատ շշնջում էր Անժելիկայի անունը։ Ժոֆրեյն հասկանում է, որ Անժելիկան գտնվում էր խորտակված թագավորական թիանավի վրա։

Անժելիկային գտնում և իր նավի վրա է վերցնում ուխտադրուժ քրիստոնյա, ծովահեն և կնատյաց, մարքիզ դ՛Էսկրենվիլը։ Վերջինս կանանց նկատմամբ իր ողջ ցասումը դրսևորում է Անժելիկայի նկատմամբ։ Նա Անժելիկային իջեցնում է նավի ներքնահարկ և թույլ տալիս, որպեսզի նավաստիները բռնաբարեն նրան։ Այդ սարսափելի դրությունից նրան փրկում է դ՛Էսկրենվիլի օգնականը, ով նավապետին համոզում է վաճառել Անժելիկային Կրետեում։

Ռեսկատոր դը Պեյրակը Անժելիկային որոնելու ընթացքում բարձրանում է դ՛Էսկրենվիլի նավի վրա, որպեսզի իմանա, թե արդյոք չի՞ գտել նա իր կնոջը։ Նա առաջարկում է 50 հազար զեքին՝ Անժելիկային ազատելու համար և զգուշացնում է, որ եթե նրան որևէ վնաս պատճառվի, ապա վրեժն անողորմ կլինի։ Ծովահենները պնդում են, որ իրենց ոչինչ հայտնի չէ Անժելիկայի մասին և Ժոֆրեյն հեռանում է։ Ի վերջո ծովահենները կարողանում են կոտրել Անժելիկայի կամքի ուժը՝ տանելով նրան վայրի կատուներով լի սենյակ։ Նա համաձայնվում է, որ իրեն վաճառեն Կրետեի ստրկաշուկայում։ Կղզում նա հանդիպում է Մալթայական Ուխտի ասպետներին և խնդրում, որպեսզի գնեն իրեն։ Ասպետները համաձայնվում են։

Անժելիկայի անսովոր գեղեցկության և Ֆրանսիայի թագավորի սիրուհին լինելու լուրը մեծ իրարանցում է առաջացնում ստրկաշուկայում՝ աճուրդի ժամանակ։ Նրա գինը հասնում է անհավանական բարձունքների։ Արդյունքում Անժելիկային գնում է բոլորին անհայտ մի բերբեր, վճարելով չլսված գին՝ 150 հազար զեքին (կշռելու դեպքում 3,5 գրամ զեքինը համապատասխանում է 525 կգ ոսկուն)։ Զայրացած Մեցցո Մորտեն, ով մեկնեսյան սուլթանի առաքիչն էր, դ՛Էսկրենվիլին մեղադրում է Անժելիկային իրեն վաճառելու խոստումը խախտելու համար։

Բերբերն Անժելիկային տանում է ծովափին գտնվող ապարանքը։ Երբ Անժելիկան մնում է այգում մենակ, լսում է Ժոֆրեյի ծանոթ քայլերի ձայնը։ Նրանք նետվում են միմյանց ընդառաջ ու գրկախառնվում։ Սակայն դը Պեյրակին տանջում է այն միտքը, որ Անժելիկան դարձել էր Ֆրանսիայի թագավորի սիրուհին, չնայած նաև արդարացնում էր նրան, քանի որ Անժելիկան իրեն զոհված էր համարում։ Անժելիկան ժխտում է նրա մեղադրանքները և խնդրում, որպեսզի Ժոֆրեյը հավատա իրեն, սակայն կոմսը համոզված չէր դրանում։ Ամուսինները վիճում են և Ժոֆրեյը գնում է դեպի իր նավը, որին համարում է իրեն հավատարիմ միակ ընկերը։

Այդ ժամանակ անհայտ մարդիկ հրկիզում են Ժոֆրեյի նավը։ Նա գիտակցում է, որ Անժելիկան ավելի կարևոր է իր համար, քան նավը և վերադառնում է նրա մոտ։ Սակայն օգտվելով հարմար պահից, դ՛Էսկրենվիլի մարդիկ առևանգում են Անժելիկային։ Դ՛Էսկրենվիլը վստահ էր, որ դը Պեյրակը մինչև կհանգցնի իր այրվող նավը, իրենք արդեն շատ հեռու կլողան ծովում և կրկին կարող են վաճառել Անժելիկային...

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար Կերպար
Միշել Մերսյե Անժելիկա Սանսե դե Մոնտելու
Ռոբեր Հոսեյն Ժոֆրեյ դը Պեյրակ
Ռոժե Պիգո մարքիզ դ՛Էսկրենվիլ
Քրիստիան Ռոդե հերցոգ դը Վիվոն
Բրունո Դիտրիխ Կորիանո
Պասկուալե Մարտինո Սավարի
Սամիա Սալի Էսմինա

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոգործիչ Ներդրումը
Լուի Ագոտե, Բեռնար Բորդերի, Ֆրանսիս Կոն, Պասկալ Ժարդեն սցենարիստ
Բեռնար Բորդերի ռեժիսոր
Ֆրանսիս Կոն, Ֆրանսուա Շավեն պրոդյուսեր
Անրի Պերսեն օպերատոր
Միշել Ման կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]