Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիսոն սովորական (լատին․՝ Pimpinella anisum), քոշխոտ, կարար, հազարդարուն, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է անիսոնի 160, ՀՀ-ում՝ ավելի քան 10 տեսակ՝ անիսոն ոսկյա (P. aurea), անիսոն վարդագույն (P. rhodantha), անիսոն մանանեխատերև (P. peucedanifolia), անիսոն եռաբաժան (P. tripartita) և այլն։
Ցողունը ճյուղավորվող է, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 15-120 սմ. Արմատամերձ և ցողունի ներքևի մասի տերևները կոթունավոր են, փետրաձև, ամբողջական կամ բլթակավոր, միջին մասինը՝ հաճախ խորը կտըրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կարմիր կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն ձվաձև է։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ենթալպյան մարգագետիններում, չոր լեռնալանջերին և այլն։
Դեղաբույս է. արմատների եփուկն օգտագործում են որպես խորխաբեր, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոց։ Արմատը, տերևը և պտուղը օգտագործում են սննդի, եթերայուղը՝ օծանելիքի արդ-յան մեջ, քուսպն անասնակեր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 418)։
|