Ամորիումի պաշարում
Ամորիումի պաշարում, արաբա-բյուզանդական պատերազմի կարևոր դրվագներից մեկը։ 838 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին՝ կարճատև պաշարումից հետո, բյուզանդական Ամորիում քաղաքը գրավվել և ոչնչացվել է Աբբասական խալիֆայության բանակի կողմից, խալիֆ Ալ-Մութասիմի (833-842 թվականներ) գլխավորությամբ։ Տվյալ իրադարձությունը արաբների պատասխանն էր նախորդ տարում դեպի խալիֆաթի սահմանային շրջաններ բյուզանդացիների կողմից կազմակերպված արշավանքին, երբ բյուզանդացիները ոչնչացրին խալիֆի հայրենի քաղաքի՝ Զապետայի բնակչությունը։ Դրան ի պատասխան Ալ-Մութասիմը որոշեց ներխուժել Բյուզանդիա՝ նպատակ ունենալով նվաճել Փոքր Ասիայի արևմտյան մասում գտնվող Ամորիումը՝ Ամորումյան արքայատոհմի հայրենի քաղաքը։ Այդ արքայատոհմին էր պատկանում իշխող կայսր Թեոֆիլը (829-842 թվականներ)։ Քաղաքի վրա հարձակվելու համար, որը 9-րդ դարում դարձել էր կայսրության կարևոր քաղաքներից մեկը, Ալ-Մութասիմը հավաքեց 80 հազարանոց բանակ, որը բաժանեց երկու մասի։ Դրանցից մեկը հարձակվեց հյուսիս-արևելքից, մյուսը՝ հարավից։ Հյուսիս-արևելյան զորքը 838 թվականի հուլիսի 22-ին Անզեի մոտ ջախջախեց Թեոֆիլի գլխավորած բյուզանդական զորքը։ Դա թույլ տվեց արաբներին թափանցել բյուզանդական Փոքր Ասիայի խորքը։ Արաբական երկու զորքերը միավորվեցին Անկարայի մոտ, որը լքված գտան։ Քաղաքը թալանելուց հետո արաբները շարժվեցին դեպի Ամորիում և տեղ հասան օգոստոսի 1-ին։ Այդ ժամանակ բյուզանդական բանակում սկիզբ առած պարսկա-խուրամյան ապստամբության, ինչպես նաև մայրաքաղաքում ծագած անհանգստությունների պատճառով Թեոֆիլը չկարողացավ օգնություն ցուցաբերել պաշարված քաղաքին։ Ամորիումը լավ ամրացված էր և ուներ ուժեղ կայազոր, սակայն դավաճանության շնորհիվ թշնամին իմացավ քաղաքային պատերի թույլ տեղը։ Հենց այս վայրում Աբբասյան բանակը կենտրոնացրեց իր ուժերը և թափանցեց ճեղքվածքով։ Ամորիումը նվաճվեց և հետևողականորեն ոչնչացվեց, ինչից հետո երբեք չհասավ իր նախկին բարգավաճմանը։ Բնակչության մեծ մասը սպանվեց, իսկ ող�� մնացածներին ստրկության մատնեցին։ Ողջ մնացացների մեծ մասը ազատվեց 841 թվականին կնքված հաշտության շնորհիվ։ Սակայն նրանց, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում, ուղարկեցին խալիֆայության մայրաքաղաք Սամարա, իսկ հաջորդ տարի մահապատժի ենթարկեցին իսլամ չընդունելու պատճառով։ Նրանք հայտնի են որպես «42 Ամորյան տղամարդիկ»։ Այդ պարտությունը մեծ ազդեցություն ունեցավ Բյուզանդիայի վրա։ Ամորիումի անկմամբ սկսվեց Բյուզանդիայի արտաքին քաղաքական անկման ժամանակաշրջանը։ Այն նաև վարկաբեկեց պատկերատյաց գաղափարախոսությունը, որը չեղյալ համարվեց Թեոֆիլի մահից հետո՝ 842 թվականին։
Բյուզանդիան և արաբները 830-ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]827 թվականին Սիցիլիայում սկսվեց արաբական նվաճումները և կայսր Թեոֆիլի (829-842 թվականներ) գահակալության ընթացքում իրադարձ��ւթյունները զարգանում էին Բյուզանդիայի համար անբարենպաստ եղանակով։ 830 թվականին արաբական Իսպանիայից և Հյուսիսային Աֆրիկայից կղզի են ժամանում նավատորմեր։ Արաբները կարողացան համաձայնության գալ և միավորելով իրենց ուժերը՝ որոշակի հաջողությունների հասնել, սակայն հետո նրանց մեջ համաճարակ սկսվեց։ Բյուզանդացիները անցնում են հարձակման, և արաբների մնացորդները նահանջում են Իսպանիա[1]։ Միևնույն ժամանակ արաբների մյուս մասը պաշարում է Պալերմոն և 831 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քաղաքը ընկնում է։ Հաջորդ երկու տարիներին կղզու վրա ակտիվ մարտական գործողություններ չի իրականացվել։ 834-835 թվականներին զորավար Աբու- Ֆիխրը բյուզանդացիներին մի շարք պարտություններ է հասցնում, բայց ապստամբության արդյունքում սպանվում է[2]։ 835 թվականի աշնանը արաբները իբն Յաղուբի հրամանատարությամբ հաջողության հասան, իսկ սեպտեմբերին Սիցիլիայում արաբական բանակը գլխավորել է աղլաբիների առաջնորդ Զիյադաթ Ալլա 1-ի (817-838 թվականներ) զարմիկ՝ Աբու-Ագլաբ Իբրահիմը։ Նրա օրոք շարունակվել են հարձակումները կղզու հունական շրջանների վրա, շարունակվում էին լավ ամրացված քաղաք Էննայի նվաճման համառ փորձերը[3]։ Ձմռանը արաբները կարողացան գրավել այդ քաղաքը, հարուստ ավարի հետ։ 837 թվականին Թեոֆիլը որոշեց արևելյան սահմանին մարտական գործողություններ սկսել, դրա համար դաշինք է կնքում արաբների դեմ ելած իրանական խուրամյանների առաջնորդ Բաբեկի հետ։ Այդ ժամանակ խուրամյանները գտնվում էին դժվարին իրավիճակում, շրջապատված Ալբուդ ամրոցում[4]։ Հույս ունենալով, որ խալիֆայության բանակը, տարված լինելով Բաբեկի դեմ պայքարով, լուրջ դիմադրություն չի ցուցաբերի, Թեոֆիլը 100 հազրանոց բանակով ներխուժում է Արաբական խալիֆայության սահմանները[5]։ Բյուզանդական բանակի կազմում էին նաև 834 թվականին ջախջախված պարսիկները։ Արաբական աղբյուրների վրա հիմնված գնահատականով՝ զորքում ընդգրկված էին 70 հազար զինվոր և 30 հազար սպասարկող անձնակազմ։ Դա համապատասխանում է այդ ժամանակ Փոքր Ասիայում բյուզանդական բանակի թվաքանակի մասին ամերիկացի Վարեն Տրեգդոլդի ունեցած տվյալներին։ 88 հազար զինվոր (50 հազար զինվոր թեմ, 14 հազար խուրամներ, 24 հազար տագման զորքեր) և 24 հազար ծառա[1]։ Այսպիսով այն եղել է վերջին հարյուրամյակների ընթացքում Բյուզանդիայի կողմից ռազմի դաշտ հանած ամենամեծ բանակը:
Բյուզանդացիների նախատեսած առաջին նպատակը Մալաթիան էր, որի զորքը 835 թվականին Բյուզանդիային պարտության մատնեց, սակայն լեռներով անցնելով, կայսրը շարժվեց 56 կմ հարավ-արեւմուտք տեղակայված Զապետրա ամրոցը (Σωζόπετρα, Ζιζόατρα, Ζάπετρα), որը գտնվում է ժամանակակից թուրքական քաղաք Վիրանշեհիրի մերձակայքում[6]։ Թեոֆիլը այրում է Զապետրան, որը խալիֆ Ալ-Մութասիմի հայրենիքն էր։ Մուսուլմանական ժողովրդի տղամարդկանց կոտորել են, կանանց և երեխաներին գերեվարել, հանել նրանց աչքերը, կտրել քթերը և ականջները։ Աղբյուրները նշում են, որ տուժել են նաև քրիստոնյաները, որոնց թալանել են[5]։ Այնուհետև բյուզանդացիները կողոպտել են Մալաթյան, գերեվարել բնակչությանը և պաշարել Արշամշատը։ Քանի որ արաբական զորքի մեծ մասը զբաղված էր Բաբեկի դեմ պայքարով, քաղաքը նվաճվել էր և գրեթե 4 հազար արաբներ սպանվեցին ռազմի դաշտում։ Դրանից հետո Թեոֆիլը ավերեց հյուսիսից Արշամշատին հարակից Հայաստանի մասը, ձգտելով ստանալ վճարվելիք տուրքը։ Նա հասավ այդ նպատակին, իսկ Սպերի գավառակի տիրակալը ընդունեց Բյուզանդիայի իշխանությունը[7]։ Այնուհետև Թեոֆիլը վերադարձավ Մալաթիա, որի բնակիչները նախընտրեցին փրկագին վճարել, վերադարձնելով 2 տարի առաջ գերի վերցրած հույներին և 1000 մարդ պատանդ տալով[8]։ Հաշվի առնելով քաղաքի ամրությունների ուժը, կայսրը բավարարվեց դրանով։ Հրամայելով կտրել գերիների ականջներն ու քթերը նա նրանց ազատ արձակեց։ Դրանից հետո կայսրը վերադարձավ Կոստանդնուպոլիս, որտեղ ի հիշատակ հաղթանակի հրամայեց պալատի շինարարություն սկսել, այգիներ տնկել և ջրանցք կառուցել։ Հաղթանակը և նրա պատվին կազմակերպված հանդիսավոր դիմավորումը թույլ տվեցին մոռանալ նախորդող մի շարք պարտությունների մասին[9]:Սպեր գավառակի ենթակայության հետ կապված Սևծովյան Խալդիա դուկատը վերափոխվել է թեմի՝ դա տարածաշրջանում պետք է ավելի մեծ հեղինակություն տար բյուզանդական հրամանատարներին[10]։ Բյուզանդական արշավանքը չհանգեցրեց Բաբեկի վիճակի բարելավմանը, ով 837 թվականի սեպտեմբերին գերեվարվել է արաբների կողմից։ Դրա արդյունքում նրա հետևորդները, որոնց թիվը հասնում էր 16 հազարի, խուրամյանների օրինակով փախան Բյուզանդիա։ Բացի այդ, առանց անհանգստանալու արևելքում հնարավոր հետևանքների մասին, Թեոֆիլը որոշեց ուշադրությունը կենտրոնացնել Սիցիլիայի կրոնական խնդիրների վրա, որոնք կապված էին իր պատկերատյաց քաղաքականության հետ։ Ինչպես տեղեկացնում են արաբական աղբյուրները, երբ ավերված Զապետրայի փախստականների ամբոխը հասել է Սիցիլիա՝ խալիֆի նստավայր, Ալ-Մութասիմը հեծավ ձին և ուզում էր իսկույն գնալ արշավանքի։ Սակայն դա անհնար էր, քանի դեռ Բաբեկը շարունակում էր դիմադրություն ցուցաբերել, այդ իսկ պատճառով Զապետրայի բնակչությանը օգնության ուղարկեց զորքերի մի մասը, Ուջայֆ իբն Աբբասի և Մուհամեդի գլխավորությամբ։ Երբ արաբական բանակը հասավ Զապետրա, բյուզանդացիները արդեն հեռացել էին։ 837 թվականի վերջին և 838 թվականի սկզբին, երբ Բաբեկը պարտվեց Աֆշին զորավարի կողմից, արաբները փոքր արշավանք կազմակերպեցին։ Սակայն փոքր քանակությամբ գերիները չբավարարեցին նրանց վրեժի ցանկությունը։
Իրադարձությունների ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անզեն և Անկիրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբեկի դեմ տարած հաղթանակից հետո Ալ-Մութասիմը վերադարձավ բյուզանդացիներից վրեժ լուծելու մտքին։ Ըստ արաբ պատմաբան Թաբարի, խալիֆը դիմեց իր խորհրդատուներին հետևյալ հարցով՝ «հունական ամրոցներից ո՞րն է ամենաանմատչելին»[11]։ Նրան պատասխանեցին, որ Ամորիումը, քանի որ «այնտեղ իսլամի առաջացման ժամանակներից ոչ մի մուսուլման չի եղել, այն քրիստոնեության հիմքն է, հույների համար այն Կոստանդնուպոլսից պատվավոր է»։ Աստղագուշակները աստղերի դասավորվածությունից ելնելով, կանխատեսում են արշավանքի ձախողումը, որի վրա խալիֆը ուշադրություն չի դարձնում։ Ըստ Թաբարի 838 թվականի ապրիլին Ալ-Մութասիմը հսկայական ուժերով պատրաստվում է արշավանքի։ Արաբ պատմաբան Մասուդը գնահատում է 200-ից մինչև 500 հազար մարդ, այս տարբերակը ընդունում է նաև Ա. Ա.Վասիլևը[12]։ Ու.Թրեդգոլդըը գտնում է, որ ավելի հավանական է Միքայել Ասորու գնահատականը՝ 80 հազար մարդ։ Առաջավոր ջոկատի հրամանատարը թուրք Աշինաս և Մուհամեդ իբն Իբրահիմն էին, աջ թևը ղեկավարել է թուրք Իտահը, ձախը՝ Ջաֆար իբն Դինարը, իսկ կենտրոնում՝ Ջեյֆ իբն Աբասը։ Մութասիմի հրամանով պաստառների վրա մակագրել էին «Ամորիում»[13]։ Զորքը կանգ առավ Տարսոնից մեկ օրվա հեռավորության վրա, այն վայրում որտեղ արաբների և բյուզանդացիների մեջ տեղի էր ունենում գերեիների փոխանակում։ Այդ ընթացում Թեոֆիլը դուրս էր եկել Կոստանդնուպոլսից և հաստատվել Դորիլեյում, Ամորիումից երեք օրվա հեռավորության վրա։ Նրա բանակը բաղկացած էր հեծելազորային տագմայից, հայազգի Մանուելի, պարսիկ Ֆեոֆոբի հրամանատարությամբ, հնարավոր է նաև Թրակիայի ու Մակեդոնիայի թեմական զորքից, որոնք այդ ժամանակ ենթական չէին ներխուժման վտանգին[14]։ Արաբական զորքի թվաքանակը, որի մասին հայտնի էր դարձել հույներին, ստիպեց շատերին, խորհուրդ տալ կայսերը անտեղի զոհերից խուսափելու համար Ամորիումի բնակչությանը անվտանգ վայր տեղափոխել, դա կարող էր նաև ստիպել արաբներին հրաժարվել իրենց պլանից և վերացրեց զորքի կիսման անհրաժեշտությունը։ Բայց Թեոֆիլը համարելով, որ դա անարժան և փոքրոգի է, որոշեց ամրացնել քաղաքը, վստահելով նրա պաշտպանությունը Անատոլիկ թեմի ստրատեգոսին[15]։ Թեոֆիլը այնպիսի դիրք գրավեց, որը հնարավորություն էր տալիս հետևել Կիլիկյան դարպասներից դեպի Անկիրա ճանապարհը։ Զորքի կեսին Ամորիում ուղարկելուց հետո, նրա մոտ մնաց 40 հազար զինվոր։ Հնարավոր է նաև, որ այդտեղ նրան միացան, Պաֆլագոնիա և Արմենիակոն բանակաթեմը[16]։
Չնայած Ալ-Մութասիմը իսկապես ցանկանում էր անցնել Կիլիկիայի դարպասների միջով, նրա ծրագիրը Թեոֆիլի պատկերացրածից ավելի դժվար էր։ Ցանկանալով հարձակվել մի քանի ուղղություններով, խալիֆը բաժանեց իր զորքը երկու մասի, փոքր մասը (30 հազար մարդ, այդ թվում 10 հազար թուրք և արաբական Հայաստանի ողջ զորքը) Աֆշինի հրամանատարությամբ ուղարկելով Սերուջու քաղաք։ 838 թվականի հունիսի կեսերին այն անցավ Անտիտավրոսը և սպասում էր նշանակված օրվան, որպեսզի հատի Բյուզանդիայի սահմանը։ Ա. Ա. Վասիլևի ենթադրությամբ այնտեղ նրանց միացան հայկական զորքը և Մալաթիայի էմիր Ումար ալ- Աքթան[17]։ Միացյալ ջոկատը կանգ առավ Դազիմոնի հովտում, ժամանակակից Եվդոկիա քաղաքի կողքին։ Արաբական բանակի երկրորդ մասը, որը գլխավորում էր խալիֆը և Աշնասը, ինչպես ենթադրում էին բյուզանդացիները Կիլիկյան դարպասներով ուղևորվեցին Անկիրա, որի գրավումից հետո նրանք պետք է շարժվեին դեպի Ամորիում։ Հունիսի 19-ին, Աշնասը հրաման ստացավ առաջապահ ջոկատով շարժվել դեպի Սաֆսաֆ քաղաք, իսկ 21-ին՝ շարժվեց նաև Մութասիմը[18]։ Այդ ժամանակ արաբներին հայտնի դարձավ, որ բյուզանդական զորքը գտնվում է սահմանային գետ Լյամսի մյուս ափին, որտեղ միշտ փոխանակում էին գերիներին և պատրաստվում հանկարծակի հարձակվել։ Մութասիմը հրամայեց Աշնասին այլևս առաջ չգնալ և սպասել վերջապահ զորքի ժամանմանը։ Երեք օր անց Աշնասը նոր հրաման ստացավ՝ գերիներ վերցնել և տեղեկություն ստանալ կայսեր և նրա զորքի մասին։ Այդ հրամանը կատարվում է, որի արդյունքում արաբներին հայտնի դարձավ բյուզանդական զորքի ճշգրիտ վայրը, և Կուրրա ամրոցի զորավարի ծրագիրը՝ որոգայթ լարել լեռներում։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ Թեոֆիլը տեղեկություն է ստացել, որ Արմենիակոն բանակաթեմի կողմից շարժվում է Աֆշինի բանակը, որից հետո մեկ ջոկատով գնաց նրանց ընդառաջ[19]։ Մնացյալ զորքը մնաց կայսեր բարեկամի հրամանատարության ներքո։ Այդ տեղեկությունները անմիջապես հայտնեցին Մութասիմին, ով կարգադրում է սուրհանդակ ուղարկել Աֆշինի մոտ, բայց արդեն շատ ուշ էր։ Հուլիսի 22-ին Անզեն (հուն․՝ Άνζήν) ժայռի մոտ, Տոկատայից արևմուտք, տեղի ունեցավ ճակատամարտ, որի ժամանակ Բյուզանդիայի կողմից կայսր Թեոֆիլից բացի հրամանատարը պարսիկ Թեոֆոբը և հայազգի Մանուելն էին։ Սկզբում ճակատամարտը հաջող էր ընթանում բյուզանդացիների համար, բայց հետո արաբական հեծելազորը նրանց փախուստի մատնեց։ Հասնելով Լյամիս, զինվորները իմացան, որ Թեոֆիլի թողած զոքրը ցրվել է, չցանկանալով ենթարկվել նրա բարեկամին։ Բյուզանդական բանակի մնացորդները հավաքվեց Ամասիայից հյուսիս։ Այդ ժամանակ Աշնասը ստացավ վերջապահ զորքի կողմից բերված պաշարը և առաջ շարժվեց։ Մութասիմը հետևում էր նրան, երեք օրվա հեռավորությամբ։ Անկարայից երեք օր հեռավորության վրա գտնվելով, Աշնասը գերիներից տեղեկացավ, որ մոտակայքում գտնվում են մեծ քանակությամբ փախստականներ՝ պաշարով։ Նրանց որոնումներին ուղարկել են Մալիք իբն Քեյդարին 500 ռազմիկներով, իսկ ինքը՝ Աշնասը շարժվեց դեպի Անկիրա, որը այդ ժամանակ հանդիսանում էր լավ պաշտպանված ամրոց։ Սակայն բնակչությունը լսելով Թեոֆիլի պարտության մասին, լքել էր քաղաքը։ Անկիրայիի մոտ Մալիքը հանդիպեց Աշնասին, հաջորդ օրը այնտեղ է ժամանում Մութասիմը։ Մի քանի օր անց նրանց է միանում Աֆշինը, որից հետո Անկիրան նվաճվում և ոչնչացվում է։
Ամորիումի պաշարում և անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով Թեոֆիլն իր խորթ մայր Եվփրոսինիայից տեղեկություն ստացավ, որ մայրաքաղաք հասած դասալիքները նրա մահվան մասին տեղեկություն են տարածում, և ժողովուրդը պատրաստվում է նոր կայսր ընտրել։ Թեոֆիլը շտապ մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ իր գալուստով և մի քանի դավադիրների մահապատժի ենթարկելով դադարեցնում է շփոթությունը։ Մինչդեռ նրա բացակայության ընթացքում Փոքր Ասիայում ապստամբում է բանակի պարսկական մասը և կայսր հռչակում Ֆեոֆոբին [18]։ Չնայած վերջինս ոչինչ չձեռնարկեց իր իշխանությունը Պաֆլագոնիայից այն կողմ տարածելու համար, սակայն նրա տրամադրության տակ 30 հազար զորք կար, և նրա հավանական միավորումը արաբների հետ մեծ վտանգ կլիներ Թեոֆիլի համար։ Կայսրը պատվիրակություն ուղարկեց խալիֆ Մութասիմի մոտ, ստորացած բացատրություններով եւ խոստումներով։ Թեոֆիլը հայտարարեց, որ Զա��ետրայի գրավման ժամանակ, զորավարները գերազանցել են իր հրամնաները, նա խոստացավ իր միջոցներով վերակառուցել քաղաքը, խալիֆին հանձնել ոչ միայն Զապետրայի գերված բնակչությանը, այլև գերեվարված բոլոր արաբներին, նույնիսկ իր մարդկանց, ովքեր անկարգություններ են կատարել քաղաքի գրավման ժամանակ։ Մութասիմը ուշադրություն չդարձրեց կայսեր խնդրանքներին և ծիծաղելով Թեոֆիլի վախկոտության վրա, պահեց դեսպաններին, մինչև Ամորիումի պաշարման ավարտը։ Արաբական բանակը շարժվում էր դեպի Ամորիում երեք զորասյուներով՝ կենտրոնում գտնվում էր ինքը՝ Մութասիմը, ձախ զորասյունը գլխավորում էր Աշնասը, աջը՝ Աֆշինը[20]։ Հրամայված էր գերի վերցնել բոլորին՝ անկախ սեռից և տարիքից, ավերել և այրել բոլոր գյուղերը։ Յոթ օր անց Ամորիումին մոտեցավ առաջին զորասյունը, իսկ երեք օր անց արաբական բանակը քաղաքի պատերի մոտ էր։
Այդ ժամանակ Ամորիումը ապրում էր իր առավելագույն ծաղկման շրջանը, այն իրենից ներկայացնում էր աճող ամրոց, 44 աշտարակներով[21]։ Պաշարումը սկսեց 838 թվականի օգոստոսի 1-ին։ Սկզբում արաբները նկատելի հաջողության չհասան և երկու կողմերը զգալի կորուստներ ունեցան։ Համաձայն աղբյուրների պաշարման ընթացքում փոփոխություն նկատվեց, այն բանից հետո, երբ բյուզանդացիների կողմից ավելի վաղ գերի վերցրված մուսուլմանը, ով քրիստոոնեություն էր ընդունել, արաբներին ցույց տվեց քաղաքի պատի այն հատվածը, որը կարելի էր հեշտությամբ կոտրել։ Իսկապես, հարձակման արդյունքում նշված վայրում պատը ավերվել է[22]։ Քաղաքի պաշտպանների հարմանատարները Աետիոսը և ներքինի Ֆեոդորը կայսերը նամակ ուղարկեցին, որում տեղեկացնում էին պատի կործանման մասին, քաղաքը շրջապատած բազմապատիկ զորքի մասին և գիշերը թշնամու շարքերի միջով անցնելու և կայսեր մոտ շարժվելու մասին։ Թեոֆիլին փոխանցելու համար նամակը հանձնեցին երկու անձանց՝ հույն ստրուկի և արաբերեն իմացող մի մարդու։ Դուրս գալով քաղաքից, նրանք առևանգվեցին արաբների կողմից։ Նրանց խուզարկության արդյունքում գտան նամակը։ Կարդալով նամակը խալիֆը պարգևատրում է հույներին, ովքեր համաձայնում են ընդունել իսլամ։ Հաջորդ օրը առավոտյան նրանց հագցնելով թանկարժեք հագուստ, կարգադրում են տանել նրանց Ամորիումի պատի մոտ, այնպես որ Աետիոսը նկատի նրանց[23]։
Դրանից հետո արաբները քաղաքի շուրջը ուղեկալներ դրեցին։ Այնուհետև Մութասիմը հրամայեց բալիստիկա կառուցել, որոնք դրվեցին հարթակների վրա, որոնց տակ գտնվում էին սայլակները։ Քաղաքային փոսերի վերացման համար յուրաքանչյուր զինվորի մեկական խոյ բաժանեցին, որը նրանք պետք է ուտեին, իսկ ոսկորները լցնեին հողով և նետեին փոսի մեջ։ Սակայն այսպիսով պատերից թափվող քարերի պատճառով փոսերը փակել չհաջողվեց[24]։ Չնայած դրան Մութասիմը հրամայեց շարժվել դեպի պաշարման աշտարակները, սակայն նրանցից մեկը կորցրեցին, այսպիսով պաշարման առաջին փորձը անհաջողության մատնվեց։ Հաջորդ օրը Մութասիմը նոր պաշարման հրաման արձակեց։ Առաջին օրը, երբ գրոհի գնացին Աշնասի զորքերը, վճռական արդյունքների չհասան։ Հաջորդ օրը պայքարի մեջ մտան Աֆշինի զորքերը, որոնց գործողությունները արժանացան խալիֆի հավանությանը[25]։ Երրորդ օրը մարտի դաշտ գնացին Մութասիմի զորքերը։ Այդ օրերին թեժ մարտեր էին ընթանում պատի ճեղքում և ինչպես վկայում է ատ-Թաբարը, կրում են ծանր կորուստներ։ Պաշտպանության այդ վայրը ղեկավարող Վենդուն օգնություն խնդրեց Աետիոսից, բայց մերժում ստացավ։ Դրանից հետո Վենդուն բանակցություններ սկսեց Մութասիմի հետ, որի արդյունքում քաղաքի անցատեղը բացվում է և արաբները անարգել մտնում են քաղաք։ Հույների մի մասը պատսպարվում են եկեղեցում, որտեղ համառ դիմադրություն ցուցաբերելուց հետո այրվում են։ Մյուս մասը Աետիոսի հրամանատարությամբ փակվում են աշտարակում։ Կարճատև բանակցություններից հետո Աետիոսը վայր է դնում զենքը։ Համաձայն ատ-Թաբարի պաշարումը տևել է 55 օր, Ա. Ա.Վասիլևայի հաշվարկներով ՝ 838 թվականի սեպտեմբերի 24։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամորիումում արաբները վերցրին մեծ թվով ռազմագերիներ, այդ թվում զինվորականներ և խոշոր պաշտոնյաներ։ Թալանվել և ավերվել են բազմաթիվ եկեղեցիներ, որոնց սպասավորները նույնպես գերեվարվեցին։ Քաղաքի 70 հազարանոց բնակչության գրեթե 30 հազարը սպանվեց։ Խալիֆի հրամանով առանձնացնում են հարուստ և նշանավոր հույներին, իսկ մյուս գերեիներին բաժանում չորս զորահրամանատարների միջև։ Ավարի բաժանումը տևեց հինգ օր, մնացածը այրեցին[26]։ Ամորիումի դարպասներն ու պատերը ավերեցին։ Միայն դրանից հետո բաց թողեցին պաշարումից առաջ հափշտակված դեսպաններին։ Այնուհետև ցանկանալով շարունակել արշավանքը Մութասիմը որոշեց շարժվել բյուզանդական բանակին ընդառաջ։ Անցման ժամանակ գերիների մի մասը հրաժարվում է առաջ շարժվել և սպանվում են, իսկ որոշները հարձակվում են զինվորների վրա և փախչում[27]։ Դրա մասին իմանալով Մութասիմը հրամայում է մահապատժի ենթարկել վեց հազար մարդու։ Փայլուն հաջողությունը, որը ուղեկցում էր 838 թվականի արշավանքը, կարող էր քաջալերել Մութասիմ Թեոֆիլ արքայի դեմ առաջ շարժվելու համար, սակայն Աբբասի ապստամբության պատճառով նա որոշեց հետ վերադառնալ։ Հսկայական ավարի հետ մեկտեղ նա բերեց բազմաթիվ գերիներ, որոնց թվում՝ բյուզանդական բարձրաստիճան անձիք, այդ թվում ՝ Աետիոսը, Ֆեոդոր Կրատիրը և նրա կնոջ բարեկամ ռազմական ստորաբաժանումների հրամանատար Կոնստանտին Վավուչիկը։ Գերիները բերվեցին Բաղդադ և բնակեցրեցին Մութասիմի կողմից կառուցված խալիֆայության մայրաքաղաք Սամարայում, Տիգրիս գետի վրա, որտեղ նրանք գտնվում էին անազատության մեջ։ Քանի որ նրանց ազատ արձակման համար ընթացող բանակցությունները անհաջող ավարտ ունեցան, գերիները 846 թվականին նահատակվեցին[28]։
838 թվականի պարտության արդյունքում Թեոֆիլը որոշեց մուսուլմանների դեմ եվրոպական կոալիցիա կազմակերպել։ Դրա համար նա բանակցություններ սկսեց արևմտյան կայսր Լյուդովիկոս 1-ին Բարեպաշտի հետ, Վենետիկի դոժ Պետրո Տրադոնիկոյի և Իսպանիայի խալիֆ՝ Օմայաններ դինաստիայի ներկայացուցիչ Աբդ ար-Ռահման 2-րդի հետ։ Ամենից առաջ բյուզանդական պատվիրակությունը Ֆեոդոսիայի գլխավորությամբ 838 թվականի վերջին հայտնվեց Վենեցիայում[29]։ Ֆեոդոսիան համոզեց վենեցիացիներին նավատորմ ուղարկել Հարավային Իտալիայում նվաճումներ սկսած սիցիլյան արաբների դեմ։ Այդ արշավանքը հաջողությամբ չպսակվեց, քանի որ վենեցյան նավատորմը ջախջախվեց արաբների կողմից։ Վենետիկում մոտ մեկ տարի մնալուց հետո Ֆեոդոսիան 839 թվականի հունիսի 17-ին ընդունվում է գերմանական կայսեր կողմից, որտեղ բանակցություներ էր վարվում Աֆրիկա նավատորմ ուղարկելու համար, նպատակ ունենալով շեղել Մութասիմի ուժերը։ Այդ դեսպանությունը չհանգեցրեց որևէ քաղաքական կամ ռազմական հետևանքների։ Իսպանիայում բանակցությունների արդյունքը պատասխան դեսպանության ուղարկումն էր Կոստանդնուպոլիս։ Դրա միջոցով Աբդ ար- Ռահման 2-րդը խոստացավ զինել նավատորմը, երբ ներքաղաքական իրավիճակը Իսպանիայում թույլ կտա դա անել։ Չի բացառվում, որ Աբբասի դավադրությանը աջակցել է նաև Թեոֆիլը[30]։ Չնայած Արեւմտյան Եվրոպան Բաղդադի խալիֆայության դեմ պայքարին ներգրավվելու ջանքերին, իրավիճակը արևելյան սահմանին շարունակում էր մնալ լարված։ Առհասարակ Թեոֆիլի արտաքին քաղաքականությունը արաբների նկատմամբ Արևմուտքում և Արևելքում հավասարապես անհաջող էին։ 9-րդ դարի կեսերին երկու ուղղություներով առավելություն ունեին և սեղմում էին կայսրությունը տոհմական տիրություններում։ Արաբների ներխուժումը Բյուզանդիայի փոքրասիական տիրույթներ, խախտեց ռազմական պաշտպանության համակարգը[31]։ Անատոլիկ թեմի կենտրոնը ժամանակավոր տեղափոխեցին Պոլիբոտուս։ Ուստի Թեոֆիլը հսկայական գումարներ վճարեց՝ 2400 ֆունտ ոսկի, որպեսզի արաբներից պատվավոր խաղաղություն ստանա և հետ գնի բոլոր գերիներին, սակայն խալիֆը այնպիսի վիրավորական պայմաններ դրեց, որոնց Թեոֆիլը չէր կարող համաձայնել։ Այսպիսով հրադադար չկնքվեց, պատերազմը շարունակվեց, թեև նվազ ինտենսիվ։ Հույների գոհունակությունը առաջացրեց բյուզանդական նավատորմը հաջող հարձակում ունեցավ Անտիոքի վրա, իսկ ցամաքային զորքը ավերեց արաբական տիրույթները Մալաթիայից մինչև Մարաշ[32]։ Ըստ Ու. Տրեդգոլդի Ամորիումի կորուստը ռազմական առումով աղետալի չէր, նրա միակ երկարաժամկետ հետեւանքը դարձել է այն գաղափարը, որ պատկերամարտությունը չի ապահովում աստվածային աջակցություն, որն էլ հանգեցրեց 843 թվականին այդ գաղափարախոսությունից հրաժարվելուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Strobel, Karl (Klagenfurt). «Sozopetra». Brill’s New Pauly.
- ↑ Васильев, 1900, էջ 108-109
- ↑ Васильев, 1900, էջ 110-113
- ↑ Васильев, 1900, էջ 113-114
- ↑ 5,0 5,1 Treadgold, 1988, էջ 293
- ↑ Продолжатель Феофана, Феофил, 29
- ↑ Treadgold, 1988, էջ 294
- ↑ Васильев, 1900, էջ 115-116
- ↑ Treadgold, 1988, էջ 295
- ↑ Treadgold, 1988, էջ 296
- ↑ Васильев, 1900, էջ 119-120
- ↑ Treadgold, 1988, էջ 441
- ↑ Васильев, 1900, էջ 120-121
- ↑ Treadgold, 1988, էջեր 297-299
- ↑ Васильев, 1900, էջ 121-124
- ↑ Treadgold, 1988, էջ 300
- ↑ Васильев, 1900, էջ 126
- ↑ 18,0 18,1 Treadgold, 1988, էջ 301
- ↑ Васильев, 1900, էջ 124-129
- ↑ Васильев, 1900, էջ 129-130
- ↑ Treadgold, 1988, էջ 444
- ↑ Васильев, 1900, էջ 131-132
- ↑ Васильев, 1900, էջ 133-134
- ↑ Васильев, 1900, էջ 135
- ↑ Васильев, 1900, էջ 136
- ↑ Treadgold, 1988, էջ 303
- ↑ Васильев, 1900, էջ 137-138
- ↑ Успенский, 1927, էջ 314
- ↑ Успенский, 1927, էջ 314-315
- ↑ Treadgold, 1988, էջ 304
- ↑ Успенский, 1927, էջ 315-316
- ↑ Treadgold, 1988, էջ 304-305
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Продолжатель Феофана. Жизнеописания византийских царей / изд подготовил Любарский Я. Н.. — 2 изд.. — Спб.: Алетейя, 2009. — 400 с. — (Византийская библиотека. Источники). — ISBN 978-5-91419-146-4.
- Treadgold W. The Byzantine Revival 780-842. — Stanford University Press, 1988. — 504 p. — ISBN 0-8047-1462-2.
- Васильев А. А. Византия и арабы. Политические отношения Византии и арабов за время Аморийской династии. — СПб., 1900. — 183 с.
- Успенский Ф. И. История Византийской империи. — Л., 1927. — Т. II, первая половина. — 358 с.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |