Ամբարձիչ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ամբարձիչներ, օգտագործում են բեռներ բարձրացնելու և տեղափոխելու համար։ Դրանք տեղակայվում են նավահանգիստներում և նավանորոգարաններում, շինարարական հրապարակներում ու նավերերում։ Ավտոամբարձիչ-բեռնատարներն ունեն սլաքով հանդերձված հատուկ խցիկ։ Ամբարձիչ-կռունկները բեռներ են տեղափոխում նաև ձեռնարկություններում։ Էլեկտրամագնիսներով հանդերձված ամբարձիչները խոշոր աղբանոցներում տեղափոխում են մետաղե ջարդոն, օրինակ՝ հին, ոչ պիտանի ավտոմոբիլներ և այլն։
Ամբարձիչներում սովորաբար գործածվում են հատուկ անիվների՝ հոլովակների միջով անցնող պողպատաճոպան։ Պարզ ճախարակը (սլաքով անցնող պողպատաճոպան) և կարապիկը (վերհան) հնարավորություն են տալիս բարձրացնել ծանր բեռները։
Ամբարձիչի սլաքը երկարավուն կառուցվածք է, որն իր վրա է պահում մետաղաճոպանները։ Դրանցից կախված կեռը սահուն վայր է իջնում թմբուկի վրա փաթաթված մետաղաճոպանների օգնությամբ։ Բեռի զանգվածին հակակշիռ ստեղծելու նպատակով սլաքի մյուս ծայրին ամրացվում է մետաղե ծանր սալ։ Ամբարձիչի սլաքը և աշտարակը սովորաբար պատրաստում են եռանկյունաձև մետաղական տարրերից։
Շինարարական ամբարձիչը բետոնե ծանր սալեր, հեծաններ, աղյուս, ցեմենտի շաղախ է բարձրացնում գետնից և սլաքով մոտեցնում շինարարներին։ Օրեցօր ավելի է բարձրանում շենքը, «հասակ է առնում» նաև աշտարակավոր ամբարձիչը, ավելի ու ավելի վեր է բարձրանում նրա աշտարակը։
Բազմապիսի ծանր աշխատանքներ է կատարում ամբարձիչ կռունկը։ Մեկ հարկավոր է նոր տեղում մեծ ծառ տնկել, մեկ՝ խրամուղու մեջ տեղադրել հաստ խողովակներ։ Այդ գործը կատարում է ավտոամբարձիչ-բեռնատարը. այն գալիս է, «թաթերով» հենվում գետնին և անցնում աշխատանքի։ Այնտեղ, որտեղ ճանապարհներ դեռևս չկան, աշխատում են թրթուրավոր ամբարձիչները, որոնց համար սարսափելի չեն ո՜չ փոսերը, ո՜չ ցեխը, ո՜չ ավազը։ Իսկ եթե անհրաժեշտ է ծովափն ամրացնել բետոնե մեծ սալերով, ապա քարշիչն աշխատանքի վայր է քարշ տալիս լողացող ամբարձիչ կռունկը։
Տարբեր երկրներից բազմաթիվ նավեր են գալիս նավահանգիստներ։ Մարդատար նավերի բեռը թեթև է. դրանք բեռնաթափում են հենց նավամատույցում՝ տախտակամածին տեղադրված ամբարձիչներով։ Իսկ բեռնատար նավերը մտնում են հատուկ նավահանգիստ։ Այստեղ նավահանգստային ամբարձիչների սլաքներն անընդմեջ խոնարհվում են նավին, որպեսզի նրա ամբարներից դուրս բերեն ծանր բեռնարկղերն ու տեղադրեն երկաթուղային բաց վագոնների կամ ավտոմեքենաների վրա։ Գործարաններում և ֆաբրիկաներում նույնպես հնարավոր չէ աշխատել առանց ամբարձիչների։ Մեքենաների մասերը շատ ծանր են, ձեռքով չես բարձրացնի։ Դրա կարիքը չկա էլ, քանի որ կան և՜ հզոր ամբարձիչ հեծաններ, որոնք տեղափոխում են ամենածանր բեռները, և՜ ձեռքի էլեկտրական բազմաճախարակներ։ Ամբարձիչները կարող են տեղափոխել նաև բազմատոննա բեռներ։ Մեկ ընթացքի ժամանակ կատարած բեռնափոխադրման ռեկորդ է սահմանել «Գոտվալդ Մկ-100» ամբարձիչը, որը Նոր Զելանդիայի մաքրման գործարանում բարձրացրել և տեղափոխել է 742 տ քաշով ռեակտորը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբարձիչ» հոդվածին։ |
|