Jump to content

Եզան լեզու մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզան լեզու մեծ
Եզան լեզու մեծ
Եզան լեզու մեծ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Ցեղ Եզան լեզու (Plantago)
Տեսակ Եզան լեզու մեծ (P. major)
Միջազգային անվանում
Plantago major
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Եզան լեզու մեծ (լատին․՝ Plantágo májor), ջղախոտազգիների ընտանիքի երկշաքիլավոր մոլախոտ։ Հասնում է մինչև 70 սմ բարձրության։ Ծաղկապսակը բաց գորշավուն է։ Պտուղը ձվաձև տուփիկ է 8-16 սերմ։

Սերմերը մանր են, կարող են տարածվել կպչելու միջոցով։ Մեկ բույսը կարող է մեծ քանակությամբ սերմեր տալ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջղախոտազգիների ընտանիքին պատկանող 10-40 սմ բարձրության բազմամյա խոտաբույս` 3-9 խոշոր, ձվաձև տերևներով։ Տարածված են բույսի մեծ, միջին, նշտարատերև տեսակները։ Բույսը բազմանում է սերմերով, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Այն տալիս է ցաք ու ցրիվ բուսուտներ։ Բավականաչափ պահանջկոտ է հողի նկատմամբ։ Չոր եղանակին տերևները փռվում են գետնին, դրանով իսկ պահպանում արմատի խոնավությունը, մինչդեռ խոնավ եղանակին տերևները բարձրանում են։ Բույսը աճում է ճամփեզրերի��, աղբուտներում, ամայի տեղերում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքերի մեջ և այլուր։ Բույսի լատինական անունը նշանակում է ուղեկից, որն առաջացել է այն բանից, որ եզան լեզվի սերմերը հաճախ տարածվում են կոշիկներին կպած հողի և ցեխի հետ, այսպես ասած, ուղեկցում են մարդուն։

Քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներում հայտնաբերված են ինդիկանային աուկուբին գլիկոզիդը, դառը և դաբաղիչ նյութեր, կարոտին C և K վիտամիններ, ֆլավոնոիդներ, մաննիտ, սորբիտ, կիտրոնաթթու, օլեինաթթու, պանտոտենաթթու, ադենին, ֆիտոնցիդներ, սերմերում՝ մինչև 44 տոկոս լորձ, մոտ 22% ճարպայուղ, ածխաջուր, ստերոիդ սապոնիններ, ֆակտոր T, որը բարձրացնում է արյան մակարդելիությունը։

Բուժական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերևներն ու սերմերը, որոշ դեպքերում՝ նաև արմատը։ Տերևները հավաքում են կոթուններով (ծաղկման սկզբից միչև բույսի թառամելը), չորացնում բարակ շերտով՝ միջանցուկ քամու տակ կամ բացօթյա։ Ստացված չոր հումքը սովորաբար կազմում է նախնականի 22-23 տոկոսը։ Բուժման համար պիտանի են նաև միջին և նշտարատերև տեսակները։ Տերևները տարեկան կարելի է հավաքել 2 անգամ, իսկ օգտագործման համար պիտանի են մինչև 2 տարի։ Սերմերը հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Եզան լեզուն ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման շատ հին պատմություն։ Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, ստամոքսաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիները բույսի սերմերն օգտագործել են դիզենտերիայի ժամանակ։ Ավիցեննան նշում է եզան լեզվի բոլոր տեսակների օգտակարությունը վերքերի, ուռուցքների, խրոնիկական խոցերի, աչքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ։ Նա բույսի տերևահյութը և սերմերը օգտագործել է ականջաբորբի, լնդերի ախտահարման, արյունախխումների և այրունային փխսումների ժամանակ՝ այս դեղամիջոցները խառնելով վարդաջրի և նույնտիպի ներգործող այլ դեղաբույսերի հետ։

Մխիթար Հերացին որպես փափկացնող միջոց բույսի սերմերը օգտագործել է հազի և արյունախխումների ժամանակ։ Նա նշել է լուծերի դեպքում տրորված սերմերի լավ ներգործության մասին։ Տերևահյութի և սերմերի ազդեցությունն ավելի կատարյալ դարձնելու նպատակով Հերացին դրանք խառնել է գազի խեժի և օձագալարի հետ։ Քսուքի ձևով բույսի հյութն օգտագործել է արտաքին ձևով՝ կարմիր քամու և ֆլեգմոնայի ժամանակ։ Տարբեր բնույթի ջերմերի և աղիքային հիվանդությունների ժամանակ նա դեղաբույսն օգտագործել է թե՛ ներքին ընդունման, և թե՛ հոգնայի ձևով։

Դեղաբույսի ազդման մասին հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը։ Նա նշում է, որ եզան լեզվի տերևահյութը և սերմերը օգնում են երիկամների և միզապարկի հիվանդություններին, հատկապես արյունամիզության դեպքում, այրվածքներին, մոլոքորին, ջերմից առաջացած գլխացավերին, միջին ականջի թարախաբորբին, բացում են լյարդի և փայծաղի «կալուածը», նպաստում արգանդի մի շարք հիվանդությունների բուժմանը, լավ արդյունք տալիս զանազան դեղորայքային թունավորումների և սիբիրախոցի դեպքերում։ Ըստ Ամիրդովլաթի՝ Գալենը եզան լեզուն օգտագործել է թոքաբորբերի, գաստրիտների և ոսկրահոդացավային մի շարք հիվանդությունների ժամանակ, Էհանան՝ չոր հազի, տղամարդկանց սեռական թուլության և աղիքային նքոցների, Մասրճուեն՝ ստամոքսասրտային կապակցված ցավերի և մատնաշնչի, Սապիթ Կուռանը՝ դիսուրիայի, Ըռուֆոսը՝ իշիասի և չոր էկզեմայի, Սահակը՝ մկնատամի բուժման և դաշտանի բացման համար։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ բույսի արմատը մզվածքի ձևով կիրառում են բարձր ջերմության բժշկության մեջ բույսի արմատը մզվածքի ձևով կիրառում են բարձր ջերմության և պալարախտային հազի ժամանակ, իսկ տերևները՝ էնուրեզի և ինֆեկցիայի ենթարկված վերքերը բուժելու համար։

Չինական ժողովրդական բժշկության մեջ եզան լեզվի տերևները կիրառվում են խրոնիկական բրոնխիտների, պլևրիտների, վերքերի բուժման համար, միաժամանակ որպես միզամուղ և արյունահոսությունը դադարեցնող միջոց, իսկ սերմերը՝ շաքարախտի, դիսպեպսիաների, տղամարդկանց և կանանց անարգասավորության դեպքում և այլն։ Ֆրանսիայում տերևները օգտագործում են էնտերոկոլիտների, պալարախտային բնույթի լուծերի, խրոնիկական նեֆրիտի դեպքերում։ Գերմանիայում տերևներից պատրաստված թեյը օգտագործում են վերին շնչուղիների բորբերի ժամանակ, իսկ տերևահյութի կոմպրեսը՝ միջատների կծելու, ֆուրունկուլյոզի և ետպատվաստումային ռեակցիաների դեպքում։ Հնդկական բժշկության մեջ սերմերը լայն ճանաչում են գտել ամեոբային դիզենտերիայի, երեխաների ամառային լուծի և ստամոքսաղիքային այլ հիվանդությունների բուժման մեջ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը հանրահայտ է արյունախխումների, դիզենտերիայի, բղկոցների, ստամոքսային այրոցների, լյարդի, լեղապարկի, տարբեր ծագման դեղնուկների, լնդերի և ատամների հիվանդությունների, ակնաբորբի, թաց էկզեմայի, օձի և միջատների կծածների բուժման ժամանակ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ընդունված է բույսի թարմ տերևը խորասուզել եռացող ջրի մեջ և դնել բորբոքված հոդի, նյարդի, մատնաշնչով ախտահարված մատի, ֆուրունկուլի վրա և այլն։ Սերմերը թրջում են 3-10 անգամ ավելի քանակով տաք ջրի մեր, տրորում և կոմպրեսի ձևով դնում բորբոքված աչքերին։ Ստամոքսի քաղցկեղի դեպքում տերևներից պատրաստում են բանջարապուր, տերևակոթերից՝ թեյ։

Տրորված տերևներն ունեն ցավ հանգստացնող և հյուսվածքների այտուցումը կանխելու հատկություն։ Տերևահյութը, խառնված մանրացրած կավճի հետ, դրականապես է ազդում կարմիր քամու ժամանակ, երբ այս խառնուրդը քսում են մաշկի ախտահարված մասին։

Ֆարմակոլոգիական և կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ տերևների պատրաստուկներն արագացնում են վերքերի ամոքումը։ Հեղինակներն ուշագրավ տվյալներ են ներկայացնում ստուգիչ և փորձնական խմբի ճագարների վերքերի բոժման առումով։ Կիրառելով բույսի տերևների 20%-անոց մզվածքը՝ նկատել են, որ կարճ ժամանակում վերացել է վերքի իխորոզ (շարավոտ) հոտը, թարախարտադրությունը, արագացել են նրա հատիկավորումը և փոխարինող մաշկի գոյացումը։ Մինչդեռ ստուգիչ խմբի կենդանիների վերքից շարունակվել է նետրոֆիլային բջիջներով, թարախածին կոկերով, մեռուկացված հյուսվածքների կտորներով հարուստ թարախային արտադրությունը։ Ըստ Ս․ Հ․ Միրզոյանի և ��րա աշխատակիցների՝ ջղախոտազգի տեսակների մեջ ամենամեծ ֆարմակոլոգիական ակտիվությամբ օժտված է մեծ եզան լեզուն (տերևները և արմատը), որը, ըստ հեղինակների, պայմանավորված է ալկալոիդներով։ Հեղինակների տվյալներով՝ նույն մզվածքը կատվի և ճագարի աղիների կենդանի գալարների վրա առաջ է բերում աղիքի տոնուսի բարձրացում, ռիթմիկ կծկման ամպլիտուդների մեծացում։ Հեղինակները ռենտգենով նկատել են շների ստամոքսի տոնուսի բարձրացում, գալարակծկման խորացում։ Մզվածքը կենդանիների վրա թողել է հանգստացող և արյան ճնշումը կարգավորող ազդեցություն։ Կլինիական պայմաններում տերևների 20 տոկոսանոց մզվածքը խոցային հիվանդների վրա կիրառելիս նկատել են ցավերի մեղմացում, փխսման և փորկապության վերացում, հիվանդների ընդհանուր վիճակի կանոնավորում, քաշի ավելացում։ Կուրսային բուժման հետևանքով այս բնույթի 45 հիվանդներից դրական արդյունք է նկատվել 32-ի մոտ, իսկ 17-ի մոտ՝ վերացել է նիշան։ Հեղինակների տվյալներով՝ արդյունքը բավարար է եղել նույնիսկ բարձր թթվության պայմաններում։

Ըստ Բ․ Ս․ Նիկոլոսկայայի տվյալների՝ բույսի թարմ հյութը արդյունավետ է աչքի եղջրաթաղանթի վերքերի բուժման դեպքում։ Գիտականորեն հիմնավորված է տերևների (հյութի, թուրմի և մզվածքի ձևով) ֆարմակոդինամիկական ակտիվությունը՝ որպես արյունահոսությունը դադարեցնող, մանրէասպան, վերքամոքիչ, խուխամուղ և հիպոտենզիվ միջոցով։ Ֆիտոքիմիական հետազոտությունները ցույց են տվել տերևների հակախոցային և խոլեստերինային փոխանակությունը կարգավորող բնույթը։ Դեղաբույսի պատրաստուկներն ակնհայտորեն ներգործում են վերքերի միկրոբների, հեմոլիտիկ ստրեպտակոկերի, ստաֆիլակոկերի, կապտաթարախային բացիլի, աղիքային ցուպիկի և նախակենդանիների վրա։ Տերևներն օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, ցավազրկող, շնչուղիներում կուտակված թանձր խուխը ջրիկացնելու, միզարձակումը և աղիների գործունեությունը կարգավորող հատկություններով։ Տերևներից պատրաստված ոգեթուրմը մեղմացնում է ատամնացավը։ Սերմերը, հարուստ լինելով լորձով, թաղանթապատում են աղիների բորբոքված մակերեսը և մի կողմից ներգործում են որպես հակաբորբոքիչ, իսկ մյուս կողմից՝ պահպանում աղիքի ախտահարված մակերեսը՝ աղիքի պարունակության ներգործությունից։ Սերմերը թունավոր չեն, սակայն մեծ դոզայով ընդունելիս կարող են լուծ առաջացնել։ Սերմերի մեջ պարունակվող լորձն ունի նաև մանրէները և դրանց թույները աբսորբցող հատկություն։ Կլինիկական հիմնավորված է եզան լեզվի դրական ազդեցությունը նևրասթենիայի, աթերոսկլերոզի, խրոնիկական խոլեցիստիտների, շնչուղիների և միզուղիների մի շարք սուր և խրոնիկական հիվանդությունների ժամանակ։

Այլ կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի մատղաշ տերևները երբեմն օգտագործում են սալաթի ձևով կամ սուպի մեջ։ Կանաչ վիճակում բույսը ուտում են միայն ոչխարներն ու ուղտերը, իսկ խոտի հետ՝ գյուղատնտեսական բոլոր կենդանիները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա․Ս Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, 1983

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռ.Ս.Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «Լույս հրատարակչություն, Երևան-1980»։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզան լեզու մեծ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզան լեզու մեծ» հոդվածին։