Jump to content

Երկշաքիլավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկշաքիլավորներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Ծաղկավորներ (Anthophyta)
Ենթատիպ Angiospermae
Դաս Երկշաքիլավորներ (Dicotyledones)

Երկշաքիլավորներ (լատին․՝ Dicotyledones) կամ մագնոլիոփսիդներ (լատին․՝ Magnoliopsida), ծաղկավոր բույսերի դաս, որը բնորոշվում է սերմի սաղմում երկու շաքիլների առկայությամբ։ Խումբը ընդգրկում է մոտ 199,350 տեսակ[1]։ Այն բույսերը, որոնք երկշաքիլավոր չեն, անվանվում են միաշաքիլավոր և սովորաբար ունեն մեկ սաղմնատերև։

Ձևաբանական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկշաքիլավորների սերմի կառուցվածքը
a — սերմնամաշկ, b — էնդոսպերմ, c — շաքիլներ, d — սաղմ

Երկշաքիլավոր բույսերի սերմի սաղմն ունի երկու շաքիլ։ Փոխադրող խրձերը բաց են, այսինքն՝ փոխադրող խրձերն ունեն կամբիում, ի տարբերություն միաշաքիլավորների, որոնց փոխադրող խրձերը փակ են և չունեն կամբիում։ Երկշաքիլավորների արմատային համակարգը հիմնականում առանցքային է, իսկ միաշաքիլավորներինը՝ փնջաձև։ Երկշաքիլավորներն ունեն պարզ և բարդ տերևներ ցանցաձև ջղավորությամբ, իսկ միաշաքիլավորները՝ միայն պարզ տերևներ զուգահեռ կամ աղեղնաձև ջղավորությամբ։ Ծաղկի անդամների թիվը 4-5 կամ դրանց բազմապատիկը, իսկ միաշաքիլավորների մոտ՝ 3 կամ դրա բազմապատիկը[2]։

Երկշաքիլավորները որպես ծաղկավոր բույսերի դաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկշաքիլավորներն առանձնանում են վեգետատիվ և գեներատիվ օրգանների բազմազանությամբ, որը բարդացնում է դասի ներսում՝ կարգերի և ընտանիքների միջև ազգակցական կապերի հաստատումը։ Երկշաքիլավորների նախնիները, ինչպես նաև նրանց ծագման վայրն ու ժամանակը դեռևս պարզված չէ։ Ամենատարածված վարկածի համաձայն՝ պոլիկարպ երկշաքիլավորները (մագնոլիածաղկավորներ, գորտնուկածաղկավորներ և այլն) ծածկասերմերի ամենավաղ տեսակներից են։

Դասակարգման APG համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածկասերմերի դասակարգման APG համակարգը մշակվել է «Ծածկասերմերի ֆիլոգենեզի խմբի կողմից» (անգլ.՝ Angiosperm Phylogeny Group, APG) APG I՝ 1998, APG II՝ 2003 և APG III համակարգը՝ 2009 թվականներին։ APG համակարգում չեն օգտագործվում կարգից (լատին․՝ ordo) բարձր տաքսոններ։ Այս համակարգը կազմող ցեղերը, ընտանիքներն ու կարգերը միավորվում են պայմանական խմբերի՝ կլադների մեջ, որոնց համար հեղինակները չեն սահմանել գիտական լատիներեն անվանումներ՝ պատճառաբանելով այդ խմբերի պայմանական բնույթով։ Խմբերի անվանումները տրվում են միայն անգլերեն լեզվով։ Երկշաքիլավորներին այդ համակարգում համապատասխանում է ոչ թե դասական Magnoliopsida (Dicotyledones) դասը, այլ՝ էուդիկոտների (eudicots) մոնոֆիլետիկ և որոշ այլ խմբերի ամբողջությունը (վերջիններս հաճախ միավորվում են պալեոդիկոտներ (palaeodicots) խմբում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hamilton, Alan; Hamilton, Patrick (2006), Plant conservation : an ecosystem approach, London: Earthscan, էջ 2, ISBN 978-1-84407-083-1
  2. «Monocots versus Dicots». University of California Museum of Paleontology. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակ�� վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 614