Կարթագեն
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Լեզու | փյունիկերեն | |||
Պատմություն |
Կարթագեն (լատին․՝ Carthago, փյունիկ.՝ 𐤒𐤓𐤕 𐤇𐤃𐤔𐤕 Qart-ḥada(št)), քաղաք-պետություն էր Հյուսիսային Աֆրիկայում, այժմյան Թունիսի տարածքում։ Կարթագենը օլիգարխական պետություն էր, որտեղ իշխանությունը գամվել է առևտրա-երկրագործական արիստոկրատիայի տարբեր խմբավորումների ձեռքին։ Կարթագենը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է պատերազմների թատերաբեմ, հատկապես նշվում է զինված ընդհարումները Սիցիլիայի հույների, Հռոմի և Կարթագենի միջև։
Պատմություն
Ներկայիս Թունիսի տեղում, հնագույն ժամանակներում եղել է ծաղկուն և հզոր մի քաղաք՝ Կարթագեն անունով։ Խոշոր նավահանգիստ քաղաքը միշտ լեցուն էր առևտրական նավերով, որոնք հեռու երկրներ էին տանում Կարթագենի ապրանքները։ Ք.ա. V դարում վերածվելով հարուստ և հզոր քաղաք-պետության՝ որը կարճ ժամանակահատվածով գրավեց միջերկրածովյան մի շարք կղզիներ բացառությամբ Սիցիլիայի։ Հիմնել են Տյուրոսից գաղթած փյունիկեցիները մ.թ.ա. 825 թվականին։ «Qart-ḥadašt» անվանումը փյունիկերենից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։ Կարթագենը Փյունիկյան Տիր պետության կախվածությունից ազատվել և անկախություն է ձեռք բերել մ.թ.ա. 650 թվականին։ Սկսած անկախության հիմնադրումից՝ այն սկսել է գերիշխանություն ձեռք բերել Միջերկրական ծովի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում տեղակայված այլ փյունիկյան բնակավայրերի նկատմամբ, որն ավարտվել է մ.թ.ա. 3-րդ դարում։ 7-4-րդ դարերում իրեն է ենթարկել Հյուսիսային Աֆրիկայի առափնյա տարածքի զգալի, Պիրենեյան թերակղզու հարավային մասը և միջերկրածովյան մի շարք կղզիներ։ Մ.թ.ա. 535 թվականին էտրուսկների դաշնակցությամբ Կորսիկայի մոտ ջախջախելով հույն գաղութաբնակների ուժերը և մ.թ.ա. մոտ 500 թվականին կործանելով Տարտեսսոս պետությունը (Պիրենեյան թերակղզում)՝ Կարթագենը ամրապնդեց իր իշխանությունը և առևտրի մենաշնորհը Արևմտյան Միջերկրականում։ Սակայն մ.թ.ա. մոտ 480 թվականին պարտվելով հույներին՝ երկար ժամանակ դադարեցրեց հարձակումը նրանց վրա։ Մ.թ.ա. 5-րդ դարի կեսին Կարթագենը իրեն ենթարկեց Հյուսիսային Աֆրիկայի լիբիական երկրագործ բնակչությանը։ Այդ ժամանակաշրջանում Կարթագենը ընդգրկում էր Հյուսիսային Աֆրիկան, Արևմտյան Սիցիլիան, Պիրենեյան թերակղզու հարավային մասը և Սարդինիան։
Մ.թ.ա. 5-րդ դարի վերջին Կարթագենը վերսկսեց պայքարը Սիրակուսեի դեմ՝ Սիցիլիային տիրելու համար։ Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբին Կարթագենի իշխանության տակ է գտնվել գրեթե ամբողջ Սիցիլիան՝ բացառությամբ Սիրակուսեի։ Պունիկյան առաջին պատերազմում (մ.թ.ա. 264—241) Կարթագենի և Հռոմի միջև պայքարի հիմնական առարկան Սիցիլիան էր։ Պարտություն կրելով, Կարթագենը հրաժարվեց Սիցիլիայից՝ հօգուտ Հռոմի և վճարեց զգալի ռազմատուգանք։ Մ. թ. ա. 241 թվականին բռնկեց լիբիացի գյուղացիների ապստամբություն, որին մասնակցեցին նաև փախած ստրուկներ։ Կարթագենը մեծ դժվարությամբ մ.թ.ա. 238 թվականին ճնշեց ապստամբությունը։ Մ.թ.ա. 3-րդ դարում, 30—20-ական թվականներին իշխանությունը Կարթագենում անցավ դեմոկրատական խմբավորմանը, որը գլխավորեց Համիլկար Բարկան (Հռոմի հետ պատերազմը վերսկսելու կողմնակից)։ Մ.թ.ա. 237—219 թվականների ը��թացքում Կարթագենը ոչ միայն վերականգնեց իր տնտեսական և ռազմական հզորությունը, այլև Համիլկար Բարկայի, Հասդրուբալի և Հաննիբալի արշավանքների հետևանքով զգալիորեն ընդլայնեց իր տիրույթները Պիրենեյան թերակղզում (մինչև Էբրո գետը)։ Մ. թ. ա. 219 թվականին Հաննիբալի կողմից Հռոմին դաշնակից Սագունտ քաղաքի գրավումը Պունիկյան երկրորդ պատերազմի (մ.թ.ա. 218—201) առիթ հանդիսացավ։ Այս պատերազմի ընթացքում կողմերը պայքարում էին Արևմտյան Միջերկրականում գերիշխանության և առևտրում ու ծովագնացության մեջ առավելության հասնելու համար։ Թափանցելով Իտալիա և մի շարք ճակատամարտերում ջախջախելով (ամենախոշորը մ.թ.ա. 216 թվականին Կաննեի մոտ) հռոմեական բանակները՝ Հաննիբալը անմիջական սպառնալիք ստեղծեց Հռոմի համար։ Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը։ Հռոմեացիները պատերազմը տեղափոխեցին Աֆրիկա։ Մ.թ.ա. 202 թվականին Զամայի ճակատամարտում պարտվելուց հետո Կարթագենը հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի հետ։ Կարթագենը զրկվեց Իսպանիայի իր տիրույթներից՝ հօգուտ Հռոմի, դրանից բացի, իրավունք չուներ պատերազմներ վարել առանց Հռոմի համաձայնության։ Մ.թ.ա. 149 թվականին Հռոմը, երկյուղելով Կարթագենի տնտեսական հզորացումից, սկսեց Պունիկյան երրորդ պատերազմը (մ.թ.ա. 149—146), որի հետևանքով Կարթագենը, եռամյա պաշարումից հետո, լիովին ոչնչացվեց, իսկ բնակչությունը ստրկացվեց։ Կարթագենի տարածքի մի մասը տրվեց նումիդիացիներին, մնացած մասը դարձավ Հռոմեական պրովինցիա՝ Աֆրիկա անունով։ Կարթագենի արվեստը, ծագումով լինելով փյունիկյան, կրել է Հին Եգիպտոսի և Հունաստանի ազդեցությունը։ Կարթագենում կառուցվել են բազմահարկ տներ, տաճարներ, դամբարաններ։ Պահպանված սակավաթիվ կառույցներից է Ատեբանի աշտարականման, բուրգով պսակված դամբարանը Դուգգայում (մ.թ.ա. 200, ճարտարապետ՝ Աբարիշ)։ Քաղաքի շրջակայքում հայտնաբերված ոսկերչական իրերը, կավե կանթեղները, անոթները, արձանիկները, դիմակները, ինչպես և մարդկային ֆիգուրների պատկերներով քանդակազարդ սարկոֆագները պատկերացում են տալիս Կարթագենի արվեստի մասին։
Պունիկյան Պատերազմները
Պատերազմ Սիցիլիայի համար
Սիցիլիա կղզին Իտալիայի հարավում էր և դեռևս Ք.ա. VI դարից այն պատկանանում էր Հունաստանին։ Այն հանդիսանում էր հույների ամենաեկամտաբեր տարածքներից մեկը։ Ք.ա. IV դարի վերջերին այստեղ երևացին առաջին հռոմեացիները։ Հույները կարողացան հերոսական դիմադրություն ցույց տալ սակայն պարտվեցին։ Կնքված պայմանագրով Սիցիլիայի որոշ շրջաններ անցան Իտալիային։ Սիցիլիան հետաքրքրում էր նաև Կարթագենին, և Ք.ա. III դարում այդ հետաքրքրությունները գլուխ կանգնեցին։ Կարթագենցիները հարձակվեցին Սիցիլիայի վրա և նվաճեցին որոշ հողեր։ Ք.ա. 241 թվականին թուլացած Հռոմի և Կարթագենի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Հունաստանը զրկվեց Սիցիլիայից։ Կղզին բաժանվեց պայմանագիրը կնքողների միջև։
Պունիկյան II պատերազմը
Սիցիլիայի համար մղված պատերազմից հետո, մի քանի տարի անց Կարթագենը կրկին հզորացավ։ Նույն դարավերջին Կարթագենի բանակը՝ Հաննիբալի առաջնորդությամբ կարողացավ գրավել Իսպանիան։ Այնտեղ կային արծաթի հարուստ հանքավայրեր։ Իսպանիայում ապրող ցեղերից կարթագենցիները կազմեցին հզոր մի բանակ։ Հաննիբալը հռոմեացիների ոխերիմ ոսոխն էր։ Հաննիբալի գահակալությամբ սկսվեց կարթագենա-հռոմեական մի նոր հակամարտություն։ Երկար սպասելով հռոմեացիների հարձակմանը, Հաննիբալը հենց ինքը նախահարձակ եղավ։ Հաննիբալի զորքը ցամաքով անցավ Իտալիա[1]։ Ալպյան լեռները անցնելով՝ Հաննիբալը հանգրվանեց Պադան (ներկայիս՝ Պո) գետի ափին[2]։ Այստեղ ապրող գալլերը, որոնք թշնամանքով էին վերաբերվում հռոմեացիներին, միացան կարթագենցիներին։ Այսպես սկսվեց II (երկրորդ) Պունիկյան պատերազմը։
Օրենսդիր իշխանություն
Օրենսդիր իշխանությունը պատկանել է 10-ի խորհրդին (մ.թ.ա. 5-րդ դարի կեսից՝ 30-ի խորհուրդ) և Ավագների խորհրդին (մ.թ.ա. 5-րդ դարի կեսից՝ 100-300 անդամ)։ Մագիստրատների և առաջին հերթին զորահրամանատարների գործունեությունը հսկում էր 104-ի խորհուրդը։
Գերագույն գործադիր իշխանություն
Գերագույն գործադիր իշխանությունը գտնվել է 2 մագիստրատների ձեռքին, որոնք ընտրվում էին ազնվատոհմ և ունևոր մարդկանցից, կրում էին սուֆետի տիտղոս և չունեին ռազմական իշխանություն։ Ժողովրդական ժողովը նշանակալի դեր չի խաղացել, այն իշխանություն էր ձեռք բերում միայն մագիստրատների միջև տարաձայնության դեպքում՝ ունենալով ոչ միայն մագիստրատների առաշարկությունները քննարկելու, այլև սեփական առաշարկություններ անելու իրավունք։ Մ.թ.ա. 146 թվականին երրորդ պունիկյան պատերազմի արդյունքում հռոմեացիների կողմից նվաճվել և ամբողջովին ոչնչացվել է։
Տնտեսություն
Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ արագորեն դարձել է միջնորդային առևտրի խոշոր կենտրոն։ Կարթագենում եղել են զարգացած խոշոր ստրկատիրական գյուղատնտեսություն ու արհեստավորական արտադրություն։ Ստրուկների հետ շահագործվել են նաև կիսազատ կախյալ արտադրողները՝ բոդերը։ Մասնավոր արհեստանոցներից բացի եղել են նաև պետական արհեստանոցներ, որտեղ շահագործվել է պետական ստրուկների աշխատանքը։ Կարթագենին ենթակա տերիտորիաների երկրագործ բնակչությունը պարտավոր էր վճարել հարկ՝ հացահատիկի բերքի 1/10-ի չափով, հաճախ՝ ավելի շատ։ Այդ բնակչության անխնա շահագործումը բազմիցս ապստամբությունների պատճառ է դարձել։ Փյունիկեցիների գաղթավայրերը (Ուտիկա, Լեպտիս Մագնա և այլն), որոնք մտել են Կարթագենի պետության կազմի մեջ, ունեցել են նրա նման հասարակական և քաղաքական կառուցվածք ե, հավանաբար, օգտվել են ներքին ինքնավարությունից։ Նրանք պարտավոր էին մաքսատուրք վճարել Կարթագենին իրենց առևտրից։
Աղբյուրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 320)։ |