Ալելային գեներ
Ալելներ (հունարեն՝ άλληλοι - մեկը մյուսին, փոխադարձաբար), գենի երկընտրելի տարբերակներ, որոնք կարող են գտնվել քրոմոսոմի տվյալ լոկուսում։
Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր որոշակի գեն գտնվում է խիստ որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում՝ լոկուսում։ Ընդ որում, քրոմոսոմների հապլիդ հավաքում առկա է տվյալ հատկանիշը պայմանավորող միայն մեկ գեն։ Այդպես է էուկարիոտ օրգանիզմների սեռական բջիջներում, ինչպես նաև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ ունեցող պրոկարիոտ օրգանիզմներում։ Էուկարիոտների մարմնական(սոմատիկ) բջիջներում առկա է քրոմոսոմների դեպլոիդ հավաքը, և, հետևաբար տվյալ հատկանիշը պայմանավորող երկու գեն[1]։
Դրանք գտնվում են հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ ։ Որպես կանոն, ալելային գեներն ունենում են նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը՝ պայմանավորելով տվյալ հատկանիշի նույնատիպ դրսևորումը։ Սակայն հաճախ ալելներից մեկում(կամ երկուսում էլ) հնարավոր մուտացիաների արդյունքում կարող են տեղի ունենալ նուկլեոտիդների փոխարինումներ, որոնք կբերեն հաջորդականության փոփոխությունների։
Այդ դեպքում տվյալ գենով պայմանավորված հատկանիշն էլ կարող է որոշ չափով փոփոխության ենթարկվել։ Միևնույն գենը կարող է բազմակի անգամ նմանատիպ մուտացիայի ենթարկվել, և արդյունքում կառաջանան մի քանի ալելային գեներ։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալելներ» տերմինն առաջարկել է դանիացի գիտնական Վիլիամ Իոհանսենը (1909) անգլիացի գիտնական Ուիլ Բեթսոնի (1902) ալելոմորֆներ բառի փոխարեն։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրգանիզմի յուրաքանչյուր հատկանիշի զարգացման ուղղությունը հիմնականում պայմանավորված է այդ հատկանիշի համապատասխան գենի ալելներով։ Տվյալ գենի ալելների թիվը տվյալ բջիջում կախված է օրգանիզմի պլոիդությունից։ Յուրաքանչյուր գեն նվազագույն դեպքում կարող է ունենալ տարբեր կառուցվածքի և հոմոլոգ քրոմոսոմների համապատասխան լոկուսներում տեղադրված երկու ալելներ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հապլոիդ օրգանիզմի ամեն մի բջիջ իր մեջ կրում է հոմոլոգ քրոմոսոմներից միայն մեկը, հետևապես՝ տվյալ գենի միայն մեկ ալելը, իսկ դիպլոիդ օրգանիզմի բջիջներում, ուր հոմոլոգ քրոմոսոմները զույգեր են կազմում, առկա են նույն գենի երկու ալելներ։ Տվյալ գենի ալելներից մեկը, որը սովորաբար ապահովում է համապատասխան հատկանիշի առավելագույն զարգացումը (ի հայտ գալը), կոչվում է դոմինանտ ալել[2] և նշանակվում մեծատառով (օրինակ՝ Ա, Բ և այլն), իսկ մյուսը, որը լրիվ կամ մասնակի չափով կորցնում է այդ հատկանիշն ի հայտ բերելու ունակությունը, կոչվում է ռեցեսիվ ալել և նշանակվում փոքրատառով (օրինակ՝ ա, բ և այլն)։ Միայն դոմինանտ ալելները (օրինակ՝ Ա, Ա) կամ միայն ռեցեսիվ ալելները (օրինակ՝ ա, ա) կրում են հոմոզիգոտ օրգանիզմները, իսկ և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ ալելները (օրինակ՝ Ա, ա, Ա, բ և այլն) առկա են հետերոզիգոտ օրգանիզմներում։
Սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուրի մեջ անցնում է միայն մեկ հոմոլոգ քրոմոսոմ, որն իր մեջ կրում է տվյալ գենի երկու ալելներից մեկը։ Սեռական պրոցեսից առաջացած անհատը յուրաքանչյուր գենի մեկ ալելը ժառանգաբար ստանում է ձվաբջջից, իսկ մյուսը՝ սպերմատոզոիդից։
Մուտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենը մուտացիայի ենթարկվելով կարող է ունենալ երկուսից ավելի ալելներ (բազմակի ալելներ)։ Այս դեպքում առաջ է գալիս ալելների շարք, իսկ երևույթը կոչվում է բազմալելիզմ, որը վկայում է գենի ֆունկցիոնալ մեծ բազմազանությունը և պայմանավորված է նրա բարդ կառուցվածքով։ Գենը կառուցված է մեծ թվով հատվածներից (սայթերից), որոնք ինքնուրույն մուտացիայի ենթարկվելով հանգեցնում են նրա այս կամ այն ալելային վիճակին։ Տվյալ ալելի բնույթը կախված է մուտացիայի ենթարկված հատվածից։ Երկու ալելներ պարզագույն դեպքում միմյանցից կարող են տարբերվել մեկ նուկլեոտիդային զույգով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Биологический энциклопедический словарь / Гл. ред. М.С. Гиляров. — М.: Сов.энциклопедия, 1986. — 831 с.
- ↑ Максимов Г.В., Василенко В.Н., Кононенко О.И., Максимов А.Г., Максимов В.Г. Сборник задач по генетике. — М.: «Вузовская книга», 2010. — С. 15—20. — 144 с. — 300 экз. — ISBN 978-5-9502-0420-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ALFRED database Արխիվացված 2011-01-20 Wayback Machine
- EHSTRAFD.org - Earth Human STR Allele Frecuencies Database Արխիվացված 2009-07-13 Wayback Machine
- VWA 17 Allele Frequency in Human Population (Poster) Արխիվացված 2011-07-26 Wayback Machine
- Allele Frequencies in Worldwide Populations
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալելային գեներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 151)։ |
|