Քարին տակ
Գյուղ | ||
---|---|---|
Քարին տակ | ||
Քարին տակ գյուղը 2015 թվականին | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Շուշիի շրջան | |
Համայնք | Քարին տակ համայնք | |
Համայնքապետ | Մխիթար Առուշան��ան[1][Ն 1] | |
ԲԾՄ | 1300 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 588[2][Ն 2] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Տեղաբնականուն | քարինտակցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Քարին տակ, գյուղ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Քարինտակ գետի ձախ ափին[4][5][6][7][8][9][10]։ Ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[7][8][9][10]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շուշիի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է համանուն շրջանի բնակավայր։
Բնակավայրի անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը կոչվել է Քարին տակ, քանի որ գտնվում է Շուշի քաղաքի ժայռերի անմիջապես ներքևում։ Գյուղի ա��րբեջանական անունը Դաշալտի է (ադրբ.՝ Daşaltı):
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարին տակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում՝ Շուշիի շրջանում՝ Կարկառ գետի Քարին տակի վտակի ձախ ափին` անդնդախոր կիրձի զառիթափ քարաժայռի ստորոտում։ Քարին տակը լեռներով պատված բնության մի գեղատեսիլ անկյունում է գտնվում։ Արևելքից՝ Կապասարը, արևմուտքից` Կարմրաքարը և Տիզկանց ժայռերը, իսկ հյուսիսից` Շուշիի ժայռապարիսպը, որին տեղացիները Քերծ են անվանում, օղակել են գյուղը։ Հարավ–արևմուտքից իրար վրա նստած անտառապատ թմբերը հասնում են մինչև Քիրս[11]։ Շրջկենտրոն Շուշիից գտնվում է 5 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 18 կմ հեռավորության վրա[5]։ Համայնքը բարձրլեռնային է[5], ծովի մակարդակից բարձր է 1300-1400 մ[4]։ Ունի 3526,36 հա տարածք, որից 1996,34 հա անտառային հողեր են։ Քարին տակ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետը[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարին Տակ գյուղը 1700-ական թվականների առաջին քառորդում հիմնադրել են Բերդաձորի գավառի Խծաբերդ և Դիզակի գավառի Թաղլար գյուղերից տեղափոխված գերդաստաններ։ Խծաբերդից տեղափոխվածներն իրենց հետ նոր բնակավայր են «բերել» նաև Խծաբերդի բարբառը, որն այժմ էլ օգտագործվում է երկու բնակավայրերում[12]։
Ինչպես նշվում է 1898 թվականի «Կովկասի վայրերը և ցեղերը նկարագրող նյութերի հավաքածու»-ում, համաձայն ավանդության՝ «բարբարոսական խաների» հալածանքների հետևանքով Արցախի Խծաբերդ գյուղի բնակիչները տեղափոխվել են այս տարածք և հիմնադրել Քարին Տակ գյուղը։ Իրենց խիզախությամբ և բարքերի կոպտությամբ առանձնացող գյուղացիները, հպարտանալով իրենց քաջությամբ, չէին ցանկանում խաներին տուրք վճարել, ինչի պատճառով՝ քրդական ցեղերից մեկի խանը՝ Ալիյանլուն, սարսափելի պատերազմներ էր վարում նրանց հետ՝ ամեն անգամ մատնվելով պարտության[13]։
1795 թվականին օգոստոսի 22-ին Աղա Մոհամմադ խանի զորքերը անսպասելիորեն մտնում են Քարին տակ գյուղը և կոտորում եկեղեցում հավաքվածներին։ Բնակչության մի մասն էլ, փախչելով անտառներն ու լեռները, փրկվում է վերահաս կոտորածներից։
Ներկայիս Քարին տակի բնակիչների մեծ մասը 19-րդ դարի սկզբներին այստեղ է տեղափոխվել Խծաբերդ գյուղից։ Այդ վերաբնակության հանգամանքների մասին քարինտակցիների մոտ մի հուշ-պատմություն է մնացել, ըստ որի Խծաբերդ գյուղն ուներ 600-700 ծուխ բնակչություն։ Նրանք քաջ ու անվախ մարդիկ էին և զենքի ուժով պաշտպանում էին իրենց ինքնուրույնությունը։ Նրանք հրաժարվում են խանին հարկ վձարելուց։ Ալեանլու ցեղի քուրդ ցեղապետը գյուղը գրավելու համար մի քանի անգամ հարձակվել է, բայց ամեն անգամ պարտվել ու հեռացել է։ Տեսնելով, որ չի կարող Խծաբերդի հայերին զենքի ուժով ծնկի բերել` խանը դիմեց իրենց համար սովորական դարձած ստոր միջոցի։ Հյուրասիրության պատրվակով Ճաշկերույթի հրավիրեց գյուղի երևելիներին և բոլորին թունավորեց։ Հետո խանը հանկարծակի հարձակվեց գյուղի վրա, սակայն այս անգամ էլ խայտառակ պարտություն կրեց։ Խծաբերդցիների նկատմամբ ատելությամբ լցված խանն այս անգամ էլ այլ խարդավանքի դիմեց։ Կրոնական տոներից մեկի ժամանակ, երբ համայնքի անդամները եկեղեցում հավաքվել էին քրիստոնեական ծեսի ու աղոթքի, խանը հարձակվեց անպաշտպան գյուղացիների վրա։ Սպանդը շարունակվեց 3 օր։ Խծաբերդի գետն արյունով լցվեց և այդ ժամանակներից սկսած այն անվանվեց «Հարամ» (Կեղտոտ) անունով։ Գյուղն ամայացավ։ Ողջ մնացածները փախան տարբեր տեղեր։ Հիմնական մասը հաստատվեց Քարին տակում[11]։
Ալիանլու քրդերը, թաթարական ցեղերը, Մուսուլմանլար գյուղի բնակիչները շարունակում էին Քարին տակում հաստատված փախստականների համեստ ունեցվածքի` անասունների, սննդի պաշարի, կենցաղային և այլ իրերի թալանի գործը։ Գյուղի բնակչությունն ամեն անգամ ստիպված էր իր կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար զենք կիրառել։ 19-րդ դարի ռուս հեղինակներից մեկը գրել է, որ այդ ամենը պաշտպանելու համար քարինտակցիները զենքն առան իրենց ձեռքը։
Երևի թե զենքի նկատմամբ ունեցած սերն է հնարավորություն ստեղծել, որ հայ մարդը դարերի ընթացքում ապրի այդ բարդ աշխարհագրական և աշխարհաքաղաքական միջավայրում։ Քարին տակի հայերն առանձնակի քաջագործություն են կատարել 1826-1928 թվականների ռուս-պարսկական պատերազմի տարիներին։
Շուշիի և Քարին տակի կամավորները Սաֆար հարյուրապետի գլխավորությամբ թիկունքից, տարբեր տեղերից անսպասելիորեն հարձակվում էին բերդաքաղաքը շրջապատած թշնամական ուժերի վրա, անընդհատ լարվածության մեջ պահում Աբբաս-Միրզայի սարբազներին։
Քարինտակցիներին նկարագրում են որպես խաղաղ, հյուրընկալ և աշխատասեր մարդիկ։ 19-րդ դարում բնակիչների հիմնական զբաղմունքը վառելափայտի առաքումն էր, հիանալի որակի կրաքարի այրումը, հողագործությունը, անասնաբուծությունը, բանջարաբուծությունը և մասամբ այգեգործությունը[13]։
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը գյուղի մասին գրում է.
«Հիմնուած է Շուշի քաղաքի հարաւային ստորոտում, նույն օժանդակի ձախ ափի վերայ, մի խոր ձորում, բնակիչք տեղափոխուած Բերդաձոր գաւառի Խցաբերդ գիւղից. հողն արքունի, բայց կարի սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, գարնանի, հաճար, թթենի, ունին և ջրաղացներ, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, բայց խեղդուած տեսարանն և նեղ հօրիզօն, երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր և հոյակապ, քահանայ երկու։ Ծուխ 174. ար. 625. իգ. 443»: |
Մեջբերված տվյալները վերաբերում են 1890-ական թվականների դրությամբ գյուղի վիճակի մասին[12]։
Գյուղը հայ-թաթարական ընդհարումների կիզակետում
[խմբագրել | խմբագրել կոդը]1905-1906 թվականներին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Քարին տակը նույնպես ենթարկվեց թաթարական ավազակախմբերի հարձակումներին[11]։
1905 թվականի օգոստոսին, երբ առաջին անգամ Զարիսլու և Խալֆալու գյուղերի թուրքերը քրդերի հետ միասին փորձեցին ներխուժել Շուշի, հենց այդ ժամանակ քաղաքին օգնության եկան Քարին տակ, Հունոտ, Արկաթալի, Ղայբալիշեն, Կրկժան գյուղերի հայ կամավորները։ Փակելով երևանյան դարպասները` նրանք կանգնեցրին թշնամու ներխուժումը Շուշի։ Հակառակորդը, տեսնելով այդ արգելքը, փոխեց հարվածի ուղղությունը և փորձեց մտնել Քարին տակ։ Ընդհարումների ժամանակ զոհվեցին Նիկողայոս Ասրյանը և Սարգիս Պետրոսյանը։
1918 թվականի թուրքական զորամասերը մտան Շուշի։ Նրանք մի քանի անգամ փորձեցին մտնել նաև Քարին տակ, սակայն գյուղի պաշտպանները քարինտակցի ապա Հարություն (Արտեմ) Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում են հետ շպրտել Քարինտակցիները մասնակցեցին նաև Մսմնայի Ճակատամարտին, որն ավարտվեց հայերի փայլուն հաղթանակով։ Հայ կամավորականների հրամանատարներից էր Վարանդայի մարտական ուժերի հրամանատար Արտեմ Պետրոսյանը Քարին տակի քաջորդիները 1919 թվականի հունիսի 7-ին ջարդ կազմակերպեցին նաև Խոսրով Բեկ-Սուլթանովի հրոսակների նկատմամբ, որոնք փորձում էին գրավել գյուղը։ Այդ դեպքերի մասին Հ․ Թումյանը գրել է. «Քարին տակ գյուղի ամբողջ լեռնալանջերը ծածկվել էին մուսուլման մարդասպանների՝ հարյուրավոր դիակներով»:1920 թվականի մարտի 23-ին Շուշիում թուրք-թաթարական հրոսակախմբերի կողմից հայերի կոտորած կազմակերպվեց։ Այդ դժոխքային օրը փրկվածների մեծ մասը ապաստանում են Քարին տակ գյուղում։ 1920 թվականի մայիսին խորհրդային կարգեր են հաստատվում նաև Քարի տակում։ Գյուղխորհրդի առաջին նախագահը եղել է Մարյանգյուլ Սարգսյանը։ 1931 թվականին Քարին տակում նույնպես հիմնվում է կոլտնտեսություն, որի առաջին նախագահը եղել է Լևոն Համբարձումյանը։ Կոլտնտեսության նախագահներ են եղել՝ Արշակ Պետրոսյանը, Ս․ Սարգսյանը, Զ. Հարությունյանը,Գրիգորի Հովհաննիսյանը[11]։
Գյուղը Խորհրդային տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միության ժամանակ գյուղը գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում։ Ուներ մետաքսաոլորման գործարան, էլեկտրագործարանի մասնաճյուղ, որոնցում աշխատում էին 100-ից ավելի բանվորներ։ 70-ական թվականների սկզբին Քարին տակում, որտեղ ապրում էին միայն հայեր, դպրոցներում ադրբեջաներենը մտցվեց որպես պարտադիր առարկա։ Գյուղում չկար հայկական հեռուստաալիք, միայն՝ ադրբեջանական[14]։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության բանակի կազմում Քարին տակ գյուղից մասնակցել է 200 մարդ, որոնցից 99 հոգի զոհվել են։ Նրանց նվիրված հուշարձան է կառուցվել Խութինկռեձ կոչվող բարձունքի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցելու համար Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել փոխգնդապետ Հրանտ Ավագյանին[11]։
Արցախյան ազատամարտ (1991-1994)
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականից անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով շատ անգամ զինվորականներն օմոնականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, փող, ռադիոընդունիչ, հագուստ և այլն[4]։
1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Տ. Մեհտիևի հրամանով՝ գործողությունը ղեկավարում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևը։ Հայերի կողմից Քարինտակի ինքնապաշտպանությունը գրագետ կազմակերպելու շնորհիվ նրանք պարտության մատնեցին ադրբեջանական զորամիավորումներին և ստիպեցին նահանջել՝ թողնելով զենքը, կրելով 90-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարին տակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիները անվանեցին գյուղը «Արյունոտ ձոր»[4]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[7][8][9][10][15][16]։
Հայտնի է, որ գյուղի գրավումից հետո ադրբեջանցիները քանդել են Քարին տակի գերեզմանոցը[17]։
Բնակավայրը ադրբեջանական զինված ուժերի գրավումից հետո մասսամբ ավերվել է, քանի որ այդտեղով է անցնում Ադրբեջանի կողմից Շուշի տանող նորակառույց ավտոճանապարհը[18]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարին տակ գյուղում կային մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցի[4][5], գերեզմանոց[5], կամուրջ[5][19], խաչքար[5], ջրաղաց[5], 1992 թվականի Քարին տակի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան[1] և պատմամշակութային այլ կոթողներ։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած գյուղի հուշարձանները ավերվել են ադրբեջանցի զինծառայողն երի կողմից[20][21]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1862 թվականին և գտնվում է գյուղի մեջ[5]։ Մինչև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը պահպանվել էր 18-ից 19-րդ դարերում ձևավորված գերեզմանոցը[5][21]։ Գյուղի տարածքում տեղադրված էր 13-րդ դարով թվագրվող խաչքար, պահպանվել էր 19-րդ դարի ջրաղաց[5]։
Սիմոնենց կամուրջը գտնվում է Կարկառ գետի վրա։ Կառուցվել է 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից[5][19]։
Գյուղում կար 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած Քարին տակի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան[1], որը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո ավերվել է[20][21]։
Գյուղի կենտրոնական մասում՝ «Խութին կռեճ» կոչվող բարձունքին, կանգնեցված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Քարին տակի 99 զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը։
Քարին տակի տարածքում կար 8 հին աղբյուր, որոնք կոչվում էին «Երիտասարդության», «Պեխեն», «Իվանեն», «Ավդուլեն», «Ցորտ», «Շեշմա», «Օխնը», «Շամիրին»[5]։ Կային նաև նոր կառուցածներ։
Հայտնի է նաև Ավանկարան քարայրը[4], որտեղ հայտնաբերվել է բրոնզե դարից մինչև 100․000 տարի հնության մշակութային շերտ[22]։
-
Քարին տակի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան, 11․08․2018թ․, ներկայում ավերված[20]
-
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Քարին տակի 99 զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող, 11․08․2018թ․, ներկայում ավերված
-
Քարին տակ գյուղի հուշարձանախումբի ընդհանուր տեսքը, 21․01․2015թ․, ներկայում ավերված
-
Քարին տակի Սուրբ Աստվածածին եկեղեցի, 21․01․2015թ․, ներկա կարգավիճակն անհայտ
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարին տակ գյուղի բնակչությունը եղել են հայեր։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է[7][8][9][10]։
Գյուղի բնակիչները սերում են Արազանց, Ավագենց, Իսաջանենց, Առուշանենց, Ղարախանենց, Ուբոջենց, Ամիրջանենց, Թումասենց, Բաղրենց, Բադունց, Ցեցունց, Մուքանց (Մքանց), Բաշմաղչունց, Նանուխենց, Հարունանց, Թոխունց, Սանենց, Պուլեմյոտանց, Միրադենց (Բալասանյաններ), Ղահրունց, Աբրամենց, Փուստունց, Դերունց և Գաշտունց, Փերունց, Ղազարենց, Թաղլարեցունց գերդաստաններից[12]։
Մինչև Արցախյան պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն և 701 բնակիչ, իսկ 2019 թվականի դրությամբ՝ 161 տնտեսություն և 667 բնակիչ։ 2012 թվականին Քարին տակում 16 երեխա է ծնվել, ինչը Արցախի Հանրապետության գյուղերի ամենաբարձր ցուցանիշն էր ըստ բնակչության[23]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[24].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 603 | 626 | 629 |
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարին տակում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Գործում էր «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Քարինտակի մասնաճյուղը։ Համայնքային ճանապարհները գրունտային և խճապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Քարին տակն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 3] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1372,11 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն հանգամանքին, որ հնում գյուղում ոչ մի ուսումնարան չկար՝ տեղի բնակիչներն իրենց երեխաներին առանց կրթության չէին թողում։ Գյուղի բնակչության շրջանում պատմականորեն կրթական մակարդակը բարձր է։ Ինչպես նշում է աղբյուրը՝ չկար մի այնպիսի հաստատություն, որտեղ չսովորեն քարինտակցի երեխաները[13]։
Քարին տակում գործում էր[Ն 4] միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 100 աշակերտ և մանկապարտեզ, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 26 երեխա[5]։
Մշակութային, հոգևոր կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հագուկապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշում է աղբյուրը՝ Քարին Տակի կանայք «անկրկնելի աշխատասեր» էին և կատարում էին զանազան ու բազմաթիվ գործեր։ Քարին տակի բնակիչների առանձնահատկությունն իրենց յուրահատուկ հագուստն էր, հատկապես, գրեթե ամեն ինչ, բացառությամբ քիթը և աչքերը, ծածկող գլխազարդը։ Ճակատին կախվում էր արծաթե կամ ոսկե մետաղադրամ, այտերին ևս կախվում էին արծաթե կամ ոսկե մետաղադրամներ, որոնք, կարող էին լինել ընկույզի մեծության։ Կզակը փակվում էր սպիտակ շալով, որով ծածկում են բերանն ավագների հետ խոսելիս։ Գլխին դրվում էր հաստ ստվարաթղթից շրջանակ, որը դիմացից ծածկված էր տարբեր նախշեր ունեցող կարմիր կամ կապույտ թավիշով։ Գլխի վրա շալ էր գցվում, իսկ շալի վրայից՝ պարանոցն օղակող արծաթե շղթա։ Վերին հագուստը բաղկացած էր մինչև ծնկները կամ ծնկից ներքև իջնող արխալուղից, որի թևքերին կարված էին արծաթ կամ կախազարդեր, և կրունկներին հասնող վերնաշապիկից, որը կրծքավանդակի մոտ զարդարվում էր արծաթե մետաղադրամներով։ Այս ամեը գոտևորվում էր կարմիր կտորով կամ արծաթագույն գոտիով։ Ոտքերին հագնում էին երկար գուլպաներ, կիսագուլպաներ և կանաչ կամ կարմրավուն գույնի կոշիկներ։ Խայտառակություն էր համարվում, երբ կինը, հատկապես երիտասարդ, քայլում էր բոկոտն[13]։
Տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածնի վերափոխման և Խաչվերաց տոների ժամանակ գյուղացիները ողջ ընտանիքով գնում էին գյուղից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Սուրբ Ղևոնդ եկեղեցին։ Բացի եկեղեցուց, այդտեղ կային նաև երկրպագության վայրեր՝ «Կանաչ խաչը» և «Օվչիֆիրումը»[13]։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարին տակ գյուղում ծնվել են կամ սերում են բազմաթիվ հայտնի անձինք։
- Լեո (Առաքել Բաբախանյան)՝ պատմաբան ու գրականագետ
- Վաղարշակ Առուշանյան՝ Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ
- Սարգիս Հովհաննիսյան՝ նկարիչ
- Շուշան Բաղրյան՝ նկարիչ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քարին տակի համայնապատկերը, հետին պլանում երևում են Շուշիի ժայռերը, 15․01․2015թ․
-
Քարին տակի համայնապատկերը, 11․08․2011թ․
-
Մամռոտ քար կամ Զոնտիկներ ջրվեժը Կարկառ գետի մոտ, 20․10․2012թ․
-
Քարին տակի փողոցներից, 11․08․2011թ․
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում Քարին տակը պաշտպանելիս հոկտեմբերի 28-ին զոհվել է Քարին տակի համայնքապետ Մխիթար Առուշյանը։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քարին տակը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քարին տակը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քարին տակը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Քարին Տակի համայնքապետը մինչև զոհվելն ասում էր՝ անունը չտաս, երբեք գյուղը չենք տա», (արխիվացված 12․03․2021թ․)։
- ↑ «2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 663։
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 90–93.
- ↑ 12,0 12,1 12,2 Հրաչիկ Հարությունյան. «Քարին տակ (Պատմական ակնարկ)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 183- 188 էջ
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Сборник материалов для описания местностей и племен Кавказа». 25-ый выпуск за 1898 г.(ռուս.)
- ↑ Каринтак – село, выжившее под камнями․(ռուս.)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Քարին Տակի անկումը, (արխիվացված 10․10․2021թ․)։
- ↑ Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար։։
- ↑ Ալիեւը Շուշի է հասնում առանց խաղաղապահների ուղեկցության, (արխիվացված 10․10․2021թ․)։
- ↑ 19,0 19,1 Սամվել Կարապետյան, «Արցախի կամուրջները», Երևան, 2009 թվական, էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-09-27 Wayback Machine։
- ↑ 20,0 20,1 20,2 «Թշնամին առանձնակի վայրագություններ է ցուցաբերում Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների նկատմամբ», (արխիվացված 11․03․2021թ․)։
- ↑ 21,0 21,1 21,2 «Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջին անգամ նշեցին Եռաբլուրում», (արխիվացված 12․03․2021թ․)։
- ↑ «Քարին տակի քարանձավ․ հայկական գենի գիտականորեն հաստատված ամենահին հասցեն», (արխիվացված 13․03․2021թ․)։
- ↑ Քարին տակ. սիբեխի, պարտքերի, մի անցքի ու ճանապարհի մասին, (արխիվացված 12․03․2021թ․)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիրայր Մուրադյան, Գայանե Հովսեփյան, Անյա Սարկիսովա «Քարին Տակի անկումը»(հայ.) // «Հետք».
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քարին տակ կատեգորիայում։ |
|