Սիլվի Վարդան (ֆր.՝ Sylvie Vartanօգոստոսի 15, 1944(1944-08-15)[1][2][3], Իսկրեց, Բուլղարիա), հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր երգչուհի և դերասանուհի։ Նրա ելույթները ուղեկցվում էին բարդ խորեոգրաֆիկ ներկայացումներով, ֆրանսիական և իտալական հեռուստատեսությունները շատ հաճախ էին ցուցադրում նրա ներկայացումների տեսագրությունները։ 1960-ականներին և 1970-ականների կեսերին՝ նրա ամենամյա շոուների ժամանակ, ամուսնու՝ Ջոնի Հալիդեյի հետ Փարիզի Օլիմպիա և Կոնգրես դահլիճները լեփ լեցուն էին։ 2004 թվականին, երկարատև ընդմիջումից հետո նա սկսեց ձայնագրել և ելույթներ ունենալ Ֆրանկոֆոն երկրներում[5]։
Ծնվել է Բուլղարիայում 1944 թվականին։ Հայրը ֆրանսահայ է եղել, մայրը՝ հունգարական ծագումով բուլղարացի հրեա։ Ինքն իրեն համարում է բուլղարուհի[6]։ 1952 թվականից Սոֆիայից տեղափոխվել է Փարիզ իր ընտանիքի հետ։ Սովորել է «Էլեն Բուշեի լիցեյ» աղջիկների հեղինակավոր հաստատությունում, որտեղ հրապուրվել է ջազով, ռոքով։ 1961 թվականին պայմանագիր է կնքել «RCA» ընկերության հետ և Ժիլբեր Բեկոյի հետ մեկնել հյուրախաղերի։ Նույն տարում առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում, որից հետո երկու անգամ ելույթ ունեցել «Օլիմպիա» բեմում։ Մեծ ճանաչում է գտել Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած և երգչուհու կատարած «Ամենագեղեցիկը պարելու է գնում» երգը։ Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում։ Ձայնագրել է բազմաթիվ սկավառակներ, հանդես է եկել համաշխարհային հյուրախաղերով։ Եղել է ֆրանսիացի երգիչ, դերասան Ջոնի Հալիդեյի կինը։ Վաճառել է ավելի քան 30 միլիոն ձայներիզ[7]։