Jump to content

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կազմված էԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Հիմնադրվել է2009
ՏնօրենԿարո Վարդանյան
վարիչ Արմենուհի Դեմիրճյան
Քարտեզ
Քարտեզ

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 2003 թվականին՝ Սիլվա Կապուտիկյանի կտակի համաձայն։ 2009 թվականի հունվարի 20-ին բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի կառավարության որոշմամբ նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է Հայաստանի կառավարության N 08.10.2015 1180-Ա որոշմամբ։

Սիլվա Կապուտիկյանն իր կտակով պահանջել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ՝ ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով։ Բանաստեղծուհին իր ձեռքով է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները։ Տուն-թանգարանի ձևավորման ժամանակ անհրաժեշտությունից ելնելով՝ 2008 թվականին ամռանը ցուցասրահի է վերածվել 13 մ երկարությամբ տնտեսական պատշգամբը, որտեղ այժմ ցուցադրվում է Կապուտիկյանի հարուստ արխիվի մի մասը։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահի առաջին հատվածում ներկայացված են Վանից բերված մասունքներ՝ կավե պուտուկը, մետաղյա տաշտակը, որի մեջ լողացել է և՛ նորածին բանաստեղծուհին, և՛ նրա որդին՝ Արա Շիրազը, տատի գործած կարպետն ու գունագեղ գուլպաները, նրա իսկ ձեռքով կարված թավշե վերարկուն և այլն։ Ցուցադրված են նաև կարի մեքենան, որով իր գծագրած հագուստները երիտասարդ հասակում կարել է Կապուտիկյանը և Ամիրյան 20 հասցեի այն տան մանրակերտը, որտեղ 1919 թվականին ծնվել ու մինչև 1954 թվականն ապրել է բանաստեղծուհին[1]։

Առաջին ցուցափեղկում բանաստեղծուհու առօրյա օգտագործման իրերն են՝ ձեռքի ժամացույց, պայուսակ, թաշկինակ, հովհար, հարդարանքի պարագաներ։

Երկրորդ ցուցափեղկում դրված են այն նվերներից, որոնք Կապուտիկյանը ստացել է անվանի մարդկանցից։ Թանկ նմուշներից է հատկապես Սիամանթոյի գրիչը, որը 1963 թվականին Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը։

Երրորդ ցուցափեղկում Կապուտիկյանի պարգևներն են՝ «Պատվո նշան», Ժողովուրդների բարեկամության, Հոկտեմբերյան հեղափոխության, «Մայրական երախտագիտություն» և այլ շքանշաններ ու մեդալներ։

Հինգերորդ ցուցափեղկում անդամության տոմսերն են։

Ցուցադրությունն ավարտվում է Ավետիք Իսահակյանի, Վազգեն Ա վեհափառի, Պարույր Սևակի, Բելա Ախմադուլինայի և այլ ժամանակակիցներից ստացված հուշանվերներով։ Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին, որի բրոնզաձույլը դրված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի աշխատանքներն սկսվել են Կապուտիկյանի արխիվի կարգավորմամբ։ Այն ընդգրկում է 1940-ական թվականներից մինչև օրս իր գրական-հասարակական գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Շնորհիվ թանգարանի աշխատողների պատճենահանվել է 18 հազար էջից ավելի ձեռագիր։

Միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կազմակերպվում են հանդիսություններ, գրական հանդիպումներ, որոնց ժամանակ թեմային կամ օրվա հրամայականին համապատասխան իրականացվում են ցուցադրություններ և բանախոսություններ։

2009 և 2010 թթ. թողարկվել են «Երգեր Սիլվա Կապուտիկյանի խոսքերով» 2 ձայնասկավառակները։ Թանգարանի անմիջական մասնակցությամբ և ջանքերով տարբեր ստուդիաների և հեռուստաալիքների կողմից ստեղծվել են նաև տարբեր տեսաֆիլմեր, թողարկվել հեռուստահաղորդումներ։

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում (սկիզբը՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից), շենք 1, 2-րդ մուտք, 4-րդ հարկ, բն. 26 հասցեում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Սիլվա Կապուտիկյան». Журнал ЖАМ. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան» հոդվածին։