Jump to content

Հայաստանի Սահմանադրական դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքը

Հայաստանի Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը։ Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996 թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի  միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)։ ՍԴ-ն համակարգում է 1997 թ-ին հիմնադրված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության աշխատանքները։ 2000թ-ին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր,  ՍԴ-ն ընտրվել է «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանս» կազմակերպության լիիրավ անդամ։

Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի նիստերում։ Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նախագահը։ Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով։ Մինչև դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են։

Սահմանադրական դատարանի մասին նախկին օրենքով նախագահին նշանակում էր Ազգային ժողովը, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից։ 2015թ-ի փոփոխված օրենքով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից։ Այս պահին սահմանադրական դատարանն ունի 8 դատավոր։ Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝

1) գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը

2) Սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումների կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները բաշխում է Սահմանադրական դատարանի դատավորների միջև

3) հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նիստերը

4) Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստի ներկաներին, որոնք պարտադիր են կատարման

5) ներկայացնում է Սահմանադրական դատարանն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում

6) իրականացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը, հաստատում է աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը

ՀՀ Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված հայկական հուշադրամը, 2015

Հայաստանի Սահմանադրական դատարանը կազմված է հետևյալ դատավորներից՝

  1. Արմեն Դիլանյան (դատարանի նախագահ)[1]
  2. Արևիկ Պետրոսյան (դատարանի դատավոր)[2]
  3. Արայիկ Թունյան (դատարանի դատավոր)[3]
  4. Հրայր Թովմասյան (դատարանի դատավոր)[4]
  5. Արման Դիլանյան (դատարանի դատավոր)[5]
  6. Վահե Գրիգորյան (դատարանի դատավոր)[6]
  7. Երվանդ Խունդկարյան (դատարանի դատավոր)[7]
  8. Արթուր Վաղարշյան (դատարանի դատավոր)[8]
  9. Էդգար Շաթիրյան (դատարանի դատավոր)[9]

Նախկին դատավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական դատարանի լիազորությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]


Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.

2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.

3) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.

4) լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը.

5) լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

6) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ.

7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

8) որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.

9) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

10) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը.

11) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.

12) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։


Սահմանադրական դատարան կարող են դիմել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական դատարան կարող են դիմել՝

  1. Ազգային ժողովը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դեպքերում,Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ.
  2. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում.
  3. Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
  4. Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում.
  5. Կառավարությունը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում.
  6. Բարձրագույն դատական խորհուրդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
  7. տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադ��ությանը համապատասխանության հարցով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
  8. յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.
  9. գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում.
  10. Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.
  11. Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
  12. Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
  13. Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր` Սահմանադրության 168-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով։ Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը։ Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը։

Սահմանադրական դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով։

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։

Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ։ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ, բացառությամբ 7-րդ կետով նախատեսված հարցի, ընդունում է որոշումներ, իսկ 168-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հարցով՝ եզրակացություն։ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։


Սահմանադրական դատարան դիմելը


Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։
1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով։

2. Դիմումում նշվում են՝

  1. Սահմանադրական դատարանի անվանումը.
  2. դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով՝ դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
  3. Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում.
  4. Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.
  5. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որն ընդունել է վիճարկվող ակտը.
  6. դիմումին կցվող նյութերի ցանկը։

3. Սույն օրենքի 68-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներում նշված գործերով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացվող դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջներին, ինչպես նաև պարունակեն անհրաժեշտ քանակի ստորագրություններ։

Դիմումին կցվող նյութերը

  1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝
  2. լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.
  3. օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
  4. սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումի հիմնավորվածությունը հավաստող ապացույցները.
  5. դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր։

2. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև՝

  1. օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին.
  2. ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը.
  3. դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
  4. իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
  5. որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի անձը հաստատող և փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները.
  6. որպես ներկայացուցիչ հանդես եկող` բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը։

3. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ։


Հայաստանի Հանրապետության սահմանադրություն


Այն Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Աշոտ Խաչատրյան կենսագրությունը Հայաստանի Սահմանադրական դատարանի կայքում
  2. «Արևիկ Պետրոսյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  3. Արայիկ Թունյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում: Արխիվացված 2019-05-15 Wayback Machine
  4. «Հրայր Թովմասյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  5. «Արման Դիլանյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  6. «Վահե Գրիգորյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  7. «The Constitutional Court of Armenia». concourt.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «The Constitutional Court of Armenia». concourt.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «The Constitutional Court of Armenia». concourt.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]