Jump to content

Սարինա Ավթանդիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարինա Ավթանդիլյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1967(1967-10-25) (57 տարեկան)
Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբավար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1993, 1999)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Սարինա Բենիկի Ավթանդիլյան (հոկտեմբերի 25, 1967(1967-10-25), Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբավար, երաժշտագետ։ «Սպեղանի» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարինա Ավթանդիլյանը ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 25-ին, Մարտակերտ քաղաքում։ 1993 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1999 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1994-2002 թվականներին եղել է Հայաստանի երաժշտական ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի խմբավար, 1993 թվականից, միաժամանակ դասավանդում է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում, 2001 թվականից՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1996 թվականին հիմնադրել ու ղեկավարում է զոհված և անհայտ կորած ազատամարտիկների զավակներից կազմված «Սպեղանի» երգչախումբը։ Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Սարինա Ավթանդիլյանի ամուսինը՝ Գագիկ Օսիպյանը, զոհվել է 1992 թվականին՝ Շուշիի ազատագրման ժամանակ։ Նույն թվականի հուլիսի 4-ին Մարտակերտի տեղահանության ժամանակ նրա մայրը, տատը և պապն անհայտ կորել են, իսկ տունն ամբողջովին այրվել է ռումբի պայթյունից[1]։

«Սպեղանի» կամերային երգչախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Սարինա Ավթանդիլյանը որբացած երեխաներից ստեղծել է երգչախումբ և այն անվանել «Սպեղանի»՝ դեղամիջոց հոգու վերքերից։

Ես հավատում էի, որ երգչախմբային արվեստն իրոք բալասան կլինի նրանց վիրավոր հոգիներին, կմեղմացնի կորստի ցավը։ Երգչախումբը ստեղծվեց, որովհետև պետք էր գոյատևել։

2005 թվականի ապրիլի 24-ին Հայոց եղեռնի նահատակների հիշատակին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում երգչախումբը կատարել է Կոմիտասի «Պատարագը»։ «Սպեղանու» կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչել են Բերտրանի, Անիմուչյանի, Մարենցիոնի, Կոստելեյի, Սուինի, Ռաուտավարանի ստեղծագործությունները, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը։

2004 թվականին Արեցո քաղաքում անցկացվող Concorso Polifonico Internationale փառատոնում «Սպեղանին» ստացել է երկրորդ մրցանակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Սպեղանի» երգչախումբ՝ հայկական երգի կրողները». Hetq.am. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։