Jump to content

Յագան (աբորիգեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յագան
Դիմանկար
Ծնվել էմոտ 1800[1]
ԾննդավայրԱրևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
Մահացել էհուլիսի 11, 1833(1833-07-11)[1]
Մահվան վայրՊերթ, Ավստրալիա
Մասնագիտությունռազմիկ
 Yagan Վիքիպահեստում

Յագան (մոտ 1800[1], Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա - հուլիսի 11, 1833(1833-07-11)[1], Պերթ, Ավստրալիա), Ավստրալիայի աբորիգենների նունգար ժողովրդի մարտիկ։

Նա վճռական դեր է խաղացել Արևմտյան Ավստրիալիայի ժամանակակից Պերթ քաղաքի շրջանում բրիտանական բնակավայրերի հիմնադրման և գաղութարարների իշխանության հաստատման դեմ բնիկ ավստրալիացիների պայքարում։ Այն բանից հետո, երբ նա գյուղական բնակավայրերում մի շարք գողություններ ու կողոպուտներ է կատարել, որոնց արդյունքում սպանվել են սպիտակ նորաբնակներ, կառավարությունը պարգևավճար է առաջարկել՝ նրան ողջ կամ մահացած բռնելու համար։ Երիտասարդ նորաբնակներից մեկը նրան սպանել է ատրճանակից արձակած կրակոցով։

Յագանի սպանությունը աբորիգենների բանահյուսության մեջ հիշատակվում է որպես Ավստրալիայի բնիկ ժողովուրդների նկատմամբ անարդարության, իսկ երբեմն էլ գաղութաբնակների կողմից վատ վերաբերմունքի խորհրդանիշ։ Ողջ Ավստրալիայում Յագանը համարվում է նունգարների հերոս։

Նորաբնակները Յագանի դին գլխատել են, որպեսզի վարձատրվեն նրան սպանելու համար։ Ավելի ուշ իշխանության ներկայացուցիչները այն տեղափոխել են Լոնդոն, որտեղ այն ցուցադրվել է որպես «մարդաբանական հազվագյուտ առարկա»։ Թանգարանը այն պահել է ավելի քան հարյուր տարի, մինչև այն մյուս մնացորդների հետ միասին 1964 թվականին թաղվել է Լիվերպուլում՝ մի անանուն գերեզմանում[2]։ Տարիներ շարունակ նունգարների ներկայացուցիչները խնդրել են վերադարձնել գլուխը` ինչպես կրոնում, այնպես էլ մշակույթում Յագանի ավանդական կարգավիճակի պատճառով։ Թաղման վայրը որոշվել է 1993 թվականին։ Չորս տարի անց պաշտոնյաները գլուխը արտաշիրիմել են և վերադարձրել Ավստրալիա։ 1997 թվականից Պերթ շրջանի բնիկ բնակչությունը քննարկում էր, թե ինչպես հարգալից կերպով վարվել Յագանի գլխի հետ։ Ի վերջո, նրանք այն նունգարների ավանդական արարողակարգով թաղել են 2010 թվականի հուլիսին Արևմտյան Ավստրալիայում՝ Սուոն Ուելիի մոտակայքում, Յագանի մահից 177 տարի անց[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով նունգարական ժողովրդի վաջուկ էթնիկ խմբի անդամ՝ Յագանը պատկանել է մոտ 60 հոգանոց խմբի, որի անունը, ըստ Ռոբերտ Լիոնի, բիլիար էր։ Այսօր գիտնականները կարծում են, որ բիլիար ցեղը կարող է լինել ավելի մեծ ցեղի տոհմային խումբ, որին Դեյզի Բեյթսը կոչել է բիլգար[4]։ Ըստ Լիոնի, բիլիար ցեղի տարածքները ընկել են Սուոն և Քանինգ գետերից հարավ՝ մինչև Մանգլս ծովածոցը[5]։ Խումբն ունեցել է հողօգտագործման իրավունքներ դրանից շատ ավելի մեծ տարածքի վրա՝ ընդլայնելով իր ազդեցության ոլորտը հյուսիսում մինչև Մոնգեր լիճ և հյուսիս-արևելքում՝ Ելենա գետ։ Բացի այդ, խումբն ունեցել է շարժվելու արտասովոր ազատություն իր հարևանների հողերում՝ հնարավոր է՝ հարևան խմբերի հետ ազգակցական և ամուսնական կապերի պատճառով[6]։

Ենթադրվում է, որ Յագանը ծնվել է մոտ 1795 թվականին[7]։ Նրա հայրը Միդգեգորոն էր, բիլիար ցեղի առաջնորդը, մայրը ենթադրաբար Միդգեգորոյի երկու կանանցից մեկն էր[8]։

Ամուսնություն և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Նևիլ Գրինի խոսքով՝ Յագանն ունեցել է կին և երկու երեխա[9][10]։ 1833 թվականին Պերթի տեղեկագրում հրապարակված նրա երեխաների անունները նշվել են որպես «Նարալ»՝ 9 տարեկան և «Վիլիմ»՝ 11 տարեկան, բայց կառավարության այլ աղբյուրներից շատերը պնդել են, որ ռազմիկն ամուսնացած չէր և անզավակ էր[11]։ Նկարագրվելով որպես միջինից բարձրահասակ, տպավորիչ կառուցվածքով, հաղթանդամ՝ Յագանն ուներ տարբերվող դաջվածք աջ ուսի վրա, որով նրան ճանաչում էին որպես «ցեղային կանոնակարգում բարձր կարգավիճակի տեր մարդու»[9][10]։ Ընդհանուր առմամբ, նա ճանաչվել է որպես իր ցեղում ֆիզիկապես ամենաուժեղը՝ դառնալով իրական առաջնորդ[12]։

Հարաբերություններ վերաբնակիչների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականին Յագանը մոտ 35 տարեկան էր, երբ բրիտանացի վերաբնակիչները բնակվել են այդ տարածքում և գաղութներ հիմնել Սուոն գետի մոտ[13]։ Գաղութի գոյության առաջին երկու տարիների ընթացքում վերաբնակիչների և նունգարների հարաբերություններն ընդհանուր առմամբ բարիդրացիական էին, քանի որ նրանց միջև ռեսուրսների ձեռքբերման համար քիչ մրցակցություն կար։ Նունգարները ողջունում էին սպիտակ վերաբնակիչներին որպես ջանգա՝ մահացածների վերադարձած հոգիներ[14][14]։ Պատմական աղբյուրները նշում են, որ երկու խմբերն էլ միասին ձկնորսության են գնացել[15]։ Ժամանակի ընթացքում երկու մշակույթների միջև հակասություններն էլ ավելի հաճախակի են դարձել[15]։ Վերաբնակիչները սխալմամբ հավատում էին, որ նունգարները քոչվորներ են, որոնք ոչ մի պահանջ չունեն իրենց թափառած երկրի նկատմամբ։ Գաղութարարներն իրենց ավանդական սովորույթներին համապատասխան ցանկապատում էին հողը արոտավայրերի և հողագործության համար[15]։ Որքան ավելի շատ տարածք պարսպապատված էր լինում, այնքան հաճախ նունգարներին թույլ չէին տալիս մուտք գործել դեպի իրենց ավանդական որսատեղիները և սուրբ վայրերը։ 1832 թվականին Յագանի ընտանիքը անկարող էր մոտենալ Սուոն կամ Քենինգ գետերին, քանի որ վերաբնակիչները ցանկապատներ էին կառուցել ափի երկայնքով։ Սննդամթերքի կարիք ունենալով՝ նունգարները մի քանի արշավանք են կատարել վերաբնակիչների տարածքների վրա՝ նպատակ ունենալով գողանալ նրանց բերքն ու սպանել նրանց անասունները։ Նրանք նաև հետախուզել են վերաբնակիչների պաշարները և սկսել են գողանալ ալյուր և այլ սննդամթերքներ, ինչը լուրջ խնդիր է դարձել գաղութի համար[16]։

Սպիտակամորթ մարդու առաջին սպանությունը Յագանը կատարել է 1832 թվականի հունիսին[17]։ Ինքը սպանվել է 1833 թվականի հուլիսի 11-ին[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. Aboriginal warrior Yagan is finally laid to rest after 170 years, Liverpool Echo, 12 July 2010
  3. Warrior reburied 170 years after death, Australian Geographic, 2010 թ․ հուլիսի 12, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին
  4. Bourke, Michael (1987). «Chapter 3: Yagan 'The Patriot' and 'Governor' Weeip». On the Swan. Nedlands, Western Australia: University of Western Australia Press. ISBN 0-85564-258-0.
  5. Green, 1984, էջ 50
  6. Hallam, Sylvia J.; Tilbrook, Lois (1990). Aborigines of the Southwest Region, 1829–1840 (The Bicentennial Dictionary of Western Australians, Volume VIII). Nedlands, Western Australia: University of Western Australia Press. ISBN 0-85564-296-3. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  7. «National Museum of Australia – Yagan's story». Nma.gov.au. 1997 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  8. Fforde, 2002, էջ 229
  9. 9,0 9,1 Green, Neville (1981). «Aborigines and White Settlers in the Nineteenth Century». In Stannage, Tom (ed.). A New History of Western Australia. Nedlands, Western Australia: University of Western Australia Press. էջեր 72–123. ISBN 0-85564-170-3.
  10. 10,0 10,1 Green, 1984, էջ 82
  11. «The Native's again!!». Perth Gazette. Perth. 1833 թ․ հունիսի 1. էջ 87.
  12. Green, 1979, էջ 2
  13. Green, 1984, էջ 39
  14. 14,0 14,1 Green, 1984, էջ 53
  15. 15,0 15,1 15,2 Green, 1984, էջ 73
  16. Hasluck, 1961, էջ 35
  17. Green, 1984, էջ 80
  18. Fforde, 2002, էջ 231

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յագան (աբորիգեն)» հոդվածին։