Jump to content

Մանիտոբա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանիտոբա
Մանիտոբա
Manitoba
flag of Manitoba? Զինանշան


ԵրկիրԿանադա Կանադա
ԿարգավիճակԿանադայի նահանգ
Մտնում էԿանադա
ՎարչկենտրոնՎինիպեգ
Ամենաբարձր կետBaldy Mountain?
Օրենսդրական մարմինLegislature of Manitoba?[1]
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն (2012)
1 267 003 (5֊րդ տեղ)
Խտություն1,96
Տարածք647 797  (8֊րդ տեղ)
Հիմնադրված էհուլիսի 15, 1870 թ.
Սահմանակցում էՍասկաչևան, Օնտարիո, Նունավութ, Հյուսիսային Դակոտա և Մինեսոտա
Ժամային գոտիCDT?
ՀապավումMan. և Man.
ՓոխարինեցՀյուսիսարևմտյան տարածքներ, District of Keewatin?, Rupert's Land?, Athabasca District?, Saskatchewan District? և Keewatin District?
ISO 3166-2 կոդCA-MB
Փոստային ինդեքսներR
Անվանված էLake Manitoba Narrows?
gov.mb.ca(անգլ.)(ֆր.)

Մանիտոբա (անգլ.՝ Manitoba, ՄՖԱ՝ [ˌmænɨˈtoʊbə]), կանադական նահանգ, որը գտնվում է երկրի կենտրոնական հատվածում, Կանադական Պրերիաների տարածքում։ Տարածքը՝ 650,1 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Վինիպեգ։ Նահանգը հիմնականում հարթավայրային է, նրա տարածքում հաշվվում է ավելի քան 110 հազար լիճ։ Մանիտոբային բնորոշ է մայրցամաքային կլիման։

Նահանգում բնակվում է ավելի քան 1 200 000 մարդ։ Տնտեսության հիմնական ոլորտն է համարվում գյուղատնտեսությունը։ Բացի այդ, նահանգում զարգացած է տրանսպորտը, լեռնաարդյունաբերությունը և մշակող արդյունաբերությունը, անտառային տնտեսությունը, էներգետիկան և տուրիզմը։

Մորթավաճառները առաջին անգամ այստեղ են ժամանել 17-րդ դարի վերջերին։ Հիմնական բնակեցումը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին երեք տասնամյակներին։ 1870 թվականին Ռեդ Ռիվերի ապստամբությունից հետո Մանիտոբան դարձել է Կանադայի նահանգ։

1919 թվականին Վիննիպեգում անցել է համընդհանուր գործադուլ։ Ծանր տնտեսական իրավիճակը Մեծ ճգնաժամի ժամանակ հանգեցրել է նահանգի գլխավոր քաղաքական կուսակցություններից մեկի՝ Մանիտոբայի Նոր դեմոկրատական կուսակցության ստեղծմանը։ Մանիտոբայի մայրաքաղաքն է Վիննիպեգը։ Այստեղ են գտնվում նահանգային կառավարությունը, Օրենսդիր ժողովը, Վերաքննիչ դատարանը։ Քաղաքը նահանգի ամենախոշոր քաղաքն է, այնտեղ բնակվում է ավելի քան 630 հազար մարդ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանիտոբայի քարտեզն անգլերենով

Մանիտոբան արևել��ում սահմանակցում է Օնտարիո, արևմուտքում՝ Սասկաչևան նահանգների, հյուսիսում՝ Նունավուտ և Հյուսիսարևմտյան տարածքների հետ, ինչպես նաև հարավում սահմանակցում է ամերիկյան Հյուսիսային Դակոտա և Մինեսոտա նահանգների հետ, իսկ հյուսիս-արևելքում ողողվում է Հուդզոնի ծոցի կողմից։

Նահանգը Հուդզոնի ծոցով ունի ծովային առափնյա գիծ, ավելի քան 110 հազար լճեր զբաղեցնում են տարածքի 15,6 %-ը կամ մակերևույթի 101 593 կմ²[2]։ Մանիտոբայի հիմնական լճերն են՝ Մանիտոբան, Վինիպեգոզիսը և Վիննիպեգը։ Վերջինս իր մեծությամբ տասներորդն է աշխարհի քաղցրահամ լճերի թվում[3]։ Հնդկացիների որոշ հողեր և Վինիպեգ լճի արևելյան հատվածում գտնվող տայգան համարվում է ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակի թեկնածու[4]։ Նահանգի խոշորագույն գետերն են՝ Ռեդ Ռիվերը, Ասսինիբոյնը, Նելսոնը, Վիննիպեգը, Հեյսը, Ուայթշելը և Չերչիլը։ Նահանգի հարավային բնակեցված նշանակալից տարածքները ինչ-որ ժամանակ եղել են նախապատմական Ագասիս սառցային լճի մաս։ Այդ տարածաշրջանում, հատկապես Ռեդ-Ռիվեր հարթավայրում, տեղանքը հարթ է և բերրի, տարածաշրջանի ողջ տարածքի երկայնքով կան բլրոտ և քարքարոտ տարածքներ, որոնք թողել են նահանջող սառցադաշտերը[5][6]։

Բոլդի լեռը նահանգի ամենաբարձր կետն է՝ ծովի մակարդակից 832 մետր[7], իսկ Հուդզոնի ծոցի առափնյան համարվում է ամենացածր կետը։ Ռայդինգ լեռները, Պեմբինի բլուրները և Կանադական վահանը համարվում են բարձրադիր շրջաններ։ Նահանգի մեծ մասը՝ հյուսիսային և արևելյան հատվածները, գտնվում են գրանիտե Կանադական վահանի վրա։ Վահանը հիմնականում բաղկացած է բարձրադիր լեռնոտ տեղանքից և պարունակում է բազմաթիվ լճեր և գետեր, որոնք ակտիվորեն օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Վահանը ներառում է նաև Հուդզոնի ծոցի ցածրադիր վայրերը։ Կանադական վահանի տարածքում հնարավոր չէ վարել ինտենսիվ գյուղատնտեսություն, չնայած գետերի հովիտներում և լճերի շրջակայքում, հատկապես հարավային շրջաններում առկա է իրական գյուղատնտեսություն և կան փոքր կաթնամթերքի ֆերմաներ։ Տայգան ընդգրկում է վահանի մեծ մասը։ Կանադական վահանի տարածաշրջանը լայնորեն հայտնի է իր օգտակար հանածոների պաշարներով։ Մանիտոբայի տեղանքի փոքր ծալքերը ձևավորվել են վերջին սառցե դարաշրջանի ժամանակ՝ Վիսկոնսին սառցադաշտի նահանջի ժամանակ։ Ագասիս ցածրադիր շրջանի մեծ մասը, Հյուսիսային Ամերիկայում խոշորագույն լճային հարթավայրերը (286 000 կմ ²), գյուղատնտեսական հողատարածքները իրենց մակերևույթի հարթ բնույթի պատճառով ջրահեռացման համակարգի կարիք ունեն[8]։

Մանիտոբայի համար բնորոշ է կտրուկ մայրցամաքային կլիմա, ջերմաստիճանը և տեղումների միջին տարեկան քանակությունը, ընդհանուր առմամբ, կրճատվում են հարավից հյուսիս, իսկ տեղումները նվազում են արևելքից արևմուտք[9]։ Մանիտոբան հեռու է մեղմացնող ազդեցություն ունեցող երկու լեռնաշղթաներից՝ Կորդիլերներից և Ապալաչներից և խոշոր ջրամբարներից, ինչպես նաև իր հիմնականում հարթավայրային բնության պատճառով, այն բաց է հունվարի և փետրվարի ընթացքում հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական սառը օդային զանգվածների համար։ Ամռան սեզոնին օդային զանգվածները հաճախ դուրս են գալիս Միացյալ Նահանգների հարավային շրջանից, իսկ տաք, խոնավ օդը շարժվում է դեպի Մեքսիկական ծոցի հյուսիսը[10]։

Նահանգի հարավային շրջանում, որը գտնվում է տորնադոյի էպիկենտրոն համարվող հատվածից հյուսիս, ամեն տարի այստեղ լինում են ուժեղ տորնադոներ։ 2006 թվականին գրանցվել է 15 այդպիսի դեպք։ 2007 թվականի հունիսի 22-ին և 23-ին նույնպես արձանագրվել են տորնադոներ, որոնցից ամենաուժեղը Ֆուձիտայի սանդղակով 5-րդ մակարդակի տորնադոն էր, որն ավերել էր Էլի մի քանի շրջան։ Դա ամենաուժեղ տորնադոն էր, որը պաշտոնապես գրանցվել էր Կանադայում[11]։

Ամեն ամառ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում 30 °C[12]: Կարման քաղաքին է պատկանում ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը՝ հաշվի առնելով Կանադայի խոնավության մակարդակը՝ 53,0[13]:

Կանադայի Շրջակա միջավայրի և էկոլոգիայի նախարարության տվյալներով՝ Մանիտոբան առաջին տեղն է գրավում տարվա ընթացքում անամպ օրերի թվով, երկրորդ տեղը՝ ամռան սեզոնին պարզ օրերի թվով, և համարվում է ամենաարևոտ նահանգը ձմռան և գարնան սեզոններին[14]։ Պորտիջ լա Պրերի քաղաքում դիտվում է երկրում ամենաշատ առևային օրերի թիվը, Վիննիպեգը զբաղեցնում է երկրորդ տեղը պարզ եղանակների թվով ամբողջ տարվա ընթացքում և համարվում է Կանադայի երկրորդ արևային քաղաքը, հատկապես ձմռանը և գարնանը[15]։ Հարավային Մանիտոբային բնորոշ է երկար ոչ սառնամանիքային սեզոնը 125-ից մինչև 135 օր Ռեդ Ռիվեր հարթավայրում[16]։ Նահանգի հյուսիսային շրջանները (ներառյալ Թոմփսոն քաղաքը) գտնվում են մերձարկտիկական կլիմայական գոտում։ Այս տարածաշրջանը բնորոշվում է երկար և շատ ցուրտ ձմեռներով և կարճ, տաք ամառներով, քիչ քանակությամբ տեղումներով[17]։ Գիշերը ջերմաստիճանը իջնում է ընդհուպ մինչև -40 °C և սառնամանիքները մնում են մի քանի օր, ամեն ձմեռ[17]։

Մանիտոբա նահանգի հարավը (այդ թվում նաև Վիննիպեգ քաղաքը) գտնվում են մայրցամաքային կլիմայական խոնավ գոտում։ Այդ տարածաշրջանին բնորոշ է ցուրտ և քամոտ ձմեռները, բաց բնույթի տեղանքի պատճառով այստեղ հաճախակի են լինում ձնաբքերը և ամառները շոգ են, որն այս տարածաշրջանում համարվում է ամենախոնավը պրերիաների շրջանում, տեղումների չափավոր քանակությամբ։ Մանիտոբայի հարավ-արևմուտքը ավելի չոր է և երաշտների ավելի մեծ հակում ունի, քան նահանգի այլ հարավային մասերը[18]։ Այս տարածաշրջանը բնորոշվում է ցուրտ և քամոտ ձմեռներով և բաց լանդշաֆտի պատճառով հաճախակի ձնաբքերով[18]։ Ամառը, որպես կանոն, տաք է և շոգ, ցածր և չափավոր խոնավությամբ[18]։

Մանիտոբայի առանձին քաղաքների միջին ցերեկային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները [19]
Քաղաք Հուլիս (°C) Հունվար (°C)
Վինիպեգ 26/13 −13/−20
Պորտիջ լա-Պրերի 25/13 −12/−23
Դոֆին 25/12 −12/−23
Բրենդոն 25/11 −13/−24
Պաս 23/12 −16/−26
Թոմփսոն 23/9 −19/−31

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
A bear with white fur and black eyes
Սպիտակ արջերը հանդիպում են նահանգի հյուսիսում

Նահանգի արևելյան, հարավարևելյան և հյուսիսային շրջանները ծածկված են փշատերև անտառներով, ճահիճներով և տունդրայի ոչ մեծ տարածքով Հուդզոնի ծոցի ափին։ Անտառները զբաղեցնում են մոտ 263 000 կմ², կամ նահանգի տարածքի 48%-ը[20]։ Անտառները կազմված են սոճիներից, եղևնիներից, խեժափիճիներից, բարդիներից, ուռենիներից և կենսածառ արևմտյան ոչ մեծ ընտանիքից (այդ շրջաններում այն անվանում են սպիտակ մայրի)[20]։ Բարձրախոտ պրերիաները գերակշռում են նահանգի հարավային շրջաններում[21]։

Մանիտոբան համարվում է զանազան կենդանիների բնակության արեալ։ Չերչիլ շրջանը, որտեղ հատկապես մեծաքանակ են սպիտակ արջերը, շատ հաճախ անվանում են «Արջերի մայրաքաղաք»[22]։ Մնացած այլ խոշոր կենդանիները, ինչպիսիք են որմզդեղնը, եղջերուն, գայլը, բնակվում են ամբողջ նահանգում, հատկապես մարզային և ազգային պարկերում։ Մանիտոբայում բնակվում է 145-ից ավելի թռչունների տեսակ, այդ թվում մորուքավոր անտառաբուն, որը համարվում է նահանգի պաշտոնական թռչունը, ինչպես նաև անհետացման վտանգի տակ գտնվող բազեն[23]։ Մանիտոբայի լճերում բնակվում է 18 տեսակի ձուկ, մասնավորապես, իշխանը և գայլաձուկը, ինչպես նաև մի շարք այլ մանր ձկներ[24]։

Մանիտոբայի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը պատասխանատու է նահանգի էկոլոգիական իրավիճակի համար։ Մանիտոբայում գոյություն ունի պահպանվող բնական պարկերի ցանց, բացի այդ գոյություն ունեն մի շարք կառավարական ծրագրեր, որոնց նպատակը շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելն է։ Ինչպես նաև առկա է նահանգային ծրագիր, որի շրջանակներում 5 տարվա ընթացքում տնկվում է 5 000 000 ծառ[25]։ Մանիտոբայում էկոլոգիական իրավիճակը համեմատաբար բարեհաջող է, քանի որ նահանգում չկա ծանր արդյունաբերություն, շրջակա միջավայրի հիմնական աղտոտիչներ են անասնապահական համալիրները[25]։

Սակայն գոյություն ունեն էկոլոգիայի հետ կապված մի շարք այլ խնդիրներ։ 2000 թվականին Rural Groundwater Quality Initiative կազմակերպությունը անց է կացրել ստորգետնյա ջրերի որակի փորձաքննություն գյուղական բնակավայրերում 1000 հորերից պատահական ընտրության ճանապարհով։ Հայտնաբերվել է, որ այդ հորերից 43%-ը չեն կատարել խմելու ջրի կանադական չափանիշները։ Նույն հետազոտությունը ցույց տվեց, որ այդ հորերի 16%-ը գերազանցել են նիտրատների թույլատրելի չափանիշները[26]։ Մանիտոբայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է 4-6 անգամ ավելի շատ հող, քան առկա է ներկա դրությամբ, խոզաբուծական ֆերմաների հեղուկ թափոնների անվտանգ վերամշակման համար։ Ֆոսֆորի կուտակումը և դրա տարածումը անձրևների և ձնհալքի ժամանակ համարվում է Վիննիպեգ լճի կապտա-կանաչ ջրիմուռների սնուցման հիմնական աղբյուրներից մեկը։ 2005 թվականին Freedom of Information հարցումը ցույց տվեց, որ նահանգի գոմաղբային պահեստարանների կեսից ավելին, որոնցում տեղակայված են ջրի մոնիթորինգային վերգետնյա համակարգերը, արտահոսք ունեն[26]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի անվանումը, հնարավոր է, կապված է Մանիտոբա լճի անվան հետ։ Գոյություն ունեն նաև մի քանի այլ տեսություններ, որոնք բացատրում են անվան առաջացումը։ Առաջին տեսությունը ասում է այն մասին, որ բառն առաջացել է ասինիբոյն լեզվից՝ «մինի» և «տոբու» բառերից, որոնք նշանակում էին «լիճ պրերիաներում»։ Երկրորդ տեսությանը համաձայն՝ անվան առաջացումը գալիս է կրի լեզվի «մանիոտապու» բառից, որը նշանակում էր ջրի ալիքների խուլ ձայն՝ Մանիտոբա լճի ալիքների և ճալաքարերի շփումից։ Այդ աղմուկը առասպել է ստեղծել, որ այդ ձայնը ոգին է (մանիտու) հանում՝ հարվածելով թմբուկին[27]։

Հնդկացիներ և եվրոպական գաղութացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուդզոնի ծոց Կազմակերպության պատմական դրոշը

Ժամանակակից Մանիտոբա նահանգի աշխարհագրական շրջանը վերջին սառցային ժամանակաշրջանից հետո բնակեցվել է մարդկանցով։ Հարավ-արևմուտքում սառցադաշտերը ետ են նահանջել 10 հազար տարի առաջ։ Առաջինը բնակեցվել է Թյորթլ Մաունթին ժամանակակից շրջանը[28]։ Օջիբվե, կրի, ատաբասկներ, սիու և ասինիբոյն ժողովուրդները կառուցում էին բնակավայրեր և առևտրային կապեր էին հաստատում այլ ցեղերի հետ։ Նահանգի հյուսիսում արդյունահանվում էր կվարցը նետերի ծայրերի համար։ Առաջին անգամ գյուղատնտեսությունը Մանիտոբա նահանգում ի հայտ է եկել Ռեդ Ռիվերի երկայնքով, որտեղ աճեցվում էր եգիպտացորեն և այլ մշակաբույսեր[29]։

1611 թվականին Հենրի Հադսոնը դարձել է առաջին եվրոպացիներից մեկը, ով նավարկել է Հուդզոնի ծոցում, որտեղ նրան թողել է նրա անձնակազմը[30]։ Առաջին եվրոպացիները Թոմաս Բատտոնի գլխավորությամբ հասել են Մանիտոբա նահանգի ժամանակակից կենտրոնական և հարավային հատվածները, այնուհետև 1612 թվականին նրանք բարձրացել են Նելսոն գետի հոսանքով վերև մինչև Վիննիպեգ լիճը՝ փորձելով գտնել և փրկել Հադսոնին։ Բրիտանական «Նոնսուչ» նավը հետազոտել է Հուդզոնի ծոցը 1668-1669 թվականներին՝ դառնալով առաջին առևտրային նավը, որն մուտք է գործել այդ տարածք։ Այդ ճանապարհորդությունը հանգեցրեց Հուդզոնի ծոց կազմակերպության առաջացմանը, որը բրիտանական կառավարությունից ստացել է ամբողջ ջրբաժանը։ Այդ ավազանը ստացել է Ռուպերտի Երկիր անվանումը այն բանից հետո, երբ արքայազն Ռուպերտը օգնեց սուբսիդավորել Հուդզոնի ծոց կազմակերպությունը։ Յորք-Ֆեքթորի գաղութային արևտրավանը հիմնվել է 1684 թվականին որպես Կազմակերպության առաջին ամրոց, սակայն ավելի ուշ այն ավերել են ֆրանսիացի մրցակիցները։

Պյեր Գոտյե դե Վարենն, սյոր դե Լա-Վերանդրին այցելեցին Ռեդ Ռիվեր հարթավայրը 1730 թվականին, որպեսզի օգնեն բացել շրջանը ֆրանսիական հետախուզության և առևտրի համար։ Այն բանից հետո, երբ ֆրանսիացի ճանապարհորդողները ուսումնացիրեցին այդ շրջանը, Մոնրեալյան Հյուսիս-Արևմտյան կազմակերպությունը առևտրական հարաբերություններ հաստատեց մետիսների հետ։ Ե՛վ Մոնրեալյան Հյուսիս-Արևմտյան կազմակերպությունը, և՛ Հուդզոնի ծոցի Կազմակերպությունը կառուցում էին ամրոցներ մորթիների վաճառքով զբաղվելու համար։ Երկու կազմակերպությունները մրցակցում էին Մանիտոբա նահանգի հարավային շրջանում, ինչը երբեմն հանգեցնում էր բռնությունների այնքան ժամանակ, մինչև նրանք միավորվեցին 1821 թվականին։ Մեծ Բրիտանիան Յոթամյա պատերազմում (հայտնի է նաև ֆրանկո-հնդկական պատերազմ անունով, 1754-1763 թթ.) Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակի արդյունքում 1763 թվականին հաստատվել է այդ տարածքներում։

Առաջին գյուղատնտեսական համայնքների և բնակավայրերի հիմնումը տեղի է ունեցել 1812 թվականին։ Նրանք առաջացել են շրջանից դեպի հյուսիս, որտեղ ներկա դրությամբ գտնվում է Վիննիպեգ քաղաքը։ Դա հանգեցրեց հակամարտության բրիտանական գաղութատերերի և մետիսների միջև։ Քսան գաղութատեր, այդ թվում նաև նահանգապետը, և մեկ մետիս սպանվել են 1816 թվականի Սեվեն-Օքսի ճակատամարտի ժամանակ։

Ապստամբություն Ռեդ Ռիվերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանիտոբայի մետիսների գավառական կառավարությունը

Մանիտոբայի առաջին նահանգապետը 1869 թվականին նշանակվել է անգլո-կանադացի Վիլյամ Մակդուգալը։ Տեղական ֆրանկոլեզու մետիսները դժգոհ էին նրա թեկնածությունից։ Դեռ այն բանից առաջ, երբ ապագա Մանիտոբայի տարածքները պաշտոնապես հանձնվել են Կանադային, Մակդուգալը հողաչափերի էր հրավիրել, որպեսզի տարածքը բաժանի Օնտարիոյում կիրառվող վանդակավոր կառուցապատման համաձայն։ Մետիսները Ռիելի գլխավորությամբ խանգարեցին Մակդուգալին մուտք գործել Մանիտոբայի տարածք։ Մետիսները ստեղծել են գավառական կառավարություն, որի մեջ ներառել են նրանց հետ հավասար թվով անգլախոս ներկայացուցիչներ։ Ռիելը ուղիղ բանակցություներ էր վարում կանադական կառավարության հետ՝ Ասսինոբոյա նահանգի ստեղծման համար։ Մինչդեռ, Ռիելի մարդիկ ձերբակալել են գավառական կառավարությանը դիմադրելու համար։ Նրանց թվում էր նաև օրանժիստ Թոմաս Սքոթը, ում շուտով մահապատժի են ենթարկել ապստամբության առաջնորդի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Սակայն, շուտով նահանգի ինքնահռչակ կառավարությունը և Կանադայի կառավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել։ 1870 թվականին օրենսդիր ժողովը Մանիտոբայի մասին օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ռեդ Ռիվերի բնակավայրերը մտնում էին համադաշնության մեջ որպես Մանիտոբա նահանգ, ինչպես նաև դրա մեջ են ներառվել Ռիելի որոշ պահանջներ, ինչպիսիք են մետիս երեխաների համար առանձին ֆրանսիական դպրոցներ և կաթոլիկական կրոնադավանության պաշտպանություն[31]։

Այն բանից հետո, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, կանադական կառավարությունը զորք է ուղարկել, որպեսզի հաստատի դաշնային իշխանությունը։ Զորքերը բաղկացած էին կանադական աշխարհազորից և բրիտանական բանակի կանոնավոր ստորաբաժանումներից։ Զորքերը գլխավորում էր գնդապետ Գարնետ Վուլզլին։ Դաշնային իշխանությունները դժգոհ էին Թոմաս Սքոթի մահապատժից և հրամայեցին ձերբակալել ապստամբության առաջնորդին։ Լուի Ռիելը փախուստի է դիմել նրանից առաջ, երբ զորքերը հասել են Մանիտոբայում գտնվող Հարրի ֆորտին։ Դաշնային զորքերի ժամանումը նշանավորեց ապստամբության ավարտը[31]։ Լուի Ռիելը հետապնդվում էր Գարնետ Վուլզլիի կողմից և աքսորվել[32]։

Մետիսների՝ հող ստանալու կարիքները արհամարհվում էին կանադական կառավարության կողմից, չնայած այն խոստումին, որը տրվել է Մանիտոբա նահանգի կոնֆեդերացի մտնելու շրջանակներում։ Բախվելով Օնտարիոյից եկած սպիտակ նորաբնակների նոր հոսքի հետ, մեծ թվով մետիսներ տեղափոխվել են ապագա Սասկաչևան և Ալբերտա նահանգների տարածքներ[31]։

Համարակալված պայմանագրերը ստորագրվել են 19-րդ դարի վերջին այս տարածքներում բնակվող տարբեր բնիկ ժողովուրդների ղեկավարների հետ։ Այս պայմանագրերը հաստատեցին յուրաքանչյուր ընտանիքին հող տրամադրելու կոնկրետ խոստումները։ Արդյունքում ստեղծվել է ռեզերվացիաների համակարգ դաշնային կառավարության իրավասության տակ[33]։ Նախատեսված հողի չափը, որը խոստացել են բնիկ ժողովուրդներին, ոչ միշտ էր տրվում նրանց, ինչը հանգեցրել էր տեղաբնիկների բողոքների, որոնցից շատերը շարունակվում են մինչ օրս[34]։

Կոնֆեդերացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
When Canada was formed in 1867 its provinces were a relatively narrow strip in the southeast, with vast territories in the interior. It grew by adding British Columbia in 1871, P. E. I. in 1873, the British Arctic Islands in 1880, and Newfoundland in 1949; meanwhile, its provinces grew both in size and number at the expense of its territories.
Կանադական տարածքների աճը

Նահանգի սկզբնական տարածքը Կանադական համադաշնություն մտնելուց այժմյան տարածքից 18 անգամ ավելի փոքր էր։ Ոչ մեծ չափերի պատճառով նահանգը ստացել է «Նահանգը փոստային նամականիշ է» անվանումը[35]։ Նրա սահմանները լայնացվել են 1881 թվականին, սակայն Օնտարիոն վիճարկել է տարածքի մեծ մասը, վիճելի տարածքի մասը անցել է Օնտարիոյին 1889 թվականին։ Մանիտոբան աճում էր աստիճանաբար, ներառելով Հյուսիս-Արևմտյան տարածքների հողերը, մինչև հասել է այժմյան չափերի՝ 1912 թվականին հասնելով մինչև հս.լ. 60°[35]:

Մանիտոբայի լեզվական հարցը նահանգի տարածքում բացահայտել է խորը տարաձայնություններ մշակութային արժեքների հարցում։ Ֆրանս-կաթոլիկական մանիտոբացիները Մանիտոբայի սահմանադրության սկզբնական տեքստի համաձայն, ապահովված էին առանձին դպրոցների պետական աջակցությամբ, սակայն բրիտանական բողոքականների քաղաքական շարժումը 18881890 թվականները պահանջել է դադարեցնել ֆրանսիական դպրոցների ֆինանսավորումը։ 1890 թվականին Մանիտոբայի օրենսդիր ժողովը օրենք է ընդունել, որը ֆրանսիական կաթոլիկական դպրոցները զրկել է ֆինանսավորումից[36]։ Ֆրանսիական կաթոլիկական փոքրամասնությունը օգնություն է խնդրել դաշնային կառավարությունից, սակայն օրանժիշտները և այլ հակակաթոլիկական ուժերը մոբիլիզացրել են համազգային ընկերությունը նրանց դեմ[37]։ Պահպանողականները դաշնային մակարդակով առաջարկել են վերանայել օրենսդրությունը, որպեսզի վերասահմանել Մանիտոբան, բայց նրանք արգելափակվել են լիբերալների կողմից Ուիլֆրիդ Լորյեի գլխավորությամբ, ով դեմ է դուրս եկել օրենսդրության վերանայմանը իր՝ նահանգների իրավունքի հավատքի պատճառով[36]։ 1896 թվականին վարչապետ ընտրվելուց հետո, Լորյեն փոխզիջում է իրականացրել, ըստ որի՝ Մանիտոբայում կաթոլիկները օրվա վերջում 30 րոպե կարող էին ունենալ իրենց սեփական կրոնական կրթությունը, եթե կային բավական աշակերտներ։ Նրան արդարացնելու համար, ուսումնառությունը իրականացվում էր դպրոցի հիման վրա[36]։

1911 թվականին Վիննիպեգը դարձել է Կանադայում երրորդ խոշոր քաղաքը և մնում էր այդպիսին այնքան ժամանակ, մինչև 1920-ական թվականներին նրան անցել է Վանկուվերը[38]։ Տնտեսական աճի արդյունքում առաջացած քաղաքը արագորեն աճում էր մոտավորապես դարի սկզբին, և արտաքին ներդրողները և ներգաղթյալները մեծ ներդրում ունեցան այդ գործում[39]։ Աճի տեմպերի դանդաղեցումը hամընկել էր XX դարի երկրորդ տասնամյակի հետ, 1914 թվականին Պանամայի ջրանցքի բացման արդյունքում, ինչը թույլ տվեց առևտրային ոլորտում փոքրացնել կախվածությունը անդրմայրցամաքային երկաթուղուց, ինչպես նաև ներգաղթի նվազեցումը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով[40]։ Մանիտոբա նահանգի ավելի քան 18 հազար բնակիչ մոբիլիզացվել են պատերազմի առաջին տարվա ընթացքում, իսկ պատերազմի վերջին 14 մանիտոբացիներին շնորհվել է Վիկտորիայի Խաչ շքանշանը[41]։

Large group of people in the middle of a city street beside a large concrete building
Քաղաքի կենտրոնում հավաքված ամբոխը 1919 թվականի հունիսի 21֊ին տեղի ունեցած ցույցի ժամանակ

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ֆերմերների (հացահատիկի գների պատճառով) և արհմիությունների անդամների (աշխատավարձերի պատճառով) շրջանում մեծ դժգոհությունները հանգեցրեցին ծայրահեղականության աճին, Ռուսաստանում բոլշևիզմի աճի հետ կապված[42]։ Առավել դրամատիկ արդյունքներ ունեցավ Վիննիպեգի 1919 թվականի համընդհանուր ցույցը։ Այն սկսվել է մայիսի 15-ին և ավարտվել է հունիսի 25-ին, այն բանից հետո, երբ աշխատավորները աստիճանաբար վերադարձան իրենց աշխատատեղերին, ինչպես նաև այն բանից հետո, երբ Կենտրոնական գործադուլային հանձնաժողովը որոշեց դադարեցնել ցույցը։ Կառավարությունը փորձեց ուժով կանխել ցույցը, Թագավորական հեծելազորային ոստիկանությունը ներխուժել է ցուցարարների ամբոխի մեջ, ինչի արդյունքում կային բազմաթիվ վիրավորներ և մեկ զոհ, իսկ այնուհետև ձերբակալեցին շարժման առաջնորդներին[43]։ Միջպատերազմական ժամանակաշրջանում ցուցարարական շարժման 8 առաջնորդներ ենթարկվեցին դատական պատասխանատվության, նրանցից շատերը դատապարտվեցին ապստամբությանը դրդելու, դավադրության, ապօրինի կոմբինացիաներ իրականացնելու մեղադրանքով։ Մեղադրյալներից չորսը օտարերկրացիներ էին, որոնց մարտաքսել են երկրից կանադական Ներգաղթյալների մասին օրենքի համաձայն[44]։

Մեծ Ճգնաժամը մեծ հարված հասցրեց Արևմտյան Կանադային, այդ թվում նաև Մանիտոբա նահանգին։ Համաշխարհային շուկայի կործանումը երաշտի արդյունքում գյուղատնտեսության աճի կտրուկ նվազման համադրությամբ հանգեցրել են տնտեսության դիվերսիկացմանը, հացահատիկի արդատրություն անցում դեպի օգտակար հանածոների արդյունահանում և արդյունաբերության զարգացում[45]։ Մանիտոբայի Դաշնության Կոոպերատիվ Համագործակցությունը, որը համարվում է Մանիտոբայի Նոր դեմոկրատական կուսակցության նախորդը, հիմնադրվել է 1932 թվականին[46]։ Կանադան Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներգրավվել է 1939 թվականին[46]։ Վիննիպեգը համարվում էր օդաչու-կործանիչներ պատրաստող հիմնական կենտրոններից մեկը ամբողջ Համագործակցության համար, նահանգի ամբողջ տարածքում բացվել են ուսումնական հաստատություններ օդաչուների համար։ Որոշ գնդեր, որոնց կազմում հիմնականում մանիտոբացիներ էին, տեղակայվել էին արտերկրում։ Պատերազմի կարիքների համար դրամահավաքի քարոզարշավի շրջանակներում 1942 թվականին անց է կացվել «Հաղթական վարկ» միջոցառումը։ Մասնակիցները մոդելավորել են նացիստական ներխուժումը և Մանիտոբայի օկուպացիան, և ի վերջո հավաքվել էր ավելի քան 65 միլիոն կանադական դոլար[47]։

Վիննիպեգը հեղեղվել է 1950 թվականին Ռեդ Ռիվեր գետի կողմից և ստիպված մասամբ տարհանվել է։ Նույն թվականին, Ռեդ Ռիվերը հասել է ամենաբարձր մակարդակի 1861 թվականից և հեղեղել է Ռեդ Ռիվեր հարթավայրի մեծ մասը։ Ջրհեղեղի արդյունքում հասցված վնասը ստիպել է այն ժամանակվա վարչապետ Դաֆ Ռոբլինին նախաձեռնել դրենաժային թունելի կառուցումը Ռեդ Ռիվերի համար, այն ավարտվել է 1968 թվականին վեց տարի տևած աշխատանքներից հետո։ 1997 թվականին «Դարի ջրհեղեղ»-ը ավելի քան 400 միլիոն դոլարի վնաս է պատճառել Մանիտոբա նահանգին, սակայն դրենաժային թունելը փրկեց Վիննիպեգը ջրհեղեղից[48]։

20 տարվա ընթացքում՝ 1970 թվականից մինչև 1990 թվականը Մանիտոբայում տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի արմատական փոփոխություններ, անհետացել է Մանիտոբայի Լիբերալ կուսակցությունը, իսկ Նոր դեմոկրատական կուսակցությունը իշխանության է եկել Էդվարդ Շրեյերի և Գովարդ Պոլի ղեկավարության տակ։ Իշխող կուսակցությունը սոցիալիստական ոգով մի շարք օրենքներ է իրականացրել, ինչպիսիք են ավտոքաղաքացիական պատասխանատվության պետական ապահովագրությունը և նահանգի կառավարության կողմից Inter-City Gas Co ընկերության ձեռք բերումը։ Կառավարությունը նաև փորձեց պետական ծառայություններ մատուցել ֆրանսերենով, ինչը վերսկսեց հին բանավեճերը կապված ֆրանսերենի հետ, արդյունքում դրանից նրանք ստիպված էին հրաժարվել։ Ֆիլմոնի պահապանողական կառավարությունը 1990-ական թվականներին բախվել է նույն խնդիրների հետ, ինչ մնացած Կանադան՝ պետական պարտքի աճի և դանդաղ տնտեսական աճով[49]։

1990 թվականին վարչապետ Բրայան Մալրունին փորձել է մի շարք փոփոխություններ մտցնել Սահմանադրություն, որպեսզի Քվեբեկին համոզի 1982 թվականի Սահմանադրական ակտը հաստատելու համար։ Անհրաժեշտ էր միաձայն աջակցություն խորհրդարանում հասարակության հետ կոնսուլտացիաները շրջանցելու համար։ Մանիտոբացի քաղաքագետ Էլայջա Հարպերը, ով քրիական ժողովուրդների ծագում ուներ, դեմ է հանդես եկել, քանի որ չէր հավատում, որ «առաջին ազգերի» շահերը պատշաճ կերպով հաշվի են առնվել, և այդպիսով համաձայնագիրը ձախողվել է[50]։

Տնտեսական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
A line of wooden carts with wagon wheels pulled by oxen move down a path through a prairie
Սայլակներից բաղկացած գնացքը Ռեդ Ռիվերում

Մանիտոբայի հնդկացիների ցեղերը (Կրի, Օջիբվե, Դենե, Սիու և Ասսինոբոյն) հետևում էին բիզոնների նախիրներին և երբեմն հավաքվում էին որոշակի վայրերում փոխադարձ առևտուր անելու համար։ 17֊րդ դարում առաջին եվրոպական առևտրականների գալուց հետո տնտեսությունը կենտրոնացել է կուղբի և կենդանիների այլ մորթիների վաճառքի վրա[51]։ Առաջին վերաբնակ-հողագործները այստեղ են եկել 1811 թվականին[52] լորդ Սելկիրկի գլխավորությամբ, սակայն Հուդզոնի ծոց Կազմակերպության գլխավորության տակ մորթիների վաճառքը շարունակում էր մնալ տնտեսական կյանքի գլխավոր մասը[51]։

Հուդզոնի ծոց Կազմակերպության կողմից Ռուպերտի Երկրի վերահսկողությունը վերացվել է 1868 թվականին, 1870 թվականին Մանիտոբան դարձել է նահանգ, ամբողջ տարածքը դարձել է դաշնային կառավարություն սեփականություն, որը սկսել է բաժանել այն վերաբնակներին։ Վերջիններս, որպես կանոն, զբաղվում էին գյուղատնտեսությամբ[51]։ Այդ ժամանակաշրջանում կառուցվել են ներմայրցամաքային երկաթուղային գծեր, որոնք հեշտացրել են առևտուրը։ Մանիտոբայի տնտեսությունը կախված էր գյուղատնտեսությունից ընդհուպ մինչև երաշտի ժամանակաշրջանը և Մեծ Ճգնաժամը, որոնք հանգեցրեցին հետագա դիվերսիֆիկացման[45]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մանիտոբա նահանգի հյուսիսում նկատվել է տնտեսության կտրուկ աճ։ Հյուսիսային Մանիտոբայում Inco Ltd կազմակերպության կողմից նիկելի հարուստ բնական պաշարների հայտնագործումը հանգեցրեց Թոմփսոն քաղաքի հիմնադրմանը, որի իրավիճակի տատանումները արտացոլում էին հումքային ապրանքների վրա համաշխարհային գների փոփոխությունները։ Տարածաշրջանը դարձել է մի քանի «լայնածավալ նախագծերի» վայր, այդ թվում Պասում անտառային պաշարների յուրացման գործողությունը, ինչպես նաև Նելսոն գետի վրա հսկայական ՀԷԿ-ի կառուցումը։ Այսպիսով, Մանիտոբայում տնտեսական իրավիճակը խառն է՝ շարունակվում է գյուղատնտեսական արտադրության նվազումը, ինչը փոխհատուցվել է թեթև արդյունաբերության, հրատարակչական գործի, կարի արդյունաբերության աճով և էլեկտրաէներգիայի ԱՄՆ արտահանմամբ[49]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգի ամենախոշոր քաղաքները
Քաղաք 2001 2006
Վիննիպեգ 619,544 633,451
Բրենդոն 39,716 41,511
Թոմփսոն 13,256 13,446
Պորտիջ լա Պրերի 12,976 12,728
Սթայնբեք 9,227 11,066
Սելկիրկ 9,752 9,515
Վիլկլեր 7,943 9,106
Դոֆին 8,085 7,906
[53]

Մանիտոբայի բնակչությունը կազմում է ավելի քան 1 213 815 մարդ, նրանցից կեսից շատը բնակվում են Վիննիպեգի շրջանում։ Վիննիպեգը մեծությամբ ութերորդ ագլոմերացիան է 694 668 մարդ բնակչությամբ (2006 թվականի մարդահամար)[54]։ Չնայած, որ նահանգի բնակեցումը հիմնականում կատարվում էր գյուղացիական ագարակների մոտակայքում, նախկին հարյուրամյակում անցում է տեղի ունեցել դեպի քաղաքակենտրոնացում։ Մանիտոբան համարվում է միակ կանադական նահանգը, որտեղ բնակչության մեծամասնությունը՝ 55 տոկոսից ավելին բնակվում է մեկ քաղաքում[55]։

2006 թվականի մարդահամարի տվյալներով Մանիտոբայում ամենախոշոր էթնիկ խմբեր են համարվում անգլիացիները (22,9 %), այնուհետև գերմանացիները (19,1 %), շոտլանդացիները (18,5 %), ուկրաինացիները (14,7 %), իռլանդացիները (13,4 %), հյուսիսամերիկյան հնդկացիները (10,6 %), լեհերը (7,3 %), մետիսները (6,4 %), ֆրանսիացիները (5,6 %), հոլանդացիները (4,9 %) և ռուսները (4,0 %)։ Բնակչության գրեթե 1/5-ը իրենց էթնիկ պատկանելությունը որոշել են որպես «կանադացիներ»[56]։ Գոյություն ունեն բնիկ ժողովուրդների զգալի համայնքներ՝ աբորիգեններ (այդ թվում մետիսներ), համարվում են արագորեն աճող էթնիկ խումբ, որոնք 2001 թվականից կազմում են Մանիտոբայի բնակչության 13,6%-ը (որոշ ռեզերվացիաներ հրաժարվեցին ներս թողնել մարդահամարը անցկացնողներին)[57]։

Մանիտոբայի բնակիչների մեծամասնությունը պատկանում է քրիստոնեական դավանանքին՝ 2001 թվականի մարդահամարի տվյալներով Մանիտոբայի 758 760 բնակիչներ (68,7 %) հայտնել են, որ նրանք քրիստոնյա են, 13 040 (1,2 %) հրեաներ, 5745 (0,5 %) բուդհայական, 5485 (0,5 %) սիկհեր, 5095 (0,5 %) մուսուլմաններ, 3840 (0,3 %) հնդիկներ, 3415 (0,3 %) մարդ դավանում էին տեղական հավատալիքներ, և 995 (0,1 %) պատկանում էին հեթանոսական պաշտամունքներին[58]։ Մանիտոբայի 201 825 բնակիչներ (18,3 %) չեն հայտնել իրենց կրոնական պատկանելությունը[58]։ Հետևորդների թվով խոշորագույն քրիստոնյա դավանանքը հռոմեա-կաթոլիկակն եկեղեցին էր՝ 292 970 մարդ (27 %), Կանադայի Միավորված եկեղեցին՝ 176 820 մարդ (16 %) և Կանադայի Անգլիական եկեղեցի՝ 85 890 (8 %)[58]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 9 // Manitoba Act, 1870
  2. «Land and Freshwater area, by province and territory». Statistics Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Geography of Manitoba». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Schwartz, Bryan; Cheung, Perry [University of Manitoba East vs. West: Evaluating Manitoba Hydro's Options for a Hydro-Transmission Line from an International Law Perspective] (английский) // Asper Review of International Business and Trade Law. — 2007. — Т. 7. — № 4. — С. 4.
  5. Savage, Candace; Williams, Joan A; Page, James R (2006). Prairie: A Natural History. Greystone Books. էջ 55. ISBN 1553651901.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Butler, George E [Transactions of the American Fisheries Society The Lakes and Lake Fisheries of Manitoba] // American Fisheries Society. — 1950. — С. 24.
  7. Manitoba Parks Branch Outdoor recreation master plan: Duck Mountain Provincial Park. — Manitoba Department of Tourism, Recreation and Cultural Affairs, 1973.
  8. «The Atlas of Canada». The Atlas of Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 18-12-2010-ին.
  9. Ritchie, JC Post-Glacial Vegetation of Canada. — Cambridge University Press, 2004. — 25 с. — ISBN 0521544092
  10. Vickers, Glenn; Buzza, Sandra; Schmidt, Dave; Mullock, John The Weather of the Canadian Prairies. — Navigation Canada, 2001. — 48, 51, 53–64 с.
  11. «Elie Tornado Upgraded to Highest Level on Damage Scale Canada's First Official F5 Tornado». Environment Canada. 2007 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. Climate Data Online. «Mean Max Temp History at The Forks, Manitoba». Environment Canada. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «Tropical Summer on the Prairies». Canada's Top Ten Weather Stories for 2007. Environment Canada. 2007 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  14. «Manitoba Weather Honours». Environment Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  15. «Winnipeg MB». Environment Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. «Climatic Information for Potatoes in Manitoba». Government of Manitoba. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. 17,0 17,1 Ritter, Michael E (2006). «Subarctic Climate». The Physical Environment. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Midlatitude Steppe Climate». The Physical Environment. Ritter, Michael E. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «National Climate Data and Information Archive». Environment Canada. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. 20,0 20,1 «Manitoba Forest Facts». Manitoba Conservation. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  21. «Fringed-orchid, Western Prairie». Committee on the Status of Endangered Wildlife in Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 7-ին.
  22. Stirling, Ian; Guravich, Dan Polar Bears. — Michigan: University of Michigan Press, 1998. — 208 с. — ISBN 9780472081080
  23. Bezener, Andy; De Smet, Ken D Manitoba birds. — Lone Pine, 2000. — 1–10 с.
  24. «Angler's Guide 2009» (PDF). Manitoba Fisheries. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
  25. 25,0 25,1 «Manitoba Conservation». Министерство охраны окружающей среды Манитобы. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  26. 26,0 26,1 «Environmental Facts». friendlymanitoba. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  27. «Manitoba». Natural Resources Canada. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  28. Ritchie, James A.M; Brown, Frank; Brien, David The Cultural Transmission of the Spirit of Turtle Mountain: A Centre for Peace and Trade for 10,000 Years // General Assembly and International Scientific Symposium. — International Council on Monuments and Sites, 2008. — № 16. — С. 4–6.
  29. Flynn, Catherine; Syms, E. Leigh Manitoba's First Farmers // =Manitoba History. — Manitoba Historical Society, Spring 1996. — С. 31.
  30. Neatby, LH, «University of Toronto/Université Laval», էջ 374–379, ISBN 0-8020-3142-0։
  31. 31,0 31,1 31,2 Sprague, DN Canada and the Métis, 1869–1885. — Waterloo, ON: Wilfrid Laurier University Press, 1988. — P. 33–67, 89–129. — ISBN 0889209642
  32. Cooke, OA Dictionary of Canadian Biography. — University of Toronto/Université Laval, 2000. — Vol. 14. — ISBN 0-8020-3998-7
  33. Tough, Frank As Their Natural Resources Fail: Native People and the Economic History of Northern Manitoba, 1870–1930. — UBC Press, 1997. — P. 75–79. — ISBN 0774805714
  34. «First Nations Land Claims». Government of Manitoba. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  35. 35,0 35,1 Kemp, Douglas From Postage Stamp to Keystone // Manitoba Pageant. — Manitoba Historical Society. — № April 1956. — С. n.p.
  36. 36,0 36,1 36,2 Fletcher, Robert The Language Problem in Manitoba's Schools // MHS Transactions. — Manitoba Historical Society, 1949. — Т. 6. — № 3. — С. n.p.
  37. McLauchlin, Kenneth "Riding The Protestant Horse": The Manitoba School Question and Canadian Politics, 1890–1896 // Historical Studies. — CCHA, 1986. — С. 39–52.
  38. Hayes, Derek Historical Atlas of Canada. — D&M Adult, 2006. — P. 227. — ISBN 1553650778
  39. «Winnipeg Boomtown». CBC. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  40. Silicz, Michael. «The heart of the continent?». The Manitoba (անգլերեն). University of Manitoba.
  41. Morton, William L Manitoba, a History. — Toronto: University of Toronto Press, 1957. — P. 345–359. — ISBN 0-612-76740-X
  42. Conway, John Frederick The West: The History of a Region in Confederation. — 3. — Lorimer, 2005. — P. 63–64, 85–100. — ISBN 1550289055
  43. Bercuson, David J Confrontation at Winnipeg: Labour, Industrial Relations, and the General Strike. — McGill-Queen's University Press, 1990. — P. 173–176. — ISBN 0773507949
  44. Lederman, Peter R Sedition in Winnipeg: An Examination of the Trials for Seditious Conspiracy Arising from the General Strike of 1919 // Queen's Law Journal. — Queen's University, 1976. — В. 3. — № 2. — С. 5, 14–17.
  45. 45,0 45,1 Easterbrook, William Thomas; Aitken, Hugh GJ Canadian economic history. — Toronto: University of Toronto Press, 1988. — P. 493–494.
  46. 46,0 46,1 Wiseman, Nelson Social democracy in Manitoba. — University of Manitoba, 1983. — P. 13. — ISBN 9780887551185
  47. Newman, Michael February 19, 1942: If Day // Manitoba History. — Manitoba Historical Society, Spring 1987. — № 13. — С. n.p.
  48. Haque, C Emdad Risk Assessment, Emergency Preparedness and Response to Hazards: The Case of the 1997 Red River Valley Flood, Canada // Natural Hazards. — Kluwer Academic Publishers, May 2000. — В. 21. — № 2. — С. 226–237. — ISBN 0921-030X.
  49. 49,0 49,1 «Manitoba». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  50. Hawkes, David C; Devine, Marina Meech Lake and Elijah Harper: Native-State Relations in the 1990s // How Ottawa Spends, 1991–1992: The Politics of Fragmentation. — McGill-Queen's University Press, 1991. — P. 33–45. — ISBN 0886291461
  51. 51,0 51,1 51,2 Friesen, Gerald The Canadian prairies: a history. — University of Toronto Press, 1987. — С. 22–47, 66, 183–184. — ISBN 0802066488
  52. Morton, William L Lord Selkirk Settlers // Manitoba Pageant. — Manitoba Historical Society, April 1962. — № 3.
  53. «Statistics Canada». 07-09-2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  54. «Winnipeg Census Metropolitan Area (CMA) with census subdivision (municipal) population breakdowns». Statistics Canada, 2006 Census of Population. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 13-ին.
  55. «Population and dwelling counts Manitoba & Winnipeg». Statistics Canada. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
  56. «Ethnic Origin (247), Single and Multiple Ethnic Origin Responses (3) and Sex (3) for the Population of Canada, Provinces, Territories, Census Metropolitan Areas and Census Agglomerations, 2006 Census – 20% Sample Data». Statistics Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  57. Janzen, L (2002 թ․ մարտի 13). «Native population fastest growing in country». Winnipeg Free Press. էջ B4.
  58. 58,0 58,1 58,2 «Religions in Canada». Statistics Canada. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիտոբա (նահանգ)» հոդվածին։