Jump to content

Մահվան երթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվաթիայի ներգաղթյալներն ու քաղաքացիները մահվան քայլերթի ժամանակ (Բլայբուրգի ջարդեր)

Մահվան երթ, ռազմագերիների կամ այլ գերիների ու արտաքսվածների հետիոտն բռնի երթ, որի նպատակն է մահվան հասցնել, թուլացնել, դաժանացնել և/կամ բարոյազրկել որքան հնարավոր է շատ մարդկանց։ Դրանով այն տարբերվում է սովորական քայլերթից, որի նպատակն է կալանավորների տեղափոխությունը։ Մահվան երթերը սովորաբար ուղեկցվում են ֆիզիկական ծանր աշխատանքով, հանգեցնում են կալանավորների վնասվածքների ստացման կամ հիվանդությունների ձեռքբերման, նրանք թողնվում են սոված ու ծարավ, ենթարկվում նվաստացման ու տանջանքների, իսկ հետ մնացողները սպանվում են։ Մահվան երթը կարող է ավարտվել ռազմական կամ ժամանակավոր ճամբարներում, կամ կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև բոլոր կալանավորները մահանան («աշխատանքով սպանելու» ձև, ինչպես արվել է նաև Հայոց ցեղասպանության ժամանակ)։

Համաձայն Ժնևյան չորրորդ կոնվենցիայի[1]՝ մահվան երթը հայտարարվել է ռազմական հանցագործություն։

Մահվան երթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենք անցանք մի ստրուկ կնոջ մոտով, որ գնդակահարվել կամ սրախողխող էր արվել ու ընկած էր ճանապարհին։ [Ականատեսներն] ասացին, որ արաբը, որ այդտեղով անցել է վաղ առավոտյան, դա արել է զայրույթի պահին, քանի որ ինքը կորցնում էր փողը, որ վճարել էր նրա համար, որովհետև այլևս չէր կարողանում քայլել։
  • Միացյալ Նահանգներում հնդկացիների վերաբնակեցման ժամանակ՝ 1831 թվականին, մոտ 6000 չոկտոներ բռնի տեղահանվել են Միսսիսիպիից և տարվել Օկլահոմա. նրանցից միայն շուրջ 4000 մարդ է տեղ հասել 1832 թվականին[3]։
  • 1836 թվականին՝ Կրիկների պատերազմից հետո, Միացյալ Նահանգների բանակը 2500 մասկոգիների շղթաներով արտաքսել է Ալաբամայից որպես ռազմագերիների[4]։ Ցեղի մնացած մասը (12000 մարդ) հետևել է նրանց՝ վտարվելով բանակի կողմից։ Մինչ Օկլահոմա հասնելը 3500 մարդ մահացել է վարակից[5]։
  • 1838 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Էնդրյու Ջեքսոնի հրամանով չերոկի ազգն ստիպված է եղել երթով շարժվել արևմտյան ուղղությամբ՝ դեպի Օկլահոմա։ Այդ երթը հայտնի է դարձել Արցունքների արահետ անունով։ Ճանապարհին մահացել են շուր�� 4000 տղամարդիկ, կանայք ու երեխաներ[6]։
  • Հայոց ցեղասպանության ընթացքում զոհվել է ավելի քան 1500000 մարդ 1915-1918 թվականներին։ Երիտթուրքերը ծրագրել են Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Թուրքիան մաքրել հայերից։ Այդ նպատակով Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը տարհանվել է ու հետիոտն ուղարկվել դեպի Սիրիական անապատ[7]։ Նրանցից շատերը բռնաբարվել, տանջվել ու սպանվել են նախքան կհասնեին Սիրիական անապատում տեղակայված 25 համակենտրոնացման ճամբարները։ Դրանցից ամենամեծը եղել է Դեր Զորի ճամբարը, որտեղ սպանվել է շուրջ 300,000 հայ[8]։
Բատաանի մահվան երթի ժամանակ մեռած զինվորներ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մահվան երթեր են կազմակերպվել Եվրոպայի՝ նացիստական ուժերի կողմից գրավված տարածքներում և Ճապոնական կայսրությունում։ Հրեաների մահվան երթերը սովորաբար անցկացվել են Հոլոքոստի ուշ շրջանում, երբ դաշնակիցների զորքերը սկսել են մոտենալ և գրավել Եվրոպայում տեղակայված համակենտրոնացման ճամբարները։

  • Բարբարոսա գործողության ընթացքում՝ հատկապես 1941-1942 թվականներին, երբ վերցվել են առավել մեծ թվով խորհրդային գերիներ, մահվան երթերը եղել են խորհրդային ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ձևերից մեկը։ Հետագայում դա բնորոշվել է որպես Գերմանիայի կողմից կատարված ռազմական հանցագործություն։
  • Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Ճապոնական կայսրության բանակը կազմակերպել է դաշնակիցների զորքերից վերցված ռազմագերիների մահվան երթեր, ներառյալ հայտնի Բատաանի մահվան երթը (1942) և Սանդականի մահվան երթերը (1945)։ Առաջինի ընթացքում բռնի կերպով դեպի Բալանգա են տեղափոխվել 60-80,000 գերիներ, որոնցից ճանապարհին մահացել է 2,500-10,000 ֆիլիպինցիներ և 100-650 ամերիկացիներ։ Երկրորդի ընթացքում մահացել են 2345 ավստրալիացիներ ու բրիտանացիներ, և միայն վեցն են կենդանի մնացել։ Ե՛վ Բատաանի, և՛ Սանդականի մահվան երթերը ճանաչվել են ռազմական հանցագործություններ։
1945 թվականի մայիսի 11-ին Գերմանիայի քաղաքացիներն ստիպված են եղել անցնել 96 հրեա կանանց դիակների մոտով, որոնք սպանվել էին գերմանական ՍՍ ուժերի կողմից Հելմբրեխտից մինչև Վոլարի 500 կմ ձգված մահվան երթի ընթացքում
  • «Մահվան երթ» տերմինն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության համատեքստում՝ մասնակիցների, ապա նաև պատմաբանների կողմից՝ բնորոշելու համար բռնի տեղափոխությունները, որ կազմակերպվել են նացիստական Գերմանիայի կողմից 1944 թվականի աշնանից մինչև 1945 թվականի ապրիլ, երբ պատերազմի գծին մոտ համակենտրոնացման ճամբարների հազարավոր կալանավորներ տեղափոխվել են Գերմանիայի տարածքում գտնվող ճամբարներ։ Հայտնի է 1945 թվականի հունվարին տեղի ունեցած մահվան երթը, երբ խորհրդային Կարմիր բանակը մոտենում էր գրավված Լեհաստանին։ Խորհրդային զորքերի հասնելուց ինը օր առաջ ՍՍ ուժերը Օսվենցիմի ճամբարից 60000 մարդու բռնի երթի են հանել դեպի Վոձիսլավ Սլյոնսկի (գերմաներեն՝ Լոսլաու), որ գտնվում էր 35 մղոն հեռավորության վրա։ Այնտեղից նրանք բեռնատար գնացքներով տեղափոխվել են այլ ճամբարներ։ Ճանապարհին մահացել է շուրջ 15000 մարդ[9][10]։ Այս մահվան երթերը դատապարտվել են որպես հանցագործություն մարդկության հանդեպ։

Երկրորդ աշխարհամարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բլայբուրգի կոտորածը տեղի է ունեցել 1945 թվականին (Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին ու դրանից հետո)։ 280000 խորվաթներ[11] (հիմնականում քաղաքացիական անձինք ու դոմոբրաններ) բռնի տեղափոխվել են Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սլովենիայի ու Ավստրիայի տարածքներով, որտեղ բրիտանական զինվորները նրանց հանձնել են պարտիզաններին։ Դրանից հետո նրանք ստիպված են եղել վերադառնալ Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա և Մակեդոնիա[12]։
  • Կորեական պատերազմի ժամանակ՝ 1951 թվականի ձմռանը, Հարավային Կորեայի պաշտպանական ուժերի 200000 զինվորներ իրենց հրամանատարների կողմից բռնի երթի են հանվել։ Նրանցից 50000-90000 մարդ սովից կամ հիվանդություններից մահացել է ճանապարհին կամ վարժական ճամբարներում[13]։
  • 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ շուրջ 70000 պաղեստինյան արաբներ Ռամլե և Լիդդա քաղաքներից բռնի տեղահանվել են Իսրայելի զինված ուժերի կողմից։ Այդ դեպքերը հայտնի են դարձել որպես Լիդդայի մահվան երթ[14]։
  • Կորեական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Հյուսիսային Կորայի վերցրած ռազմագերիների երթը, որ հետագայում հայտնի է դարձել որպես «Վագրի մահվան երթ»։ Երբ Միավորված ազգերի կազմակերպության ուժերը գրավել են Հյուսիսային Կորեան, երկրի զինված ուժերն հեռացել են դեպի Յալու գետը, որ գտնվում է Չինաստանի հետ սահմանի վրա։ Նրանք իրենց հետ տարել են նաև կալանավորներին։ 1950 թվականի հոկտեմբերի 31-ին մոտ 845 կալանավորներ, այդ թվում նաև շուրջ ութսուն ոչ զինվորականներ, դուրս են եկել Մանպոյից ու շարժվել գետի հոսանքով դեպի վեր՝ նույն թվականի նոյեմբերի 8-ին հասնելով Չունգան։ Մեկ տարի անց դեռևս կենդանի էին 300-ից պակաս կալանավորներ։ Այդ մահվան երթը կոչվել է հյուսիսկորեացի դաժան գնդապետի անունով, ով գլխավորում էր այդ երթը և հայտնի էր «Վագր» մականունով։ Այդ ժամանակ գերիների շարքում է եղել նաև MI6-ի սպա Ջորջ Բլեյքը, ով մինչ այդ աշխատում էր Սեուլում։ Գերության տարիներին Բլեյքը դարձել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի երկակի գործակալ[15]։
  • 1975 թվականին Կամբոջայում Մահան հովտի էվակուացիան Կարմիր կխմերների կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Convention (IV) relative to the Protection of Civilian Persons in Time of War». International Committee of the Red Cross. Geneva: International Committee of the Red Cross. 1949 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  2. Livingstone, David (2006). The Last Journals of David Livingstone, in Central Africa, from 1865 to His Death. Echo Library. էջ 46. ISBN 1-84637-555-X.
  3. «Trail of Tears». Choctaw Nation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին.
  4. Foreman, Grant (1974) [1932]. Indian Removal: The Emigration of the Five Civilized Tribes of Indians. University of Oklahoma Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին.
  5. «Creeks». Everyculture.com.
  6. Marshall, Ian (1998). Story line: exploring the literature of the Appalachian Trail (Illustrated ed.). University of Virginia Press. ISBN 978-0-8139-1798-6.
  7. «Exiled Armenians Starve in the Desert». The New York Times. Boston. 1916 թ․ օգոստոսի 8.
  8. Maintenance of Peace in Armenia: Hearings Before a Subcommittee of the Committee on Foreign Relations, United States Senate, Sixty-sixth Congress, First Session, on S. J. R. 106 ...
  9. «Death marches». United States Holocaust Memorial Museum. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  10. Gilbert, Martin (May 1993). Atlas of the Holocaust (Revised and Updated ed.). William Morrow & Company. ISBN 0688123643. (map of forced marches)
  11. Corsellis, John, & Marcus Ferrar. 2005. Slovenia 1945: Memories of Death and Survival After World War II. London: I.B. Tauris, p. 204.
  12. Vuletić, Dominik (December 2007). «Kaznenopravni i povijesni aspekti bleiburškog zločina». Lawyer (Croatian). Zagreb, Croatia: Pravnik. 41 (85): 125–150. ISSN 0352-342X. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Terence Roehrig (2001). Prosecution of Former Military Leaders in Newly Democratic Nations: The Cases of Argentina, Greece, and South Korea. McFarland & Company. էջ 139. ISBN 978-0-7864-1091-0.
  14. Holmes, Richard; Strachan, Hew; Bellamy, Chris; Bicheno, Hugh (2001). The Oxford companion to military history (Illustrated ed.). Oxford University Press. էջ 64. ISBN 9780198662099. «On 12 July, the Arab inhabitants of the Lydda-Ramle area, amounting to some 70,000, were expelled in what became known as the 'Lydda Death March'.»
  15. Lewis H Carlson (2002). Remembered Prisoners of a Forgotten War: An Oral History of Korean War POWs. St Martin's Press. էջեր 49–50, 60–62. ISBN 0-312-28684-8.