Jump to content

Միություն և առաջադիմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միություն և առաջադիմություն
թուրքերեն՝ İttihad ve Terakki Cemiyeti
Изображение логотипа
Տեսակկուսակցություն և քաղաքական կազմակերպություն
Երկիր Օսմանյան կայսրություն
ԱռաջնորդՋեմալ փաշա,
Թալեաթ Մեհմեդ,
Էնվեր փաշա
Հիմնադրված1889
Լուծարված1918
Գաղափարախոսությունհամաթյուրքականություն, թուրքական ազգայնականություն, օսմանիզմ, սահմանափակ միապետություն, Պանիսլամիզմ, Պրոգրեսիվիզմ և աշխարհականություն
ՇտաբՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
 Committee of Union and Progress Վիքիպահեստում

Միություն և առաջադիմություն (թուրք. «İttihat ve Terakki», «իթթիհաթ վե թերաքքի»), երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թվականի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ 1897 թվականին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902 թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908 թվականի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, Էնվերը, Բեհաեդդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-1918) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911 թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-1913 թվականներին՝ Բալկանյան, 1914-18 թվականներին՝ Առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները ծրագրել և իրագործել են հայերի ցեղասպանությունը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1918 թվականի հոկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել կուսակցության վերջին համագումարը, որը հայտարարել է ինքնալուծարման և նոր՝ «Թեջադդուդ» («Վերածնունդ») կուսակցության ստեղծման մասին։ Սակայն նոյեմբերի 2-ին դաշնակիցների (Անտանտի) զորքերը մտել են Կ.Պոլիս, և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները փախել են արտասահման։

1919-1920 թվականներին Կ.Պոլսում տեղի է ունեցել կուսակցության ԿԿ անդամների դատավարությունը։ Պատերազմի և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործները հեռակա կարգով դատապարտվել են մահվան, սակայն հանցագործների զգալի մասը խուսափել է արդար պատժից։ Կուսակցության որոշ պարագլուխների մահվան դատավճիոն ի կատար են ածել հայ վրիժառուները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միություն և առաջադիմություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։