Ձիաձետ դաշտային
Ձիաձետ դաշտային | |
Ձիաձետ դաշտային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Պտերներ (Pteridophyta) |
Դաս | Polypodiopsida |
Կարգ | Equisetales |
Ընտանիք | Ձիաձետազգիներ (Equisetaceae) |
Ցեղ | Ձիաձետ (Equisetum) |
Տեսակ | Ձիաձետ դաշտային (E. arvense) |
Միջազգային անվանում | |
Equisetum arvense | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Ձիաձետ դաշտային (լատին․՝ Equisetum arvense) (հայկական տարանունները՝ ամպռճուկ, ամվաճ, իշու շաքար, խարտոցախոտ, ձիագի, ձիու ագի, շան ագի)[1], պտերանմանների ձիաձետների ընտանիքի բույսերի տեսակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձիաձետազգիների ընտանիքին պատկանող, բազմամյա, սպորավոր խոտաբույս է։ Ունի հողի մեջ խոր թափանցող, սև, սողացող կոճղարմատ, երկու կարգի ցողուններով` սպորակիր և ոչ սպորակիր։ Տերևները նշտարաձև են` 18-16-ական։ Ամառային ընձյուղները կանաչ են։ Կոճղարմատը հաճախ իր վրա կրում է օսլայով հարուստ հանգուցաձև պալարներ։ Բույսը լավ աճում է խոնավ, ճահճային, վատ աերացիա ունեցող հողերում, մեծ մասամբ մարգագետիններում, այգիներում, խառը անտառային գոտիներում, գետեզրերին, տղմուտ և բերովի հողերում՝ հաճախ տալով միատարր բուսուտներ։ Բազմանում է սպորներով և կոճղարմատներով։ Մեր հանրապետությունում հանդիպում է 6 տեսակ, որոնցից բուժական նշանակություն ունի միայն դաշտային ձիաձետը[2][3]։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էքվիզետում անունը ունի լատինական ծագում. էքվուս նշանակում է ձի, իսկ սետա` պոչ։ Իրականում բույսի ցողուններն ինչ որ չափով հիշեցնում են ձիու պոչ։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը պարունակում է խնձորաթթու, ակոնիտաթթու, թրթնջկաթթու, 20-25% սիլիկաթթու, դառը նյութեր, դաբաղանյութեր, խեժ, 1-5% սապոնին էկվիզետոնին, ֆլավոնոիդներ, կարոտին, C վիտամին, սիտոստերին, դիմեթիլսուլֆոն, ճարպայուղ, եթերայուղ, ալկալոիդներից` էկվիզետին, նիկոտին, տրիմեթօքսիպիրիդին, շաքար, քիմիական տարրերից՝ K, Ca, Al։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է դեղաբույսի ամբողջ վերգետնյա մասը։ Հավաքում են միայն ամառային վեգետատիվ ընձյուղները, ամռան ամիսներին՝ հնձելով մանգաղով կամ գերանդիով։ Հումքը չորացնում են տանիքում՝ լավ քամհարվող տեղում։ Չոր վիճակում այն կազմում է ելանյութի 20-25%-ը, ունի թթվային համ և պիտանի է օգտագործման՝ մոտ 2 տարի։ Դեղաբույսը հնուց ի վեր կիրառվել է որպես նյութափոխանակությունը լավացնող, մաշկի և ներքին օրգանների բորբոքումները բուժող միջոց։ Չոր վիճակում (փոշու ձևով) բուժում է խոցերը, իսկ սպեղանու ձևով՝ օրխիտը, ջրիկ մզվածքի ձևով՝ սրտային թուլությունը։ Դեղաբույսի երկարատև օգտագործումը՝ բժշկապետի նշումով, պայծառացնում է դեմքը և առաջ բերում քաշի ավելացում։ Այն դրականապես է անդրադառնում լուծի, արգանդային արյունահոսության և ներքին օրգանների կծկողական ցավերի վրա։ Դեղաբույսի հյութը՝ քթի մեջ կաթեցնելիս, կտրում է արյունահոսությունը, արմատն օգտակար է հազի և ասթմայի ժամանակ, իսկ եփուկը՝ գինով կամ ջրով, դրականապես է անդրադառնում լյարդի ուռուցքների և ջրգողության վրա։ Այն միաժամանակ ճանաչվել է որպես մածող, հեմոստատիկ և ախտահանիչ միջոց[4]։
Բուժական նշանակությունը տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է արյունախխման, արյունահոսությունների, թութքի և դժվար լավացող վերքերի դեպքում։
Չինական բժշկության մեջ ձիաձետն օգտագործվում է աչքերի որոշ հիվանդությունների դեպքում[5]։
ֆրանսիայում օգտագուրծվում է որպես վերքամոքիչ, միզամուղ, հեմոստատիկ միջոց, ինչպես նաև՝ էնուրեզի, իսկ լոգանքի ձևով՝ ոտքերի քրտնոտության դեպքում։
Բուլղարիայում դեղաբույսը հանրահայտ է որպես մածող, հեմոստատիկ, միզամուղ և հականեխիչ միջոց։ Ներքին ընդունման ձևով այն տալիս են թոքերի պալարախտով, միզամուղների հիվանդություններով, ռևմատիզմով, թութքով, աթերոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդներին[6]։
Գերմանիայում` լոգանքի և խոտաթրջոցի ձևով, դեղաբույսն օգտագործվում է դժվար լավացող վերքերի, քթային արյունահոսության, ֆուրունկուլյոզի, անգինայի և լնդերի բորբոքումների ժամանակ։
Լեհաստանում, բացի միզամուղ նպատակներից, օգտագուրծվում է արտաքին ձևով` գլխի մազաթափության ժամանակ։
Ավստրիայում այն համարվում է ոչ միայն հեմոստատիկ և վերքամոքիչ, այլև արյունը մաքրող և թոքային մի շարք հիվանդությունները բուժող միջոց[7]։
Բուժական նշանակությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենք դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործել ենք սուր տրախեաբրոնխիտների ժամանակ։ Դեղաբույսն օգտագործելու առաջին իսկ օրերից փափկել է հիվանդների հազը, հեշտացել խուխարտադրությունը։ Այս բոլորին զուգընթաց՝ վերացել են ետկրծոսկրային ցավերը, պակասել ինտոքսիկացիան, իջել է ջերմությունը։ Նկատվել է միզարձակման և քրտնարտադրության ուժեղացում, որոնք էլ մեծ դեր են խաղացել այս հիվանդության բուժման պրոցեսում[8]։
Փորձառական հետազոտությունները ծովախոզուկների վրա ցույց տվեցին, որ դեղաբույսի կիրառումից ուժեղանում և արագանում է միզարձակումը։ Այս հատկությամբ ձիաձետը զգալի չափով գերազանցում է դիուրեթինին և երիկամաթեյին։ Միաժամանակ պարզվել է, որ դեղաբույսն օժտված է հեմոստատիկ և հակաբորբոքիչ հատկություններով, նպաստում է օրգանիզմից կապարի դուրս գալուն, որով էլ այն ցուցված է՝ կիրառելու կապարային թունավորումների ժամանակ (Զվերևա Ա. Վ.)։
Գիտական բժշկության մեջ ձիաձետը կիրառվում է որպես հակաբորբոքիչ՝ դիզենտերիայի, ցիստիտների, որպես միզամուղ՝ տարբեր բնույթի այտուցների, որպես հեմոստատիկ՝ արգանդային, թոքային, թութքային, որպես քարալուծ՝ երիկամաքարային հիվանդության ժամանակ և այլն։
Մեզի դիուրեզը մեծանում է դեղաբույսի օգտագործման առաջին իսկ օրերից և այսպես շարունակվում ամբողջ բուժման ընթացքում։ Դեղաբույսը նշանակումից հանելուց հետո էլ առատ միզարձակումը շարունակվում է ևս 2-3 օր, իսկ նորից նշանակման դեպքում արդյունքը վերականգնվում է։ Ձիաձետի կիրառումը այս բնույթի հիվանդների մոտ ոչ մի անգամ կողմնակի անցանկալի երևույթներ չի տալիս։ Անհրաժեշտ է նշել, որ երբ դեղաբույսը օգտագործվում է կալիում ացետատի, երիկամաթեյի, խաղողի հյութի, սրտային գլիկոզիդների և սրտային այլ դեղամիջոցների հետ, դիուրետիկ ազդեցությունն ավելի է մեծանում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ թարմ բուսահյութը ավելացնում է անայտուց սրտային հիվանդների օրվա դիուրեզը միայն 40%-ով, իսկ այտուցների առկայության պայմաններում արդյունքը հասնում է 100%-ի. նման արդյունք նկատվել է նաև քրոնիկական երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ, մինչդեռ սուր նեֆրիտների ժամանակ ձիաձետի օգտագործումը ինչ-որ չափով հակացուցված է։ Դեղաբույսի մեջ պարունակվող սիլիկաթթուն, պարզվել է, որ բարձրացնում է լեյկոցիտների քանակը, իսկ թարմ բուսահյութը՝ արյան մակարդելիությունը և թոքահյուսվածքի ռեգեներացիան, որը դրականապես է անդրադառնում պալարախտով ախտահարման ժամանակ։ Դեղաբույսը 1961 թվականին մտել է պետական ֆարմակոպեայի մեջ։ Այն կազմում է Տրասկովի հակաասթմատիկ և Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրաների բաղադրիչ մասը[9]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիցեննան թարմ բուսահյութը օգտագործել է արտաքին՝ մաշկային խոցերը և վերքերը բուժելու նպատակով, իսկ թուրմը՝ գինու հետ խառնված՝ լյարդի և ստամոքսի ուռուցքների, ջրգողության և արյունային լուծի դեպքերում։ Ըստ Ամիրդովլաթի, դեղաբույսն.
օգտե ակռային թուլացած մսերուն, ամրացնե և ուժովցնե, կտրե արյուն թքելը։ |
Միաժամանակ նա նշում է, որ գինու հետ տալով, կտրում է լուծը, եփուկի ձևով օգտակար է երիկամների, միզապարկի, ստամոքսի, լյարդի, թոքերի մի շարք հիվանդությունների, մկանային թուլության, հազի, հևոցի ժամանակ։ Ըստ Բ. Ե. Վոտչալի, ձիաձետի կիրառումը մեծ անհրաժեշտություն է բոլոր այն դեպքերում, երբ հիվանդի մոտ արձանագրվում է ռեֆրակտեր վիճակ մյուս միզամուղների նկատմամբ։ Ըստ Վ.. Շյոնենբերգերի, ձիաձետի մեջ պարունակվող սիլիկաթթուն՝ անցնելով օրգանիզմ, ամրապնդւմ է հյուսվածքները, բարձրացնում լեյկոցիտոզը, օրգանիզմի պաշպանողական ուժերը։ Դեղաբույսը՝ տատրակի և եզան լեզվի հետ օգտագործելիս, հեղինակի տվյալներով, օգնում է հազին, վերացնում խզզոցները, բուժում շնչուղիների կատառը, բրոնխիտը` հատկապես վերջինիս քրոնիկական ձևերը։
Այլ օգտակար հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձիաձետի և շիբի խառնուրդը բրդյա գործվածքները ներկում է մոխրադեղնավուն։ Մատղաշ, սպորակիր ընձյուղները որոշ տեղերում օգտագործում են սննդի մեջ` հում կամ եփած։ Չոր խոտի մեջ թունավոր է հատկապես ձիերի և կովերի համար, մինչդեռ թարմ վիճակում միանգամայն անվնաս է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dao-Lan, Xu; Jian-Guo, Cao; Quan-Xi, Wang; Xi-Ling, Dai (2015 թ․ նոյեմբեր). «Cloning and Characterization of DEAD-box RNA Helicases Gene from the Fern Equisetum arvense». Plant Diversity And Resources. 36 (6): 715-722 doi=10.7677/ynzwyj201414036.
{{cite journal}}
: Missing pipe in:|page=
(օգնություն) - ↑ Hyde, H. A., Wade, A. E., & Harrison, S. G. (1978). Welsh Ferns. National Museum of Wales ISBN 0-7200-0210-9.
- ↑ Flora of North America: Equisetum arvense
- ↑ Bebbington, A. «Toxicity of Equisetum to Horses». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ La Vielleuse Habile, Jean-Francois Bouin, 1761, page 19.
- ↑ Clemens, J (2003). «In Memory of Ella O. Campbell, DNZM, FRIH» (PDF). Royal New Zealand Institute of Horticulture. 6 (1): 2. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ Howell, Clayson (2008 թ․ մայիս). Consolidated list of environmental weeds in New Zealand (PDF). DRDS292. Wellington: Department of Conservation. ISBN 978-0-478-14413-0. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Kearny, Peter. «Bio Dynamic Prep 508». Bio Dynamic Prep 208. City Food Growers. Վերցված է 2011 թ․ հունիս-ին.
- ↑ Vogl S, Picker P, Mihaly-Bison J, Fakhrudin N, Atanasov AG, Heiss EH, Wawrosch C, Reznicek G, Dirsch VM, Saukel J, Kopp B. Ethnopharmacological in vitro studies on Austria's folk medicine - An unexplored lore in vitro anti-inflammatory activities of 71 Austrian traditional herbal drugs. J Ethnopharmacol.2013 Jun13. doi:pii: S0378-8741(13)00410-8. 10.1016/j.jep.2013.06.007. [Epub ahead of print] PubMed PMID 23770053. http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23770053
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիաձետ դաշտային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիաձետ դաշտային» հոդվածին։ |
|