Jump to content

Հռոմի բլուրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի յոթ բլուրները

Հռոմի բլուրներ, Հռոմի յոթ բլուրները (լատին․՝ Septimontium), հավերժ քաղաքի հիմնադրման հիմքը և նրա հիմնական խորհրդանիշերից մեկը։

Նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի բլուրների կենտրոնը Պալատինն է (լատին․՝ mons Palatinus), Տիբեր գետից 43 մ բարձրության վրա։ Լիովին մեկուսացված է, մեծ զառիթափներ ունի հարավից, արևմուտքից և արևելքից և միայն հյուսիսում աստիճանաբար իջնում է։ Նրան շրջապատում են հարավից Ավենտինը (լատին․՝ Aventinus-39 մ, հնում այդպես էր անվանվում Տիբերի մոտ իջնող միայն մեկ բլուրը, ոչ թե այժմ այդ անունը կրող ողջ բլուրը), հյուսիս-արևմուտքից Կապիտոլիումը (լատին․՝ mons Capitolinus- 43 մ), հյուսիսից և հյուսիս-արևելքից Կվիրինալը (լատին․՝ mons Quirinalis-48 մ), Վիմինալը (լատին․՝ mons Viminalis-48 մ), Ցիսպիուսը (լատին․՝ mons Cispius-46 մ) և Օպպիանյան բլուրը (լատին․՝ mons Oppius-79 մ)։ Վերջին երկուսը միավորված են Էսկվիլին (լատին․՝ mons Esquilinus) անվան տակ։ Հարավ-արևելքում ընկած է Ցելիումը (լատին․՝ mons Caelius-48մ)։

Բոլոր այս բլուրները իրարից անջատված են խոր հովիտներով, խոշոր լանջերով՝ արտասովոր մեծ չափերի հասնող։ Միայն հյուսիս-արևմուտքում, ուր Տիբեր գետը խոր ծունկ է տալիս, ձևավորվել է ընդարձակ հովիտ՝ այսպես կոչված Campus Martius (Մարսյան դաշտ) և Campus Flaminius (ֆլամինյան դաշտ)։ Հյուսիսից այս հովիտը սահմանափակվում է մեկուսացված բլրով (այժմ՝ Պինցիա, հնում՝collis hortorum՝ 50 մ, հին քաղաքի կազմի մեջ չի մտել)։ Տիբերի աջ ափին խոյանում է Յանիկուլը՝ մեկուսացված լեռնային բարձունքը (77 մ)։ Մարսյան դաշտի դիմաց այն թեքվում է դեպի արևմուտք՝ բոլորելով Վատիկանյան բլուրը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմը հիմնադրվել է Տիբր գետի ձախ ափին՝ ծովից 25 կմ հեռավորության վրա և համարյա նույնքան հեռավորության վրա Ապենինյան լեռներից, մի հովտում, որն Ապենինից իջնում է ծով։ Ամբողջ այս հովիտը հրաբխային ծագման է, որի կենտրոնում տեղակայված է ալբանյան հրաբուխը։ Այն դադարել է գործելուց միայն այն ժամանակ, երբ Լացիայի հովիտը (այժմ՝ Campagna romana) բնակեցվել է։ Երբ Լացիան դեռ պատված էր ջրով, հրաբուխների ժայթքումն առաջացրեց Տուֆայի շերտը(30-40 մ խորությամբ), որի մակերևույթին ալբանյան հրաբուխի գործունեության արդյունքում շերտավորվեցին գորշ sperone-ն (lapis Gabinus), բծավոր պիպերինը, ինչպես նաև լավան։ Քարային այս տեսակները որպես շինարարական նյութ ծառայել և ծառայում են Հռոմի և նրա շրջակայքի համար. այդ տարատեսակներից հատկապես շատ մեծ պահանջարկ ունի էժան և ոչ կարծր տուֆը։ Հարյուրավոր տարիներ Հռոմը գրեթե չգիտեր շինարարական ուրիշ նյութ իր ճարատարապետական կառույցների համար. sperone-ն և պիպերինը սկսեցին գործածվել միայն այն ժամանակ, երբ Հռոմը դարձավ բնակեցված խոշոր կենտրոն, իսկ լավան էլ օգտագործվում էր փողոցների ամրացման համար։ Հռոմի ծաղկման շրջանում այս քարատեսակները իրենց տեղը զիջեցին Տիբուրի հայտնի սպիտակ, կարծր քարին՝ տրավերտինին (lapis tiburtinus), որն իր ծագմամբ պարտական է Տիբրի վտակ Անիոյին։ Լեռներից հոսող ջուրը, հեշտությամբ քայքայելով փխրուն տուֆը, խորապես կտրատել է ողջ Լացիան։ Դրա հետևանքով գոյացավ բլուրների խումբ. բլուրներն իրարից կտրատված էին խոր կիրճերով։ Հենց այդպիսի բլուրների վրա էլ առաջացավ Հռոմը։

Ամբողջ Լացիայի՝ ջրով ներծծված հողերը և բլուրների կիրճերի մեջ հավաքված ջրերը անբարենպաստ պայմաններ էին ստեղծել բնակության համար՝ նպաստելով մշտական տենդերի առկայությանը։ Հռոմում Տիբրի վտակի նեղացումը Մարսյան դաշտի շուրջ հանգեցնում էր մշտական մակընթացությունների՝ հեղեղելով ոչ միայն Մարսյան դաշտի հարթությունները, այլև բլուրների մեջ գտնվող կիրճերը։ Դրանով հանդերձ, քաղաքի զարգացմանը նպաստող հանգամանքներ դարձան խոշոր սարերից պաշտպանված լինելու հարմարությունը, ծովին մոտ լինելը, գետերի նավարկելիությունը և հարուստ մշակույթ ունեցող Էտրուրիայի հարևանությունը։ Հռոմի տեղանքի կառուցվածքի մասին ավելի լավ պատկերացում կարող է տալ քաղաքի շրջակայքը, ուր բլուրների ձևը, հովիտների կառուցվածքը և խոնավության բաշխումը մնացել են այնպիսին, ինչպիսին եղել են և հնում։ Քաղաքային տարածքը ենթարկվել է մեծ փոփոխության. հովիտների մակարդակը անընդհատ շերտավորման հետևանքով բարձրացել է մոտ 10 մ, բլուրների խիստ թեք լանջերը մեղմացվել են, կոյուղին հեռացնում է ստորերկրյա և անձրևային ջրերը, Տիբրի մակընթացությունները, շնորհիվ նրա վտակի կարգավորման, ծայրահեղ հազվադեպ են դարձել, առաջացել են բարձրություններ այնտեղ, որտեղ նրանք չէին եղել։ Հին Հռոմի տեղանքի ձևավորման մասին կարելի է դատել նաև Պալանտինի և Ավենտինի շրջակայքի չբնակեցված կամ թույլ բնակեցված մասերից։

Հռոմեացիներն ունեին Սեպտիմոնցիում (յոթնաբլուր) տոնը, չնայած այն ձևավորվել էր քաղաքի ուրիշ բարձունքների շուրջ։ Դրա մեջ մտնում էին Պալատինը, Վելիան (գտնվում է Պալանտինի և Օպիումի միջև), Ֆագուտալը, Ցերմալը, Ցելիումը, Օպպիանյան և Ցիսպիուսի բարձունքները[1]։

Հռոմի այլ բլուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վատիկանյան բլուր
  • Վելիա
  • Մոնտե Մարիո
  • Մոնտե Պարիոլի
  • Մոնտե Սակրո
  • Մոնտե Տեստաչո
  • Պինչո
  • Յանիկո��լ

Աշխարհի քաղաքները, որոնցում նույնպես նշվում են յոթ բլուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гладкий В. Д. Древний мир. Энциклопедический словарь. — М.: Центрполиграф, 1998.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի բլուրներ» հոդվածին։