Jump to content

Հարցհանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հարցհանգիստ (Չովդար)
ադրբ.՝ Çovdar
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ՀամայնքԵլիզավետպոլի գավառ և Դաշկեսանի շրջան
Բնակչություն65 մարդ
Ազգային կազմՀայեր (մինչև 1989թ․)
Ադրբեջանցիներ (1989թ․-ից հետո)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև 1989թ․)
Իսլամ (1989թ․-ից հետո)
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հարցհանգիստ (Ադրբեջան)##
Հարցհանգիստ (Ադրբեջան)

Հարցհանգիստ (Չովդար, ադրբ.՝ Çovdar), նախկին հայկական բնակավայր, ներկայիս ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանում[1]։

Բնակավայրի պատմական անունը Հարցհանգիստ է։ Գյուղն այդ անվանաձևով է նաև բազմիցս հիշատակվել դարեր առաջ ստեղծված ձեռագրերում[1]։

Գյուղի անվան ծագման վերաբերյալ տեսակետներից մեկի համաձայն, բնակավայրի անունը՝ Հարցհանգիստ, այսինքն՝ Հարանց (հայերի) գերեզման, կապ ունի գյուղի հարավ-արևմտյան կողմի լեռան վրա գտնվող հայկական նախաքրիստոնեական և քրիստոնեական գերեզմանների հետ[1][2]։

Ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Չովդար, որը թարգմանաբար նշանակում է անասնավաճառ։ Ներկայում այն Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես ստացել է Չովդար անունը[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ բնակավայրը գտնվում է շրջկենտրոն Քարհատից (Դաշքեսան քաղաքից) 11 կմ հեռու դեպի հյուսիս։ Ծովի մակարդակից բարձր է 1380-1500 մ[1]։

Հարցհանգիստ բնակավայրն ունի բազմադարյա պատմությունը, ինչի մասին վկայում են գյուղի և հարակից տարածքներում հայտնաբերված և տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող պատմամշակութային հուշարձանները՝ բերդեր, վանքեր, գերեզմաններ և այլ տեսակի հնավայրեր[1]։

Կյուրիկյան հարստության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ գյուղի մոտ է գտնվում է հայկական հռչակավոր Մածնաբերդը, որը հանդիսանում էր Կյուրիկյան հարստության արքա Գագիկ Կյուրիկյանի որդի Աղսարթան Ա-ի նստավայր[1][3]։ Կյուրիկյան թագավորության անկումից հետո Կյուրիկե Ա-ի որդի Դավիթ Անհողինը մոտավորապես 1113 թվականին հաստատվել է Մածնաբերդում և հիմք դրել Մածնաբերդի Կյուրիկյան իշխանությանը։ Կյուրիկյան իշխանության սահմանները տարածվել են նաև մերձակա գավառների ու բերդերի վրա[1][4]։ Հայտնի է, որ 1170 թվականին Մածնաբերդի վախճանված թագավորին ամփոփել են Կյուրիկյանների տոհմական դամբարանում՝ Հաղպատի վանական համալիրում[1]։

12-րդ դարի առաջին կեսին Մածնաբերդի իշխանությունը պայքարի մեջ էր Գանձակի սելջուկ ամիրայության դեմ։ Դավիթ Բ Կյուրիկյանի հաջորդներ Կյուրիկեի և Աբաս Ժամանակաշրջանից Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են[1][5]։

12-րդ դարի վերջին Նոր-բերդի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա-ից խլել Մածնաբերդը, սակայն չեն կարողացել։ 1236 թվականին՝ Աղսարթան Բ-ի ��րոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները։ 1250-ական թվականներին դեպի Նփրկերտ և Բաղդադ մոնղոլական արշավանքներին մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին։ Հայտնի է, որ Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի վանական համալիրը։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ գյուղից Խորհրդային Միության բանակի կազմում Երկրորդ համաշխարահային պատերազմին մասնակցել է 380 հոգի, որոնցից 178-ը զոհվել է։ Զոհվածների հիշատակին գյուղում կառուցվել էր հուշարձան և բացվել թանգարան։ Հայտնի է, որ Հարցհանգիստի բնակիչ և պատերազմին մասնակցած ավագ լեյտենանտ Ղազարոս Ավետիսի Ավագյանը հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման[1]։

Արցախյան շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժման մեկնարկով և Խորհրդային Միության փլուզման գործընթացով պայմանավորված Հարցհանգիստի հայ բնակչությունը ստիպված է եղել բռնագաղթել Խորհրդային Ադրբեջանի տարածքից։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ գյուղը հարուստ է բազմադարյան պատմամշակութային հուշարձաններով։ Հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվել է նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ում կատարած աշխատանքի հիման վրա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հրատարակել է աշխատություններ[1]։

Մածնաբերդ ամրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ գյուղի մոտակայքում է գտնվում հայկական հռչակավոր բերդերից մեկը՝ Մածնաբերդը։ Այն կառուցվել է բնակավայրից հարավ-արևելք՝ անդնդախոր ձորերով շրջապատված անտառապատ լեռան վրա[1][6]։ Բերդը հայտնի է նաև Մլզնաբերդ, Սուրբ Մալազնաբերդ անվանաձևերով[1][7]։

Պատմական աղբյուրներում Մածնաբերդը հիշատակվում է որպես Կյուրիկյան թագավորական հարստության արքա Գագիկ Կյուրիկյանի որդի Աղսարթանի նստավայր[1][3][8]։ Կյուրիկյան թագավորության անկումից հետո Կյուրիկե Ա-ի որդի Դավիթը մոտավորապես 1113-ին հաստատվել է Մածնաբերդում՝ հիմք դնելով Մածնաբերդի Կյուրիկյան իշխանությանը, որի սահմանները տարածվել են նաև մերձակա գավառների ու բերդերի վրա[1][4]։

Մածնաբերդի ճարտարապետությունից հայտնի է, որ ամրոցի խոցելի հատվածներն ամրացված են եղել անմշակ քարով, կրաշաղախով կառուցված բրգաշար պարսպապատով, որոնք 19-րդ դարի վերջերին արդեն քայքայված էին ու մասամբ ավերված[1][9][10]։

Մածնաբերդի վանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդմանքի հռչակավոր վանքերից մեկը՝ Մածնաբերդի վանական համալիրը, գտնվում է Հարցհանգիստ գյուղից 2,2 կմ հարավ-արևելք՝ շրջապատի նկատմամբ առանձնացած լեռան գագաթին։ Ծովի մակարդակից բարձր է 1648 մ։ Վանական համ��լիրի անունը վերցված է մոտակայքում գտնվող Մածնաբերդից[1][9]։ Վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, որն ունի Սուրբ Վարդանանց զորավարաց անունը։ Այն հայտնի է նաև Սուրբ Սարգիս անունով[1][11]։ Սուրբ Վարդանանց զորավարաց եկեղեցին ունի միանավ բազիլիկի հորինվածք, իսկ թաղակապ տանիքն առնված է երկթեք ծածկի տակ։ Թաղը կրում են աղոթասրահի երկայնական պատերի երկու զույգ որմնասյուներին հենված որմնակամարները։ Կառուցված է անտաշ քարով և կրաշաղախով։ Անկյունաքարերը, որմնասյուները, որմնակամարները և բացվածքների եզրաքարերը սրբատաշ քարից են։ 1980-ականների դրությամբ արևմտյան ճակտոնի գագաթին կանգուն էր սրբատաշ քարով կառուցված, սրածայր վեղարով ավարտվող քառասյուն փոքր զանգակատունը։ Կառույցի արտաքին չափերն են 12,07 x 6,75 մ։ Ունի մեկ մուտք, որը բացված է արևմուտքից և շրջապատված է կամարակապ եզրակալով։ Կառույցի լուսավորությունն իրականացվել է հարավային և հյուսիսային պատերի ուղղանկյուն, կամարաձև վերնամասով չորս պատուհաններից։ Հետագայում հյուսիսային պատի մի պատուհանը փակվել է։ Արևմտյան և արևելյան պատերին բացված են նեղ պատուհաններ։ Հյուսիսային պատի մեջէ տեղադրված եղել մկրտարանի ավազանը[1]։

Հայտնի է, որ ներկայիս եկեղեցին կառուցվել է 1631 թվականին նախկինում տեղում եղած մեկ այլ եկեղեցու վրա, որը փոքր չափի քարաշեն եկեղեցի էր[1][10]։

Շատախ գյուղատեղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատախ գյուղատեղին գտնվում է Հարցհանգիստ-Խաչակապ բնակավայրերի միջև՝ Շատախ գետակի ձախ ափին։ Հարցհանգիստ գյուղից հեռու է 2,6 կմ դեպի հարավ։ Ծովի մակարդակից բարձր է 1360-1400 մ։ Շատախը Եղել է Գարդմանքի պատմական ու առնվազն վաղ միջնադարից հայաբնակ գյուղերից մեկը[1]։ Ըստ տեղեկությունների՝ գրավոր աղբյուրներում գյուղն առաջին անգամ հիշատակվում է 1621 թվականին[1][12]։ Պատմական գյուղի մասին գրավոր հիշատակություններ են արձանագրվել նաև 1627, 1634, 1637, 1644, 1661, 1687 թվականներին։ Հայտնի է, որ Շատախ գյուղատեղիում է հայտնաբերվել 981 թվականով թվագրվող խաչքար։ Բնակավայրը հայտնի է եղել իր գրչօջախներով, ձեռագրերի ստեղծման կենտրոններով։ Շատախի համար հատկապես ծաղկուն ժամանակաշրջան է եղել 17-րդ դարը։ Այդ ժամանակ Շատախում ձեռագրեր են ստեղծել Դավիթ, Հովհաննես երեցները, Նազար դպիրը և այլ գրիչներ[1]։

Սուրբ Հովհաննես եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ գյուղում է գտնվել Սուրբ Հակոբ եկեղեցին, որի տեղում 1869 թվականին կառուցվել է նոր եկեղեցի[1]։ Այն օծվել է Սուրբ Հովհաննես անվամբ[1][13]։ Հայտնի է, որ 18-րդ դարում եկեղեցում է պահվել 1221 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության Տարսոն քաղաքում ստեղծված մագաղաթե ձեռագիր[1][14][15]։ Եկեղեցու քահանաներից է եղել Վարդան Ոսկանյան Երեմյանցը, ով որպես քահանա է ձեռնադրվել 1898 թվականին[1][16]։ 1849 թվականից սկսած 20 տարի եկեղեցին սեփական քահանա չի ունեցել։ 1869 թվականին գյուղի համար քահանա է ձեռնադրվել Ղազար Տեր-Մխիթարյանցը[1][17]։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների՝ եկեղեցում վերջին հայը մկրտվել է 1932 թվականին Ուսեփանց քահանայի կողմից[1]։

Ճարտարապետական տեսակետից եկեղեցին ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ կառույց է, արևելքում՝ կիսաշրջան խորանով, կից ուղղանկյուն ավանդատներով։ Կառուցված է կոփածո քարով և կրաշաղախով։ Ունի 17,70 x 11,75 մ արտաքին չափեր։ Աղոթասրահի երկու զույգ սյուների և որմնասյուների վրա հենված թաղակապ ծածկն առնված է երկթեք տանիքի տակ։ Մուտքը հարավային ճակատից է և բացվում է նույն կողմից եկեղեցուն կից կրկնահարկ զանգակատան առաջին հարկի մեջ[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ գյուղի կրոնական կառույցներից էր Սուրբ Աստվածածին անունը կրող հայկական առաքելական եկեղեցին։ Պատմական հուշարձանի հիմնադրման մասին տեղեկություններ հայտնի չեն։ Այն բազմիցս հիշատակվել է 17-րդ դարում[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ գյուղի բնակչության վերաբերյալ վիճակագրական տվյալներ հայտնի են սկսած 1804 թվականից։ Այդ ժամանակահատվածից գյուղի բնակչությունը շարունակաբար աճել է։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 1804-ից բնակավայրի բնակչությունը եղել են հայեր։ Որոշ տարիների համար արձանագրված թվաքանակի նվազումները կապված են եղել համաճարակների և մասնակի արտագաղթերի հետ[1][18]։

Հարցհանգիստ գյուղի հայ ազգաբնակչությունը բնակավայրը լքել է Արցախյան շարժման և Խորհրդային Միության փլուզման գործընթացների սկզբում։ Այդ ժամանակ Խորհրդային Ադրբեջանի հայկական բնակավայրերը հարկադրաբար լքում էր հայ ազգաբնակությունը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցհանգիստ բնակավայրի շրջակա տարածքները հարուստ են քարի հանքերով։ Հայտնի է, որ այդտեղի քարերից են օգտվել շրջակա գյուղերը[1][19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 «Հյուսիսային Արցախ», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2004 թվական։
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 292։
  3. 3,0 3,1 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երեւան, 1961, էջ 153։
  4. 4,0 4,1 Մխթար Այրիվանեցի, Պատմութիւն, Մոսկուա, 1861, էջ 153։
  5. Մանր ժամանակագրություններ», Բ, Երևան, 1956, էջ 502։
  6. «Նոր Դար», 1886, N 120, էջ 1։
  7. «Նոր-Դար», 1886, N 120, էջ 1։
  8. «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 265։
  9. 9,0 9,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 293։
  10. 10,0 10,1 «Արձագանք», 1886, N 21, էջ 307։
  11. «Նոր-Դար», 1892, N 126, էջ 2։
  12. «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Բ, կազմեցին` Հակոբյան Վ., Հովհաննիսյան Ա., Երեւան, 1978, էջ 1։
  13. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 96-97, գ. 3819, թ. 106, գ. 3835, թ. 148-149:
  14. «Արձագանք», 1886, N 20, էջ 295-296։
  15. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 292-293։
  16. Հայաստանի ազգային արխիվ, Պ461, ց. 1, գ. 12, թ. 70-71:
  17. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 5394, թ. 10: Նաև՝ գ. 4254, թ. 142:
  18. «Մշակ», 1900, N 77, էջ 2։
  19. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 309։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 167