Jump to content

Կոնստանդին Ե Սսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանդին Ե Սսեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է1374
Մահվան վայրՍիս, Ադանայի մարզ, Թուրքիա
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Կոստանդին Ե Սսեցի (անհայտ - 1374, Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա), Ամենայն Հայոց կաթողիկոս 1372 թվականից։ Հաջորդել է Մեսրոպ Ա Արտազեցուն։ Ծննդյան թիվն անհայտ է։ Մահացել է 1374-ին Սիս քաղաքում։

Նախապես եղել է Սսի Մայր աթոռի միաբան, արքունի եպիսկոպոս։ Վայելել է Կիլիկիայի լատին թագավոր Կոստանդին III Լուսինյանի հովանավորությունը։ Գործուն մասնակցություն է ունեցել կաթոլիկ Արևմուտքի հետ համագործակցելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Մասնակցել է Սսի 1345 թվականի եկեղեցական ժողովին, որն ընդունել է հայ և լատին եկեղեցիների ունիան։ Կիլիկիայի հայոց թագավորության այդ ծանր ժամանակաշրջանում ստեղծված պայմաններում Հայոց կաթողիկոսի ընտրության և օծման արարողություններն ավանդական եղանակով չէին կարող կատարվել, ուստի Կոստանդին Ե Սսեցին կաթողիկոս է նշանակվել Կոստանդին Ե թագավորի հրամանով։ Կաթողիկոս դառնալուց հետո ևս շարունակել է իր լատինամետ քաղաքականությունը, իսկ Կոստանդին Ե թագավորի մահից հետո գլխավորել է այն քաղաքական ուժերին, որոնք ձգտել են հայոց գահը հանձնել կաթոլիկ Լուսինյաններին։ Կոստանդին Ե Սսեցին է եղել Կիպրոսի արքայազն Լևոն Լուսինյանին Կիլիկիա հրավիրելու և Հայոց թագավոր հռչակելու նախաձեռնողը։ Այդ նպատակով նա հատուկ պատվիրակություն է ուղարկել Կիպրոսի Պետորոս II թագավորի մոտ, իսկ 1373 ��վականի սեպտեմբերին հեռակա կարգով Լևոն Լուսինյանին հռչակել Հայոց թագավոր։ Սակայն Կոստանդին Ե Սսեցուն վիճակված չէր Լևոն Լուսինյանին օծել Հայոց թագավոր, քանզի մինչև վերջինիս Սիս հասնելը 1374 թվականի գարնանը կաթողիկոսը վախճանվել էր։ Կաթողիկոսական գահին Կոստանդին Ե Սսեցուն հաջորդել է Պողոս Ա Սսեցին։


Նախորդող՝
Մեսրոպ Ա Արտազեցի
Կաթողիկոս
1372–1374
Հաջորդող՝
Պողոս Ա Սսեցի

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001