Ծաղկե կամուրջ
«Ծաղկե կամուրջ» (ռում.՝ Podul de Flori), Ռումինիան և Մոլդավական Խորհրդային Հանրապետությունը բաժանող Պրուտ գետի ափին՝ խորհրդա-ռումինական սահմանին տեղի ունեցած երկու քաղաքական միջոցառումների անվանումը[1], որոնց ընթացքում սահմանի երկու կողմերից էլ գետի ջրերի մեջ նետվեցին ծաղկեփնջեր (այստեղից էլ՝ միջոցառումների անվանումը), և սահմանի հատումը կատարվեց առանց անձը հաստատող փաստաթղթերի ներկայացման[2]։
Առաջին «Ծաղկե կամուրջը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին միջոցառումը տեղի ունեցավ 1990 թվականի մայիսի 6-ին, տեղական ժամանակով 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ռումինիայի քաղաքացիներին այդ ընթացքում թույլատրվեց սահմանային Պրուտ գետը հատել և Մոլդովական ԽՍՀ անցնել առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու։
Պրուտ գետով 700 կիլոմետր ձգվող սահմանի ողջ երկայնքով կահավորվեցին հետևյալ ութ անցակետերը. 1.Մոյկան-Պերեռիտա, 2.Ստինկա-Կոստեշտի, 3.Յասսի-Ունգեն, 4.Ունգեն-Ունգենի կամուրջ, 5.Ալբիցա-Լեուշեն, 6.Ֆելչիու-Ցիգանկա, 7.Օանչա-Կագուլ, 8.Գալաց-Ջուրջուլեշտի[3]։ Այս իրադարձությունը, որին մասնակցեց շուրջ 1,2 միլիոն մարդ[4], համեմատվեց գերմանացիներին մի ժամանակ բաժանած բեռլինյան պատի քանդման հետ, որը բազմաթիվ ընտանիքների վերամիավորվելու հնարավորություն ընձեռեց[5]. В районе Унгеня около 250 тысяч человек перешли границу[6]: Հենց միայն Ունգենում սահմանը հատեց մոտավորապես 250 հազար մարդ[6]։
Միջոցառումը կազմակերպել էին «Հանուն աշխարհի բոլոր ռումինների միասնության» մշակութային միությունը[7], «Բուխարեստ-Քիշնև» մշակութային ընկերությունը, Մոլդովայի Ժողովրդական ճակատը։
Մայիսի 6-ի վաղ առավոտից գետի թե՛ ռումինական և թե՛ մոլդավական ափին արդեն հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, որոնք իրենց բերած ծաղկեփնջերը նետելով ջուրը՝ խորհրդանշական կերպով ձևավորեցին ծաղկե մի կամուրջ։ Կեսօրին մի խումբ եկեղեցականներ առ Աստված առաքեցին եկեղեցական օրհներգը՝ «Te Deum»-ը[8], Պրուտի զույգ ափերով ալիք-ալիք հեռուները սփռվեց զանգերի ղողանջը, գետի ջրերի մեջ դարձյալ ծաղիկներ նետվեցին, և մարդիկ սկսեցին անկաշկանդ հատել սահմանը, հանդիպել իրենց հարազատներին, մտերիմներին, որոնց կարոտել էին տասնյակ տարիներ (տասնամյակներ առաջ Մոլդովան Ռումինական թագավորության մի մասն էր կազմում)։ Ճառեր, զեկուցումներ, ելույթներ չեղան։ Դրանց փոխարինել էր ժողովրդական անկեղծ տոնախմբությունը՝ երգն ու պարը, խաղերը, զբոսանքը...
Այս իրադարձությունից հետո Ռումինիայի և Մոլդովայի միջև սահմանի հատումը զգալիորեն պարզեցվեց ու հեշտացվեց[9]։
Երկրորդ «Ծաղկե կամուրջը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Համանման երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ 1991 թվականի հունիսի 16-ին։ Այս անգամ արդեն Մոլդավական ԽՍՀ-ի քաղաքացիները հնարավորություն ունեցան հատելու սահմանը առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու։ «Ռոմպրես» գործակալության հրատարակած հաղորդագրության համաձայն՝ այդ օրը Բեսարաբիայի ավելի քան 150 հազար քաղաքացիներ Սկուլենիի մոտ անարգել հատել են սահմանը և ժամանել ռումինական Յաշ գավառ[10]։ Ժամանածների մեջ է եղել նաև Մոլդովայի խորհրդարանի պատվիրակությունը՝ Քիշնևի քաղաքագլուխ ��իկոլայ Կոստինի գլխավորությամբ[10]։ Այս իրադարձության պատվին Գալաց քաղաքի Աստվածամոր սուրբ հարության եկեղեցու առջև բարձրացվել է Ռումինիայի և Մոլդովայի միասնությունը խորհրդանշող խաչ։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի օգոստոսին Մոլդովայի Հանրապետության նախագահ Միրչա Սնեգուրը իր ռումինացի գործընկերոջը՝ Իոն Իլիեսկուին առաջարկել է բանակցություններ վարել Մոլդովան ու Ռումինիան պաշտոնապես միավորելու վերաբերյալ, բայց ռումինական կողմը այդ առաջ��րկը թողել է անպատասխան[11]։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը Միխայիլ Գորբաչովի խնդրանքով հեռախոսազրույց է ունեցել Իոն Իլիեսկուի հետ և ռումինացի առաջնորդին խնդրել հեռու մնալ ցույցերի առնչությամբ չկշռադատված գործողություններ ձեռնարկելուց[12]։
Վկայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այս օրվա իրադարձությունը կարող է ծառայել իբրև մի գեղեցիկ վրեժխնդրության գործողություն 1812 թվականի մայիսի 16-ի ճակատագրական օրվա համար, երբ Ռուսաստանը Ալեքսանդր Առաջին ցարի գլխավորությամբ բզկտեց Մոլդովայի մարմինը, և 1940 թվականի հունիսի 28-ի համար, երբ Ստալինը մասնատեց Մեծ Ռումինիայի քարտեզը։ Բեսարաբցի մեր եղբայրների հետ հանդիպումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մենք մեկ ժողովուրդ ենք՝ Պրուտի ու Դնեստրի միջև ապրող, Էմինեսկուի լեզվով խոսող միևնույն ժողովուրդը, և որ այսօրվա միացումը, որն ընդամենը վեց ժամ տևեց, դառնալու է մեր վերջնական վերամիավորման նախերգանքը»։
Միրչա Կոսմա, Պրահովա ժուդեցի (գավառի) խորհրդի նախագահ
«Արտաքին քաղաքականության պայմաններում այս իրադարձությունը դիտվում է իբրև Ռումինիայի համար մի հնարավորություն՝ Մոլդովային բերելու Միացյալ Եվրոպա։ Եվ, ուրեմն, քսան տարի առաջ Պրուտի ջրերը նետված ծաղիկները իրենց նպատակակետին կհասնեն»։
Թեոդոր Բակոնսկի, 2009-2012 թթ. Ռումինիայի արտաքին գործերի նախարար
«Աներևակայելի, աննկարագրելի հուզիչ տեսարան էր։ Երկար տարիներ անց հարազատը հարազատին, ընկերը ընկերոջն էր գտնում, բարձրաձայն կանչում էին, միմյանց դիմում անուններով... Ինչ-որ մի պահի ռումինական ափից մի տղամարդ ցատկեց ջուրն ու լողաց դեպի հակառակ ափը, որտեղ բեսարաբներն էին հավաքված։ Պերեռիտացի իմ համերկրացիները լուռ կանգնած էին։ Հուզմունքը խեղդում էր նրանց, բայց սիրտ չէին անում նույնիսկ շարժվել, մինչև որ Պերեռիտայից մի գյուղացի ցատկեց ջուրը։ Նրան հետևեցին մյուսները։ Քիչ անց բոլորն արդեն խմբվել էին Պրուտի մեջտեղում ու ինքնաբուխ կերպով հորա պարն էին պարում։ Դա մի տեսարան էր, որն աշխարհում դեռ ոչ ոք որևէ վայրում չի տեսել։ Ահա թե ինչու եմ ես կարծում, որ նրանք, ովքեր ծաղրում են «Ծաղկե կամուրջ»-ը, հենց իրենք են ծիծաղելի, ծաղրելի։ Ուրախության արցունքները չի կարելի ծաղրի առարկա դարձնել»։
Գրիգորի Վիերու, բանաստեղծ
«Տասնյակ հազարավոր ռումիններ երկու ափերին գետի նմանվող մի հսկա հոսանք էին ստեղծել։ Ռումինները (Պրուտ գետի արևմտյան ափի) առաջինն էին, որ ԽՍՀՄ մուտք գործեցին առանց իշխանությունների համաձայնության»[13]։
Իոն Ունգրյանու 1990-1994 թթ. Մոլդովայի մշակույթի և կրոնի հարցերի նախարար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ion Petrescu (2013 թ․ մայիսի 6). «Moldova lor, Moldova noastră...». Adevărul (ռումիներեն).
- ↑ Nicolae Roibu (2010 թ․ մայիսի 6). «Podul de Flori». Timpul.md (ռումիներեն).
- ↑ «"Podul de flori" peste Prut împlinește 23 de ani». Glasul.md (ռումիներեն). 2014 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Podul de flori (1990–1991)». Istoria.md (ռումիներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Mai 1990, "Podul de Flori"». Historia.ro (ռումիներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 6,0 6,1 «Podul de flori, stropit cu lacrimi». Jurnal de Chișinău (ռումիներեն). 2010 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Teodor Baconschi despre "Podul de Flori" din 6 mai 1990». Moldova.org (ռումիներեն). 2010 թ․ մայիսի 5.
- ↑ Ioan Popescu (2010 թ․ մայիսի 6). «20 de ani de la "Podul de Flori"». Ziarul Prahova (ռումիներեն).
- ↑ «23 de ani de la primul Pod de Flori peste Prut: momentul în care românii au putut păși în Basarabia fără pașaport și viză». Adevărul (ռումիներեն). 2013 թ․ մայիսի 6.
- ↑ 10,0 10,1 «Iași: Podul de flori». Agerpres (ռումիներեն). 1991 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Sebastian Zachmann (2014 թ․ օգոստոսի 10). «Cum explică Ion Iliescu faptul că România și Republica Moldova nu s-au unit în august 1991». Adevărul (ռումիներեն).
- ↑ «"Există o mare ură față de români în Ucraina"». Adevărul (ռումիներեն). 2011 թ․ ապրիլի 11.
- ↑ «Cine-și mai amintește de Podul de Flori?» ՅուԹյուբում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мостом Цветов Արխիվացված 2021-03-23 Wayback Machine
- Мостом Цветов ՅուԹյուբում
- Unimedia — Мостом Цветов- Stela Popa Արխիվացված 2009-06-09 Wayback Machine
- Ştefan Plugaru, "Istoricul Asociației Culturale „Pro Basarabia și Bucovina”, Filiala „Mihail Kogălniceanu” Huși"(չաշխատող հղում)
- "Podul de flori" (Мостом цветов)
- "Podul de flori – prima deschidere a frontierelor dintre România și Republica Moldova" ("The Bridge of Flowers – First Border Crossing Opened between Romania and the Republic of Moldova", in Jurnalul de Botoșani și Dorohoi, May 7, 2005