Jump to content

Լուիս Քերոլն ու լուսանկարչական արվեստը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Քերոլ: Էննի Ռոջերսն ու Մերի Ջեքսոնը «Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը» տեսարանում: 3 հուլիսի, 1863

Լուիս Քերոլն ու լուսանկարչական արվեստը, տարբեր երկրների ժամանակակից գրականագետների, արվեստաբանների, վիկտորյական դարաշրջանի պատմաբանների, հոգեբանների և սոցիոլոգների ուսումնասիրության թեմա։ Երկար ժամանակ Քերոլը հիմնականում հայտնի է եղել որպես գրող, բայց ներկայումս դիտվում է որպես իր դարաշրջանի մեծագույն լուսանկարիչներից մեկը։ Քերոլը լուսանկարչությունը երկար ժամանակ համարել է իր ամենակարևոր զբաղմունքը, նրան վերաբերվել որպես կոչման, զվարճանքի և «կենսական միակ հաճույքի», և ինչպես նրա աշխատանքները հետազոտողներն են համարում, լուսանկարչությանն ավելի շատ ժամանակ է հատկացրել, քան գրականությանը կամ էլ մաթեմատիկայի դասավանդմանը[1]։ Կյանքից արված ուրվանկարները դարձել են Քերոլի փոքրիկ պատմվածքների ու բանաստեղծությունների սյուժեն[2]։

Քերոլի ծանոթացումը լուսանկարչությանն ու նրանով տարվելը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեջինալդ Սաութի: Լուիս Քերոլ, 1856

Քերոլը հետաքրքրությամբ էր վերաբերվում իր դարաշրջանի տեխնիկական նորարարություններին. եղել է գնացքի առաջին ուղևորը, ողջունել է առաջին ձայնագիրը (իր օրագրում նա գրել է. «Ցավոք, մեզ տրված չէ կարճ ժամանակով 50 տարի առաջ գնալ և ճանաչել այդ զարմանալի գյուտն իր կատարյալ ձևով։ Հիմա այն դեռ բարուրի մեջ է, այն նորելուկ հրաշք է, ինչպես լուսանկարը, ինչպես ես այն հիշում եմ 1850 թվականին»[3]), գրամեքենայով տպագրող առաջին գրականագետներից մեկն է[4]։

Քերոլը լուսանկարչությանը (առավել հեռանկարային կալոտիպիա մեթոդին) ծանոթացել է 1855 թվականին՝ ամառային արձակուրդների ժամանակ՝ հետևելով իր քեռի Սկեֆինգտոնի լուսանկարահանումներին[5]։ 1856 թվականի հունվարին նա գրել է. «Գրել եմ քեռի Սկեֆինգտոնին՝ խնդրելով ինձ լուսանկարչական ապարատ ուղարկել, քանի որ ուզում եմ ինձ համար զբաղմունք գտնել՝ ի լրումն ընթերցանությանն ու ստեղծագործելուն»։ 1856 թվականի մարտի 18-ին կոլոդիոնային պրոցեսի համար Քերոլը Լոնդոնում ձեռք է բերել սարքավորման կոմպլեկտ (լուսանկարչական ապարատ, ոսպնյակներ, ամրակալան և այլ առարկաներ)։ Քերոլն ընտրել է Շառլոթ փողոցի Տ. Օտիվելայի խանութը և գնման դիմաց վճարել 15 ֆունտ[6]։ Նա որպես ուղեկից իր հետ վերցրել էր ընկերոջը՝ Ռեջինալդ Սաութիին։ Վերջինս արդեն լուսանկարչական ապարատ ուներ, համարվում էր փորձառու լուսանկարիչ, այդ պատճառով էլ ապարատի գնմանը մասնակցել է որպես խորհրդատու։ Սաուտիի ղեկավարությամբ էլ գրողն արել է իր առաջին լուսանկարները, շուտով նա այնքան է տարվել իր նոր զբաղմունքով, որ գրեթե իր ամբողջ ազատ ժամանակը նվիրել է դրան[5]։ Նա գրել է. «Սա իմ միակ զվարճանքն է, և ենթադրում եմ, որ այն արժանի է լուրջ վերաբերմունքի»[6]։ Առաջին լուսանկարներն արել է Քրայսթ-Չյորչում՝ կամ իր, կամ էլ դեկանի բնակարանում[7]։

1855-1857 թվականներին Սաուտին Քերոլի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Քերոլը բազմիցս նկարահանել է Սաուտիին, վերջինս էլ լուսանկարել է Քերոլին, նրանք միասին նկարել են իրենց ընդհանուր ծանոթներին, աշխատել պոզիտիվի ստեղծման վրա։ Քերոլն օրագրում գրել է, որ Սաուտին, լավ ծանոթ լինելով քիմիային, իրեն օգնել է աշխատել այդ գործընթացների վրա։ Երբեմն Սաուտին Քերոլին խորհուրդ է տվել իր անձնական ֆոտոմոդելներին։ Այսպես, նա գրողին խորհուրդ է տվել ծանոթանալ Հենրի Էկլենդի հետ, որն ուներ 6 երեխաներով «գեղեցիկ ընտանիք», որոնց կարող էր լուսանկարել։ Քերոլը Սաուտիի հետ համագործակցել է նաև Լիդդել ընտանիքի դստերը լուսանկարելու աշխատանքներում։ Սաուտին գրողի համար բացահայտել է նաև լուսանկարչության «նեգատիվների մասին կարծիքները»։ Քերոլն այցելել է Սաուտիի տուն, որպեսզի տեսնի նրա նոր լուսանկարները[8][9][10]։

Քերոլի՝ այդ ժամանակահատվածի գրառումները վկայում են, որ նա այդ զբաղմունքը դիտել է որպես փող աշխատելու հնարավոր տարբերակ։ Այնուամենայնիվ, Քերոլի համար ֆոտոարվեստը հաջորդ 25 տարիների ընթացքում (1856 թվականի մայիսից մինչև 1880 թվականի հու��իսը) եղել է միայն հոբբի, չնայած նա լավ հայտնի է եղել պրոֆեսիոնալ սիրողական լուսանկարիչների շրջանում։ Քերոլն սկսել է առանձին կառույցներ, արձաններ, թանգարանների անատոմիական հավաքածուների նմուշներ, այգիներ ու նատյուրմորտներ լուսանկարելով։ Միայն դրանից հետո է զբաղվել դիմապատկերներով, որը հետագայում դարձել է նրա աշխատանքի կենտրոնական ժանրը[11]։

Քերոլը մասնագիտությամբ զբաղվել է առավոտյան, երեկոյան պատրաստվել է պարապմունքներին, իսկ ցերեկային ժամերը նվիրել է լուսանկարչությանը. լուսանկարումներ, լուսանկարների երևակում և տպագրում, սյուժեի և բնորդների որոնումներ[12]։

Լուիս Քերոլ. Մայիսյան թագուհին, 1860 թվականի մայիս կամ հունիս

Սկզբնական շրջանում Քերոլը լուսանկարների վրա աշխատել է սեփական բնակարանում, իսկ հետագայում դեկանատի շենքում կառուցել է ապակե ստուդիա։ 1872 թվականին Օքսֆորդում Քերոլն ուներ իր սեփական ֆոտոստուդիան շենքի մանսարդում՝ նախագծված այնպես, որ կարող էր լուսանկարել նույնիսկ անձրևային և ամպամած եղանակին։ Խաղալիքների և կոստյումների մեծ մասը վարձույթով վերցվել էին Դրուրի Լեյն թատրոնից (չնայած որոշ կոստյումներ նկարիչն ինքն է ստեղծել, իսկ որոշներն էլ ժամանակավոր փոխ էր վերցրել Էշմոլի թանգարանից[13]): Մեծ պահարանում պահված էր լարովի խաղալիքների հավաքածու՝ արջեր, ճագարներ, գորտեր, լարովի մկներ, կոր հայելի, երաժշտական մոտ 20 արկղիկներ, որոնք, ըստ շրջապատողների, կատարում էին տարօրինակ երաժշտություն։ Չղջիկը պատրաստել էր Քերոլը, այն կարող էր թափահարել թևերը և նույնիսկ թռչել։ Նա օգտագործել է նաև շարժական ստուդիա, բայց միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Քերոլը սովորաբար լուսանկարում էր Օքսֆորդում, հազվադեպ դուրս էր գալիս նրա սահմաններից (օրինակ՝ Լճային երկրամասում բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնի ընտանիքին լուսանկարելու համար)։ Գրողի մոդել Էթել Հեթչը պատմել է, որ Քերոլն իր հետ տանում էր խաղալիքներով լի ճամպրուկ, որը բացում էր անհրաժեշտ պահին, իսկ երբեմն էլ օգտագործում էր որպես հրապուրելու միջոց։ էլլան՝ նրա մյուս մոդելը, Օքսֆորդի պրոֆեսորներից մեկի դուստրը, հիշել է, որ Քերոլը փորձում էր իրեն լուսանկարել անկողնում՝ ուրվականներից վախեցած «իմ հոր էլեկտրական մեքենայի օգնությամբ, սակայն դա չի հաջողվել»[14]։ Լուսանկարների մի մասն արվել են բնության գրկում, առավել հաճախ դա եղել է դեկանատի այգում[11]։

Քերոլը երբեք պրոֆեսիոնալ լուսանկարչական ակումբների կամ ընկերությունների անդամ չի եղել։ Պրոֆեսիոնալ միակ ցուցահանդեսը (Լոնդոնի լուսանկարչական ընկերության 5-րդ ամենամյա ցուցահանդես), որում ցուցադրվել են նրա 4 դիմանկարները (հայտնի է միայն մեկի անվանումը՝ «Կարմիր գլխարկը»), տեղի է ունեցել 1858 թվականին[15]։ Նրա լուսանկարների ցուցադրության հիմնական ձևը եղել է անձնական ալբոմը, որը ներկայացրել է հյուրերին։ Պահպանվել են այդպիսի ալբոմներից մի քանիսը։ 24 տարվա ընթացքում նա ստեղծել է մոտ 3000 լուսանկար, որոնցից մեզ են հասել 1000-ից պակաս նկարներ[11]։

1880 թվականին Քերոլը դադարել է լուսանկարչությամբ զբաղվել։ Այդ որոշման պատճառներն անհայտ են։ Համաձայն վարկածներից մեկի՝ նա բացասաբար էր վերաբերում չոր սկավառակներին, որոնք փոխարինում էին կոլոդիոնային թաց պրոցեսին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նա որոշել էր այդ ժամանակվանից կենտրոնանալ գրականության վրա։ Մեկ տարի անց հրաժարվել է և դասավանդելուց։ Ջոն Պադնին իր «Լուիս Քերոլն ու իր աշխարհը» գրքում ենթադրում է, որ մոտիվ են եղել դժբախտ պատահարների շղթան և գրողի հոգեբանական ընկճվածությունը։ Չհասկանալով գործընկերոջ դստեր՝ Սիդնի Ջեյմսա Օուենայի (նա 17 տարեկան էր) տարիքը, Քերոլը հրաժեշտ տալիս համբուրել է աղջկան, ինչը վատ տպավորություն է թողել նրա մոր վրա։ Սկսվել են բամբասանքները։ Հնարավոր է, որ Քերոլն ինքն էլ կասկածել է այդ պոռթկման անբռնազբոսիկության մեջ և որոշել է թողնել լուսանկարչությունը։ Միաժամանակ նա կապերը խզել է օքսֆորդյան բազմաթիվ ընկերների ու գործընկերների հետ[16]։

Քերոլի կողմից արված մանկական դիմանկարները, ըստ նրա կամքի, հանձնվել են մոդելների ընտանիքներին։ Քերոլի այդ լուսանկարներն անջատ-անջատ էին և մոռացված, դրանց զգալի մասը նույնիսկ ստորագրված չէին հեղինակի անունով[17]։

Քերոլի լուսանկարների գեղարվեստական առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս, ըստ գրողի կենսագրի՝ Ջոն Պադնիի պնդման, Լուիս Քերոլը ճանաչված է որպես 19-րդ դարի լավագույն լուսանկարիչ, որը նկարում է երեխաներին[18]։ 1877 թվականին իր թղթակցին ուղղված նամակում Քերոլը գրել է, որ իրեն համարում է «սիրողական լուսանկարիչ, որի մասնագիտացումը երեխաներն են»։ Նա լավ էր հասկանում մանկան հոգեբանությունն ու անհրաժեշտ էր համարում երեխային լուսանկարելուն նախապատրաստելու համար։ Քերոլն իրեն հաճախ ոչ թե լուսանկարիչ էր անվանում, այլ նկարիչ։ Նույն նամակում նա թղթակցին առաջարկել է իր ստուդիա տանել երեխաների, բայց ոչ թե «միանգամից լուսանկարելու համար (ես երբեք հաջողություն չեմ ունենում անծանոթների հետ), այլ որպեսզի ծանոթանան տեղի ու նկարչի հետ և տեսնեն, թե ինչքան նրանց դուր կգա մյուս անգամ գալու գաղափարը, որպեսզի լուսանկարվեն»[11]։

Քերոլը գրել է. «Ես պաշտում եմ երեխաներին, բայց բացառությամբ տղաների։ Իմ ճաշակով նրանք ամենևին էլ գրավիչ էակներ չեն... Ինձ միշտ թվացել է, որ նրանք հագուստի կարիք ունեն, միևնույն ժամանակ... աղջիկների հիանալի կազմվածքը շատ հազվադեպ է անհրաժեշտ լինում թաքցնել»[11]։ Նկարահանումների ժամանակ գրողը խստորեն պահպանում էր կանոնները.

«Եթե աշխարհի ամենահիասքանչ երեխաները հայտնվում են իմ տնօրինության տակ՝ նրանց նկարելու կամ էլ լուսանկարելու համար, և ես հայտնաբերում եմ, որ աղջիկը գոնե փոքր-ինչ սեղմված է (որքան էլ աննշան լիներ նրա շփոթմունքը և որքան արագ հաղթահարվեր այն) մերկ լուսանկարվելու մտքից, ես Աստծո առաջ իմ սուրբ պարտականությունը կհամարեմ միանգամայն դադարեցնել իմ խնդրանքը։»

— Վլադիմիր Լևաշով։ Լուսանկարչության պատմության դասախոսություններ[11]

Երկար ժամանակ համարվել է, որ Քերոլի կողմից մանկական բնությունը պատկերող լուսանկարները կորած են, սակայն ներկայումս դրանցից վեցը հայտնաբերվել են և հրատարակվել[19]։ Նրանցից առավել հայտնի է Ալիսա Լիդդելի ավագ քրոջ՝ Լորինայի ատրիբուտիրային լուսանկարը[20]։ Նմանատիպ մյուս լուսանկարներն արվել են 70-ական թվականների կեսերին և ներկայացնում են Հատչ քույրերին՝ Բեատրիսին, Էվելինին և Էթելին[21]։ Քերոլը ձեռնարկել է նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այդ լուսանկարները չընկնեն կողմնակի ձեռք. ոչնչացրել է նկարների պատճեններն ու նեգատիվները։ Նկարահանումներն ամեն անգամ անցկացվում էին ծնողների իմացությամբ և համաձայնությամբ։ Հատչ քույրերի լուսանկարները ներկված են ձեռքով[22]։

Լուիս Քերոլ։ Ալիսա Լիդդել, 1870

Կարծիքներ կան լուսանկարչի պեդոֆիլիայի մասին, որոնք ֆիզիկապես չեն իրականացվել, բայց սուբլիմացվել են գրական ստեղծագործությունների և լուսանկարների ձևով։ Այս ենթադրությունն առաջացել է 20-րդ դարում և հաստատվում է Քերոլի ընտանիքի կողմից նրա օրագրային գրառումների մի մասի ոչնչացման փաստով։ Ենթադրվում է, որ հենց դրանք էլ կարող էին ապացույցներ պարունակել[11]։ Նրա գործողությունների մասին ուղղակի ոչ մի ապացույց չկա, որը հնարավոր լիներ դիտարկել որպես պեդոֆիլիա։ Քերոլը պնդել է զուտ էսթետիկական հետաքրքրությունը պրոբլեմի նկատմամբ։ Այդ վարկածն իր արտացոլումն է գտել Քերոլայն Լիչի «Հրաշք երեխայի ստվերում» ուսումնասիրության մեջ (անգլ.՝ «In the Shadow of the Dreamchild», 1999): Լիչը պնդում է, որ Քերոլը սիրատածում էր հասուն կանանց, իսկ նրա «երեխա ընկերուհիների» մեծ մասն իրականում հեռու չի եղել պատանեկության տարիքից։ Որոշ պատմաբաններ, որոնք մասնագիտացել էին վիկտորյական դարաշրջանի վրա, ցույց են տալիս, որ Քերոլի կողմից երեխաների ընկալումները գտնվում էին այդ ժամանակների ավանդույթների, օրենքների և բարոյականության շրջանակներում, ինչպես նաև կապված էին գրողի կենսագրության կոնկրետ հանգամանքների հետ[11]։ Միևնույն ժամանակ Քերոլը մեծապես հիասթափված էր երեխաների հետ շփման փորձից։ Նա գրել է. «Ես մտածում եմ, որ երեխաների հետ ընկերության տասը դեպքից ինը խորտակվել է... և child-friends, որոնք ինչ-որ ժամանակ այնքան քնքուշ էին, դառնում էին անհետաքրքիր ծանոթներ, և իմ մեջ նրանց հետ հանդիպելու այլևս ցանկություն չէր լինում»[23]։ Այլ հետազոտողներ երեխաների նկատմամբ նրա հետաքրքրության պատճառը տեսնում են լուսանկարչի՝ հեքիաթային մթնոլորտ, խաղ և իմպրովիզացիա ստեղծելու ձգտման մեջ, որոնք բնորոշ են երեխաներին, բայց խորթ են մեծերի աշխարհին։ Երեխա մոդելներն ի վիճակի էին հաղթահարել նկարահանման այդ ժամանակվա ծիսակարգությունը. պահաժամը, խցիկի դիմաց անշարժությունը, խորը լռությունը[11]։ Լուսանկարների պատրաստման գործընթացը նա համարել է սրբազան գործունեություն։ Տասը տարի անց Ալիսա Լիդդելը որդուն գրել է. «Լուսանկարվելուց առավել հետաքրքիր է մութ սենյակ մուտքի իրավունք ստանալն ու տեսնելը, թե նա ինչպես է երևակում ապակե մեծ թիթեղները»[7]։ Քերոլի աշխատանքներն ուսումնասիրող ամերիկացի Մորթոն Քոեն հրատարակել է ոչ մեծ մենագրություն, որը նվիրված �� գրողի՝ նյու ժանրի լուսանկարներին[24]։

Հետազոտողներն ուշադրություն են դարձնում լուսանկարչի՝ կեցվածք ընդունած երեխաներին խցիկի առաջ անշարժ կանգնել ստիպելու ունակության վրա (պահաժամի նվազագույն տևությունը 40 վայրկյան էր)։ Երկար պահաժամի պատճառով Քերոլի կերպարների մոտ շատ հազվադեպ է ժպիտ նկատվում, սակայն Լևաշովը գտնում է, որ գրողի նպատակը չի եղել «իր մոդելների սիրտը թափանցելը», այլ «ներդաշնակ պատկեր ստեղծելը»։ Իսկ Քերոլը գրել է, որ լուսանկարների մեջ իրեն ամենից շատ գրավում են մոդելների կեցվածքը (հատկապես նրանց ձեռքերը) և նկարի կոմպոզիցիան[14]։ Էվելին Հետչը հիշել է. «Կեցվածքի ընտրությունը գրեթե աղոթքի ծես էր, ինչին մեծ ուշադրություն էր դարձվում...»[7]:

Քերոլն ակտիվ հարաբերություններ էր պահպանում սիրողական լուսանկարիչների հետ և ընդունված էր իրենց որպես պրոֆեսիոնալներ դրսևորածների շրջան։ Լևաշովը ենթադրում է, որ նա լուսանկարչությունն օգտագործել է սոցիալական ավելի բարձր խավ մտնելու համար։ Լուսանկարների շնորհիվ Քերոլը մտերմացել էր պրեռաֆայելիտների հետ։ 1857 թվականին նա ծանոթացել է այդ ուղղության տեսաբան, լուսանկարչությամբ ակտիվորեն հետաքրքրվող Ջոն Ռասկինի հետ, այնուհետև նկարիչ-պրեռաֆայելիտներ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Ուիլյամ Հոլման Հանտի, Ջոն Էվերեթ Միլլեի, Արթուր Հյուզի հետ[14]։ Հենրի Փիչ Ռոբինսոնի և Օսկար Գուստավ Ռեյլանդերի աշխատանքների հետ միասին Քերոլի լուսանկարները պատկանում են պիկտոռեալիզմին, որին բնորոշ են նկարների բեմադրական բնույթն ու նեգատիվների մոնտաժը։ Ռեյլանդերին Քերոլն անձամբ էր ճանաչում, նրանից մի քանի դաս էր առել, նրանից գնել էր մանկական բեմադրական լուսանկարների հավաքածու։ Գրողի լուսանկարները, որ արել էր Ռեյլանդերը, 19-րդ դարի 60-ական թվականների լուսանկարչական դասական դիմանկարներ են։ Գրողը ձեռք էր բերել Կլեմենտինա Գավարդենի 37 լուսանկարներից կազմված հավաքածուն (բոլորն էլ ունեին մոտավորապես 198 × 144 մմ չափեր), որը, ըստ լուսանկարների քանակի, երկրորդն էր նրա ընտանիքի հավաքածուից հետո[25][26]։

Գրողը մոտիկից ծանոթ էր իր ժամանակի խոշորագույն լուսանկարիչներից շատերին և առանձնահատուկ էր գնահատում նրանց աշխատանքները։ Քերոլը Ջուլիա Մարգարետ Կամերոնի լուսանկարները չէր սիրում նրանցում կիզակետի բացակայության պատճառով։ Կամերոնը նախընտրում էր առավելագույն չափով խոշոր պլան, իսկ Քերոլը՝ ամբողջ հասակով նկարներ, քանի որ հենց ֆիգուրան էր նրան դարձնում առավել արտահայտիչ[14]։ Պահպանվել են հազվադեպ ապացույցներ, որ Քերոլն իր լուսանկարների վրա աշխատելիս օգտվել է պրոֆեսիոնալ նկարիչների խորհրդատվությունից, որոնք երբեմն նրա լուսանկարների համար ուրվանկարներ են արել. նկարիչ Հենրի Հոլիդեյը «ցույց տվեց նկարները, որոնք անում էր ինձ համար (երկու մերկ երեխաներով կոմպոզիցիայի ուրվանկարը իմ լուսանկարների համար բնօրինակով), դրանք հիանալի էին»[27]։

Քերոլի ֆոտոմոդելները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները պնդում էին, որ Լուիս Քերոլը՝ որպես լուսանկարիչ, անտանելի էր, նա իրեն հաշիվ չէր տալիս այն բանում, թե ինչ քաոս էր ստեղծել ուրիշի տանը։ Նա ոչնչի առաջ կանգ չէր առնում՝ հետապնդելով երկու նպատակ՝ որպես բնորդ ունենալ կամ հայտնիների, կամ էլ գեղեցիկ երեխաների։ Նա փորձում էր Վիկտորիա թագուհուն և գահաժառանգին՝ ապագա թագավոր Էդուարդ VII-ին, լուսանկարելու թույլտվություն ստանալ, բայց ապարդյուն[12]։ Քերոլը երկար ժամանակ հետապնդում էր Թեննիսոնին և նրա ընտանիքին՝ ձգտելով նրանց լուսանկարելու իրավունք ձեռք բերել, որի արդյունքը եղավ այն, որ Թեննիսոնը երիտասարդ ուսուցչի մեջ առաջին հերթին տեսավ լուսանկարչի և հրաժարվեց ճանաչել նրա նրա գրական տաղանդը[28]։ Քերոլի համար մեծ իրադարձություն էր թագուհու կողմից իր հասցեին ասված գովասանքը.

«Տիկին Ռիդից նամակ ստացա, որի մեջ դրված էր տիկին Ա. Սթենլիից (Ուեստմինստերյան աբբայության վանահոր կինը) տիկին Ա. Մ. Դոուսոնին գրված երկտողը, որտեղ նա պատմում է, որ իմ լուսանկարները ցույց է տվել թագուհուն, և նա հանձնարարել է փոխանցել, որ «Նորին մեծությունը հիանում է նրանցով։ Նման լուսանկարները կոնսորտ արքայազնի ճաշակով են և նրան մեծ հաճույք կպատճառեն։»

— Ջոն Պադնի։ Լուիս Քերոլը և նրա աշխարհը[29]

Պետական գործիչների շրջանում Քերոլի ամենամեծ ավարը եղավ Օքսֆորդի համալսարանի կանցլեր Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերիի լուսանկարը, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ[30]։

Քերոլի շփման շրջանակը սահմանափակվում էր իր ընտանիքով, Օքսֆորդի ակադեմիական միջավայրով և նրանց երեխաներով։ Հենց այդ մարդկանց էլ նա դարձնում էր լուսանկարչական իր դիմանկարների մոդելները[11]։ Քերոլի պահպանված լուսանկարներից ավելին քան կեսում պատկերված են աղջիկներ (չնայած, ինչպես գտնում են մասնագետները, կորած լուսանկարների հաշվին իրական համամասնությունը կարող էր ամբողջությամբ տարբեր լինել)։ 1863 թվականի մարտին իր օրագրում արված գրառման մեջ նա այբբենական կարգով թվարկել է 103 աղջկա, որոնց կցանկանար լուսանկարել։ Նրանց լուսանկարել է ինչպես հագուստով (պատմական, էթնիկ և հեքիաթային հագուստներով, սովորաբար դրանք բեմադրական լուսանկարներ են), այնպես էլ առանց դրա[11]։

Իր փոքրիկ ընկերուհիներին, որոնք եղել են իր ֆոտոմոդելները, Քերոլն անվանել է «երեխա-ընկեր» (անգլ.՝ «child-friend»): Որոշ հետազոտողներ գտնում են, որ այդ տերմինը ցույց է տվել ոչ թե տարիքը, այլ հարաբերության տեսակը, որ վիկտորյական Անգլիայում այդ արտահայտությունը բավականին տարածված էր և արտացոլում էր սոցիալական տարբեր կարգավիճակներով մարդկանց փոխհարաբերությունների բնույթը։ Կան տվյալ տերմինի նաև այլ մեկնաբանություններ[31]։

Քերոլի ամենահայտնի և հաճախ եղած ֆոտոմոդելներն են.

  • Ալեքսանդրա Ռոդա Քիթչին (մականունը՝ «Էքսի», անգլ.՝ Alexandra «Xie» Rhoda Kitchin, 1864-1925), գրողի մուսան և ֆոտոմոդելը 1868 թվականից։ Քերոլը նրան ավելի հաճախ է լուսանկարել, քան իր մոդելներից որևէ մեկին։ Ալեքսանդրա Քիթչինը սուրբ Ջորջ Քիթչինի (1827-1912) դուստրն էր։ Ջորջ Քիթչինը Քերոլի գործընկերն էր Քրիստոսի մայր տաճարում (Օքսֆորդ), հետագայում դեկան էր Վինչեսթերի տաճարում, իսկ ավելի ուշ՝ Դարհեմում[32][33]։ Նրա կնքամայրը՝ Ալեքսանդրա Դանիացին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ապագա կոնսորտ թագուհին, մոր մանկության ընկերուհին էր[34]։ 1890 թվականին Ալեքսանդրան ամուսնացել է պետական ծառայող և սիրողական երաժիշտ Արթուր Կարդուի հետ։ Նրանք ունեցել են 6 երեխա։ Ի տարբերություն Ալիսա Լիդդելի, Իզա Բոումենի և Քերոլի մյուս ընկերուհիների՝ «Xie» երբեք նրա մասին հուշեր չի տպագրել[35]։
  • Ալիսա Լիդդելը դասական բանասեր, Օքսֆորդի քոլեջներից մեկի դեկան, «Լիդդել-Սքոթ» հունական բառարանի համահեղինակ Հենրի Լիդդելի և նրա կնոջ՝ Լորինա Հաննա Լիդդելի (ի ծնե՝ Ռիվ) դուստրն էր։ Նա նկարված է գրողի 20 լուսանկարներում։ Նրան է նվիրված «Ալիսան Հրաշքների աշխարհում» ձեռագիրը (և նրա նախնական տարբերակի՝ «Ալիսայի արկածները գետնի տակ»), ենթադրվում է, որ Քերոլը սիրահարված էր նրան և նույնիսկ նրան առաջարկություն էր արել[36]։
  • Ագնես Գրեյս Ուելդը (անգլ.՝ Agnes Grace Weld, 1849-1915)՝ բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնի զարմուհին, գրող, Լոնդոնի թագավորական ընկերությունում 16 տարի որպես քարտուղարի օգնական ու գրադարանավար աշխատած Չառլզ Ռիչարդ Ուելդի (1813-1869) և Էնի Ուելդի (աղջկական ազգանունը՝ Սելվուդ) դուստրն էր։ Մանկության տարիներին բազմիցս եղել է Լուսի Քերոլի, Ջուլիա Մարգարետ Կամերոնի[37] և Օսկար Գուստավ Ռեյլանդերի լուսանկարների մոդել։ Նրա մորաքույրը Ալֆրեդ Թեննիսոնի կինն էր, այդ ընտանիքի հետ աղջիկն ու իր ընտանիքը սերտ հարաբերություններ էին պահպանում։ Ագնես Ուելդը ոչ մի անգամ չի ամուսնացել, իր կյանքը նվիրել է բարեգործություններին և դրանց վրա ծախսել իր գրեթե ամբողջ ժառանգությունը։ Նա իր ժամանակներին հայտնի էր որպես հրապարակախոս, կենդանության օրոք տպագրել է 4 գիրք, որոնք նվիրված էին կրոնին կամ հուշեր էին պարունակում Ալֆրեդ Թեննիսոնի մասին[38]։
  • Էննի Ռոջերսը (1856—1937) բազմիցս եղել է Լուիս Քերոլի լուսանկարների մոդել, հետագայում հայտնի է եղել որպես կանանց կրթության ակտիվ կողմնակից։ Պրոֆեսոր, տնտեսագետ Թորոլդ Ռոջերսի դուստրն էր, մեծացել է Օքսֆորդում՝ ակադեմիական ընտանիքում։ 1873 թվականին Բալլիոլ և Վուստեր քոլեջներում հաջողությամբ հանձնել է քննությունները, բայց ընդունվել է մի տղա, որն ավելի ցածր արդյունքներ ուներ, իսկ Էննի Ռոջերսը Բալլիոլ քոլեջից որպես նվեր ստացել է Հոմերոսի 4 հատորյակը։ Աս պատմության հետ կապված, որը մեծ հրապարակայնություն էր ստացել, առանձին դասընթացներ ե�� բացվել կանանց համար, Ռոջերսը դրանք ավարտել է բարձր արդյունքներով (1877 թվական)։ Հետագայում նա դարձել է Կանանց կրթության ասոցիացիայի քարտուղար և սուրբ Աննայի քոլեջում Society of Oxford Home-Students հիմնադիրներից մեկը[39]։

Շախմատը Լուիս Քերոլի լուսանկարներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլի լուսանկարների մի շարքում պատկերված են շախմատ խաղացող մարդիկ։ Գրողն ակտիվորեն հետաքրքրվում էր Մեծ Բրիտանիայի շախմատային կյանքով, խաղում էր շախմատ, երեխաներին խաղալ էր սովորեցնում։ «Ալիսը հայելու աշխարհում» հեքիաթի սյուժեն կառուցված է շախմատային պարտիայի վրա, որը մտածել է գրողն ինքը[40]։

Լուսանկարչության մասին Քերոլի գրական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլը տարբեր ժանրերով ստեղծել է գրական մի շարք ստեղծագործություններ լուսանկարչության մասին. небольшие рассказы «Անսովոր լուսանկարը» (անգլ.՝ «Photography Extraordinary»), «Շոտլանդական լեգենդ» (անգլ.՝ «The Legend of Scotland»), «Լուսանկարչի հանգստյան օրը» (այլ թարգմանությամբ՝ «Լուսանկարիչը ելքատեղում», անգլ.՝ «A Photographer’s Day Out») փոքրիկ պատմվածքները, «Հայավաթ-լուսանկարիչ» (այլ թարգմանություններով՝ «Հայավաթը լուսանկարչական խցիկով», «Հայավաթի լուսանկարահանումը», անգլ.՝ «Hiawatha’s Photographing») բանաստեղծությունները։ Լուսանկարչության թեմայով նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի է Հենրի Լոնգֆելոյի պոեմի բանաստեղծություն-պարոդիան։ Այն ավարտել է 1857 թվականի նոյեմբերի 13-ին և տպագրել նույն թվականի դեկտեմբերին «The Train»-ում։ Ավելի ուշ այն վերահրատարակվել է հեղինակի «Ֆանտասմագորիա և այլ բանաստեղծություններ» (անգլ.՝ «Phantasmagoria and Other Poem», 1869) և «Հանգ և Բանականություն» (անգլ.՝ «Rhyme and Reason», 1883) հավաքածուներում։ Այն «Հայավաթի երգը» պոեմի պարոդիան է, որտեղ Քերոլը նկարագրում է լուսանկարչի հուզմունքն ու դժվարությունները, հավանաբար, հիմնվելով սեփական փորձի վրա[1]։ Հեղինակը բանաստեղծությանը նախադրել է փոքր ներածական, որը գրված է նույն չափով, սակայն բանաստեղծության նման բաժանված չէ տողերի.

«Լուսանկարչի հանգստյան օրը» պատմվածքի գլխավոր հերոսը պետք է ընտանեկան ֆոտոսեանս կազմակերպեր։ Ընտանիքի անդամներն են հայրը, մայրը, դպրոցական 2 տղաները, բազմաթիվ երեխաներ, բայց նրա վրա ամենաուժեղ տպավորությունը թողնում է ավագ դուստրը՝ Ամելիան, որի գեղեցկությունն էլ փորձում է արտահայտել լուսանկարներում և ցանկանում արժանանալ նրա համակրանքին։ Սակայն նրա ամբողջ ընտանիքին վերալուսանկարելուց հետո նա բացահայտում է, որ աղջիկը նշանված է և իր հույսերը չեն կարող իրականանալ։ «Շոտլանդական լեգենդ» պատմվածքի գործողությունները տեղի են ունենում միջնադարյան ամրոցում, որտեղ ապագայից հայտնվել էր ինչ-որ տիկնոջ ուրվական և պատմում էր անկարող լուսանկարչի՝ իրեն ամբողջ հասակով լուսանկարելու անհաջող փորձերի մասին (ամեն անգամ լուսանկարի մեջ նրա մարմնի միայն մի մասն էր լինում)։ «Արտասովոր լուսանկարը» Քերոլի երկրորդ արձակ տեքստն է ըստ ժամանակային հաջորդականության, նրանում նկարագրված էր ինչ-որ «լուսանկարչության նոր մեթոդ», որը թույլ էր տալիս գրական տեքստերը «բերել» ցանկալի վիճակի։ Հեղինակի պնդմամբ՝ Ուիլյամ Վորդսվորթի բանաստեղծությունների վրա կատարած փորձերն իրեն հաղորդել են «զարմանալի էներգիա», իսկ Ջորջ Բայրոնի բանաստեղծությունների վրա կատարված նման փորձերի ընթացում թղթերը «ծխացել են և ածխացել»[2]։

Քերոլի լուսանկարների հավաքածուներ և դրանց ընդօրինակումների հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդեռնիզմի դարաշրջանում Քերոլի լուսանկարները չեն հասկացվել և մեծ հետաքրքրություն չեն առաջացրել, սակայն հետո նրա՝ որպես վիկտորյական լավագույն լուսանկարիչներից մեկի հեղինակությունն սկսել է վերականգնվել[11]։

1945 թվականին կոլեկցիոներ, պատմաբան և լուսանկարիչ Հելմութ Գերնսհայմին գրավել էին վիկտորյական լուսանկարները։ Այդ ժամանակ նրա մասին հատուկ ոչ մի գրականություն չկար։ Լոնդոնցի մի հնագրավաճառ Գերնսհայմին առաջարկել էր մանկական լուսանկարների ալբոմ (ինչպես նա էր ��նդում, այդ լուսանկարները «հանվել էին նկուղի գրքերի կույտի մեջից»)։ Դրանց հեղինակը, ըստ հնագրավաճառի, կարող էր լինել Լուիս Քերոլը։ Դրա ոչ մի ապացույց չկար, բայց Գերնսհայմը Բրիտանական թանգարանում այդ նկարների ստորագրությունները համեմատեց Քերոլի հայտնի ինքնագրերի հետ և համոզվեց, որ դրանք պատկանում են գրողին[41]։

Լուիս Քերոլի լուսանկարչական ապարատը պահպանվել է մինչև մեր ժամանակները, այն պահվում է Օքսֆորդի թանգարանում[42]։ Գրողի լուսանկարների ամենամեծ հավաքածուները պատկանում են Փրինսթոնի համալսարանին[43] և Լոնդոնի ազգային պատկերասրահին[44], Տեխասի համալսարանին (Օստին)[45], նրա լուսանկարներից կան Մետրոպոլիտեն թանգարանի[46], Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի[47] հավաքածուներում և այլ տեղերում։

1998 թվականին Նյու Յորքում, Կալիֆոռնիայում կազմակերպվել է Քերոլի լուսանկարների «Մտորումներ հայելիների աշխարհում։ Ցուցահանդես Լուիս Քերոլի հարյուրամյակին» (անգլ.՝ «Reflections in a Looking Glass: A Lewis Carroll Centenary Exhibition») խոշոր ցուցահանդեսը։ Ցուցադրություններ կազմակերպվել են նաև Տեխասի համալսարանում, Հարրի Ռենսոմի հետազոտական կենտրոնում։ Տպագրվել է ցուցահանդեսների կատալոգը[48]։ Գրողի լուսանկարներից մեկը ցուցադրվել է 1955 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված «Մարդկային ցեղ» (անգլ.՝ «The Family of Man») միջազգային ցուցահանդեսում։ Ծրագրի հոգաբարձուն Էդվարդ Սթեյխենն էր։ Ցուցահանդեսում ներկայացվել են 503 լուսանկարներ 68 երկրից, որոնք պատկանում էին 273 լուսանկարիչների։ Վիկտորյական Բրիտանիան ներկայացնում էր Քերոլի «Մայիսի թագուհին» (1860) լուսանկարը, որում պատկերված էր Ալիսա Լիդդելը[49]։ Ցուցահանդեսը 8 տարվա ընթացքում շրջել է ամբողջ աշխարհում և ցուցադրվել 6 մայրցամաքների 37 երկրներում։ Ներկայումս այդ լուսանկարները ցուցադրվում են Կլերվոյի հատուկ ցուցասրահում[50]։

Ընդօրինակված կամ էլ Լուիս Քերոլի ոճով վերաիմաստավորված լուսանկարների շարքն ստեղծվել է հույն ժամանակակից լուսանկարիչ Պալիքսենի Պապապետրուի («Dreamchild» ֆոտոալբոմի հեղինակը, 2003, այս ալբոմում Քերոլի առավել հայտնի լուսանկարների սյուժեները վերակերտել է լուսանկարչի դուստրը)[51] և ճապոնացի լուսանկարիչ Հաձիմե Սավատարիի («Ալիսա» և «Ալիսան ծովից» ալբոմների հեղինակ, անգլ.՝ «Alice from the Sea» կողմից, «Ալիսա» (անգլ.՝ «Alice») ալբոմի շարունակությունը)[52][53][54]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Левашов, 2014, էջ 36
  2. 2,0 2,1 Демурова, 2013, էջ 99, 128
  3. Падни, 1982, էջ 52
  4. Падни, 1982, էջ 10
  5. 5,0 5,1 Демурова, 2013, էջ 126
  6. 6,0 6,1 Падни, 1982, էջ 65
  7. 7,0 7,1 7,2 Падни, 1982, էջ 66
  8. Ford, Colin Julia Margaret Cameron: A Critical Biography. — J. Paul Getty Museum, 2003. — С. 38. — 212 с. — (Getty Museum Studies on Art. Photographs Series). — ISBN 9-780-8923-6707-8
  9. Cox, Julian; Ford, Colin Julia Margaret Cameron: The Complete Photographs. — Getty Trust Publications: J. Paul Getty Museum, 2003. — С. 41. — 566 с. — (Getty Publications virtual library. Getty Trust Publications). — ISBN 9-780-8923-6681-1
  10. Marsh, Jan. «Reginald Southey». National Portrait Gallery, London. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 Левашов, 2014, էջ 37
  12. 12,0 12,1 Падни, 1982, էջ 71
  13. Толкачёва, 2010, էջ 63
  14. 14,0 14,1 14,2 14,3 Левашов, 2014, էջ 38
  15. Smith, Lindsay Lewis Carroll: Photography on the Move. — Reaktion Books, 2015. — 336 с. — ISBN 9-781-7802-3545-5
  16. Падни, 1982, էջ 119
  17. Бросалина, Любовь Льюис Кэрролл: сказочник фотографии // Российское фото.
  18. Падни, 1982, էջ 64
  19. Նման հրապարակման օրինակ է Քերոլի ատրիբուտիրային լուսանկարը, որում ենթադրաբար պատկերված է ֆոտոմոդել Ֆլորենս Բիկերստետը. «Lewis Carroll Dodgson. N°831». Galerie Opus Mirabilis. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.(չաշխատող հղում)
  20. Furness, Hannah BBC investigates whether Lewis Carroll was 'repressed paedophile' after nude photo discovery(անգլ.) // The Telegraph : Газета. — 2015.
  21. Lyndall, Gordon Lewis Carroll and his “child-friends”: revelations about Alice and her wonderland(անգլ.) // New Statesman : Газета. — 2015.
  22. Ranson-Polizzotti, Sadi Next: 42 Seconds Under Ground: The Photography of Lewis Carroll. Review of two books on Lewis Carroll(անգլ.) // Blogcritics Magazine : Журнал. — 2004. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2015.
  23. Левашов, 2014
  24. Cohen, Morton N. Lewis Carroll, Photographer of Children: Four Nude Studies. — New York: Clarkson N. Potter / Crown, 1979. — 32 с.
  25. «Художественная фотография». История фотографии. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  26. «Снимки Леди Клементии Гаварден уйдут с молотка». LibyMax. Фев. 20, 2013. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  27. Падни, 1982, էջ 96
  28. Падни, 1982, էջ 72—74
  29. Падни, 1982, էջ 79
  30. Падни, 1982, էջ 120
  31. Борисенко А., Демурова Н. Льюис Кэрролл: мифы и метаморфозы // Иностранная литература : Журнал. — 2003. — № 7. — С. 195—207.
  32. «Photographs of Children». Harry Ransom Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  33. Hambourg, 1993, էջ 276
  34. Curthoys, M. C. «Kitchin, George William (1827–1912), scholar and dean of Durham». Oxford Dictionary of National Biography. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  35. «Alexandra 'Xie' Kitchin: la prima musa di Lewis Carroll». Carrollpedia. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  36. McCrum, Robert The Story of Alice review – the worrying, winding road to Wonderland // The Guardian : Газета. — 2015.
  37. Cox, Julian; Ford, Colin Julia Margaret Cameron: The Complete Photographs. — Getty Publications, 2003. — С. 520. — 556 с. — ISBN 9-780-8923-6681-1
  38. Wakeling, 2014, էջ 335—336
  39. «Annie Rogers (1856-1937)». St Anne’s College, Oxford. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  40. «Charles Dodgson and Chess» (անգլերեն). The Lewis Carroll Society. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  41. Толкачёва, 2010, էջ 58
  42. Падни, 1982, էջ 11
  43. «Lewis Carroll». Princeton University Library. Department of Rare Books and Special Collections. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  44. «Lewis Carroll (Charles Lutwidge Dodgson)». National Portrait Gallery, St Martin's Place, London. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  45. «Carroll the Photographer». The Harry Ransom Center. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  46. «St. George and the Dragon». The Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  47. «Carroll, Lewis». Victoria and Albert Museum, London. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  48. ««Reflections in a Looking Glass: A Lewis Carroll Centenary Exhibition» to Open September 14, 1998». The Harry Ransom Center. 1998 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  49. The Family of Man: The greatest photographic exhibition of all time — 503 pictures from 68 countries—created by Edward Steichen for the Museum of Modern Art. — New York: Museum of Modern Art, Maco Magazine Corporation, 1955. — С. 193. — 196 с.
  50. Бикмурзина, Элла Игры разума рождают Льюиса Кэрролла. Сказки эксцентричного математика об Алисе ученые расшифровывают по сей день // Вокруг света : Журнал. — 2006.
  51. Papapetrou, Polixeni. «Lewis Carroll». Polixeni Papapetrou. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  52. Photo exhibition features Hajime Sawatari’s "Alice"(անգլ.) // Japan Today : Журнал. — 2014.
  53. «Alice Special Edition» (անգլերեն). 写々者. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  54. «Hajime Sawatari "Alice from the Sea" 1979» (անգլերեն). Mikitimi Books & Prints. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]