Էդուարդ Սեյմուր, Սոմերսեթի 1-ին դուքս
Էդուարդ Սեյմուր անգլ.՝ Edward Seymour | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 1506[1] կամ մոտ 1500[2] |
Ծննդավայր | Անգլիա |
Վախճանի օր | հունվարի 22, 1552[1] |
Վախճանի վայր | Թաուեր Հիլ, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Թաղված | Church of St Peter ad Vincula, Tower Hamlets |
Դինաստիա | House of Seymour? |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | John Seymour?[3] |
Մայր | Margery Wentworth?[3] |
Ամուսին | Catherine Fillol? և Anne Seymour, Duchess of Somerset?[3] |
Զավակներ | Sir Edward Seymour, of Berry Pomeroy?, Էդուարդ Սեյմուր Հարթֆորդի 1-ին կոմս[3], Margaret Seymour?, Jane Seymour?, John Seymour?[4], Anne Dudley, Countess of Warwick?[4][3], Lady Mary Seymour?[4], Lady Elizabeth Seymour?[4], Lord Henry Seymour?[4] և unknown Seymour?[4] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Էդուարդ Սեյմուր, Սոմերսեթի 1-ին դուքս (անգլ.՝ Edward Seymour, the 1st Duke of Somerset; 1506[1] կամ մոտ 1500[2], Անգլիա - հունվարի 22, 1552[1], Թաուեր Հիլ, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն)՝ Էդուարդ VI թագավորի հորեղբայրը, Անգլիայի ռեգենտը (լորդ-պրոտեկտոր) 1547-1549 թվականներին։
Հենրի VIII-ի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլթշիրից սըր Ջոն Սեյմուրի և Մարգարեթ Ուենթվորթի որդին՝ Էդուարդ Սեյմուրը, այն բանից հետո, երբ իր քույր Ջեյն Սեյմուրը 1536 թվականին դարձավ Հենրի VIII–ի երրորդ կինը, ստացավ Բոշամպի վիկոնտ տիտղոսը (նույն տարում), իսկ 1537 թվականին՝ Ջեյնի երկար սպասված ժառանգորդ, ապագա Էդուարդ VI-ի ծնվելուց երեք օր անց՝ Հարթֆորդի կոմսի տիտղոսը։ Թագուհու մահից հետո Էդուարդը և նրա եղբայր Թոմաս Սեյմուրը շարունակում էին ազդեցիկ դեմքեր մնալ Հենրիի պալատում։ Նրա օրոք Հարթֆորդի կոմսը լորդ–ծովակալ էր (1542-1543), ապա 1544-1550 թվականների անգլո-ֆրանկո-շոտլանդական պատերազմի ընթացքում մասնակցել է դեպի Շոտլանդիա (1544) մի քանի ռազմական արշավանքների՝ ավերելով Շոտլանդիայի սահմանային քաղաքները, վանքերն ու եկեղեցիները, և 1546 թվականին՝ Բուլոն-սյուր-Մերի պաշտպանությանը։
Իշխանության գալը
[խմբագրել | խմբագրել կոդը]1547 թվականի հունվարի 28-ին Հենրի VIII-ը մահացավ։ Իր կտակում նա չէր նախատեսել պետության միանձնյա ռեգենտի (լորդ-պրոտեկտոր) պաշտոն՝ տասնվեց կտակակատարի նշանակելով կոլեկտիվ ռեգենտներ՝ մինչև Էդուարդ VI-ի չափահասությունը[5]։ Սակայն թագավորի մահից կարճ ժամանակ անց՝ 1547 թվականի փետրվարի 4-ին, Լոնդոնում գտնվող բոլոր 13 կտակակատարները, կաշառված, առնվազն՝ հողերով ու տիտղոսներով[6], Հարթֆորդի կոմսին նշանակվեցին լորդ-պրոտեկտոր և «թագավորի խնամակալ»[7], իսկ շուտով նա մանկահասակ արքայի անունից իրեն շնորհեց Սոմերսեթի դուքսի տիտղոսը[8]։ 1547 թվականի մարտից նա Գաղտնի խորհրդի անդամներին միանձնյա նշանակելու և ըստ ցանկության նրանց հետ խորհրդակցելու թագավորական լիազորություններ ստացավ[9]։ Այդ ժամանակից ի վեր Սեյմուրը Անգլիան փաստորեն ղեկավարում էր որպես անսահմանափակ միապետ[10]՝ հրապարակելով թռուցիկներ և Գաղտնի խորհուրդ հրավիրելով միայն իր որոշումների պաշտոնական հաստատման համար։
Հենրի VIII-ի մահից հետո ներում շնորհվեց թագավորի կողմից մահվան դատապարտված Նորֆոլկի դուքսին, որը փրկվեց միայն այն պատճառով, որ թագավորը մահացավ մահատժին նախորդող գիշերը[11]։ Սակայն նրա հողերի բռնագրավման մասին խորհրդարանի որոշումը պահպանվեց (դրանք օգտագործվել են Սեյմուրի կողմից՝ մեծատոհմիկ աստիճանավորներին կաշառելու համար), իսկ ինքը՝ դուքսը, բանտարկված մնաց Թաուերում Էդուարդ VI–ի ողջ թագավորության ընթացքում, որտեղից դուրս եկավ միայն Մարի I–ի օրոք։ Սեյմուրը ստացավ Նորֆոլկի՝ լորդ-գանձապետի և լորդ-մարշալի երկու պաշտոնները։
Շոտլանդական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոտեկտորի խոշոր ձեռնարկումը սկզբում Շոտլանդիայի հետ պատերազմի հաջող շարունակությունն էր[12]։ Նա կրկին անձամբ գլխավորեց իր զորքի արշավը դեպի Լոթիան և 1547 թվականի սեպտեմբերի 10-ին Փինքիի ճակատամարտում ջախջախեց շոտլանդական ռեգենտ Արրանի կոմսին, որից հետո Շոտլանդիայում կայազորներ տեղադրեց՝ ընդհուպ մինչև Դանդի[13]։ Սակայն ամբողջ երկիրը գրավել անգլիացիներին այդպես էլ չհաջողվեց, իսկ շոտլանդացիները թարմացրեցին Ֆրանսիայի հետ Հին միությունը[14]՝ Փարիզ ուղարկելով իր մանկահասակ թագուհի Մարիա Ստյուարտին, ով նշանված էր դոֆինի՝ ապագա Ֆրանցիսկ II–ի հետ[15]։ Ֆրանսիացիները օգնական ուժեր ուղարկեցին Էդինբուրգը պաշտպանող շոտլանդացիներին, իսկ Թվիդի մոտ պահվող մեծ կայազորները թագավորական գանձարանի վրա բավականին թանկ արժեցան։ 1549 թվականի օգոստոսին Ֆրանսիան գրոհեց Բուլոնը, ինչը ստիպեց ռեգենտին զորքերը դուրս բերել Շոտլանդիայից[16]։ Արդեն 1550 թվականին Սոմերսեթի անկումից հետո պատերազմն ավարտվեց Բուլոնյան հաշտությամբ։
Եկեղեցական բարեփոխումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմերսեթի դուքսը շարունակել է Հենրի VIII-ի բարեփոխիչ եկեղեցական քաղաքականությունը՝ ի համեմատություն կաթոլիկության պատարագային տարբերությունները ներմուծելով Անգլիայի եկեղեցում[17]։ Այդ հարցում նրան գործուն կերպով օգնում էին երիտասարդ թագավորը, որն ակտիվորեն հետաքրքրվում էր եկեղեցական գործերով, և արքեպիսկոպոս Թոմաս Կրանմերը։ 1547 թվականին սկիզբ դրվեց «ըստ երկու տեսակի» հաղորդությանը։ 1549 թվականին քահանաներին թույլատրվեց ամուսնանալ։
1549 թվականին ներդրվեց Կրանմերի կազմած Ընդհանուր աղոթքների գիրքը, որը պարունակում էր բացառապես անգլերեն լեզվով տեքստեր։ Այս գիրքը փոքր փոփոխություններով օգտագործվում է Անգլիայի եկեղեցիներում մինչ օրս։ Պաշտամունքի ժամանակ հատուկ ուշադրություն սկսվեցին դարձնել Աստվածաշնչի ընթերցանությանը։
Շոտլանդական պատերազմի արդյունքում գրավյալ տարածքի զգալի մասը հակվել էր բողոքականությանը, ինչը խթանել էր Շոտլանդիայում ռեֆորմացիայի կամավոր տարածմանը։
Ներքին անհաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ընթացքում Անգլիայում ինքնապետական Սոմերսեթը իր սեփական ընտանիքում բախվեց վտանգավոր ընդդիմության հետ[18]։ Հենրի VIII-ի այրու՝ Եկատերինա Պարրի հետ ամուսնացած նրա եղբայրը՝ Թոմաս Սեյմուրը[19], սկսել էր հավակնել եղբորորդու նկատմամբ խնամակալությանը և համոզել էր տղային պաշտոնանկ անել պրոտեկտորին[20]։ Դրա համար Թոմասը Էդուարդին գրպանի փող էր խոստացել[21]։ Եկատերինա Պարրի մահից հետո 1548 թվականին Թոմասը սկսեց հարսնախոսել արքայի 15-ամյա քրոջը՝ Ելիզավետային։ 1549 թվականի հունվարին Սոմերսեթի դուքսը, մտահոգված լինելով եղբոր հավակնություններով, պատանի թագավորի աջակցությամբ հրամայեց ձերբակալել Թոմասին՝ հրապարակավ հայտարարելով թագավորին կաշառելու փորձերի մեջ[22]։ 1549 թվականի մարտի 20-ին Թոմաս Սեյմուրը մահապատժի ենթարկվեց առանց դատարանի, խորհրդարանական ակտով[23]։
Նույն՝ 1549 թվականին բռնկվեցին մի քանի ժողովրդական ապստամբություններ, ինչպես կրոնական (ընդդեմ անգլերեն լեզվով բողոքական ծառայության ներդրման), այնպես էլ տնտեսական (Ռոբերտ Քեթթի ապստամբությունը ցանկապատումների դեմ)։ Ավելի վաղ Սոմերսեթը հրահանգել էր հետաքննել արոտավայրերի անվան տակ համայնքային հողերը հատկացնելու վերաբերյալ գործերը․ դրանով զբաղվող խորհրդարանի անդամ Ջոն Հեյլզը ցանկապատումներ հարցը կապել է բողոքական աստվածաբանության հռետորաբանության հետ։ Դա ժողովրդի մեջ լուրեր առաջացրել «բարի պրոտեկտորի» մասին, որը ցանկանում է չեղարկել ցանկապատումները և գյուղացիների աչքում արդարացնում է լենդլորդերի դեմ բռնությունները[24]։ Մեծացած Էդուարդ VI-ը օրագրում գրել է, որ ապստամբություններ են սկսվել, քանի որ «որոշ հանձնաժողովներ են ուղարկվել ոչնչացնելու ցանկապատումները»։
Անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի ապստամբությունն ու հարձակումը հասարակության կողմից ընկալվեցին որպես պրոտեկտորի անձնական անհաջողություններ։ Սեպտեմբերի վերջին Գաղտնի խորհուրդը որոշեց նրա դեմ հանդես գալ միասնական ճակատով։ Հոկտեմբերի 1-ին Սոմերսեթը, զգալով վտանգը, թագավորին տարավ Վինձորի դղյակ և թռուցիկ հրապարակեց, որը հայտարարում էր, որ թագավորն ու պետությունը վտանգի մեջ են[25]։ Դա նրան չօգնեց. հավաքված Գաղտնի խորհուրդը միաձայն դատապարտեց ռեգենտի գործողությունները, հայտարարեց, որ իր իշխանությունը գալիս է Խորհրդից, այլ ոչ թե Հենրիի կտակից, և հրամայեց Սոմերսեթին զրկել ռեգենտությունից և ձերբակալել նրան։ Հոկտեմբերի 11–ին Վինձորում նրան կալանավորեցին, տեղափոխեցին Թաուեր, իսկ 12-ամյա թագավորը միացավ հորեղբոր դեմ մեղադրանքներին․ «սնափառություն, հարստացում իմ գանձարանից, անխոհեմ պատերազմներ՝ իմ պատանեկության տարիներին, Նյու–Հեյվենի կողմից արհամարհանք, սեփական կարծիքին հետևել և իր անունից գործել, և այլն։»[26]։
Ազատագրում, նոր ձերբակալություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1550 թվականի փետրվարին Գաղտնի խորհրդի առաջնորդ դարձավ Ջոն Դադլին։ Նա Սոմերսեթին ազատեց Թաուերից և վերադարձրեց Գաղտնի խորհուրդ, իսկ Դադլիի որդին ամուսնացավ Սեյմուրի դստեր հետ։ 1551 թվականի հոկտեմբերին նախկին պրոտեկտորը կրկին կալանավորվեց դավադրությունների և իշխանությունը վերադարձնելու փորձի մեղադրանքով, և դատարանի կողմից դատապարտվեց ոչ թե որպես դավաճան, այլ քրեական հանցագործության համար (ֆելոնիա)[27] և զրկվեց դքսական տիտղոսից (իր հերթին, Սոմերսեթի ձերբակալությունից քիչ առաջ Նորթումբերլենդի դքսի տիտղոսը ստացել էր ինքը՝ Դադլին, ինչը կտրուկ ուժեղացրել էր նրա ազդեցությունը թագավորի վրա)։ 1552 թվականի հունվարի 22-ի առավոտյան Սեյմուրին գլխատեցին Թաուերի բլրի վրա[28]։ Մահապատժի ենթարկվածի մարմինը թաղվել է Սուրբ Պետրոսի մատուռում։
Սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Սեյմուրն ամուսնացել է երկու անգամ՝ 1527 թվականին Քեթրին Ֆիլլոլի (որի հետ ամուսնալուծվել է) և 1530-ականների սկզբին՝ Աննա Սթենհոուփի հետ։
Առաջին ամուսնությունից նա ունեցել է որդիներ Ջոնին (1527-1552), ով հոր հետ բանտարկվել է Թաուերում և այնտեղ էլ մահացել է, և, սըր Էդուարդին[29][30] (1529—1593)։ Ծնողների ամուսնալուծությունից հետո նրանք հայտարարվեցին ապօրինի, բայց հետագայում կրկին օրինականացվեցին։
Երկրորդ ամուսնությունից Սեյմուրն ունեցել է չորս որդի և վեց դուստր՝
- Էդուարդ Սեյմուր (1537 թվականի հոկտեմբերի 12–1539 թվական)
- Էդուարդ Սեյմուր, Հարթֆորդի 1-ին կոմս (1539 թվականի մայիսի 22—1621 թվական)։ Ամուսնացել է երեք անգամ․ առաջինը՝ 1560 թվականի նոյեմբերին, լեդի Կատարինա Գրեյի հետ, ումից երկու որդի է ունեցել, երկրորդ անգամ՝ 1582 թվականին Ֆրենսիս Հովարդի հետ, երրորդ անգամ՝ 1601 թվականին, Ֆրենսիս Պրաննելի հետ։
- Աննա Սեյմուր (1538—1588)։ Նա ամուսնացել է երկու անգամ, առաջին անգամ՝ Ջոն Դադլիի հետ, երկրորդ անգամ՝ սըր Էդուարդ Ունտոնի հետ։
- Լորդ Հենրի Սեյմուր (1540-?)։ Ամուսնացած էր տիկին Ջոան Պերսիի հետ։
- Լեդի Մարգարեթ Սեյմուր
- Լեդի Ջեյն Սեյմուր (1541—1561)։ Թագուհի Եղիսաբեթի ֆրեյլինան։
- Տիկին Քեթրին Սեյմուր
- Լորդ Էդուարդ Սեյմուր (1548—1574), մահացել է չամուսնացած և անզավակ։
- Լեդի Մերի Սեյմուր (ծնվել է 1552 թվականին)։ Ամուսնացել է երեք անգամ։
- Լեդի Էլիզաբեթ Սեյմուր (1552 թվական– 1602 թվականի հունիսի 3)։ Ամուսնացած սըր Ռիչարդ Նայթլիի հետ։
Նրա որդիներից ոչ մեկը չի ժառանգել դքսական տիտղոսը, քանի որ հայրը դրանից դատարանով զրկվել էր։ Երկրորդ ամուսնությունից Սեյմուրի ժառանգին (Հարթֆորդի կոմսի թոռանը)՝ Ուիլյամին (1588-1660), մահից առաջ Չարլզ II-ի կողմից Վերականգնման ժամանակ Ստյուարտներին մատուցված ծառայությունների համար վերադարձվեց Սոմերսեթի դքսի տիտղոսը։ Այդ գիծը ընդհատվեց 1750 թվականին, որից հետո դուքս են դարձել շերիֆ Էդուարդի ժառանգները, որոնք մեկուկես դար կրում էին միայն բարոնետների տիտղոսը։ Այս ցեղը գոյություն ունի նաև ներկայումս։ Սեյմուրների տոհմի կրտսեր անտիտղոս ճյուղերից էր սերում դիվանագետ Հորաս Սեյմուրը։
Կերպարը մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Սեյմուրի կերպարը գրական համբավ է ստացել Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» վեպի շնորհիվ, որտեղ նա ներկայացվել է լորդ Գերտֆորդի անվան տակ։ Վեպի որոշ էկրանավորումներում ներկայացված է որպես գլխավոր ախոյան։
- Կլոդ Ռեյնս՝ «Արքայազնը և աղքատը» ֆիլմում (ԱՄՆ, 1937)
- Գայ Ռոլֆ՝ «Փոքրիկ Բեսսը» ֆիլմում (ԱՄՆ, 1953)
- Գենադի Պոլոկա՝ «Արքայազնը և աղքատը» ֆիլմում (ԽՍՀՄ, 1972)
- Ջոն Բոուի՝ «Արքայազնը և աղքատը» հեռուստասերիալում (Մեծ Բրիտանիա, 1996)
- Թոմաս Լոքիեր՝ «Հենրի VIII» հեռուստասերիալում (Մեծ Բրիտանիա, 2003)
- Մաքս Բրաուն՝ «Թյուդորներ» հեռուստասերիալում (ԱՄՆ, Իռլանդիա, Կանադա, 2007—2010)
- Էդվարդ Սպելիրս՝ «Գայլերի սրահ» մինի–սերիալում (Մեծ Բրիտանիա, 2015)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոմերսեթ հաուս — դքսի լոնդոնյան նստավայրը
- Սայոն հաուս — պալատ, որի շինարարությունը սկսել է դուքսը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1012455653 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 http://www.oxforddnb.com/view/10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-25159;jsessionid=9800F22F38DCA35FA858F135C11B7CA0
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lundy D. R. The Peerage
- ↑ Starkey 2002, էջեր. 138–39; Alford 2002, էջ. 69.
- ↑ Loach 1999, էջեր. 26–27; Elton 1962, էջ. 203
- ↑ Starkey 2002, էջեր. 138–39; Alford 2002, էջ. 67
- ↑ Loach 1999, էջեր. 19–25
- ↑ Alford 2002, էջ. 70 ; Jordan 1968, էջեր. 73–75. In 1549, William Paget described him as king in all but name.
- ↑ Elton 1977, էջեր. 334, 338
- ↑ Starkey 2002, էջեր. 130–145; Elton 1977, էջեր. 330–31
- ↑ Brigden 2000, էջ. 183; MacCulloch 2002, էջ. 42
- ↑ Mackie 1952, էջ. 484
- ↑ Mackie 1952, էջ. 485
- ↑ Wormald 2001, էջ. 62; Loach 1999, էջեր. 52–53. The dauphin was the future Francis II of France, son of Henry II of France.
- ↑ Elton 1977, էջեր. 340–41
- ↑ Starkey 2002, էջեր. 130–145
- ↑ Loades 2004, էջ. 34
- ↑ Erickson 1978, էջ. 234
- ↑ Elton 1977, էջեր. 333, 346.
- ↑ Loades 2004, էջ. 36
- ↑ Loades 2004, էջեր. 40–41; Alford 2002, էջեր. 96–97
- ↑ Alford 2002, էջեր. 91–97
- ↑ Elton 1977, էջ. 333n; Alford 2002, էջ. 65.
- ↑ Brigden 2000, էջ. 192
- ↑ Quoted in Loach 1999, էջ. 91. By «Newhaven» is meant Ambleteuse, near Boulogne.
- ↑ Guy 1988, էջեր. 212–15; Loach 1999, էջեր. 101–102
- ↑ Loach 1999, էջ. 102
- ↑ His name was officially Lord Edward Seymour, being not the designation of a baron but the courtesy title of the son of a duke. Per Vivian, Herald’s Visitations of Devon, 1895, p.702, pedigree of Seymour of Berry Pomeroy, as confirmed by the inscription on his monument in Berry Pomeroy Church: Here lyeth the bodies of the Honorable Lord Edward Seymour, knight, sonne unto th Right Honorable Edward Seymour Duke of Somerset…
- ↑ The Complete Peerage vol.XIIpI, p.84
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alford, Stephen (2002), Kingship and Politics in the Reign of Edward VI, Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-03971-1.
- Brigden, Susan (2000), New Worlds, Lost Worlds: The Rule of the Tudors, 1485–1603, London: Allen Lane/Penguin, ISBN 0-7139-9067-8.
- Dickens, A. G. (1967), The English Reformation, London: Fontana, ISBN 0-00-686115-6.
- Elton, G. R. (1962), England Under the Tudors, London: Methuen, OCLC 154186398.
- Elton, G. R. (1977), Reform and Reformation, London: Edward Arnold, ISBN 0-7131-5953-7.
- Erickson, Carolly (1978), Bloody Mary, New York: Doubleday, ISBN 0-385-11663-2.
- Guy, John (1988), Tudor England, Oxford: Oxford University Press, ISBN 0-19-285213-2.
- Jordan, W. K. (1968), Edward VI: The Young King. The Protectorship of the Duke of Somerset, London: George Allen & Unwin, OCLC 40403.
- Loach, Jennifer (1999), Bernard, George; Williams, Penry (eds.), Edward VI, New Haven, CT: Yale University Press, ISBN 0-300-07992-3.
- Loades, David (2004), Intrigue and Treason: The Tudor Court, 1547–1558, London: Pearson Longman, ISBN 0-582-77226-5
- MacCulloch, Diarmaid (2002), The Boy King: Edward VI and the Protestant Reformation, Berkeley: University of California Press, ISBN 0-520-23402-2.
- Mackie, J. D. (1952), The Earlier Tudors, 1485–1558, Oxford: Clarendon Press, OCLC 186603282.
- Skidmore, Chris (2007), Edward VI: The Lost King of England, London: Weidenfeld & Nicolson, ISBN 978-0-297-84649-9.
- Starkey, David (2002), The Reign of Henry VIII, London: Vintage, ISBN 0-09-944510-7.
- Wormald, Jenny (2001), Mary, Queen of Scots: Politics, Passion and a Kingdom Lost, London: Tauris Parke, ISBN 1-86064-588-7.