Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկշունչներ (լատին․՝ Dipnoi), ձկների ենթադաս, որի շնչառությունը միաժամանակ և՛ քիմուխտային է, և՛ թոքային։ Թոքերի դերը կատարում է ձևափոխված լողափամփուշտը, որը միացած է կլանին։ Մարմինը երկարավուն է (մինչն 2մ)՝ կողերում սեղմված կամ օձաձկնաձև։ Բնորոշ է ներքին քթանցքերի՝ խոանների առկայությունը։ Նախասիրտը միջնապատով բաժանված է աջ և ձախ նախախորշի։ Ունեն թոքային արյան շրջանառություն։ Թիկնալարը պահպանվում է ամբողջ կյանքում։ Աղիքը պարուրաձն փականով բացվում է կլոակայում։ Հայտնի է 12 ընտանիք․ 9-ը՝ բրածո, 3-ը՝ ժամանակակից՝ Ceratodidae (1 սեռ, 1 տեսակ), Lepidosirenidae (1 սեռ, 1 տեսակ) և Protopteridae (1 սեռ, 3 տեսակ)։ Տարածված են Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Աֆրիկայում։ Ապրում են քաղցրահամ ջրերում, դանդաղահոս և ոչ խորը ջրամբարներում, սնվում են անողնաշարավոր կենդանիներով, մանր ձկներով, երկկենցաղներով։ Որոշ տեսակներ (օրինակ, եղջերատամը) բարձրանում են ջրի մակերես և շնչում մթնոլորտային օդը։ Արդյունագործական նշանակությունը մեծ չէ։ Երկշունչների բրածո մնացորդները հայտնի են դևոնի շրջանից և ատամնավոր թիթեղների տեսքով հանդիպում են ամենուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 615)։
|