Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղտենի թեփուկավոր (լատին․՝ Lathraea squamaria), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Ծառերի և թփերի վրա հատուկ ծծիչների օգնությամբ ամրացվող, բազմամյա, քլորոֆիլից զուրկ մակաբույծ է։ Լայն հակադիր թեփուկանման տերևները դասավորված են հաստ սպիտակավուն մսալի կոճղարմատի վրա։ Կոճղարմատը աճում է գետնի տակ հաճախ խաչաձև ճյուղավորվելով և առաջացնելով նոր ծծիչներ։ 30 սմ բարձրությամբ ծաղկաբույլերով վերգետնյա հաստ ցողունները վաղ գարնանը դուրս են գալիս հողի մակերես։ Բաց վարդագույն կամ բաց մանուշակագույն վերգետնյա, գեղձային մա��իկներով ծածկված ցողունային մասը հաստ է։ Թեփուկանման նստադիր տերևները դասավորված են կղմինդրաձև։ Ծաղիկները հավաքված են գագաթային բազմածաղիկ ծաղկաբույլերում։ Զանգականման բաժակն ունի չորս եռանկյունաձև ատամիկներ։ Ստորին մասում խողովակաձև, վերին մասում՝ լայնացած պսակը երկշուրթ է։ Չորս առէջները ամրացած են պսակին, իսկ երկար և մերկ սռնակը դուրս է գալիս պսակից։ Բազմաթիվ կլորավուն գորշ սերմերով պտուղը գնդաձև-ձվաձև տուփիկ է։ Չորանալիս ամբողջ բույսը սևանում է։ Թունավոր բույս է[1]։
Աճում է անտառներում և թփուտներում՝ ամրանալով բոխենու, հաճարենու, տխլենու, ինչպես նաև այլ ծառերի և թփերի արմատներին։ Հանդիպում է Տավուշի Սյունիքի մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը ծաղկման շրջանում։ Կիրառում են անպտղաբերության դեպքերում՝ ձվաբջջի օվուլյացիան կանոնավորելու և բեղմնավորման ընթացքի խթանելու համար[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.