Jump to content

Բոսնիա (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսնիա և Հերցեգովինա ��րջանները

Բոսնիա (բոս․՝ Bosna, սերբ.՝ Босна, խորվ.՝ Bosna), պատմական շրջան, որ կազմում է ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի մեծ մասը։ Գտնվում է Դինարյան բարձրավանդակի վրա, Միջինդանուբյան դաշտավայրից առանձնանում է Սավա (հյուսիսում) և Դրավա (արևելքում) գետերով։

Բոսնիայի տարածքը 41.000 կմ² է, այսինքն` այն կազմում է Բոսնիա և Հերցեգովինայի 80 %-ը։ Մնացած 20 %-ը զբաղեցնում է հարավում գտնվող և դեպի Ադրիատիկ ծով ելք ունեցող Հերցեգովինան։ Բոսնիայի և Հերցեգովինայի միջև պետական սահմանը նշված չէ, բայց պայմանականորեն այն անցնում է Իվան Պլանինեով։

Երկու մարզերն էլ սերտորեն կապված են դեռևս միջնադարից։ Հաճախ Բոսնիա անվանումն օգտագործվում է Բոսնիան և Հերցեգովինան մատնանշելու համար, իսկ Բոսնիա և Հերցեգովինա անվանումը սկսել է գործածվել միայն օսմանյան իշխանության վերջին շրջանում։

Բոսնիա և Հերցեգովինայի ընդարձակումը միջնադարում

Բոսնիայի տարածքը բնակեցվել է սերբերով` 7-րդ դարից սկսած[1][2]։ Բալկաններում հաստատվելուց որոշ ժամանակ անց սերբերը ձևավորել են մի քանի խոշոր համայնքներ, որոնք հետագայում վերածվել են պետական միավորումների։ Այն ժամանակ պատմական Բոսնիա մարզը գտնվել է Դրինա և Բոսնա գետերի մեջ[3]։ Հետագայում նրա տարբեր մասեր մտել են սերբական, խորվաթական և բոսնիական անկախ այլ պետությունների կազմի մեջ։ Բոսնիական առաջին այդպիսի պետությունը, որ վասալական կախման մեջ էր Բյուզանդական կայսրությունից, հիմնադրվել է 1180 թվականին բան (տիտղոս) Կուլինի կողմից։ Այն իր զարգացման գագաթնակետին է հասել 14-րդ դարի երկրորդ կեսին` Տվրտկո I Բոսնիացու օրոք։ 1370 թվականին նա ընդարձակեց Բոսնիայի տարածքը մինչև ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքը, դաշինք կնքեց Դուբրովնիկի հանրապետության և Հունգարիայի հետ, որ մինչ այդ անկախ Բոսնիայի համար մեծ վտանգ էր ներկայացնում։ 1377 թվականից Տվրտկո I-ը եղել է նաև Սերբիայի թագավորը, իսկ 1390 թվականից, երբ նա գրավում է Իլիրիան և Ադրիատիկ ծովի կղզիները, նաև Խորվաթիայի ու Դալմացիայի թագավորը։ Այդ ժամանակ Բոսնիան գերիշխող դիրք ուներ Բալկաններում` իր ազդեցությամբ զիջելով միայն Հունգարիային ու Օսմանյան կայսրությանը։ Տվրտկոյին հաջողվում է դիմագրավել թուրքերի հարձակմանը, սակայն նրա մահից հետո նրա տերությունում սկսվում են երկպառակություններ։ 1463 թվականին Բոսնիան ամբողջությամբ կորցնում է իր անկախությունը` որպես վարչական միավոր մտնելով Օսմանյան կայսրության մեջ։ 1853 թվականին այս վիլայեթը կոչվում է Բոսնիա և Հերցեգովինա։

1878 թվականի Բոսնիան և Հերցեգովինան բռնազավթվում է Ավստրիայի կողմից։ 1908 թվականին շրջանը ձևականորեն անեքսիայի է ենթարկվում։ Առաջին համաշխարհային պատերազմի առիթ է հանդիսանում էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում։ Առաջին աշխարհամարտի ավարտից և Ավստրո-Հունգարիայի կազմալուծումից հետո Բոսնիան ու Հերցեգովինան մտնում են Հարավսլավիայի թագավորության մեջ։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բոսնիան եղել է ֆաշիստական Խորվաթիայի անկախ պետության կազմում, ընդ որում նրա զգալի մասը վերահսկում էին պարտիզանական ստորաբաժանումները։ Պատերազմի ավարտից հետո Բոսնիան ու Հերցեգովինան դարձան միասնական հանրապետություն սոցիալիստական Հարավսլավիայի կազմում։

1992 թվականին՝ Հարավսլավիայի կազմալուծումից հետո, հռչակվում է անկախ Բոսնիա և Հերցեգովինա պետությունը։ Հանրապետությունում ապրող շատ սերբեր, խորվաթներ չընդունեցին այս որոշումը` իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում հռչակելով Սերբական Հանրապետությունը և Հերցեգ-Բոսնիայի Խորվաթական Հանրապետությունը։ Դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը, որն ընթանում էր կոնֆլիկտի մասնակից կողմերի էթնիկ զտումով, ավարտվեց 1995 թվականին Դեյթոնի համաձայնագրով, որի արդյունքում Բոսնիա և Հերցեգովինան դարձավ պետական երկու իրավահավասար կազմավորումներից մեկը` Սերբիայի Հանրապետություն ու Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն։

Բոսնիայի խոշորագույն քաղաքներն են.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Раннефеодальные государства на Балканах VI—XII вв. / Литаврин Г.Г.. — Москва: Наука, 1985. — С. 198.
  2. Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 18. — ISBN 978-5-7777-0431-3
  3. Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 13. — ISBN 978-5-91674-301-2

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պ.Ա. Մատվեև (1890–1907). «Բոսնիա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսնիա (շրջան)» հոդվածին։