Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշխ կամ կնյուն (լատին․՝ Carex), բոշխազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2000, Հայաստանում՝ 65 տեսակ։
Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձրությունը՝ 1080 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, կտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, ֆիզիոլոգիորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ բրևիկոլին, որն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց)։ Որոշ տեսակների ծղոտից պատրաստում են ճիլոպ, խսիր, պարան, պարկացու գործվածք, հյուսում պայուսակներ և այլն։
Տարածված է բոլոր մարզերում։ Ջրաճահճային միջավայրերում աճում են բոշխ սուր (C. acutiformis), բոշխ գեղակազմ (C. gracilis), բոշխ երկառէջք (C. diandra), մարգագետիններում՝ բոշխ տխուր (C. tristis), բոշխ սև (C. nigra), անտառներում՝ բոշխ աղքատիկ (C. depauperata), բոշխ Միքելի (C. michelii), անապատներում՝ բոշխ հաստասռնակ (C. pachystylis), բոշխ թավոտ (C. hirta) և այլ տեսակներ։ Կոճղարմատները սողացող են, առաջացնում են գուղձեր, ճիմեր։
Բոշխ Բոհեմի (C. bohemica)-ն հանդիպում է միայն Լոռու սարահարթում (1450 մ բարձրություններում), ճահճուտներում, բոշխ կիլիկյանը (C. cilicica)՝ Վայքի լեռնաշղթայում (2600 մ բարձրություններում), ենթալպյան գոտու ճահճուտներում և առվակների ափերին։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|