Արշակ Ֆեթվաճյան
Արշակ Ֆեթվաճյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1866 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1947 (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հռոմի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և փոստային բացիկների դիզայներ |
Ներշնչվել է | Չեզարե Մակկարի |
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում | |
Arshak Fetvadjian Վիքիպահեստում |
Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1, 1866, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 1947 կամ հոկտեմբերի 7, 1947[1], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1866 թվականին Տրապիզոնում, այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987)։ Վերջինս բացվել է հայ քանդակագործ Երվանդ Ոսկանի կողմից։ 1887 - 1891 թթ. սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։ XX-րդ դարի սկզբին նա շարունակեց ցուցահանդեսներ կազմակերպել, և նրա արվեստի գործերը ցուցադրվեցին Լուվրի (1919, 1920), Վիկտորիայի և Ալբերտի թանգարաններում։
Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արևելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» և մի շարք այլ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։
1922 թվականին Ֆեթվաճյանը գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Բոստոնում՝ Ամերիկայի հայկական համայնքի կենտրոնում՝ Մանուել Տեր Մանուելյանի օգնությամբ, ով Հայաստանի Հանրապետության հյուպատոս էր և ապրում էր Բոստոնում։ Ֆեթվաճյանը շարունակեց նկարել և ցուցադրել իր աշխատանքները, թեև նվազող մասշտաբով, քանի որ նա մեկուսացված էր և՛ գեղարվեստական, և՛ սոցիալական առումով և դժվարանում էր պատվերներ ստանալ։ Նյու Յորքում նա խորան է նախագծել Սուրբ Լուսավորչի հայկական տաճարի համար և դրա համար պատկերել Տիրամոր կերպավորումն իր մանկան հետ։
Մահացել է 1947 թվականի հոկտեմբերի 7-ին Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում։Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին[2][3]։
Ստեղծագործություններից
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արևելյան փոստ»
- «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
- «Էրզրումի հայուհին»
- «Ղևոնդ Ալիշան»
- «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
- «Մատթեոս Իզմիլյան»
- «Անիի ավերակները» - ջրանկարների շարք
- «Անի. Միջնաբերդի բլուրը»[4]
- «Անի. Հասարակական շենքը»[5]
- «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը»[6]
- «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)»[7]
- «Փողոցը Բաթումում»[8]
- «Փոստը սարերում»[9]
Տարբեր աշխատանքներ՝
- Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները
- Կուսանաց անապատի Ս. Ստեփանոս և Արմավիրի Ս. Գևորգ եկեղեցիների վերաշինությունը
- Կարսի Ս. Գրիգոր եկեղեցու բեմը և դուռը
- Հայաստանի առաջին Հանրապետության 50, 100 և 250 ռուբլի անվանագնով թղթադրամների ձևավորումը
- Հայաստանի առաջին Հանրապետության առաջին փոստային նամականիշերի ձևավորումը։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1899 - Բաթում
- 1900 - Թիֆլիս
- 1902 - Պյատիգորսկ
- 1902 - Բաքու
- 1908 - Թիֆլիս
- 1919 - Փարիզ
- 1920 - Փարիզ
- 1921 - Լոնդոն
- 1922-1923 - ԱՄՆ-ում Հարվարդի, Կոլումբիայի, Չիկագոյի, Փրիստոնի համալսարաններում
- 1956 - Երևան
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
- Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
- Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան Բեյրութ 1966
- Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
- Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Արշակ Ֆեթվաճյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության կայքում
- ↑ Ով ով է. Կենսագրական հանչագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 692։
- ↑ «Անի. Միջնաբերդի բլուրը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Անի. Հասարակական շենքը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Փողոցը Բաթումում», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Փոստը սարերում», Արշակ Ֆեթվաճյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի կենտրոնական բանկ Արխիվացված 2010-02-06 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ֆեթվաճյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ֆեթվաճյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 623)։ |
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Տրապիզոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1947 մահեր
- Հոկտեմբերի 7 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի հայ նկարիչներ
- Ամերիկահայ դիզայներներ
- Ամերիկահայ նկարիչներ
- Թղթադրամների նկարիչներ
- Նամականիշերի դիզայներներ
- Ռուսական կայսրությունում օսմանյան ներգաղթյալներ