Jump to content

Ձիաձետ դաշտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:09, 17 Օգոստոսի 2024 տարբերակ, MikhayilGasparyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ձիաձետ դաշտային
Ձիաձետ դաշտային
Ձիաձետ դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Պտերներ (Pteridophyta)
Դաս Polypodiopsida
Կարգ Equisetales
Ընտանիք Ձիաձետազգիներ (Equisetaceae)
Ցեղ Ձիաձետ (Equisetum)
Տեսակ Ձիաձետ դաշտային (E. arvense)
Միջազգային անվանում
Equisetum arvense
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ձիաձետ դաշտային (լատին․՝ Equisetum arvense) (հայկական տարանունները՝ ամպռճուկ, ամվաճ, իշու շաքար, խարտոցախոտ, ձիագի, ձիու ագի, շան ագի)[1], պտերանմանների ձիաձետների ընտանիքի բույսերի տեսակ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիաձետազգիների ընտանիքին պատկանող, բազմամյա, սպորավոր խոտաբույս է։ Ունի հողի մեջ խոր թափանցող, սև, սողացող կոճղարմատ, երկու կարգի ցողուններով` սպորակիր և ոչ սպորակիր։ Տերևները նշտարաձև են` 18-16-ական։ Ամառային ընձյուղները կանաչ են։ Կոճղարմատը հաճախ իր վրա կրում է օսլայով հարուստ հանգուցաձև պալարներ։ Բույսը լավ աճում է խոնավ, ճահճային, վատ աերացիա ունեցող հողերում, մեծ մասամբ մարգագետիններում, այգիներում, խառը անտառային գոտիներում, գետեզրերին, տղմուտ և բերովի հողերում՝ հաճախ տալով միատարր բուսուտներ։ Բազմանում է սպորներով և կոճղարմատներով։ Մեր հանրապետությունում հանդիպում է 6 տեսակ, որոնցից բուժական նշանակություն ունի միայն դաշտային ձիաձետը[2][3]։

Ձիաձետ դաշտային: Բուսաբանական նկարազարդում Կ. Ա. Մ. Լինդմանի «Bilder ur Nordens Flora», 1917—1926 գրքից

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքվիզետում անունը ունի լատինական ծագում. էքվուս նշանակում է ձի, իսկ սետա` պոչ։ Իրականում բույսի ցողուններն ինչ որ չափով հիշեցնում են ձիու պոչ։

Քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը պարունակում է խնձորաթթու, ակոնիտաթթու, թրթնջկաթթու, 20-25% սիլիկաթթու, դառը նյութեր, դաբաղանյութեր, խեժ, 1-5% սապոնին էկվիզետոնին, ֆլավոնոիդներ, կարոտին, C վիտամին, սիտոստերին, դիմեթիլսուլֆոն, ճարպայուղ, եթերայուղ, ալկալոիդներից` էկվիզետին, նիկոտին, տրիմեթօքսիպիրիդին, շաքար, քիմիական տարրերից՝ K, Ca, Al։

Բուժական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է դեղաբույսի ամբողջ վերգետնյա մասը։ Հավաքում են միայն ամառային վեգետատիվ ընձյուղները, ամռան ամիսներին՝ հնձելով մանգաղով կամ գերանդիով։ Հումքը չորացնում են տանիքում՝ լավ քամհարվող տեղում։ Չոր վիճակում այն կազմում է ելանյութի 20-25%-ը, ունի թթվային համ և պիտանի է օգտագործման՝ մոտ 2 տարի։ Դեղաբույսը հնուց ի վեր կիրառվել է որպես նյութափոխանակությունը լավացնող, մաշկի և ներքին օրգանների բորբոքումները բուժող միջոց։ Չոր վիճակում (փոշու ձևով) բուժում է խոցերը, իսկ սպեղանու ձևով՝ օրխիտը, ջրիկ մզվածքի ձևով՝ սրտային թուլությունը։ Դեղաբույսի երկարատև օգտագործումը՝ բժշկապետի նշումով, պայծառացնում է դեմքը և առաջ բերում քաշի ավելացում։ Այն դրականապես է անդրադառնում լուծի, արգանդային արյունահոսության և ներքին օրգանների կծկողական ցավերի վրա։ Դեղաբույսի հյութը՝ քթի մեջ կաթեցնելիս, կտրում է արյունահոսությունը, արմատն օգտակար է հազի և ասթմայի ժամանակ, իսկ եփուկը՝ գինով կամ ջրով, դրականապես է անդրադառնում լյարդի ուռուցքների և ջրգողության վրա։ Այն միաժամանակ ճանաչվել է որպես մածող, հեմոստատիկ և ախտահանիչ միջոց[4]։

Բուժական նշանակությունը տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է արյունախխման, արյունահոսությունների, թութքի և դժվար լավացող վերքերի դեպքում։

Չինական բժշկության մեջ ձիաձետն օգտագործվում է աչքերի որոշ հիվանդությունների դեպքում[5]։

ֆրանսիայում օգտագուրծվում է որպես վերքամոքիչ, միզամուղ, հեմոստատիկ միջոց, ինչպես նաև՝ էնուրեզի, իսկ լոգանքի ձևով՝ ոտքերի քրտնոտության դեպքում։

Բուլղարիայում դեղաբույսը հանրահայտ է որպես մածող, հեմոստատիկ, միզամուղ և հականեխիչ միջոց։ Ներքին ընդունման ձևով այն տալիս են թոքերի պալարախտով, միզամուղների հիվանդություններով, ռևմատիզմով, թութքով, աթերոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդներին[6]։

Գերմանիայում` լոգանքի և խոտաթրջոցի ձևով, դեղաբույսն օգտագործվում է դժվար լավացող վերքերի, քթային արյունահոսության, ֆուրունկուլյոզի, անգինայի և լնդերի բորբոքումների ժամանակ։

Լեհաստանում, բացի միզամուղ նպատակներից, օգտագուրծվում է արտաքին ձևով` գլխի մազաթափության ժամանակ։

Ավստրիայում այն համարվում է ոչ միայն հեմոստատիկ և վերքամոքիչ, այլև արյունը մաքրող և թոքային մի շարք հիվանդությունները բուժող միջոց[7]։

Բուժական նշանակությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործել ենք սուր տրախեաբրոնխիտների ժամանակ։ Դեղաբույսն օգտագործելու առաջին իսկ օրերից փափկել է հիվանդների հազը, հեշտացել խուխարտադրությունը։ Այս բոլորին զուգընթաց՝ վերացել են ետկրծոսկրային ցավերը, պակասել ինտոքսիկացիան, իջել է ջերմությունը։ Նկատվել է միզարձակման և քրտնարտադրության ուժեղացում, որոնք էլ մեծ դեր են խաղացել այս հիվանդության բուժման պրոցեսում[8]։

Փորձառական հետազոտությունները ծովախոզուկների վրա ցույց տվեցին, որ դեղաբույսի կիրառումից ուժեղանում և արագանում է միզարձակումը։ Այս հատկությամբ ձիաձետը զգալի չափով գերազանցում է դիուրեթինին և երիկամաթեյին։ Միաժամանակ պարզվել է, որ դեղաբույսն օժտված է հեմոստատիկ և հակաբորբոքիչ հատկություններով, նպաստում է օրգանիզմից կապարի դուրս գալուն, որով էլ այն ցուցված է՝ կիրառելու կապարային թունավորումների ժամանակ (Զվերևա Ա. Վ.)։

Գիտական բժշկության մեջ ձիաձետը կիրառվում է որպես հակաբորբոքիչ՝ դիզենտերիայի, ցիստիտների, որպես միզամուղ՝ տարբեր բնույթի այտուցների, որպես հեմոստատիկ՝ արգանդային, թոքային, թութքային, որպես քարալուծ՝ երիկամաքարային հիվանդության ժամանակ և այլն։

Մեզի դիուրեզը մեծանում է դեղաբույսի օգտագործման առաջին իսկ օրերից և այսպես շարունակվում ամբողջ բուժման ընթացքում։ Դեղաբույսը նշանակումից հանելուց հետո էլ առատ միզարձակումը շարունակվում է ևս 2-3 օր, իսկ նորից նշանակման դեպքում արդյունքը վերականգնվում է։ Ձիաձետի կիրառումը այս բնույթի հիվանդների մոտ ոչ մի անգամ կողմնակի անցանկալի երևույթներ չի տալիս։ Անհրաժեշտ է նշել, որ երբ դեղաբույսը օգտագործվում է կալիում ացետատի, երիկամաթեյի, խաղողի հյութի, սրտային գլիկոզիդների և սրտային այլ դեղամիջոցների հետ, դիուրետիկ ազդեցությունն ավելի է մեծանում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ թարմ բուսահյութը ավելացնում է անայտուց սրտային հիվանդների օրվա դիուրեզը միայն 40%-ով, իսկ այտուցների առկայության պայմաններում արդյունքը հասնում է 100%-ի. նման արդյունք նկատվել է նաև քրոնիկական երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ, մինչդեռ սուր նեֆրիտների ժամանակ ձիաձետի օգտագործումը ինչ-որ չափով հակացուցված է։ Դեղաբույսի մեջ պարունակվող սիլիկաթթուն, պարզվել է, որ բարձրացնում է լեյկոցիտների քանակը, իսկ թարմ բուսահյութը՝ արյան մակարդելիությունը և թոքահյուսվածքի ռեգեներացիան, որը դրականապես է անդրադառնում պալարախտով ախտահարման ժամանակ։ Դեղաբույսը 1961 թվականին մտել է պետական ֆարմակոպեայի մեջ։ Այն կազմում է Տրասկովի հակաասթմատիկ և Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրաների բաղադրիչ մասը[9]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիցեննան թարմ բուսահյութը օգտագործել է արտաքին՝ մաշկային խոցերը և վերքերը բուժելու նպատակով, իսկ թուրմը՝ գինու հետ խառնված՝ լյարդի և ստամոքսի ուռուցքների, ջրգողության և արյունային լուծի դեպքերում։ Ըստ Ամիրդովլաթի, դեղաբույսն.

օգտե ակռային թուլացած մսերուն, ամրացնե և ուժովցնե, կտրե արյուն թքելը։

Միաժամանակ նա նշում է, որ գինու հետ տալով, կտրում է լուծը, եփուկի ձևով օգտակար է երիկամների, միզապարկի, ստամոքսի, լյարդի, թոքերի մի շարք հիվանդությունների, մկանային թուլության, հազի, հևոցի ժամանակ։ Ըստ Բ. Ե. Վոտչալի, ձիաձետի կիրառումը մեծ անհրաժեշտություն է բոլոր այն դեպքերում, երբ հիվանդի մոտ արձանագրվում է ռեֆրակտեր վիճակ մյուս միզամուղների նկատմամբ։ Ըստ Վ.. Շյոնենբերգերի, ձիաձետի մեջ պարունակվող սիլիկաթթուն՝ անցնելով օրգանիզմ, ամրապնդւմ է հյուսվածքները, բարձրացնում լեյկոցիտոզը, օրգանիզմի պաշպանողական ուժերը։ Դեղաբույսը՝ տատրակի և եզան լեզվի հետ օգտագործելիս, հեղինակի տվյալներով, օգնում է հազին, վերացնում խզզոցները, բուժում շնչուղիների կատառը, բրոնխիտը` հատկապես վերջինիս քրոնիկական ձևերը։

Այլ օգտակար հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիաձետի և շիբի խառնուրդը բրդյա գործվածքները ներկում է մոխրադեղնավուն։ Մատղաշ, սպորակիր ընձյուղները որոշ տեղերում օգտագործում են սննդի մեջ` հում կամ եփած։ Չոր խոտի մեջ թունավոր է հատկապես ձիերի և կովերի համար, մինչդեռ թարմ վիճակում միանգամայն անվնաս է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dao-Lan, Xu; Jian-Guo, Cao; Quan-Xi, Wang; Xi-Ling, Dai (2015 թ․ նոյեմբեր). «Cloning and Characterization of DEAD-box RNA Helicases Gene from the Fern Equisetum arvense». Plant Diversity And Resources. 36 (6): 715-722 doi=10.7677/ynzwyj201414036. {{cite journal}}: Missing pipe in: |page= (օգնություն)
  2. Hyde, H. A., Wade, A. E., & Harrison, S. G. (1978). Welsh Ferns. National Museum of Wales ISBN 0-7200-0210-9.
  3. Flora of North America: Equisetum arvense
  4. Bebbington, A. «Toxicity of Equisetum to Horses». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. La Vielleuse Habile, Jean-Francois Bouin, 1761, page 19.
  6. Clemens, J (2003). «In Memory of Ella O. Campbell, DNZM, FRIH» (PDF). Royal New Zealand Institute of Horticulture. 6 (1): 2. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  7. Howell, Clayson (2008 թ․ մայիս). Consolidated list of environmental weeds in New Zealand (PDF). DRDS292. Wellington: Department of Conservation. ISBN 978-0-478-14413-0. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  8. Kearny, Peter. «Bio Dynamic Prep 508». Bio Dynamic Prep 208. City Food Growers. Վերցված է 2011 թ․ հունիս-ին.
  9. Vogl S, Picker P, Mihaly-Bison J, Fakhrudin N, Atanasov AG, Heiss EH, Wawrosch C, Reznicek G, Dirsch VM, Saukel J, Kopp B. Ethnopharmacological in vitro studies on Austria's folk medicine - An unexplored lore in vitro anti-inflammatory activities of 71 Austrian traditional herbal drugs. J Ethnopharmacol.2013 Jun13. doi:pii: S0378-8741(13)00410-8. 10.1016/j.jep.2013.06.007. [Epub ahead of print] PubMed PMID 23770053. http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23770053
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիաձետ դաշտային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիաձետ դաշտային» հոդվածին։