Սպիտակ արջ (Լատիներեն՝ Ursus maritimus, նշանակում է՝ ծովային արջ) կամ Բևեռային արջ, ներկայումս հյուսիսային կիսագնդի բևեռային շրջաններում տարածված արջի տեսակ։
Չնայած սպիտակ արջը նման է գորշ արջին, նա հարմարվել է ցուրտ կլիմայում ապրելուն[1]։ Սպիտակ արջը հաճախ համարվում է ծովային կաթնասուն, քանի որ տարվա շատ ամիսներ անց է կացնում ծովում։
Սպիտակ արջը գերադասում է ամեն տարի սառցակալող ծովի մայրցամաքային եզրաշերտը և արկտիկական կղզախմբերը։ Այս տարածքներին ասում են «արկտիկական կյանքի շրջան»։ Բևեռային արջը ձգտում է դեպի այն տեղերը, որտեղ սառույցը հանդիպում է ջրին, որտեղ առավել շատ են իր սննդի հիմնական մաս կազմող կենդանիները, որոնցից են ծովացուլը, փոկը, ծովային նապաստակը։
Չնայած նրան, որ սպիտակ արջերը ծանրամարմին կենդանիներ են, նրանք ցամաքի վրա բավականին արագաշարժ և ճարպիկ են, իսկ ջրում հանգիստ լողում և սուզվում են։
Սպիտակ արջը աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչն է[2]։ Սպիտակ արջը կշռում է 350-680 կգ[3]։
Մյուս արջերից տարբերվում Է նրանով, որ ունի երկար վիզ և տափակ գլուխ։ Կաշին սև է, իսկ մուշտակի գույնը փոխվում է սպիտակից մինչև դեղնավուն, ամռանն այն դեղնում է արևի լույսի անընդհատ ներգործությունից։ Ոտքերի ներբանները բրդոտ են, որպեսզի չսահեն սառ��ի վրա և չսառեն։ Մատների արանքում կա լողաթաղանթ։ Մագիլները խոշոր են և կարող են բռնած պահել նույնիսկ ամենաուժեղ զոհին։
Շատ խիտ բուրդը արջի մարմինը պահպանում է ցրտից և սառը ջրում թրջվելուց։ Հարմարվելու համար կարևոր դեր է խաղում նաև ենթամաշկային ճարպի հաստ շերտը, որն ունենում է մինչև 10 սմ հաստություն։ Սպիտակ գունավորումը նպաստում է կենդանու աննկատ մնալուն։ Լավ զարգացած են նաև հոտառությունը, լսողությունը և տեսողությունը՝ իր զոհին կարող է տեսնել մի քանի կիլոմետրից, փոկի հոտը կարող է առնել 800 մետրից։