Թարմացնել այս էջի քեշը
Մայիս ամսվա հոդվածները
Մայիսի 1
Ուրֆայի հերոսամարտ, Ուրֆայի հայերի ինքնապաշտպանական մարտերը սեպտեմբեր-հոկտեմբերին։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ուրֆայում բնակվում էր շուրջ 35 հազար հայ։ 1915 թվականի ամռան կեսին քաղաք են ժամանել «Թեշքիլաթ-ը մահսուսեի» անդամներ, երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու Ուրֆայի հայության աքսորը։

Ձերբակալելով քաղաքի երևելիներին՝ բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել իրենց մոտ եղած զենքը։ Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով մուսուլմանական ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին։

Ուրֆահայերը վճռել են դիմել ինքնապաշտհանության, այն ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական խորհուրդ, կազմում՝ Մկրտիչ Յոթնեղբայրյան, Հարություն Ռասթկելենյան, Հարություն Իմիրզյան, Լևոն Էղբերլերյան, Արմենակ Աթարյան և Խորեն Քյուփելյան։ Կազմակերպվել է նաև պարենամթերքի հայթայթման և բաշխման ծառայություն, զենքի և զինամթերքի պատրաստման և վերանորոգման արհեստանոց, բուժօգնություն։ Ինքնապաշտպանների թիվը, ըստ մեկ աղբյուրի, կազմել է 800, իսկ ըստ մեկ այլ աղբյուրի՝ 2000 մարդ, հիմնականում՝ պատանիներ և աղջիկներ շարունակել...

Մայիսի 2
1920-21 թթ. Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսներ, վեհաժողովներ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ներկայացուցիչների միջև 1920-21 թվականներին։

Մոսկվայի ռուս-թուրքական աոաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 1920 թվականի հուլիս-օգոստոսին՝ քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև հարաբերությունները կարգավորող պայմանագիր կնքելու նպատակով։ խորհրդային Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էին արտգործժողկոմ Գեորգի Չիչերինը, նրա տեղակալ Լ. Կարախանը, տնտեսական, իրավական բաժնի տնօրեն Ա. Սաբանինը, արևելյան գործերի փորձագետ Ադամովը, Թուրքիայի կողմից՝ Բեքիր Սամին (պատվիրակության ղեկավար), Յուսուֆ Քեմալ Բեյը և ուրիշներ։

Պայմանագրի նախագծի, ինչպես նաև կողմերին հետաքրքրող մյուս հարցերի քննարկման և նախապատրաստման նպատակով ստեղծվում են երկու հանձնաժողովներ՝ քաղաքական և ռազմական։ Ռազմական հանձնաժողովում թուրք փոխգնդապետ Սեյֆին առաջարկում է կարճ ժամանակամիջոցում Թուրքիային տրամադրել զենք ու զինամթերք, նավթ և այլն շարունակել...

Մայիսի 3
Շապին Գարահիսարի հերոսամարտ, Շապին Գարահիսարի հայ բնակչության գոյամարտը թուրքական զորքերի ու հրոսակախմբերի դեմ 1915 թվականի հունիսին։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին շուրջ 300 շապինգարահիսարցի երիտասարդներ զորակոչվել են թուրքական բանակ, իսկ մյուսները, վճարելով պահանջվող հարկը, ժամանակավորապես ազատվել։ Սակայն շուտով նրանց էլ են զորակոչել և ճանապարհաշինության ու շինարարական ծանր աշխատանքներում օգտագործելուց հետո, բոլորին կոտորել։ Թուրքական իշխանության ներկայացուցիչները բռնագրավել են հայերի խանութները, խլել նրանց ունեցվածքը, ապրուստը։

Իսկ 1915 թվականի մայիսից սկսվել են զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները։ Թուրքերով, չերքեզներով ու քրդերով շրջապատված քաղաքի հայության վիճակն օրավուր ծանրացել է։ Մերձռազմաճակատային թուրքական բանակը և բանտից ազատված հանցագործները շրջակա հայկական գյուղերում զբաղվել են կողոպուտով ու սպանություններով շարունակել...

Մայիսի 4
Մշո ինքնապաշտպանություն, Մշո գավառի հայ խաղաղ բնակչության ինքնապաշտպանությունը թուրք ջարդարարների դեմ։ Հայկական ջարդերն ու կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։

Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից թուրք կառավարողները ձեռնամուխ եղան հայ բնակչության ոչնչացմանը՝ գլխավոր հարվածն ուղղելով Մուշի և Սասունի դեմ, ��րոնք հռչակված էին որպես հայ ազգ-ազատագրական շարժման կարևոր կենտրոններ։ Կատարելով թուրք, կառավարության հրահանգները՝ տեղական իշխանությունները զինվորական հրամանատարության հետ մշակեցին և գործողության մեջ դրին գավառի ամբողջ հայության բնաջնջման հրեշավոր ծրագիրը։

1915 թվականի գարնանը թուրքական կանոնավոր զորամասերը քրդական աշիրեթների հետ հարձակվեցին գավառի հայ բնակչության վրա։ Հայերը պատրաստ չէին ինքնապաշտպանության, մանավանդ որ գավառի հայ ղեկավար գործիչներն էլ միակարծիք չէին դիմադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Գազանաբար սպանվեցին Ցրոնք, Գոմս, Հերկերտ գյուղերի բնակիչները շարունակել...

Մայիսի 5
Ագ-դաղի հերոսամարտ, Ագ-դաղ լեռը, որը գտնվում էր Սեբաստիայի և Անկարայի նահանգների վարչական սահմանածի վրա, Սեբաստիա քաղաքից ավելի քան 90 կմ դեպի հարավ-արևմուտք, Հայոց մեծ եղեռնի ընթացքում դարձավ թուրք ցեղասպանների դեմ արևմտահայության մղած ինքնապաշտպանական հերոսամարտերի հայտնի օջախներից մեկը։

Լեռան վրա ապաստանած հարևան Չաթ գյուղի բնակչությունը, ինչպես նաև մի քանի այլ գյուղերի բնակչության ջարդերից փրկված բեկորները, մոտ 4 տարի պայքարեցին թուրք բարբարոսների դեմ և այդ պայքարից դուրս եկան հաղթանակած։

Ընդ որում գոյատևման պայքարը մղվում էր ոչ միայն թուրքերի, այլ նաև բնության դժնդակ պայմանների ու սովի դեմ, որոնք ոչ պակաս անողոք թշնամիներ էին շարունակել...

Մայիսի 6
Հուշարձան նվիրված Զեյթունի հայերին, Հալեպ, Սիրիա
Հուշարձան նվիրված Զեյթունի հայերին, Հալեպ, Սիրիա

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին։

Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով` հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ: 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին, մշեցի հայդուկ Մխո Շահենը և ուրիշներ: Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը:

75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու գլխավորությամբ զեյթունցիները հոկտեմբերի սկզբներին սկսեցին ապստամբությունը: Մինչև հոկտեմբերի 16-ի լուսաբացը զինաթափեցին թուրքական 700-հոգանոց կայազորը, գրավեցին 600 հրացան, գերմանական 2 հրանոթ և մեծ քանակությամբ այլ զինամթերք: Զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը` «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ շարունակել...

Մայիսի 7
Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, 2012 թ. լուսանկար
Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, 2012 թ. լուսանկար

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լիճի Աղթամար կղզում գտնվող եկեղեցի, հայ ճարտարապետության կոթողներից մեկը, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։

Եկեղեցին կառուցվել է 915—921 թվականներին ճարտապետ Մանվելի կողմից: 1113 թվականին դառնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղթամարյան կաթողիկոսարանի կենտրոն: Այդ իրականցվել է 5 եպիսկոպոսների և երիտասարդ պատրիարք Գրիգոր III Պահլավունու ընդհանուր համաձայնությամբ:

1114 թվականին Կիլիկյան Շուղրա եկեղեցուց Աղթամարի եկեղեցի ուղարկվեց Դավիթ եպիսկոպոսը: Բայց վերջինս չենթարկվեց բարձրադիրների որոշմանը և ստեղծեց Աղթամարյան կաթողիկոսարան շարունակել...

Մայիսի 8
Հայոց ցեղասպանության ժխտում պնդումներն են, որոշ երկրներում արգելված, համաձայն որոնց Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել և կամ հայերի կոտորածները չեն կրել պետականորեն կազմակերպված բնույթ։

Այս տեսակետը, որ մասնավորապես պաշտպանվում է պաշտոնական Թուրքիայի կողմից, բազմիցս քննադատվել է ճանաչված պատմաբանների և ցեղասպանության մասնագետների ճնշող մեծամասնության կողմից որպես զուտ քաղաքականորեն պատճառաբանված կեղծ-պատմագիտական թեզ։

Հայոց ցեղասպանության՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը նոր հնարավորություններ է ընձեռում մարդկության դեմ ապագայում նորանոր ոճիրների իրականացման համար, ուստի հայության և համայն առաջադեմ մարդկության առջև ծառանում է Հայոց ցեղասպանության ժխտումը կանխելու և թույլ չտալու պատասխանատու խնդիրը։ Արգենտինան, Շվեյցարիան և Ուրուգվայը ընդունել են օրենքներ, որոնցով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար։ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից օրենք ընդունվեց, որը Սենատի և նախագահի վավերացումից հետո թույլ կտա Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկել որպես հանցագործություն։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծ է պատրաստվում ընդունել նաև Սլովակիան շարունակել...

Մայիսի 9
Գագիկ Ավշարյանի վերականգնված Տ-72 տանկը որպես հուշարձան Շուշիի ազատագրման։
Գագիկ Ավշարյանի վերականգնված Տ-72 տանկը որպես հուշարձան Շուշիի ազատագրման։

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։

Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։

1992 թ. մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Մայիսի 8-ին այդ նույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը շարունակել...

Մայիսի 10
Վերևից ժամացույցի սլաքով՝ կործանված ադրբեջանական զրահափոխադրիչներ (2005), Սումգայիթում ադրբեջանցիների ձեռքով հոշոտված մայրն ու իր երեխան (1988), տանկ՝ հուշարձան Ասկերանում (2007), հայ զինվորներ (1994)
Վերևից ժամացույցի սլաքով՝ կործանված ադրբեջանական զրահափոխադրիչներ (2005), Սումգայիթում ադրբեջանցիների ձեռքով հոշոտված մայրն ու իր երեխան (1988), տանկ՝ հուշարձան Ասկերանում (2007), հայ զինվորներ (1994)

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարն հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։

Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի։

Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Արցախը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի պայմանագրով, նոր կազմավորվող Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը շարունակել...

Մայիսի 11
Երկրորդ համաշխարհային պատերազմի լուսանկաներ
Երկրորդ համաշխարհային պատերազմի լուսանկաներ

Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1, 1939 - սեպտեմբերի 2, 1945), պատերազմ երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը (համաշխարհային պատերազմ)։

Վերջինիս մեջ են ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը (աշխարհի բնակչության 80%-ը)։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ:

Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով շարունակել...

Մայիսի 12
Հայ ժողովուրդը հայրենական Մեծ պատերազմի տարիներին, Հայկական ԽՍՀ ազգաբնակչության և ԽՍՀՄ հայկական համայնքների մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտի (1939-1945) մաս հանդիսացող Հայրենական Մեծ պատերազմին (1939-1945)։

Ամբողջ ԽՍՀՄ-ից պատերազմ է զորակոչվել 440 000 հայ, այդ թվում՝ Հայաստանից 250 000-ը։ Դա այն դեպքում, երբ Հայկական ԽՍՀ բնակչությունը կազմել է 1 300 000 մարդ՝ 1939 թվականի տվյալներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցող հայերի թիվը հասել է 600 000-ի։

1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939 թվականի կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Գերմանիան վաղուց նախապատրաստվել էր պատերազմին և ստեղծել հզոր բանակ շարունակել...

Մայիսի 13
տեսարաններ Սևիլյայից
տեսարաններ Սևիլյայից

Սևիլյա (իսպ.՝ Sevilla [seˈβiʎa]),- քաղաք Իսպանիայի հարավում։ Սևիլյան Անդալուզիայի մայրաքաղաքն է, ինչպես նաև համարվում է ինքնավար համայնքի խոշորագույն քաղաքը։

Այն գտնվում է Գվադալկիվիր գետի վրա։ Քաղաքի բնակիչներին կոչում են սևիլյանոս (օրիգինալ լեզվով sevillanas) կամ հիսպելիանսես, քանի որ Հռոմեացիները քաղաքը կոչել են Հիսպալիս։

Սևիլյայի բնակչությունը 2011-ի տվյալներով 703.000, իսկ մետրոպոլիտենային տարածքի բնակչությունը հասնում է 1,5 միլիոնի, դարձնելով քաղաքը բնակչությամբ 4-րդ քաղաքը Իսպանիայում և 30-րդը Եվրոպական Միությունում։ Սևիլյայում է գտվում ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչված համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ՝ Ալկազարի պալատական կոմպեկսը, Տաճարը և Ինդիասի գլխավոր արխիվը շարունակել...

Մայիսի 14
Կոկաին, բենզոիլմեթիլէկգոնինի մեթիլային բարդ եթեր, էկգոնինի ածանցյալ, տրոպանային շարքի ալկալոիդ, ունի տեղային անզգայնացնող և հոգեներգործուն ազդեցություն։ Այլ ալկալոիդների հետ միասին պարունակվում է Էրիթրօքսիլում (լատին․՝ Erythroxylum) ցեղին պատկանող բույսերում (կոկայի թուփ)), որոնք տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում։

Իրենց ցավազրկող և թմրեցնող հատկությունների շնորհիվ՝ կոկայի տերևները (լատին․՝ Erythroxylum coca var. coca) երկար ժամանակ օգտագործվել են Հարավային Ամերիկայի տեղաբնիկ հնդկացիների կողմից։ 19-րդ դարի կեսերին կոկայի տերևներից մաքուր կոկաին ստանալու եղանակը տարածվել է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Սկզբնապես այն օգտագործվում էր բժշկության մեջ, սակայն 20-րդ դարում նոր միջոցների հայտնաբերման պատճառով ամբողջովին դուրս մղվեց դեղամիջոցների կազմից շարունակել...

Մայիսի 15
Ալեքսանդր Ադաբաշյան, 2009 թ. լուսանկար
Ալեքսանդր Ադաբաշյան, 2009 թ. լուսանկար

Ալեքսանդր Արտյոմի Ադաբաշյան (օգոստոսի 10, 1945, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, հայ, ռուս դերասան, նկարիչ, սցենարիստ, ռեժիսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1983)։

Ալեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականին Մոսկվայում։ Մայրը՝ Վալենտինա Բարխուդարովան (1917-1995), գերմաներենի ուսուցչուհի էր։ Հայրը՝ Արտյոմ Ադաբաշյանը (1910-1974), ինժեներ էր, Մոնտաժային և շինարարական աշխատանքների նախարարության գլխավոր կոմիտեի պետը։ Կինը՝ Կատերինա Շադրինան (ծն․ 1955), դուստրերը՝ Ալեքսանդրա Պոտեխինան (ծն․ 1980) և Եկատերինա Ադաբաշյանը (ծն․ 1982)։

Ալեքսանդր Ադաբաշյանի մանկությունն անցել է Մոսկվայում շարունակել...

Մայիսի 16
ՀՇ հետազոտությունը ցույց է տալիս ենթաոստայնային արյունազեղումը նկարի կենտրոնում սպիտակ գույնի տեղամասի ձևով (նշված է սլաքով)
ՀՇ հետազոտությունը ցույց է տալիս ենթաոստայնային արյունազեղումը նկարի կենտրոնում սպիտակ գույնի տեղամասի ձևով (նշված է սլաքով)

Ենթաոստայնային արյունազեղում (ԵՈԱ, նաև՝ սուբարախնոիդալ արյունազեղում), արյան կուտակումն է ենթաոստայնային տարածությունում, որն իրենից ներկայացնում է ոստայնենու և նրբենու միջև եղած տարածությունը։ Այն կարող է առաջանալ ինքնաբուխ կերպով՝ սովորաբար ուղեղային անոթալայնանքի պատռվածքի հետևանքով, կամ կարող է լինել գլխի վնասվածքի հետևանք։

ԵՈԱ դեպքում դիտվող ախտանիշերից են՝ հանկարծակի սկսված ուժեղ գլխացավը (որը հիշեցնում է հարված գլխի շրջանում), փսխումը, գիտակցության մթագնումը, երբեմն նաև դիտվում են ցնցումներ։ Ընդհանուր դեպքերում ախտորոշումը հաստատվում է գլխի համակարգչային շերտագրության հետազոտության, երբեմն նաև գոտկային պունկցիայի միջոցով։

Բուժումը կատարվում է շտապ նյարդավիրահատական միջամտության կամ ճառագայթային հսկողությամբ կատարվող միջամտությունների միջոցով, զուգակցված դեղորայքային կամ այլ միջոցների հետ, որոնք օգնում են կանխել կրկնությունը և բարդությունների զարգացումը շարունակել...

Մայիսի 17
սումոյի մենամարտ
սումոյի մենամարտ

Սումո, (ճապ.՝ 相撲), գոտեմարտի տեսակ, որում հակառակորդները մրցում են կլոր հարթակի վրա։ Այս մարզաձևի հայրենիքը Ճապոնիան է։

Սումոյի ավանդույթները գալիս են հին ժամանակներից, և այդ իսկ պատճառով ցանկացած մարտ ընթանում է բազմաթիվ ծեսերով։ Ճապոնիան միակ երկիրն է, որտեղ կազմակերպվում են պրոֆեսիոնալ մրցումներ, իսկ այլ երկրներում սումոն միայն սիրողական է։ Ժամանակակից պրոֆեսիոնալ սումոն համատեղում է մարզական արվեստի, շոուի, ավանդույթների և բիզնեսի տարրեր։

Առաջին գրավոր հիշատակումը հայտնաբերվել է Կոձիկիում, 712 թվականի մի գրքում, որը համարվում է ճապոներեն գրառումների հնագույններից մեկը։ Ենթադրվում է, որ ժամանակակից սումոյի մարտահրապարակը՝ դոհյոն, հայտնվել է 16-րդ դարում, սակայն ձևն ու չափը փոփոխվել է ժամանակի ընթացքում շարունակել...

Մայիսի 18
տեսարան Կոբորգ քաղաքից
տեսարան Կոբորգ քաղաքից

Կոբուրգ (գերմ.՝ Coburg), քաղաք Գերմանիայի կենտրոնական մասում` Իտց գետի ափին (Մայնի վտակ)։

Գտնվում է Վերին Ֆրանկոնիայում` Բավարիայի հյուսիսում։ Բնակչությունը ավելի քան 41 հազար մարդ է։ Մինչև 1918 թվականը Կոբուրգը Սաքսոն Կոբուրգ Գոթա պետության դուքսերի նստավայրն էր (այդ արքայատոհմի ներկայացուցիչները կառավարում էին Եվրոպայի մի քանի այլ պետություններ ևս)։ Կոբուրգում է գտնվում Գերմանիայի՝ մեծությամբ երկրորդ ամրոցը՝ Ֆեստեն, որը պահպանվել է մինչ օրս և հայտնի է նաև «Ֆրանկոնիայի թագ» անվամբ։

Կոբուրգ քաղաքը առաջին անգամ հիշատակվում է 1056 թվականի նվիրական գրություններից մեկում շարունակել...

Մայիսի 19
Ռուալ Ամունդսեն
Ռուալ Ամունդսեն

Ռուալ Ամունդսեն (նորվ.՝ Roald Engelbregt Gravning Amundsen, հուլիսի 16, 1872, Բորգե, Նորվեգիա - հունիսի 18, 1928, Արկտիկա), նորվեգացի ճանապարհորդ, հետախույզ, ըստ Ռ․ Հանթֆորդի՝ «բևեռային երկրների Նապոլեոն»։

Առաջին ճանապարհորդն է, որ կատարել է ծովային անցում Հյուսիս-Արևմտյան անցումով (Կանադական արշիպելագի նեղուցներով), իսկ ավելի ուշ Հյուսիս-Արևելյան ճանապարհով (ընդհուպ Սիբիրի ափերը)՝ առաջին անգամ փակելով Բևեռային շրջանի շուրջերկրյա տարածությունը։ Արկտիկական ճանապարհորդություններում ավիացիայի՝ հիդրոինքնաթիռներ և դիրիժաբլներ օգտագործող պիոներներից էր։

1928 թ. Արկտիկայում աղետի է ենթարկվում Ումբերտո Նոբիլեի «Իտալիա» դիրիժաբլը։ Օգնության շտապողների մեջ է լինում նաև Ամունդսենը, նա թռչում է օդանավով և այդպես էլ չի վերադառնում շարունակել...

Մայիսի 20
Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը Հարի Փոթեր նովելաշարի երրորդ մասն է՝ գրված Ռոուլինգի կողմից։

Գիրքը պատմում է Հարի Փոթերի՝ երիտասարդ հրաշագործի Հոգվարթսի համալսարանում երրորդ ուսումնական տարվա մասին։ Իր ընկերներ Ռոնի և Հերմիոնայի հետ Հարին քննում է Բլեք Սիրիուսին` Ազկաբանից փախուստի դիմած բանտարկյալին։ Նրանք վստահ էին, որ նա Վոլդեմորտի հին դաշնակիցներից է։

Գիրքը հրատարակվել է 1999 թվականի հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայում «Bloomsbury» տպարանում, իսկ ԱՄՆ-ում` 1999 թվականի սեպտեմբերի 8-ին «Scholastic Inc» տպարանի կողմից։ Ռոուլինգը գրքի գրությունը հեշտ էր համարում` ավարտելով այն գրելն սկսելուց 1 տարի հետո։ Մեծ Բրիտանիայում այն վաճառվել է 68.000 օրինակով գրքի լույս տեսնելուց ընդամենը 3 տարի անց և մինչ այժմ այն վաճառվել է 3 միլիոն օրինակով շարունակել...

Մայիսի 21
Շիրվանշահերի պետություն, ավատատիրական կառավարմամբ պետություն Հարավային Կովկասի արևելյան հատվածում (799-1538)։ Հիմնադրվել է արաբների կողմից։ Նրա հիմնադրումով փակվել է Աղվանքի պատմության քրիստոնեական էջը։

Գոյության 7 դարերի ընթացքում այստեղ թափանցել են զանազան իսլամադավան ցեղեր ու ժողովուրդներ՝ արաբներ, սելջուկներ, պարսիկներ, թուրքեր։ Տեղաբնիկ աղվանները վերջնականապես ձուլվել են նրանց մեջ և դարձել իսլամադավան։ Նրանց փոքր հատվածները՝ որոշ բնակավայրերում, շարունակում էին պահպանել քրիստոնեական սովորույթները, կրոնը և գիրը (ուդիներ, լեզգիներ

Զարգացած միջնադարում Շիրվանշահերի պետությունը բազմիցս գտնվել է օտար տիրապետությունների ներքո։ Ուշ միջնադարում՝ 16-րդ դարում, Իրանում գահ են բարձրանում Սեֆյանները, ովքեր նախ գրավում են Շիրվանը (1502)՝ այն վերածելով կուսակալության, ապա՝ վերացնում են նրանց բոլոր իրավունքները շարունակել...

Մայիսի 22
Ադամ Լևին
Ադամ Լևին

Ադամ Նոա Լևին (անգլ.՝ Adam Noah Levine, ծնվ. 1979թ. մարտի 18, Լոս Անջելես, Կալիֆորնիա), ամերիկացի երգիչ-երգահան, մուլտի ինստրումենտալիստ և դերասան։ Հանդիսանում է Maroon 5 փոփ ռոք խմբի գլխավոր վոկալիստը։

Իր պատանեկության տարիներին Ադամը հիմնադրել է Kara's Flowers ալտերնատիվ ռոք խումբը և եղել է այդ խմբի մենակատարն ու կիթառահարը։

Ադամ Նոա Լևինը ծնվել է Լոս Անջելեսում, նրա ծնողները` Ֆրեդ Լևինը և Փաթսի Նոան, ամուսնալուծվել են երբ նա եղել է 7 տարեկան շարունակել...

Մայիսի 23
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ադրբ.՝ Азәрбајҹан Совет Сосиалист Республикасы՝ Ազերբայջան Սովետ Սոսիալիստ Ռեսպուբլիկասը), նաև՝ Ադրբեջանական ԽՍՀ կամ Խորհրդային Ադրբեջան, ԽՍՀՄ 15 հանրապետություններից մեկը (1920-1991)։ Գտնվում էր Հարավային Կովկասի արևելյան մասում՝ Կասպից ծովի ափին։ Ուներ երկու ինքնավար միավոր՝ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։

Արևելքում սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին, հյուսիս-արևելքում՝ Վրացական ԽՍՀ-ին, հյուսիսում՝ Ռուսաստանի ԽՍՖՀ-ին (Դաղստանի ԻԽՍՀ)։ Հարավում անցնում էր ԽՍՀՄ-Իրան պետական սահմանը։ Նախիջևանի անկլավը հյուսիսում և արևելքում սահման��կից էր Հայկական ԽՍՀ-ին, հարավում և արևմուտքում՝ Իրանին, ծայր հյուսիս-արևմուտքում անցնում էր թուրքական սահմանը։

Այժմ նրա տարածքում գտնվում են երկու անկախ հանրապետություններ՝ Ադրբեջան և Արցախի Հանրապետություն։ Դրանցից երկրորդը չունի միջազգային ճանաչում, և անկախ է միայն փաստացի (դե ֆակտո) շարունակել...

Մայիսի 24
գրքի շապիկի կազմը, նկարիչ Ադրիան Մորո
գրքի շապիկի կազմը, նկարիչ Ադրիան Մորո

Շագրենի կաշին (ֆր.՝ La Peau de chagrin), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպը, որտեղ նկարագրվում է 19-րդ դարի առաջին տասնամյակների ֆրանսիական հասարակության կյանքը։ Վեպը գրողի «Մարդկային կատակերգություն» վիպաշարից է։ «Շագրենի կաշին» վեպը պատկանում է Բալզակի փիլիսոփայական ստեղծագործությունների շարքին։

Հրատարակվել է 1831 թվականին։ Այն պատմում է մի երիտասարդ տղայի մասին, ով ձեռք է բերում հրաշագործ հատկություններով օժտված շագրենի կաշի, որը կարող է իրականացնել նրա բոլոր ցանկությունները։ Ամեն ցանկությունից հետո կաշին փոքրանում է և կորցնում իր ֆիզիկական էներգիան։

«Շագրենի կաշին» վեպը պարունակում է ֆանտաստիկ տարրեր, թեև այն ամբողջությամբ ռեալիզմի ժանրից է շարունակել...

Մայիսի 25
Երկարապոչ գետնասկյուռ
Երկարապոչ գետնասկյուռ

Երկարապոչ գետնասկյուռ (լատին․՝ Spermophilus undulatus), գետնասկյուռներ ցեղի ներկայացուցիչ: Հանդիպում է Չինաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում, Ռուսաստանում:

Երկարապոչ գետնասկյուռը համեմատաբար մեծ գետնասկյուռ է: Նրա մարմնի երկարությունը կազմում է 20—31,5 սմ, քաշը՝ 300—500 գրամ: Եվրասիայում հանդիպող գետնասկյուռներից տարբերվում է իր երկար և փափուկ պոչով, որի երկարությունը 10—16 սմ է: Պոչը կազմում է նրա մարմնի երկարության 40 %-ից ավելին: Նրանք ունեն այտապարկեր: Այս կենդանիների չափն ու քաշը փոփոխական է՝ կախված արևելյան և հյուսիսարևելյան գոտիներից, որտեղ հանդիպում են:

Մեջքի գունավորումը գորշավուն է: Կողային մասերում և ուսային հատվածներում գույնը նարնջագույն է շարունակել...

Մայիսի 26
Երմակի դիմանկար
Երմակի դիմանկար

Երմակ Տիմոֆեևիչ (Երմակ Տիմոֆեևիչ Ալենին, 1532/1534/1542 թվականներ, Վոլոգդյան երկրամաս – 6 (16) օգոստոս 1585 թվական, Սիբիրի խանություն), կազակական ատաման, Ռուսական թագավորության համար պատմական Սիբիրի նվաճողը, Ռուսաստանի ազգային հերոս։

Երմակի ծագումը ճշգրտորեն հայտնի չէ, գոյություն ունի մի քանի վարկած։ «Ծնունդով անհայտ, հոգով հայտնի» նա, ըստ մի վարկածի, ծնունդով Չուսովայա գետի ափերից էր։ Շնորհիվ տեղական գետերի իմացության, նա նավարկում էր Կամայով, Չուսովայայով և նույնիսկ հասնում էր Ասիա՝ Տագիլ գետով, մինչև չտարան ծառայելու-կազակության (Չերեպանովյան տարեգրություն)։ Համաձայն մեկ այլ վարկածի, նա հանդիսանում էր Դոնի Կաչալինյան ստանիցայի ծնունդ (Բրոնևսկիյ)։

Պահպանվել է Սեմյոն Ուլյանովիչ Ռեմեզովի Երմակի արտաքին նկարագրությունը՝ նրա «Ռեմեզովյան տարեգրություն» («Ремезовском летописце») XVII դարի վերջերի աշխատությունում շարունակել...

Մայիսի 27
Աստվածաշունչի առաջին հայերեն հրատարակության կազմը, 1666-1668 թվականներ, Ամստերդամ
Աստվածաշունչի առաջին հայերեն հրատարակության կազմը, 1666-1668 թվականներ, Ամստերդամ

Հայկական տպագրություն հայերեն բնագրերի (ինքնուրույն և թարգմանական) տպագրական վերարտադրությունն ու բազմացումը: Հայկական տպագրություն են նաև այլալեզու հրատարակությունների մեջ հայերեն տպված հատվածները:

Հաճախ Հայկական տպագրություն են համարում մեսրոպատառ ամեն մի տպագրություն (նաև հայատառ թուրքերեն, քրդերեն և այլն):

Հայկական տպագրությունը զարգացման 3 շրջան է ունեցել՝ հնատիպ գրքի շրջան, նոր շրջան, և խորհրդային և սփյուռքահայ տպագրության շրջան:

Հայերեն առաջին տպագիր տեքստը 1475 թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրություններ» գրքում զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է շարունակել...

Մայիսի 28
Գևորգ Չաուշի միակ լուսանկարը, որն արված է 1904-ին Վահան (Կոմս) Փափազյանի կողմից, Աղթամար կղզում, Դաշնակցական ֆիդայական խմբերի խորհրդաժողովից հետո
Գևորգ Չաուշի միակ լուսանկարը, որն արված է 1904-ին Վահան (Կոմս) Փափազյանի կողմից, Աղթամար կղզում, Դաշնակցական ֆիդայական խմբերի խորհրդաժողովից հետո

Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գևորգ Արոյի Ղազարյան) (1870 կամ 1871 - 1907), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ:

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնց են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թթ.-ի ինքնապաշտպանական կռիվներին։

Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մկթենք գյուղում շարունակել...

Մայիսի 29
Բաքվի նահանգի զինանշանը
Բաքվի նահանգի զինանշանը

Բաքվի նահանգ (ռուս.՝ Бакинская губерния), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի արևելյան մասում 1859-1917 թվականներին։ Հյուսիսում սահմանակցում էր Դաղստանի մարզին, արևմուտքում՝ Ելիզավետպոլի նահանգին և հարավից՝ Պարսկաստանին։

1813 թվականին ավարտվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Հոկտեմբերի 10-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Իրանի շահը ճանաչեց Արևելյան Հարավային Կովկասի միացումը Ռուսական կայսրությանը։

1840 թվականին Նիկոլայ I Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ շարունակել...

Մայիսի 30
Հավանականությունների տեսության պատմություն, հավանականությունների տեսության սկզբնավորման ու զարգացման պատմությունը։

Հավանականությունների տեսության պատմությունն առանձնանում է մի քանի յուրահատկություններով։ Առաջին հերթին, ի տարբերություն մաթեմատիկայի՝ գրեթե նույն ժամանակաշրջանում ի հայտ եկած այլ բաժինների (օրինակ, մաթեմատիկական անալիզ կամ անալիտիկ երկրաչափություն), հավանականությունների տեսությունը չունի անտիկ կամ միջնադարյան պատմություն և լիովին ստեղծվել է նոր ժամանականերում։

Բավականին երկար ժամանակ հավանականությունների տեսությունը համարվում էր զուտ փորձնական գիտություն շարունակել...

Մայիսի 31
ՄաքՍիմ
ՄաքՍիմ

ՄաքՍիմ (նախկինում՝ Maxi-M, իրական անունը՝ Մարինա Սերգեևնա Աբրոսիմովա, 10 հունիսի 1983 թվական, Կազան, ռուս երգչուհի, հեղինակ, կատարող, երաժշտական պրոդյուսեր, Կարաչաևո-Չերկեսյան հանրապետության վաստակավոր արտիստ (2013

Հաջողությունը երգչուհուն այցելեց 2006 թվականի մարտի 28-ին «Трудный возраст» ձայնասկավառակի լույս տեսնելուց հետո, որը վաճառվեց մեծ տպաքանակով՝ 1.5 միլլիոն օրինակ և 2007 թվականին ՄաքՍիմը դարձավ ամենակոմերցիոն հաջողակ երգչուհին Ռուսաստանում։

Մարինա Սերգեևնա Աբրոսիմովան ծնվել է 1983 թվականին ավտոմեխանիկ Սերգեյ Օրեֆևիչի և մանկապարտեզի դաստիրակչուհի Սվետլանա Վիկտորովնա Մաքսիմովայի ընտանիքում շարունակել...

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր