Ուռհա[1] (հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Ուրհա, Օրֆա, Ռուհա Ուրֆա), պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում, հայտնի է նաև Եդեսիա[2] (հին հունարեն՝ Ἔδεσσα; ասորերեն՝ ܐܘܪܗܝ) անունով, որը սակայն ասորական աղբյուրներում չի գործածվում։ Գոյություն է ունեցել նախքան Մակեդոնական տիրապետությունը։ Հնագույն անունը եղել է Օրրոե։ Մ.թ.ա. 303 թ. Սելևկոս Ա Նիկատորի կողմից վերանվանվել է Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի Էդեսսա քաղաքի։216 թ. Կարակալա կայսրը, գահընկեց անելով Օսրոենի վերջին ներկայացուցիչ Աբգարին, Եդեսիան դարձրեց հռոմեական գաղութ։ 363 թ. հռոմեա-պարսկական հաշտության պայմանագրով այն անցավ Սասանյանների ձեռքը։ Այս ժամանակ Եդեսիան տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն էր։ Մեծ հռչակ էր վայելում Եփրեմ Ասորու հիմնադրած «Պարսկական դպրոցը», որտեղ ուսանելու էին գնում տարբեր վայրերից, այդ թվում և Հայաստանից։ Եդեսիան մեծ դեր է խաղացել հայոց այբուբենի ստեղծման գործում[3]։ Հելլենիստական շրջանում եղել է Օսրոյենեի ասորական թագավորության մայրաքաղաքը, այնուհետև՝ Հայոց Միջագետքի մայրաքաղաքը, անցել է հռոմեացիների տիրապետության տակ, այնուհետև ընդգրկվել Բյուզանդական կայսրության կազմի մեջ։ 641 թ. քաղաքը նվաճվել է արաբների կողմից, բյուզանդացիներին հաջողվել է կարճ ժամանակով վերանվաճել քաղաքը 1031 թ։ Տասը տարի անց քաղաքը գրավել են սելջուկները։ Ուռհան անցել է ձեռքից ձեռք մինչև 1098 թ., երբ այն նվաճվել է խաչակիրների կողմից։ 1144 թ. քաղաքը գրավում է Մոսուլի տիրակալ Էմադ էդ-Դինը։ Այդ իրադարձության առթիվ Ներսես Շնորհալին գրում է իր հռչակավոր ստեղծագործություններից մեկը՝ «Ողբ Եդեսիոյ» (1145-46) պոեմը, որտեղ հայրենասեր հեղինակը սրտի կսկիծով Է նկարագրում է ծաղկուն քաղաքի ավերումն ու բնակչության զանգվածային բնաջնջումը։ Քաղաքը հետագա դարերում անցել է հաջորդաբար Եգիպտոսի և Ասորիքի սուլթանների, մոնղոլների, թյուրք ցեղերի տիրապետության տակ, մինչև որ 1637 թ. վերջնականապես մտել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Հին քաղաքի մնացորդներ
Ուռհա
թուրքերեն՝ Şanlıurfa
քրդ.՝ Riha
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՇանլըուրֆայի մարզ
Այլ անվանումներՇանլիուրֆա
Մակերես3668,76 կմ²
ԲԾՄ515 մետր
Բնակչություն1 985 753 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ63 000
Ավտոմոբիլային կոդ63
Պաշտոնական կայքsanliurfa.bel.tr(թուրքերեն)
Ուռհա (Թուրքիա)##
Ուռհա (Թուրքիա)

Ուռհայի հայ բնակչություն

խմբագրել

Որոշ աղբյուրների համաձայն՝ Ուռհան հիմնովին վերաշինել է Հայոց կիսաավանդական թագավոր Աբգարը՝ Մծբինից այստեղ տեղափոխելով իր արքունիքը։ Նույն աղբյուրները վկայում են, որ Աբգարն այս տեղ հունա-հռոմեական թատրոնների օրինակով շինել է թատրոնի շենք, ինչպես նաև արքունական շքեղ պալատ ու հոյակապ եկեղեցիներ։ Իսկ Աբգարի հաջորդ Երվանդ թագավորը, ըստ նույն ավանդությունների, Ուռհան թողել է Հռոմին, իսկ ինքը հաստատվել նախ՝ Արմավիրում, ապա՝ իր հիմնադրած Երվանդաշատում։ Ուռհան Օսրոենի փոքրիկ թագավորության մայրաքաղաքն էր (2-րդ դ-ից մթա)։ Տիգրան Բ-ի օրոք (95-56 թ մթա) այդ թագավորությունը միացվեց հայկական պետությանը, և նրա մայրաքաղաք դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը։ Սակայն հայկական պետության կազմում երկարատև չի մնում՝ 60-ական թթ (մթա) այն անցնում է Հռոմին։ Հնում Ուռհան մշակույթի մեծ կենտրոն էր։ Այստեղ գործում էր բարձր տիպի դպրոց՝ ճեմարան, որտեղ ուսանելու էին գալիս տարբեր տեղերից։ Ուռհայում կրթություն են ստացել և բավական թվով հայ երիտասարդներ։ Այստեղ է արարվել հայոց մեսրոպյան գիրը։ Քաղաքում է ստեղծագործել միջնադարի հայ նշանավոր պատմիչներից մեկը՝ Մատթևոս Ուռհայեցին։ Քաղաքը հնուց ի վեր ունեցել է հոծ հայ բնակչություն, որը պատմական որոշ ժամանակահատվածներում կազմել է մեծամասնություն։ Քաղաքը 1071-1086 թթ-ին մտել է Փիլարտոս Վարաժնունու պետության կազմի մեջ։ Քաղաքը 1144 թ-ին ուներ 47.000, իսկ 1914 թ-ին 35.000 հայ բնակիչ։ Ուռհայի հայ բնակչությունը տուժել է 1894-96 թթ համիդյան կոտորածներից։ Մեծ Եղեռնի ժամանակ քաղաքի հայ բնակչությունը 53 օր հերոսաբար մարտնչեց թուրքական 18.000 բանակի դեմ։ Քեմալական հալածանքների պայմաններում հարկադրված հեռացել են Սիրիա, Ֆրանսիա, մի մասն էլ՝ Խորհրդային Հայաստան։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  3. Մատթեոս Ուռհայեցի, Հայ մատենագիրներ= (խմբ. Ռ.Գ.Սարգսյան=), Երևան, «Հայաստան», 1973 — 372, էջեր 372 — 372 էջ. — 20.000 հատ։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996։
  • Անանուն Եդեսացի, Ժամանակագրություն, Երևան, 1982։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռհա» հոդվածին։