Հայկական կոտորածներ (հայտնի է նաև Համիդյան ջարդեր, Համիդյան կոտորածներ անվանումներով), 1894-1896 թվականներին հայերի զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։ Կազմակերպել և իրագործել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպատակով։

1895

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը երևան հանեց Օսմանյան կայսրության հիմքերի խարխլությունն ու փտածությունը, ցույց տվեց, որ այն կանգնած է փլուզման շեմին։ Բացի այդ, ռուս-թուրքական պատերազմով Հայկական հարցը միջազգայնացվեց, մտավ միջազգային հարաբերությունների խաղացանկի մեջ։ 1876 թվականին նոր գահ բարձրացած սուլթանի՝ Աբդուլ Համիդ II-ի (1842-1918) առաջ ծառացել էր կայսրությունը վերջնական կործանումից փրկելու հրամայական խնդիրը։ Կառավարումը սկսելով սահմանադրության հռչակումով՝ սուլթանը շատ շուտ հրաժարվեց բարենորոգումների բոլոր փորձերից և, հաշվեհարդար տեսնելով համեմատաբար առաջադեմ Միդթհատյան ընդդիմադիր ուժերի հետ, երկիրը տարավ բոլորովին այլ ճանապարհով։

Ինչպես Աբդուլ Համիդը, այնպես էլ նրա հետևորդները լավ էին հասկանում, որ պետության ճգնաժամի, քայքայման պատճառների անկյունաքարը, նրա աքիլեսյան գարշապարը եղել և շարունակում է մնալ ազգային հարցը։ Օսմանյան կայսրությունն ամենից առաջ քրիստոնյա ժողովուրդների մեծ բանտ էր, ուր նրանք ապրելով իսկական ստրկական պայմաններում, դատապարտված էին դանդաղ մահվան, միշտ ենթակա ջարդերի և մուսուլմանական մոլեռանդության այլևայլ դրսևորումների։ Երկրում բացահայտորեն կիրառվում էին Ղուրանի «անհավատների» դեմ պատերազմելու, նրանց ոչնչացնելու հայտնի սկզբունքները։ Ազգային հարցը պետության մեջ դարձավ այն վճռական խնդիրը, որի հետ էր կապվում արևելյան բռնապետության բախտը։

Համիդյան ծրագիր

խմբագրել

Ստեղծվեց Օսմանյան կայսրությունը ճգնաժամից դուրս բերելու մանրակրկիտ մշակված, գործունակ, բայց ըստ էության հրեշավոր ծրագիրը, որն ուներ ամուր գաղափարախոսական հենք՝ ի դեմս իսլամիզմի և օսմանիզմի հիմնարար դրույթների միախառնման։ Սուլթանը, միաժամանակ ձգտում էր իր համար հենարան ստեղծել՝ դաստիարակելով եվրոպական կրթության տեր, բայց մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն նոր սերունդ։ Պետք է նշել նաև, որ թուրքական սուլթանները միշտ և ամենուրեք չափազանց բիրտ ու դաժան քաղաքականություն էին վարում իրենց լծի տակ գտնվող ժողովուրդների, այդ թվում և հայերի նկատմամբ։ XIX դարի երկրորդ կեսին, հատկապես Հայկական հարցի արծարծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում, սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքներն ավելի ուժեղացան։

Եվ ահա սուլթան Աբդուլ Համիդը, որը գահ էր բարձրացել 1876 թվականին, ծրագրել էր հայերի մասսայական կոտորածներ կազմակեր��ել և լկտիաբար հայտարարում էր, թե Հայկական հարցը պետք է լուծել հայերին կոտորելով։ Լուծելով արտաքին բնույթի բազմաթիվ այլ հարցեր, սուլթանը միաժամանակ լուծում էր նաև ներքին խնդիրները։ Հայության դեմ ուղղված իր քաղաքականությունը Աբդուլ Համիդ II-ը սկսել էր իրագործել դեռ 1880-ական թվականներից։ Ինչպես ժամանակին ճիշտ նշել էր Հայկական դատի պաշտպաններից մեկը՝ Մաքքոլմ Մաք Քոլլը, նախ և առաջ պատերազմ հայտարարվեց հայերի կրթական համակարգին, դավանանքին և մշակույթին։ Համիդը գիտակցում էր, որ հայ ժողովրդի ազգային զարթոնքի դեմ պայքարում պետք է վճռվեր լինել-չլինելու համլետյան հարցը։

Այս սուլթանի օրոք էր, որ կառավարության կողմից սկսեց կիրառվել նաև մշակութային ցեղասպանություն։ Ընդ որում, եթե ֆիզիկական բնաջնջման մարտավարությունը հնարավոր էր ժամանակ առ ժամանակ հանել զինանոցից, արտաքին պայմաններից կամ այլ նկատառումներից ելնելով, ապա պետականորեն ղեկավարվող մշակութային ցեղասպանությունը չդադարեց հայ ժողովրդի նկատմամբ և շարունակվում էր ավելի քան հարյուր տարի։ Միաժամանակ, սուլթանը փորձում էր անմիջական հարված հասցնել Հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայերին՝ անտանելի պայմաններ ստեղծելով նրանց գոյության համար։ Սովորական են դառնում հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող հալածանքները, խաղաղ բնակչության կողոպուտը, թալանն ու բռնություները։

Հայաբնակ բոլոր մարզերում ստեղծվում է յուրահատուկ հակահայկական վարչակարգ։ Երկիրը վեր է ածվում մի կատարյալ դժոխքի։ «Առաջին քայլը,- գրում էր ժամանակի խոշորագույն հրապարակախոսներից մեկը՝ Էմիլ Դիլոնը,- բնաջնջման ծրագրի իրականացման ուղղությամբ, այն էր, որ պարբերաբար քայքայեն ժողովրդին» ։ Դա նախ և առաջ իրականացվում էր ամենադաժան հարկային քաղաքականությամբ։ Հատկապես ծանր էին գլխահարկը և ռազմական հարկը։ Սուլթանը տնտեսական ճնշումները զուգակցում էր ամենանուրբ քաղաքական հետապնդումներով։ Պետական քաղաքականության աստիճանի էր բարձրացվել մուսուլմանների բնակեցումը հայաբնակ գյուղերում և շրջաններում։ Ընդ որում, վերաբնակիչները տասը տարով ազատվում էին ռազմական ծառայությունից, ստանում էին անվճար հողատարածություններ և նյութական օժանդակություն։ Զանգվածային այս վերաբնակեցումները հետապնդում էին մեկ նպատակ՝ փոխել հայաբնակ շրջանների ազգային կազմը, թուլացնել, տնտեսապես հարվածել հայերին և հասնել նրան, որ հայ ազգաբնակչությունը իր հայրենիքում կազմի չնչին տոկոս։ Հարկ է նշել, որ հայկական վիլայեթներում հաստատվում էին բացառապես ռազմատենչ, հետամնաց, թալանով ապրող քրդական ցեղերը և հյուսիսկովկասյան մոլեռանդ ցեղախմբերը։

Սուլթանի ծրագրում հատկապես մեծ դեր էր հատկացվում քրդերին։ Եվ ահա այդ նույն քրդերից էլ կազմվում են այսպես կոչված «համիդիե» գնդերը, որոնց ստեղծումով էլ սկսվում են հայության բացահայտ ջարդերը։ Խոսելով համիդյան զուլումի մասին՝ անհրաժեշտ է առավել հանգամանորեն անդրադառնալ ջարդերի մեխանիզմին։ 1890-ական թվականներին թուրքական կառավարությունը վերջնականապես մշակեց և հարստացրեց կոտորածներն իրականացնելու դարավոր զինանոցը։ Դա նման ծավալներով բնաջնջման առաջին փորձն էր, ուստի և որոշ վայրերում տեղական իշխանությունները չկարողացան կազմակերպված իրագործել կենտրոնի հրահանգները։

Իրականացում

խմբագրել

1894 թվականից մինչև 1897 թվականն ընկած ժամանակահատվածի արյունալի իրադարձություններն ամենայն մանրամասնությամբ նախապատրաստված են եղել և իրականացվել են սահմանված հաջորդականությամբ։ Սուլթանը նախ փորձում էր հարվածել հայ ժողովրդի ազատագրական պայքարի դարավոր կենտրոններին՝ Սասունին, Զեյթունին և Վանին։ Այսպիսով, հայերի մասսայական կոտորածները Թուրքիայում սկսվեցին 1890-ական թվականներից, որի առաջին զոհը դարձավ հերոսական Սասունը։

Սասուն

խմբագրել

Սասունը, որն ուներ շուրջ 35 հազար հայ բնակչություն և մեկ տասնյակ գյուղախմբեր, դեռ 1880-ական թվականներից պայքարի մեջ էր քրդական հրոսակների, կառավարական զորքերի և ոստիկանության կամայականությունների դեմ։ Ազատատենչ Սասունը պարարտ հող էր ազատագրական գաղափարների քարոզման համար։ Հնչակյան գործիչներն առաջինն էին, որ գործնական աշխատանք տարան Սասունը կազմակերպելու ուղղությամբ։ 1891 թվականին Միհրան Տամատյանը հաստատվեց Սասունում և լեռնականների մեջ քարոզեց Հայաստանի ազատագրության գաղափարը։ Թեև 1893 թվականի մայիսին թուրքերին հաջողվեց իրենց ձեռքը գցել Տամատյանին, բայց նրան փոխարինելու եկած գործիչները, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չավուշը (Գևորգ Ադամյան), Շենիկի տանուտեր Գրգոն (Գրիգոր Մոսեյան) և ուրիշներ, իրենց վրա վերցրին Սասնո ազատամարտի կազմակերպումն ու ղեկավարումը։ Թուրքական իշխանությունները 1891-1892 թվականներին Սասունի դեմ հանեցին քրդական ցեղերին, համիդիե հեծելազորային ջոկատներին ու ոստիկանական կանոնավոր ուժերին։ 1893 թվականի ամռանը Բիթլիսի կուսակալ Թահսին փաշան սասունցիներին ներկայացրեց իր պայմանները.

  1. հանձնել հեղափոխականներին, դրսից եկած գործիչներին ու նրանց համակիրներին
  2. հանձնել զենքերը
  3. վճարել այդ տարվա և նախկինում չվճարած բոլոր տուրքերը
  4. ստորագրել հանրագրություն, համաձայն որի իրենք շատ գոհ են օսմանյան կառավարությունից և ըմբոստացել են Միհրան Տամատյանի թելադրանքով։

Առաջարկված պայմանները երկընտրանքի առաջ կանգնեցրին սասունցիներին։ Դրանց ընդունումը հավասարազոր էր անձնատվության, մերժումը կընկալվեր որպես ապստամբություն։ Եվ ահա Սասունն ընտրեց պայքարի ուղին։ Թուրքական իշխանությունները, սակայն շուտով Սասունն առան օղակի մեջ, իսկ արդեն 1894 թվԱկանի հունիսին կառավարությունը դիմեց վճռական միջոցների։

Սասունի հերոսամարտ (1894)

խմբագրել

Սուլթանի հանձնարարությամբ Սասուն արշավող զորքերի ղեկավարությունը ստանձնեց Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար, ջարդարար Զեքի փաշան։ Բացի նրա գլխավորած 12 հազարանոց զորամիավորումից, Սասունի վրա շարժվեցին նաև այլ զորամասեր՝ Դիարբեքիրից, Կարինից, Երզնկայից, Մուշից, Վանից, անգամ Բաղդադից ու Հալեպից։ Սասունի դեմ դուրս է բերվել ժամանակի ռազմական տեխնիկայով զինված մի հսկա բանակ, որն իր թվաքանակով գերազանցում էր Սասունի հայությանը։ 1894 թվականի օգոստոսի սկզբներին թուրքական կանոնավոր զորքերը հարձակման անցան։

Մուրադի և մյուս հրամանատարների գլխավորությամբ կայծքարե հրացաններով, դաշույններով, կացիններով զինված սասունցիները շուրջ մեկ շաբաթ շարունակ աներևակայելի խիզախությամբ ու անձնազոհությամբ կռվում էին թշնամու դեմ՝ մնալով իրենց դիրքերում։ Սակայն, նրանք ստիպված էին մարտերով նահանջել անմատչելի լեռները։ Անհավասար գոտեմարտը շարունակվեց ևս 15 օր։ Ռազմամթերքը և պարենը համարյա սպառած սասունցիների ուժերը ջլատելու նպատակով թուրքական հրամանատարությունը դիմեց նենգության՝ ներման խոստումով նրանց անձնատուր լինելու առաջարկ արեց, որը սակայն, մերժվեց սասունցիների կողմից։ Նրանցից մոտ 200 դյուրահավատներ օգոստոսի 15-ին լքեցին դիրքերը և շարժվեցին թուրքական բանակատեղի, որտեղ նրանց անմիջապես սրի քաշեցին։ Հակառակորդն անցավ նոր հարձակման։

Որևէ տեղից օգնություն չստանալով և մնալով միայնակ՝ օգոստոսի 24-ին Սասունն ընկավ։ Մուրադը, Գևորգ Չավուշը և քարանձավներում ապաստանած մի խումբ մարտիկներ գերվեցին և շղթայակապ տարվեցին Մուշ։ Սկսվեց խաղաղ բնակչության ջարդը։ Ավերվեց ու հրի մատնվեց շուրջ 40 գյուղ, զոհվեց ավելի քան յոթ հազար հայ։

1894 թվականի Սասունի աշխարհացունց ջարդերին՝ մեծ տերություններ աչքի առջև հաջորդեցին Կարինի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բաղեշի, Անգորայի, Սեբաստիայի, Ակնի, Արաբկիրի, Եդեսիայի, Այնթապի և ապա Կ. Պոլսի, Վանի, Եվդոկիայի և այլ վայրերում տեղի ունեցած կոտորածները։ Սասունի ապստամբությունը ունեցավ գործնական որոշակի հետևանքներ։ Այստեղ տեղի ունեցած դեպքերն ամենուր ցնցեցին հայությանը։ Առաջավոր մարդկության շատ ներկայացուցիչներ բողոքի ու զայրույթի ձայն բարձրացրին սուլթանի ջարդարար քաղաքականության դեմ՝ մեծ տերություններց պահանջելով միջամտություն։

Արգելելով օտարերկրացիների մուտքը Սասուն՝ սուլթանը փորձեց մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը, բայց ի վերջո ստիպված էր տեղի տալ։ Սասունի ապստամբությունը միաժամանակ առաջ մղեց Հայկական հարցը՝ ակտիվացնելով այդ ուղղությամբ տերությունների ձեռնարկած դիվանագիտական քայլերը։ Ցանկանալով խանգարել Հայկական հարցում հայանպաստ դիրքորոշում որդեգրած Անգլիային, որը ջանում էր հայության շրջանում խիստ մեծացնել իր ազդեցությունը, Ռուսաստանը և նրա դաշնակից Ֆրանսիան ստիպված էին համաձայնության գալ նրա հետ։

Մեծ տերությունների պահանջով 1895 թվականի հունվարին Սասուն ժամանեց ջարդերի պատճառները քննող թուրքական կառավարական հանձնաժողով, որին որպես դիտորդներ մասնակցում էին Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ 1895 թվականի մայիսի 11-ին Կ. Պոլսի անգլիական, ռուսական և ֆրանսիական դեսպանները հայկական վեց նահանգներում (Կարին, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր ներկայացրին Բ. Դռանը։ 13 գլուխներից և 40 հոդվածներից բաղկացած բարենորոգումների այդ ծրագիրը նախատեսում էր որոշ չափով բարեփոխել վերը նշված նահանգների կառավարումը, բարելավել դատական գործը, կարգավորել հարկային համակարգը և այլն։ Ծրագիրը, սակայն խիստ սահմանափակ էր և չէր կարող բավարարել ավելի արմատական դիրքերի վրա կանգնած հայությանը։ Դրանով հանդերձ, այն Բեռլինի վեհաժողովից հետո մեծ տերությունների կողմից 61-րդ խիստ անորոշ հոդվածի[Ն 1] բովանդակությունը առարկայացնելու առաջին փորձն էր և իրագործվելու դեպքում, անշուշտ, որոշ օրինականություն կմտցներ Արևմտյան Հայաստանում ու կչափավորեր կամայականությունները։

Սուլթանը, սակայն մտադիր չէր իրականացնել անգամ նման չափավոր մի ծրագիր։ Առերևույթ շնորհակալությամբ ընդունելով ներկայացված նախագիծը՝ սուլթան Աբդուլ Համիդը զանազան պատրվակներով ամիսներ շարունակ ձգձգում էր բարենորոգումներն իրականացնելուն ուղղված գործնական քայլերի կատարումը։ Սուլթանը համառորեն պահանջում էր հայ ազատագրական շարժումների անհապաղ դադարեցում՝ հայտարարելով, որ միայն խաղաղ պայմաններում է հնարավոր իրականացնել բարենորոգումները։ Այս հարցում սուլթանին օգնության էր գալիս Հայկական հարցի շուրջ այդ ամիսներին ծավալված դիվանագիտական պատերազմը՝ մի կողմից Անգլիայի, մյուս կողմից ռուս-ֆրանսիական ալյանսի միջև, որը փորձում էր զսպել Անգլիայի ակտիվությունը և իր հովանավորության տակ վերցնել Թուրքիան[1]։

Բողոքի ցույց և մայիսյան բարենորոգումների ծրագիր

խմբագրել

Այսպիսով, Հայկական հարցը հայտնվում է յուրատեսակ կախարդական շրջանակում։ Ստեղծված ճգնաժամային, սպասողական, ծանր ու տագնապալից իրավիճակում հասունանում է նոր ելույթի գաղափարը։ Նման պայմաններում ռումբի պայթյունի տպավորություն թողեց 1895 թվականի սեպտեմբերի 18-ին Կ. Պոլսում հնչակյանների կազմակերպած ցույցը։ Շուրջ 4 հազար ցուցարարներ շարվեցին դեպի Բաբ Ալի՝ թուրքական կառավարության նստավայրը՝ իրենց հետ տանելով սուլթանին և եվրոպական տերություններին ուղղված հնչակյանների կազմած պահանջագիրը, որում նկարագրելով հայ ժողովրդի ծանր կացությունը, առաջարկվում էր վերջ տալ անօրինություններին և ապահովել հայ ժողովրդի խաղաղ կյանքը։ Ոստիկանությունը թույլ չտվեց հանձնել խնդրագիրը։ Վաղօրոք տեղյակ լինելով ցույցի մասին՝ կառավարությունը ռազմական պատրաստություն էր տեսել։ Ցույցն ավարտվեց քաղաքում հայերի ընդհանուր ջարդով, որին զոհ գնաց մոտ երկու հազար մարդ։

Բաբ Ալիի ցույցից հետո սուլթանը շտապեց իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը՝ ամենուրեք ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու և դիվանագիտական խաղաքարտերը կրկին խառնելու նպատակով։ 1896 թվականի հոկտեմբերի 18-ին, նախապես փոփոխություններ կատարելով, նա ստորագրեց Մայիսյան բարենորոգումների ծրագիրը։ Սուլթանի հրապարակած բարենորոգումների հրովարտակը կայսրության հայաբնակ շրջաններում ընդհանուր կոտորածի ազդանշան հանդիսացավ։ Սուլթանական կառավարությունը բացահայտորեն պատժիչ միջոցներ սկսեց կիրառել հայ ազատագրական պայքարի հետագա վերելքը կանխելու, հայոց զինյալ պայքարն արմատախիլ անելու համար։

Համատարած ցեղասպանության սկիզբ

խմբագրել

1895 թվականի սեպտեմբերի 30-ին ահավոր կոտորած տեղի ունեցավ Բաբերդում։ 1895 թվականի հոկտեմբերի 5-ին սկսվեց Տրապիզոնի սարսափելի ջարդը։ Սրի քաշվեցին հազարավոր հայեր, ավերվեցին շրջակայքի հայկական բնակավայրերը։ Հոկտեմբերի 7-ին կոտորած է սկսվում Դերջանի գավառում։ Հոկտեմբերի 13-ին յաթաղանի զոհ դարձան Բաղեշ քաղաքի և նրա շրջակա գյուղերի հայ բնակիչները։ Երկու ամսվա ընթացքում կոտորածների ալիքը տարածվեց հայաբնակ համարյա բոլոր մարզերում։ Տասնյակ հազարավոր կանայք, երեխաներ, ծեր և երիտասարդ բնակիչներ ոչնչացվեցին Երզնկայում, Դերջանում, Բիթլիսում, Ուռհայում, Շապին Գարահիսարում, Կարինում, Խարբերդում, Մալաթիայում, Մարզվանում, Դիարբեքիրում, Սղերդում, Սեբաստիայում, Այնթափում, Մարաշում և այլուր։

Կոտորածը սարսափելի բնույթ է ստանում Եդեսիայում։ Սուլթանի կարգադրության համաձայն, հոկտեմբերի 16-ին թուրքական կանոնավոր զորքը և ամբոխը հարձակվում են հայկական խանութների վրա, կողոպտում ամեն ինչ, ավերում և հրկիզում։ Ավելին, կառավարությունը կրոնական մոլեռանդությամբ վարակված խուժանին զենք է բաժանում և կոչ անում՝ կոտորել հայերին և զավթել նրանց ունեցվածքը։ Սակայն, հայերը հիմնականում ապրելով մեկ թաղամասում, կարողանում են դիմադրություն կազմակերպել և թշնամուն ետ մղել։

Փաստորեն, սա արևմտահայոց ցեղասպանության սկիզբն էր, ցեղասպանություն, որի արդյունքում ոչնչացվեց իր Հայրենիքում ապրող օսմանահպատակ հայությունը։

Զեյթուն

խմբագրել

Ինչպես նշեցինք, թուրք ջարդարարները իրենց հարվածն ուղղում են նաև հայ ազատագրական շարժման կենտրոններից նաև Զեյթունի դեմ։ Սուլթան Համիդի աչքի փուշը Սասունից հետո կամ նրան համահավասար Զեյթուն լեռնագավառն էր, որը մեկ անգամ չէ, որ հարյուրավոր թուրք ասկյարներ էր փռել իր պատերի տակ, կառավարական հարկահաններին արգելել մտնելու արծվաբույն։ Սուլթանական կառավարությունը դեռևս 1880-ական թվականներից գործի էր դրել Զեյթունը հայաթափելու և հիմնահատակ ավերելու սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճնշումների մի ամբողջ համակարգ։ Հարկային ծանր լուծը, հարստահարությունները, զեյթունցիների տնտեսական քայքայումը հետապնդող միջոցառումները, պարբերաբար հայատյաց կառավարիչներ նշանակելը, հայ ազդեցիկ գործիչների նկատմամբ հալածանքները ստեղծել էին պայթյունավտանգ իրավիճակ։ Դժգոհության պատճառներից էր նաև այն, որ Հալեպի վիլայեթը, որտեղ գտնվում էր Զեյթունը, ներառված չէր Մայիսյան բարենորոգումների ծրագրում նշված շրջանների մեջ։

Լեռնականների պոռթկմանը միասնական, կազմակերպված բնույթ տալու գործում վճռական դեր խաղացին Զեյթուն ժամանած հնչակյան գործիչներ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան), Մլեհը (Ասատուր Տամղաճյան), Հրաչյա Մարալը (Գրիգոր Ղարիբյան), Ապահը (Պետրոս Գմգմյան), Ջելլաթը (Կարապետ Ղրփանոսյան)։ Ձգտելով ապստամբությանը տալ համահայկական հնչեղություն՝ նրանք լեռնականների մեջ արմատավորում էին այն գիտակցությունը, որ իրենք պայքարում են ոչ միայն Զեյթունի, այլև ողջ հայության համար։ Այստեղ նրանք ստացան Ենիտունյան իշխանական գերդաստանի, հատկապես Նազարեթ Չավուշի անվերապահ աջակցությունը, որն անվիճելի հեղինակություն էր բոլոր զեյթունցիների համար։ Վերջինիս նախաձեռնությամբ Մութ ձոր կոչվող վայրում 1895 թվականի հոկտեմբերի 12-ին գումարված ժողովում որոշվեց կենաց ու մահու պայքարի դուրս գալ թուրքական բռնակալության դեմ։ Արդեն հոկտեմբերի 15-ին բախում տեղի ունեցավ կառավարական զորքերի հետ։ Նույն օրը ապստամբները գրավեցին Զեյթունի կառավարչատունը և շրջապատեցին զորանոցը, որը հանձնվեց հոկտեմբերի 16-ի առավոտյան։ Զեյթունի զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» մակագրությամբ։ Ստեղծվեց ժամանակավոր հեղափոխական կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։

Զորանոցի անկման լուրը մեծագույն անհանգստությամբ ընդունվեց Կ. Պոլսում։ Զեյթունի դեմ կռվող ուժերի հրամանատարությունը դրվեց չերքեզ Մուստաֆա Ռեմզի փաշայի վրա։ Նրա գլխավորած արևելյան բանակը Մարաշից, իսկ Ալի բեյի գլխավորած արևմտյան բանակը Ադանայի կողմից շարժվեցին դեպի Զեյթուն՝ իրենց կազմում ունենալով երեսուն հազար զինված զեյթունցիներ։

Թուրքական զորամասերից մեկի հրամանատար Ալի բեյը նախ գրավեց ու ավերեց գավառի հայաբնակ խոշոր գյուղերից մեկը՝ Ֆռնուզը։ Դա մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թուրքական բանակի խնդիրը գավառի դատարկումն է հայերից, և որ Զեյթունին ևս վիճակված է նույն ճակատագիրը։

Թուրքական գրոհները շարունակվեցին նաև հաջորդ օրերին՝ հատկապես կատաղի բնույթ ընդունելով Զեյթունին Ալի բեյի բանակի մոտենալուց հետո։ Թեև դեկտեմբերի 23-24-ի կռիվների ընթացքում թուրքերին հաջողվեց գրավել զորանոցը, բայց նրանց հաջողություններն ըստ երևույթին դրանով էլ ավարտվեցին, քանզի Զեյթունը շարունակում էր մնալ անառիկ։

Զեյթունի իրադարձությունները գնալով ավելի մեծ հնչեղություն էին ստանում՝ Բ. Դռան համար անհետաձգելի դարձնելով հարցի կարգավորումը։ Վախենալով հայոց համազգային ապստամբության առաջացման վտանգից և աշխատելով կանխել միջազգային ազդու միջամտությունը՝ սուլթանական կառավարությունը ստիպված համաձայնվեց, որ մեծ տերությունները միջնորդի դեր ստանձնեն Զեյթունի ապստամբների և կառավարության միջև վարվող բանակցություններում։

Ի վերջո, 1896 թվականի փետրվարի 3-ին ստորագրված հատուկ փաստաթղթով Էդհեմ փաշան և հյուպատոսները հանդես էին գալիս որպես Զեյթունում հավաքված գաղթականության անվտանգության երաշխավորներ՝ իրենց վրա վերցնելով նրանց տեղավորման խնդիրը։ Վերը նշված պայմանների գործադրման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա։ Հետագա ամիսների ընթացքում տերությունների ճնշման ներքո թուրքական իշխանությունները դժկամությամբ, բայց այնուհանդերձ կատարեցին համաձայնագրի հիմնական պայմանները։

Զեյթունի հերոսական ապստամբությունը հսկայական ազդեցություն ունեցավ հայ ազատագրական շարժման պատմության մեջ՝ փորձելով հակադրվել սուլթանական ջարդարար քաղաքականությանը։

Հայությունը 1896 թվականին ինքնապաշտպանության է դիմում նաև Վանում։ Ջարդերի բոթը և գավառներից տեղահանված բնակչության մուտքը Վան՝ անհանգստացրին վանեցիներին՝ հարկադրելով մտածել ինքնապաշտպանության մասին։ Հունիսի 3-ի գիշերը զինյալ բախում տեղի ունեցավ թուրքական պահակախմբի և Պարսկաստանից աղ տեղափոխող մաքսանենգ քրդերի միջև։ Հունիսի 4-ի առավոտվանից հայկական ինքնապաշտպանությունը կանոնավոր մարտերի բնույթ ստացավ։ Մինչև հունիսի 6-ը հայկական դիրքերը մնացին աներեր՝ զորքի, թուրք և քուրդ խուժանի կատաղի գրոհների հանդեպ։

Հունիսի 8-ին Վանի կռվող ուժերը դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Վարագա լեռը։ Հակառակ ղեկավարների կամքին՝ նրանց միացան նաև հարյուրավոր անզեն երիտասարդներ։ Օգտվելով նրանց հեռանալուց՝ մուսուլմանական խուժանը հարձակվեց հայկական անպաշտպան դիրքերի վրա, ավերեց և կողոպտեց տներն ու եկեղեցիները, սրի քաշեց այնտեղ մնացած անպաշտպան մարդկանց։ Միայն հունիսի 10-ին Սաադէդդինը ջարդերը դադարեցնելու հրաման տվեց։ Ընդհանուր առմամբ Վանի խաղաղ բնակչությունը տվեց շուրջ 400 զոհ։

Հայության ոչնչացման հիմնական ճակատները

խմբագրել

Այսպիսով, սուլթանական ջարդարար քաղաքականությունը դասակարգված էր։ Հայության ոչնչացումն իրականացվում էր հետևյալ ճակատներով։

  • Առաջինը, ինչպես նշեցինք, ամրացված լեռնային շրջանների և ինքնապաշտպանության ունակ բնակչության բնաջնջման փորձն էր։ Եթե 1894 թվականին Սասունում դա մասամբ հաջողվեց՝ ոչնչացվեց շուրջ 10 հազար խաղաղ բնակչություն, ապա Զեյթունում, Վանում, Հաճընում հայությունը, չնայած մեծ կորուստներին, կարողացավ ոչ միայն ձախողել Բ. Դռան ծրագրերը, այլև նույնիսկ մի շարք փառավոր հաղթանակներ տարավ կառավարական զորքերի և բաշիբոզուկների տասնյակ հազարներից կազմված բանակների դեմ։
  • Երկրորդ կարևորագույն փուլը կայսրության հայաշատ քաղաքներում կազմակերպված ջարդերն էին, որոնց վրա հարկ է կանգ առնել առանձնակի ուշադրությամբ։ Այդ ջարդերը, ի տարբերություն վերը հիշատակված շրջանների, իրականացվում էին հիմնականում մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն քաղաքային բնակչության, դրսից բերված ավազակների և բանտերից բաց թողնված քրեական տարրերից կազմված ջոկատների օգնությամբ։ Ինչպես առաջինների, այնպես էլ երկրորդների նկատմամբ հաշվեհարդարը Բ. Դուռը բացատրում էր հայկական հեղափոխությամբ և մուսուլմանական մոլեռանդությամբ։ Իրականում, փաստերը վկայում են, որ հատկապես վերջինը պարբերաբար ներարկվել է բնակչության մեջ կառավարության ներկայացուցիչների, լրտեսական լայն ցանցի միջոցով։ Ընդ որում, մուսուլմաններին ահաբեկում էին այն հեռանկարով, որ հայերը ձգտում են ստեղծել իրենց պետությունը և բարենորոգումներից անմիջապես հետո կսկսվեն մուսուլմանների ջարդերը։

Վկայող տվյալներ

խմբագրել

Բազմաթիվ փաստերը, վկայությունները, նկարագրությունները անառարկելիորեն ապացուցում են, որ 1895-1897 թվականների կոտորածներն անմիջականորեն կազմակերպված են եղել իշխանությունների կողմից, ընթացել են միևնույն սցենարով։ Թուրքական կառավարության բոլոր փորձերը՝ մի կողմ քաշվել պատասխանատվությունից, իրողությունները ներկայացնել որպես ամբոխային, զանգվածային անկարգություններ, չեն դիմանում ոչ մի քննադատության։ Այստեղ բերենք սոսկ մի քանի մեջբերումներ ռուսական և եվրոպական դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերից, ներկայացուցիչներ, որոնց նույնիսկ թուրք ներկայիս կեղծարարները չեն կարող մեղադրել հայասիրության, փաստերի կանխամտածված աղավաղումների մեջ։ Դրանցից երկուսի հեղինակը Հալեպի ռուսական հյուպատոս Յակիմանսկին է՝ ցարական առավել փորձված դիվանագետներից մեկը, որն ակտիվորեն իրագործում էր Ս. Պետերբուրգից ստացած գաղտնի հրահանգները՝ տապալելու Զեյթունում 1896 թվականին մեծ տերությունների միջամտությամբ ընթացող բանակցությունները, և հայտնի էր հայկական հեղափոխության նկատմամբ իր անբարեհաճ վերաբերմունքով։

  Գաղտնի հեռագրով, ես պատիվ եմ ունեցել այսօր տեղեկացնելու Ձերդ բարձրությանը, օտար պետությունների հավանական միջամտության սպառնալիքի ներքո քրիստոնյաների կոտորածները դադարեցնելու Դռան հրամանի և Այնթափում սույն ամսվա 5-ին զոհված քրիստոնյաների թվի մասին։ Որոշ տեղեկություններով հաշվվում են նույնիսկ ավելի քան հազար սպանվածներ և վիրավորվածներ:... Ե´վ Այնթափում, և´ Մարաշում դիակներն այրված են, և զորքերով շրջապատված ողջ մնացած քրիստոնյաները հնարավորություն չունեն հեռանալու իրենց քաղաքներից։
- Հալեպի ռուսական հյուպատոս Յակինսկին Կ. Պոլսի ռուսական դեսպան Ա. Նելիդովին, 1895 թվականի նոյեմբեր
 

Նոյեմբերի 24-ին նա տալիս է առավել ընդարձակ նկարագրություն և տվյալներ. «Արյունոտ նկարագրությունները Ուռֆայում, Այնթափում և Մարաշում, ինչպես նաև նրանց շրջակա գյուղերում, կարելի է ասել, հրահրված են տեղի թուրքական իշխանությունների կողմից։ Իհարկե, ապագա անկողմնակալ հետաքննությունը կարող է բացահայտել և´ գլխավոր, և´ երկրորդական մեղավորներին, ցույց տալ զոհված քրիստոնյաների ճշգրիտ թիվը։ Ահա թե ինչու տեղական իշխանությունների հրահանգով, զոհվածների դիակները մեծ մասամբ այրում էին կերոսինով կամ թաղում գարշահոտությամբ լեցուն փոսերի մեջ»։

Ըստ Կ. Պոլսի անգլիական դեսպան Ֆ. Քարրիի տվյալների, Տրապիզոնի սարսափելի կոտորածների ժամանակ ջարդարարների խմբակները անմիջապես խրախուսվել են ոստիկանության և զինվորականության կողմից։

Հայերի ինքնապաշտպանության պատճառներ

խմբագրել

Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը, ապա պետական ջարդարարական քաղաքականությունն էր, որ ոտքի հանեց հայության ամենալայն խավերին, առաջ բերեց զինված պայքար։ Հայ ժողովուրդը ստիպված էր դիմելու զենքի, նա այլ ելք չուներ, նրա առաջ չկար ընտրության հնարավորություն։ Նման պայմաններում բնական է, որ հալածված, ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդը տարերայնորեն դիմում էր ինքնապաշտպանության։ Հայության ամենալայն շրջաններում տարածում էր ստանում զինվելու, զենքը ձեռքին կռվելու և գոնե պատվով մեռնելու բնական ցանկությունը։ Եվ սուլթանական կառավարությունը ի վիճակի չէր ճնշելու սկսված ազատագրական պայքարը[2]։

Հայկական կոտորածների հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի ևս։ Թուրքական ճնշումներից և բռնակալ կառավարության կողմից հայերը, հատկապես Անատոլիայում, անտանելի հալածանքների և ահավոր անարդարության ենթարկվեցին։

Այսպիսով, անժխտելի է, որ 1880-ական թվականներից սկսյալ մինչև 1890-ական թվականների վերջերը թուրքական պետական վարչամեքենան Աբդուլ Համիդ II սուլթանի անմիջական ղեկավարությամբ, սկսեց իրականացնել հայ ժողովրդի օսմանահպատակ հատվածի սիստեմատիկ բնաջնջման ծրագիրը։ Այդ քաղաքականությունը մասմաբ ձախողվեց շնորհիվ հայ ժողովրդի ազգային-ազատագրական զինված պայքարի, որը, չնայած ծանրագույն կորուստներին, տոկալով և դիմադրելով Օսմանյան կայսրությանը կանգնեցրեց ներքին և արտաքին բնույթի այնպիսի բարդությունների առջև, որոնք ստիպեցին թուրքական կառավարող շրջաններին, առժամանակ դադարեցնել հայության ֆիզիկական ոչնչացման քաղաքականության իրականացումը։

1895-1896 թվականների կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են։ Ցեղասպանության կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու սուլթան Աբդուլ Համիդ II-ը ստացել է «կարմիր սուլթան», «արյունոտ սուլթան», «մարդասպան», «մեծ ոճրագործ» անունները։ Այդ կոտորածների հետևանքով կոտորվել է շուրջ 300 հազար, բռնի մուսուլմանացվել է 100 հազար, նույնքանն էլ տարագրվել է տարբեր երկրներ[2]։

Առաջադեմ հասարակության վերաբերմոնք

խմբագրել

1894 թվականին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել էր համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Ժամանակի առաջադեմ գործիչներից Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

Իտալացի Ա. Չիպրիանին գրում է. «1894-1896 թվականների զարհուրելի, անլուր, տմարդի և եղերական կոտորածները, որոնք հուզում են աշխարհը այսօր, մեծ տերությունների ղեկավարներին անտարբեր թողեցին։ Ձեր արյունը նրանց երեսին ցայտեց, ձեր քաղաքները, տները հրի մատնվեցին, բայց նրանք իրենց տեղերից չշարժվեցին, ձեզ լքեցին... որովհետև բոլորն էլ Թուրքիային սիրաշահելու, նրանից շահեր հետապնդելու չար ցանկություններ ունեին, նրանցից ամեն մեկը ձեր կոտորածներից օգուտի իր առյուծի բաժինը ստանալ...Այո, Եվրոպան ձեր սպանդի մեղսակիցը դարձավ և համերաշխ եղավ նրա հետ։ Նա գերադասեց ձեր արյան մեջ թաթախված ձեռքեր ունենալ, քան թե ձեռք տալ մի գահի, նույնիսկ երբ այդ գահին բազմած էր մի գռեհիկ չարագործ, մի ավազակ, մի եղեռնագործ։ Ողբերգական պահին նա ձեզ երեսի վրա ձգեց, երբ թուրքական յաթաղանը ձեզանից հազարավորներին էր մանգաղում, թեև Եվրոպայի ժողովուրդները ձեզ հետ էին։ Ձեր արյունը կրկին վաճառքի է հանել գթասիրտ Եվրոպան»։

Եվրոպական տերությունների վերաբերմունք

խմբագրել

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը ինչպես միշտ օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ու շահերը ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, ընդհանուր առմամբ, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։

Բարենորոգումների եվրոպական ծրագիր և զանգվածային նոր կոտորածներ

խմբագրել

Թեև Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895 թվականի մայիսի 11-ին սուլթանին էին հանձնել հայկական բարենորոգումների ծրագիրը («Մայիսյան բարենորոգումներ» 1895), սակայն այն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։

1895 թվականի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»։ Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների. 1895 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Տրապիզոնում, սեպտեմբերի 30-ին՝ Բաբերդում, հոկտեմբերի 7-ին՝ Դերջանում, հոկտեմբերի 9-ին՝ Երզնկայում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտեմբերի 23-ին՝ Մալաթիայում, հոկտեմբերի 26-ին Խարբերդում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։

«Բարենորոգումների ծրագրին» ուշադրություն հրավիրելուն միտված՝ հնչակյանների կազմակերպած 1896 թվականի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ. Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հազար հայ։

Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մուսուլմանական խուժանը՝ վայրագ եղանակներով։

Ինքնապաշտպանական մարտեր

խմբագրել

Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտեմբերին ապստամբել է Զեյթունը (Զեյթունն ապստամբել է 1862, 1877-78, 1895)։ 1896 թվականի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու մուսուլմանական խուժանը հարձակվել են Վանի վրա, հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց։ Կառավարությունը Վան է ուղարկել նոր ուժեր, որոնք, չկարողանալով գրավել քաղաքը, հրետակոծել ու այրել են այն։ Հայերը դիմել են անգլիական հյուպատոսի միջնորդությանը և որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ երկրից։ Թուրքական կողմը խոստացել է ապահովել հայերի անվնաս հեռանալը Պարսկաստան, սակայն ճանապարհին 8-10 հազար թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին։ Չնայած 10-12 օր տևած դիմադրությանը, հայերը նահատակվել են, ազատվել է ընդամենը 30-35 մարդ։ Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, Մալաթիայում, Մուշում և այլուր։

Ինքնապաշտպանական մարտերում ծնվել են ազգային հերոսներ Գևորգ Չաուշը, Փարամազը, Հրայրը (Ուրվական), Աղբյուր Սերոբը, Մուրադը և ուրիշներ, ովքեր իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր ու գավառներ։

Հետևանքներ

խմբագրել

1895-1896 թվականների կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100 000 բռնի իսլամացվել, 100 000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բեռլինի վեհաժողովը և հայերը». Սաղաթելյան Վարդուհի. 2019 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  2. 2,0 2,1 Գրիգորյան, Հովիկ (2002). «Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ․» (PDF). Երևան.

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 183