Հարություն Ալամդարյան
Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան (հունվարի 14 (25), 1795[1][2] կամ հունվարի 25, 1795[2], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25 (հունիսի 6), 1834[1], մայիսի 24 (հունիսի 5), 1834[2] կամ հունիսի 5, 1834[2], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830)։
Հարություն Ալամդարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14 (25), 1795[1][2] կամ հունվարի 25, 1795[2] |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 25 (հունիսի 6), 1834[1] (39 տարեկան), մայիսի 24 (հունիսի 5), 1834[2] (39 տարեկան) կամ հունիսի 5, 1834[2] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Q120542371? |
Մասնագիտություն | բանաստեղծ, ուսուցիչ և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Աղաբաբյան դպրոց[1] և Մոսկվայի կայսերական համալսարան |
Ժանրեր | ձոներ, առակներ, պատմական ողբերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Կոծ», «Սուգ», «Ողջույն հրաժեշտի զաւակաց իմոց» |
Աշխատավայր | Լազարյան ճեմարան[1] և Ներսիսյան դպրոց[1] |
Զավակներ | ? Alamdaryan? |
Ազգականներ | Խաչատուր Աբովյան, Ս. Նազարյանց, Ս. Ներսիսյան, Մ. Մսերյան |
Հարություն Ալամդարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հունվարի 14 (25)-ին, Աստրախանում, արհեստավորի ընտանիքում։ Ավարտել է Աղաբաբյան դպրոցը[3]։ 1813 թվականին հրավիրվել է Մոսկվա. եղել է դպիր՝ Լազարյանների մոտ, ապա՝ Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ։
Միաժամանակ դասախոսություններ է լսել Մոսկվայի համալսարանում։ 1824-1830 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր. այդ տարիները դպրոցի պատմության մեջ հայտնի են «դար Ալամդարյան» անունով։
Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարյանն օգնել է հայ կամավորական գումարտակի կազմակերպմանը (1827 թ.)։ Ալամդարյանն ուներ ռուսական կողմնորոշում, բայց պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականությանը։
Մեղադրվել է Ներսես Աշտարակեցու գաղափարակից լինելու մեջ, և Ի. Պասկևիչի թելադրաևքով Էջմիածնի Սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830 թ.)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում (1832-1834 թվական), որտեղ և դավադրաբար սպանվել է մայիսի 25 (հունիսի 6)-ին։
Ստեղծագործություններ
խմբագրելԱլամդարյանը գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824-1828, անավարտ)։ Մեզ հասած բանաստեղծություններից[4] առաջինը գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղանցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», 1821 թ.)։
Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։
Ալամդարյանը օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, բացահայտել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Կոկովանք վարդի», «Սոխակ ի յոգնարս», «Պարերգութիւն»)։
Կրոնական տաղեր
խմբագրելԱլամդարյանը գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։ Հին կտակարանի մոտիվներով գրված բանաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։ Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։
Թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, թարգմանել հատվածներ Տ. Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ»-ից, զբաղվել բառարանագրությամբ և լեզվի հարցերով, կարևոր է համարել ռուսաց լեզվի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», 1821 թ., «Ռուս-հայերէն գործնական համառոտ քերականութիուն», 1814-1816 թվականներ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագրի համար 3754)։
Գաղափարներ
խմբագրելԱլամդարյանի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Ալամդարյանը գտնում էր, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ
«Առաջարկութիւնք դպրոցական կարգադրութեանց ի պետս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825 |
:
Ալամդարյանին աշակերտել են Խաչատուր Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը և ուրիշներ։
Երկեր
խմբագրել- Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ, Մոսկով, 1821, 288 էջ։
- Հրահանգ քրիստոնեական վարդապետութեան (Ի պէտս մանկանց Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ), Կալկաթա, 1846, 141 էջ։
- Չափաբերականք, Սանկտ Պետերբուրգ, 1884, 56 էջ։
Գրականություն
խմբագրել- Ա. Շավարշյան, Հայ մանկավարժներ, գիրք 1, Երևան, 1956։
- Շ. Նազարյան, Հ. Ալամդարյանի գործունեության մոսկովյան տարիները, «Բանբեր մատենադարանի», 1960, թիվ 5։
- Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Երևան, 1962։
- Պիոն Հակոբյան, Վերելք, Երևան, 1982, էջ 64-72։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ «Из истории астраханской агабабовской школы» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М., 1962. — Т. 1. — С. 130.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ալամդարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 135)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |