Ներսես Ե Աշտարակեցի

հայ փիլիսոփա, քահանա
(Վերահղված է Ներսես Աշտարակեցիից)

Ներսես Ե Աշտարակեցի, (փետրվարի 13, 1770(1770-02-13)[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ[1] - 1857[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն։

Ներսես Ե Աշտարակեցի
Ներսես Ե Աշտարակեցի
Կառավարում
Տիտղոս Ամենայն Հայոց Կաթողիկոս (122-րդ)
Ժամանակամիջոց 1843-1857 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Էջմիածնի ժառանգավորաց դպրոց
Անունը ծնվելիս Թորոս Հարությունի Շահազիզյան
Ծնվել է 1770 փետրվարի 13
Ծննդավայր Աշտարակ
Մահացել է Փետրվարի 13, 1857 թ.
Մահվան վայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Էջմիածին
Թաղված է Հայաստան Հայաստան, Վաղարշապատ
Ձեռնադրում 1843 թ.
Հովհաննես Ը        Մատթեոս Ա

Կենսագրություն

խմբագրել

Ներսես Ե Աշտարակեցու իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է 1770 թվականի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։ 1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։ Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։

1814 թվականին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս։ Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն։ Նրա ջանքերով 1824 թվականին Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասում բացվում է հայկական ամենահռչակավոր դպրոցներից մեկը, որը հետագայում նրա պատվին կոչվում է Ներսիսյան։ Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան։ Սկիզբ է առնում հրատարակչական գործը։ Մեկդարյա աշխատանքի ընթացքում դպրոցը տվել է շուրջ 2000 աշակերտ, որոնց թվում եղել են մեծ թվով գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլոք։

Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ։ Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը։

1826-1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ։

1826 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը։

Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում։ Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828

Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ։ Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները։

Մահացել է 1857 թվականի փետրվարի 13-ին Թիֆլիսում։

Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է՝ «Պաշտպան հայրենյաց»։

Նրան հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին։

Գործունեությունը

խմբագրել

1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին։

1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին, որով հարդորում էր զենք վերցնել և, ռուս զինվորների հետ ուս ուսի տված, կռվել թշնամու դեմ։ Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ՝ մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին։ 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը։ Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին։ Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում։

Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարձր գնահատականին։ 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան։

Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին։ Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը։ Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում՝ Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում՝ հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան։ Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում՝ հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար։

Ռուս-պարսկական պատերազմից հետո Կովկասում ռուսական բանակի հրամանատար գեներալ Ի. Պասկևիչը հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր։ Անտեսելով Աշտարակեցու մատուցած ծառայությունները՝ Պասկևիչը ամեն ինչ անում է՝ նրան պատերազմից հեռացնելու համար։ Աշտարակեցին մեղադրվում է մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մեղադրանքների մեջ։ Նա շուտով ազատվում է Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից, իսկ 1828 թ. մայիսին որպես թեմի առաջնորդ ուղարկվում է հեռավոր Բեսարաբիա։ Այս քայլով ցարական իշխանությունները ցանկանում էին անվանի հոգևորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 253.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Ե Աշտարակեցի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Ե Աշտարակեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 253  
Նախորդող՝
Հովհաննես Ը Կարբեցի
Կաթողիկոս
1843–1857
Հաջորդող՝
Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի