Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնակաբերդ (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կամ Ծիծեռնակաբերդ, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր | |
---|---|
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/106.1 |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1965 |
Բարձրություն | 44 մետր |
Քանդակագործ(ներ) | Վան Խաչատուր |
Ճարտարապետ(ներ) | Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան |
Հիմնադրում | 1966 |
Նյութ | Փամբակի գրանիտ, բազալտ |
Շինարարության սկիզբ | 1966 |
Շինարարության ավարտ | 1967 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Անվան պատմություն
խմբագրելԸստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցել։
Պատմություն
խմբագրելԱյսպիսի հուշահամալիրի կառուցման մասին սկսեցին խոսել դեռևս 60-ականների սկզբին՝ Յակոբ Զարոբյանի նշանակումից հետո։ Յակոբ Զարոբյանը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր, արդինցի էր, որը իր ընտանիքի հետ 1914-ին գաղթել էր Ուկրաինա։ 1962 թվականին Զարոբյանը հանդիպել է Լիբանանի հայ հասարակական գործիչ Անդրանիկ Ծառուկյանի հետ և քննարկել հուշահամալիրի կառուցումը, որը դեռևս հրապարակման ենթակա չէր։ 1964 թվականի հուլիսի 16-ին Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն Ծ․ Աղայանի, ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտորի վարիչ Հ․ Ինչիկյանի և ՀԿԿ Կենտկոմի գաղափարախոսության բաժնի վարիչի տեղակալ Ջոն Կիրակոսյանի ստորագրությամբ Կոմկուսի նախագահությանը գաղտնի նամակ է ուղարկում Եղեռնի 50-ամյակը նշելու վերաբերյալ։ Այս նամակում հեղինակներն առաջարկում էին կառուցել «առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի զոհերի հուշարձանը», որը պետք է խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը[1]։
1965 թվականին լրանում էր հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը։ 1964 թվականի դեկտեմբերի 13-ին ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը դիմում է ԽՄԿԿ Կենտկոմին այդ տարելիցը նշելու և Երևանում առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված հուշակոթող կանգնեցնելու համար։ Ձևակերպումը շատ ընդհանուր էր, իսկ իրականում այն նվիրվելու էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և պետք է խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը։
1965 թվականի մարտի 16-ին ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը որոշում է կայացնում «1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու համար կոթող կառուցելու» մասին[2]։
Հանրապետությունում հայտարարվում է մրցույթ։ Ներկայացված 70 նախագծերից հաղթող է ճանաչվում Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագիծը։ Շինարարական աշխատանքներն սկսվում են, երբ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարն արդեն Անտոն Քոչինյանն էր[1]։
Ճարտարապետ Վան Խաչատուրին կանչում է Սամել Սաֆարյանը և առաջարկում նրան իր արվեստանոցի երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի հետ մասնակցել գաղտնի մրցույթին։ Առաջին նախագիծը հարթակի մեջ 9 մետր խորության վրա գտնվող հսկայական խաչ էր՝ մեծ գերեզմանի տեսքով, կողքը`զանգակատուն։ Ճարտարապետները ցանկանում էին նաև շրջակայքը նմանացնել Դեր-Զորի անապատին։ Այս տարբերակը, սակայն, մերժվում է, քանի որ հուշարձանը պետք է խորհրդանշեր ոչ թե Ցեղասպանությունը, այլ հայերի վերածնունդը։ Երկրորդ տարբերակը, որը նման էր այժմյան հուշահամալիրին, հաղթում է նախագիծը։ Մրցույթից ընտրվեց «ՀՍՍՌ դրոշակ» անվամբ ծածկագրով նախագիծը։ 1965 թվականի սեպտեմբերի 25-ին Հայպետնախագիծ ինստիտուտից տված N 292 հրամանի համաձայն՝ նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրը նշանակվեց հուշահամալիրի ճարտարապետական խմբի ղեկավար[2]։
1965 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր, որով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և առաջին անգամ ՀԽՍՀ-ում նշվեց Ցեղասպանության հիշատակի օրը[2]։ Դրանց արդյունքում արդեն ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի կողմից 1965-ի մարտի 16-ին վավերացված հուշարձան կանգնեցնելու որոշումն սկսեց կենսագործվել 1966-ին։ Հուշակոթողի շինարարությունն ընթանում էր դանդաղ, և ժամանակին չավարտելու տագնապ կար։ Շինարարության պատասխանատու է նշանակվում Երևանի քաղաքային կոմիտեի նորընտիր քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ Աշխատանքները լավագույն ձևով կազմակերպելու, շինանյութերի մատակարարումն ապահովելու շնորհիվ իրադրությունը փոխվում է[1]։
Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում։ Հուշահամալիրի շինարարական աշխատանքները ղեկավարեց Արտուշ Օրդուխանյանը։ Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967-ին, և հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին։ Հանրապետության ղեկավարությունը ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրվեց հուշարձանին, տեղի ունեցավ միտինգ, որից հետո Անտոն Քոչինյանը վառեց հուշարձանի անմար կրակը։
Հուշահամալիր
խմբագրելՀուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։
Երեք կոթողից բաղկացած հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք։ Ձախ կողմից ձգվում է 100 մետր երկարությամբ հուշապատը։ Կենտրոնում գտնվում է 30 մ տրամագծով հավերժության տաճարը՝ դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե մույթերով։ Այցելուներին դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք կարծես պարտադրում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև։ Քիչ հեռու վեր է խոյանում 40 մ բարձրությամբ «Վերածնվող Հայաստան» հուշասյունը՝ խորհրդանշելով հայ ժողովրդի վերածննդի գաղափարը[3]։
Բազալտով սալարկված հրապարակում կառուցվել է համալիր, որի տարածական հորինվածքի գերիշխող ծավալներն են Հիշատակի դահլիճը և Վերածննղի կոթողը։ Հուշարձանի լուծումը պարզ է և արտահայտիչ։ Հիշատակի դահլիճը բազալտե տասներկու թեքադիր մույթերով պարփակված տարածություն է. կենտրոնում՝ զոհերի հիշատակի Հավերժական կրակը։ Մույթերը ստորին մասերով միմյանց են մերձենում սանդուղքներով, որոնք բոլոր կողմերից իջնում են դահլիճ, ուր Հավերժական կրակին խոնարհված «վշտագին» մույթերի շրջապատը մեծապես համակում է հուզական ներգործությամբ։ Հիշատակի դահլիճին հակադրված է Հայաստանի վերածնունդը խորհրդանշող վերասլաց և սրածայր բրգատիպ կոթողը։ 44 մետր բարձրությամ�� սյունը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդեր[3]։
1995 թվականին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները «Առաջին համաշխարհային պատերազմում»), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։ Համալիրի մոտ կանգնեցվել է ոչ մեծ խաչքար (քանդակագործ՝ Ս. Հակոբյան)՝ ի հիշատակ 1988 թվականին Սումգայիթում կազմակերպված հայերի ցեղասպանության զոհերի։
Սգո պատը (հուշապատը) նախագծելիս ճարտարապետ Վան Խաչատուրը ցանկանում էր Եղեռնի պատկերներով քանդակներ, իսկ Քոչինյանը պահանջում էր վերածնունդ խորհրդանշող քանդակներ։ Քանդակագործի մտահաղացմամբ Սգո պատը պետք է խորհրդանշեր Դեր Զորի անապատի ճանապարհը։ Հուշահամալիրը, սակայն, բացվել է առանց սգո պատի քանդակների, քանի որ, վերջիվերջո, ճարտարապետը որոշել է չանել որևէ սյուժետային պատկեր[2]։
Ծիծեռնակաբերդ զբոսայգու վերակառուցման նախագիծ
խմբագրելԾիծեռնակաբերդի այգու բարեկարգման նախագծի խնդիրը այգու՝ այցելուների տարբեր խմբերի կարիքներին համապատասխանող մշակութային, զվարճանքի և սպորտային միջոցառումների կազմակերպումն էր։ Վերը նշված խնդիրների լուծման նպատակով այգին բաժանվում է մի քանի գոտիների`
- վարչական գոտի
- գլխավոր ծառուղու կենտրոնական գոտի, որը կազմակերպված է այցելուների հիմնական հոսքի շարժման համապատասխան
- հուշահամալիրի գոտի, որի կենտրոնում կառուցված է Եղեռնի հուշարձանը՝ խորհրդանշելով այն ճշմարտությունը, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ
- այգում նախատեսվում էր կառուցել հին հայկական ճարտարապետության բաց թանգարան, որտեղ հավաքվելու են ամբողջ Հայաստանով մեկ սփռված հուշարձանների և խաչքարերի մեծ քանակությամբ բեկորներ, և որոնք ոչ միշտ կարող են պահպանվել, իսկ խաչքարերի տարածքի հյուսիսային մասում կառուցվելու էր թանգարան-հուշահամալիր
- ակտիվ հանգստի գոտի, որը բացվելու էր դեպի Հրազդանի ձորը և քաղաքի հետ կապվում է ուղղահայաց տրանսպորտի և ճոպանուղու միջոցով
- սպորտային գոտի՝ իր կառույցներով, հրապարակներով և ջրային կենտրոնով
- լուռ հանգստի գոտի, որը նախատեսվում էր այգու արևմտյան կողմում[4]։
Ճարտարապետություն
խմբագրելԾիծեռնակաբերդի հուշահամալիրն ունի երեք հիմանական կառույցներ՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն և հուշապատ։
Հավերժության տաճար
խմբագրելՀավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները[5]։
Իրականում Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրության նահանգների թիվը եղել է վեց (Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Սեբաստիա, Խարբերդ), բացի դրանից՝ առանձին եղել է Կիլիկիան՝ որպես Ադանայի վիլայեթ։ Պատմական Մեծ Հայքի նահանգներից ևս Արևմտյան Հայաստանում չեն գտնվել 12-ը. Այրարատը ամբողջությամբ մտել է Երևանի նահանգի և Կարսի մարզի, Սյունիքը՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգների, Արցախը և Ուտիքը՝ ամբողջությամբ Ելիզավետպոլի նահանգի, Գուգարքը՝ ամբողջությամբ Թիֆլիսի նահանգի ու Կարսի մարզի, իսկ Փայտակարանը՝ Բաքվի նահանգի մեջ։ Պարսկահայք նահանգը և Վասպուրականի արևելքը եղել և մնում են Իրանի կազմում, այսինքն՝ Թուրքիայի կազմում եղել են Մեծ Հայքի նահանգներից 6-ը, իսկ Տայքը և Վասպուրականը՝ մասամբ։ Անգամ եթե հաշվել Փոքր Հայքի նահանգները՝ դարձյալ 12 թիվը չի դառնում։
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վկայությամբ՝ «Մարդիկ կան, որ ասում են` այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները։ Նման բան չկա։ Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան։ Մենք փորձել ենք մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով»[6]։ 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերը որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլայեթների հետ. սալերը կարող էին լինել 6 կամ 9։ Իսկ Սգո պատը կառուցվեց, որովհետև հուշահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խանգարող բնակելի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողից[7]։
Հուշասյուն
խմբագրելՀավերժության տաճարի կողքին է գտնվում «Վերածնվող Հայաստան» հուշասյունը, որն ունի 44 մետր բարձրություն։ Բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր կոթողների, որոնք արտահայտում են ազգի վերածննդի գաղափարը։ Վեր խոյացող հուշասյունը չի խորհրդանշում ո՛չ մեծ ու փոքր Մասիսները, ո՛չ Արևմտյան ու Արևելյան Հայաստանները, ո՛չ հայ և ռուս ժողովուրդները։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԱմեն տարի ապրիլի 24-ից հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին Հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։ Սկսած 2010 այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։ Ցողուններից այնուհետև պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։
Այս արարողությունը իր մեջ է միավորում երկու գաղափար՝ ծաղիկների վերածումը լուռ վկաների և շրջակա միջավայրի պահպանման գաղափարը։ Ավանդաբար, արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ 2015 թվականին արարողությունը տևել է երկու օր՝ ապրիլի 27-ը և ապրիլի 28-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեծ քանակությամբ ծաղիկների պատճառով[8]։
Լուսանկարներ
խմբագրել-
Կաթողիկոս Գարեգին Բ-ը և Արքեպիսկոպոս Ռովան Վիլյամսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
-
Հուշահամալիրը թռչնի թռիչքի բարձրությունից
-
-
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ձմռանը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Երևան, 2012
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ծիծեռնակաբերդ. Հուշակոթողի մասին միֆերն ու իրական պատմությունը». newmag. 2017 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 3,0 3,1 Արտավազդ Թարխանյանի անձնական արխիվային նյութեր
- ↑ Գուրգեն Մուշեղյանի անձնական արխիվ
- ↑ «Ծիծեռնակաբերդը` աղոթատեղի և ուխտավայր». holytrinity.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Սյուների թիվը պատահական է (տեսանյութ)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Ծիծեռնակաբերդ. Հուշակոթողի մասին միֆերն ու իրական պատմությունը». 2015 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
{{cite web}}
: Text "newmag" ignored (օգնություն) - ↑ Ծիծեռնակաբերդում ավանդական ծաղկահավաքն այս տարի կանցկացվի ապրիլի 27-28-ին
Արտաքին հղումներ
խմբագրել- Ծիծեռնակաբերդ. Հուշակոթողի մասին միֆերն ու իրական պատմությունը
- Ծիծեռնակաբերդի վիրտուալ տուր
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր» հոդվածին։ |