Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Լևոն Անդրեասի Հովհաննիսյան (փետրվարի 13 (25), 1885[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - մայիսի 11, 1970(1970-05-11)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ[2]), հայ թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, Հայաստանում թերապիայի և սրտաբանության հիմնադիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1944), բժշկական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1928), Բժշկության պատմության միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1962), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)[3]։

Լևոն Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 13 (25), 1885[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էմայիսի 11, 1970(1970-05-11)[2][1] (85 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթերապևտ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1] և ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1]
Ալմա մատերԽարկովի ազգային համալսարան (1909)[1]
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Կոստանդին Հովհաննիսյան
 Levon Hovhannisyan Վիքիպահեստում

Լևոն Հովհաննիսյանի հիմնական գիտական աշխատությունները նվիրված են ներքին բժշկության տարբեր հարցերին, մասնավորապես՝ սրտաբանությանը, ինչպես նաև բալնեոլոգիային և կուրորտաբանությանը, վարակիչ հիվանդությունների (մալարիա) ուսումնասիրմանը, գիտա-բժշկական տերմինաբանությաը։ Հովհաննիսյանը առաջարկել է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ուսումնասիրել է սրտի աղմուկների առաջացումը, սրտանոթային նևրոզները, տարբեր ներքին հիվանդությունների ժամանակ մարդու օրգանիզմում ընթացող ախտաբանական բազմազան երևույթների և նյարդահոգեկան աշխարհի միջև ստեղծված բարդ մեխանիզմների փոխադարձ կապերը։ Հովհաննիսյանը հեղինակել է «Հայ բժշկության պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հինգ հատորից բաղկացած ստվարածավալ աշխատությունը, որը հայ բժշկության պատմության առաջին մասշտաբային հետազոտությունն է[4]։

Լևոն Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանում բժշկագիտության հիմնադիրներից է։ Նա եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, հետագայում՝ Երևանի բժշկական ինստիտուտի հիմնադիրներից։ Հովհաննիսյանը ստեղծել և երկար տարիների ընթացքում ղեկավարել է Մալարիայի և բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտը, ՀԽՍՀ առողջապահության նախարարությանը կից Սրտաբանության ինստիտուտը։ Հովհաննիսյանը Հայաստանում առաջին բուժավայրի՝ Արզնիի բալնեոկլիմայական սրտաբանական առողջավայրի հիմնադրման նախաձեռնողն է, նա ուսումնասիրել է Արզնիի հանգստավայրի հանքային ջրերի բուժիչ հատկությունները սրտանոթային հիվանդությունների դեպքում։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ շրջան և բժշկական գործունեության սկիզբը

խմբագրել

Լևոն Անդրեասի Հովհաննիսյանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 25-ին Թիֆլիսում։ Հովհաննիսյանի նախնիները ծնունդով Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից էին, տեղափոխվել էին Թիֆլիս XIX դարի երկրորդ կեսին։ Լևոնի հայրը՝ Անդրեաս Հայրապետի Հովհաննիսյանը (1861-1924) իրավաբան էր, աշխատում էր Թիֆլիսի քաղաքային դատարանում։ Մայրը՝ Վառվառա Հարությունի Ասրիևան (1868-1949) կրթված կին էր և զբաղվում էր երեխաների կրթությամբ։ Ընտանիքի յոթ երեխաներից Լևոնը ավագն էր։

1903 թվականին Հովհաննիսյանը ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան։ Նույն թվականին նա ընդունվել է Խարկովի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1909 թվականին։ 1907 թվականից, լինելով ավագ կուրսերի ուսանող, Հովհաննիսանը արձակուրդային շրջանում աշխատել է Թիֆլիսի Միխայլովյան հիվանդանոցում, պրոֆեսոր Սպիրիդոն Վիրսալաձեյի ղեկավարությամբ։ Համալսարանն ավարտելուց հետո Հովհաննիսյանը աշխատանքի է անցել հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքում։

1910 թվականի ամռանը Թիֆլիսում սկսվում է խոլերայի համաճարակ։ Այդ կապակցությամբ Հովհաննիսյանը աշխատանքի է ընդունվել Թիֆլիսի բարաքային հիվանդանոց որպես օրդինատոր, որտեղ աշխատել է մինչև աշուն, երբ համաճարակը ամբողջությամբ վերացվել է։ Այնուհետև Հովհաննիսյանը տեղափոխվել է Խարկով, որտեղ կատարելագործվելու նպատակով այցելել է թերապևտիկ կլինիկաներ։ 1911 թվականին նա հանձնել է բժշկության դոկտորի գիտական աստիճանի քննությունների տեսական մասը։ Վերադառնալով Թիֆլիս, Հովհաննիսյանը շարունակել է աշխատանքը Միխայլովյան հիվանդանոցում, միաժամանակ զբաղվել դոկտորական ատենախոսություն գրելով։ Այս շրջանում Հովհաննիսյանը ամուսնանում է Հայկանուշ Բոգդանի Աբազյանի (1893-1978) հետ։ Նրանց ընտանիքում երեք երեխա է ծնվում․ Կոստանդինը (1911-1984), ով հետագայում դարձլ է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ալեքսանդրը (1913-1980), հետագայում՝ ճանաչված կոմպոզիտոր և դիրիժոր և Անահիտը (1915-1981)՝ լեզվաբան։

1912 թվականին Կարմիր խաչի ռուսական ընկերությունը գործուղել է Հովհաննիսյանին Ռուսական կայսրության Անդրկասպյան շրջան (այժմյան Ղազախստանի տարածք)՝ որպես սովի և համաճարակային հիվանդությունների դեմ պայքարող ջոկատի ղեկավար։ 1913 թվականին Հովհաննիսյանը գործուղվել է Ալավերդու պղնձի հանքերի հիվանդանոց, որտեղ բժշկական աշխատանքը համատեղել է հնագիտական պեղումների հետ։ Այդ տարիներին նա մեծ ուշադրություն էր դարձնում Անդրկովկասի ժողովուրդների շրջանում սանիտարական գիտելիքների տարածմանը։ Հովհաննիսյանը ակտիվորեն մասնակցում էր Կովկասի բժշկական ընկերության աշխատանքներին, Հայաստանում բժշկության պատմության և երկրամասային պաթոլոգիաին նվիրված ելույթներով հանդես էր գալիս ընկերության համագումարներին։ Մասնավորապես Հովհաննիսյանի «Բժշկության պատմությունը Հայաստանում հնագույն շրջանում և միջնադարում» զեկուցումը, որը կարդացվել էր 1913 թվականի մայիսին, լույս է տեսել բրյոշուրի ձևով, հետագայում հրատարակվել հայալեզու հանրամատչելի բժշկական ամագրում։

1913 թվականի գարնանը Հովհաննիսյանը նորից ուղևորվել է Խարկով, հանձնել բժշկության դոկտորի աստիճանի քննությունների փորձնական մասը։ Այնուհետև նա վերադարձել է Թիֆլիս, որոշ ժամանակ աշխատել Միխայլովյան հիվանդանոցում։ Նույն թվականին Հովհաննիսյանը նշանակվել է 1912-ին Կովկասի փոխարքայությանը կից հիմնադրված Կովկասյան մալարիային կոմիտեի քարտուղար։ 1913-1914 թվականներին Հովհաննիսյանը Թիֆլիսում հրատարակվող հայալեզու «Նոր առողջապահիկ» ամսագրի խմբագրակազմի անդամ էր։ 1914 թվականի դրությամբ Հովհաննիսյանը 20 գիտական աշխատության հեղինակ էր, որոնց թվում էր նաև նրա դոկտորական ատենախոսությունը։ Մասնակցելով Համառուսաստանյան բժիշկների և բնախույզների 13-րդ համագումարին նա զեկուցել է ատենախոսական աշխատանքի առանձին հատվածներ, սակայն նրան չի հաջողվել պաշտպանել ատենախոսությունը Առաջին աշխարհամարտի սկվելու պատճառով։

Առաջին համաշխարհային պատերազմ

խմբագրել

1914 թվականին Հովհաննիսյանը զորակոչվում է ռազմա-բժշկական ծառայության Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատ։ 1914-1915 թվականներին նա 39-րդ հրետանային բրիգադի կրտսեր բժիշկ էր։ Հովհաննիսյանը անմիջականորեն աշխատում էր զորքերում և ապահովում զորքերին բժշկա-սանիտարական մասով։

1914 թվականի դեկտեմբերին՝ Սարիղամիշի ճակատամարտի ընթացքում բժշկական առումով ստեղծվել էր ծանր իրավիճակ։ Սարիղամիշի բոլոր բուժհաստատությունները լցված էին վիրավոր զինվորներով, բազմաթիվ վիրավորներ կենտրոնացված էին զորանոցներում, որոնք տեղակայված էին թշնամու կրակի հասանելիության գոտում։ Բժշկական անձնակազմի սակավաթվության պատճառով Սարիղամիշ են ուղարկվում զորամասային բժիշկներ, որոնց թվում՝ Լևոն Հովհաննիսյանը։ Իր հիշողություններում Հովհաննիսյանը գրում է՝

  Զորանոցի շենքը գերլցված էր վիրավորներով։ Այն նախատեսված չէր բժշկական նպատակների համար, այնտեղ չկար որևէ անկողին՝ վիրավորները պարզապես հատակին էին պառկել։ <…> Ես արագորեն անցա աշխատանքի և արդեն կարճ ժամանակ անց աշխատանքը եռում էր։ Երեք ժամ անց ես հասկացա, որ մենք օգնություն էինք ցուցաբերում միայն այն վիրավորներին, ովքեր որևէ կերպ կարողանում էին հասնել մեզ մոտ, իսկ նրանք, ովքեր չէին կարողանում՝ մնացել էին առանց օգնության։ Ես սկսեցի շրջել տարածքով և շատ բավարարված էի, քանի որ հասցրեցի օգնել բավականին շատ վիրավորների։  

1915 թվականից Հովհաննիսյանը Սարիղամիշի № 391 վարակային հոսպիտալի բժիշկ էր։ Հոսպիտալւմ, երեք ամիսների ընթացքում Հովհաննիսյանը պայքարում էր ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես որովայնային և ետադարձ տիֆի դեմ։ Նույն թվականի մարտին Հովհաննիսյանը տեղափոխվում է Արևմտյան ճակատ, սկզբում ծառայում վիրակապային ջոկատում, իսկ 1916-1917 թվականներին Լեհաստանի տարածքում գտնվող 2-րդ գվարդիական կորպուսի սանիտարա-հիգիենիկ ջոկատի ղեկավարն էր։ Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար Հովհաննիսյանը պարգևատրվել է Ռուսական կայսրության երկու շքանշաններով։

Պատերազմական տարիներին, լինելով ռազմական բժիշկ, Հովհաննիսյանը չի դադարել զբաղվել գիտական գործունեությամբ․ նա կատարել մի քանի գիտական ուսումնասիրություն՝ կապված ռազմական գործողությունների արդյունքում հաստատված իրավիճակի հետ։ 1957 թվականին Հովհաննիսյանը հրատարակել է իր հիշողությունները պատերազմական տարիներ մասին։

Հովհաննիսյանը զորացրվել է 1918 թվականին, պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Վերադառնալով Թիֆլիս, նա դեղագիտություն է դասավանդել քաղաքի բուժակների և մանկաբարձ-բուժակների դպրոցներում։ 1919 թվականին նա նշանակվել է Ռուսական կայսրության Նախիջևանի նահանգի նահանգային բժիշկ։

Աշխատանքը Հայաստանում

խմբագրել

1919 թվականին Հովհաննիսյանը տեղափոխվել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաք Երևան և աշխատանքի անցել Երևանի 1-ին քաղաքային հիվանդանոցում՝ որպես գլխավոր բժիշկ և թերապևտիկ բաժանմունքի վարիչ։ 1920 թվականից Հովաննիսյանը սկսել է զբաղվել Հայաստանում մալարիային հիվանդությունների վերացմամբ։ 1920 թվականի Բժիշկների համահայաստանյան համագումարի ժամանակ Հովհաննիսյանը բարձրացրել է մալարիայի դեմ պայքարելու անհրաժեշտության հարցը։ Նույն թվականին Հովհաննիսյանը հիմնադրել է «Մալարիա» ամսագիրը, դարձել ամսագրի գլխավոր խմբագիրը։ Այնուհետև ստեղծվել է մալարիայի դեմ պայքարի հանրապետական հանձնաժողով, որի ղեկավար է նշանակվել Հովհաննիսյանը։ Հանձնաժողովի գործունեության արդյունքում 1920-1922 թվականներին Երևանում հիմնադրվել է մալարիային ամբուլատորիա, Հայաստանի մալարիայով առանձնապես խոցված շրջաններ ուղարկվել են արշավներ՝ բուժական և պրոֆիլակտիկ միջոցառումներ կատարելու նպատակով։ 1921 թվականից Հովհաննիսյանը «Медсантруд» արհմիության նախագահն էր, ինչպես նաև արհմիության բուժական սեկցիայի անդամ։ 1922-1925 թվականներին Հովհաննիսյանը Երևանի բժշկական ընկերության քարտուղարն էր։

1923 թվականին Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է տրոպիկական ինստիտուտ (հետագայում վերանվանված Մալարիայի և բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտի)՝ երկրորդը ԽՍՀՄ տարածքում մոսկովյան ինստիտուտից հետո։ Հովհաննիսյանը դարձել է այդ ինստիտուտի գիտական ղեկավարը։

Լևոն Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի հիմնադիրներից էր։ Ֆակուլտետը հետագայում վերակազմավորվել է Երևանի բժշկական ինստիտուտի։ 1923 թվականին Հովհաննիսյանը հիմնադրել է ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը, որը ղեկավարել է ընդհուպ մինչև 1966 թվականը։ 1928 թվականին Հովհաննիսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։

Հովհաննիսյանը նաև Հայաստանում առաջին բուժավայրի՝ Արզնիի բալնեոկլիմայական սրտաբանական առողջավայրի ստեղծման նախաձեռնողն էր։ Դեռևս 1920 թվականից Հովհաննիսյանը սկսել էր ուսումնասիրել Հայաստանի կլիմատոլոգիական և բալնեոլոգիական ռեսուրսները, և եկել եզրակացության, որ հեռանկարները առաջին հերթին վերաբերում էն Արզնիի հանքային ջրերին։ Բուժավայրի ստեղծման գաղափարը քննարկվեց գիտական հանրության շրջանում և հավանության արժանացավ։ 1925 թվականից Արզնիյում սկսվեցին շինարարական աշխատանքները։ 1924 թվականին, ՀԽՍՀ այլ հանքային աղբյուրների ուսումնասիրման նպատակով, ՀԽՍՀ առողջապահության ժողկոմիսարիատին կից ստեղծվեց բալնեոլոգիական հանձնաժողով՝ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1928-1941 թվականներին Հովհաննիսյանը Արզնիի բուժավայրի խորհրդատուն էր։

1930 թվականից Հովհաննիսյանը Հայաստանի բժշկական հանդեսի պատասխանատու քարտուղարն էր։ 1937 թվականին նա պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն՝ «Սրտի օրգանական աղմուկների առաջացման հարցի շուրջ» թեմայով։ 1939-1947 թվականներին Հովհաննիսյանը Մալարիայի և բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտի խորհրդատու էր։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1940 թվականի նոյեմբերի 16-ի հրամանագրով, հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, Հովհաննիսյանին շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լևոն Հովհաննիսյանը Երևանի և Լենինականի թերապևտիկ և վրաբուժական հոսպիտալների խորհրդատու էր։ 1945 թվականին, պատերազմի ընթացքում անբասիր աշխատանքի համար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդրի նախագահության հրամանագրով նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1943 թվականի նոյեմբերի 25-ին Հովհաննիսյանը ընտրվել է նորաստեղծ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս՝ կենսաբանական գիտություների գծով։ 1944 թվականի նոյեմբերի 14-ին նա ընտրվել նորաստեղծ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս՝ կլինիկական բժշկության գծով։

1943 թվականին ՀԽՍՀ գիտությունների ակադեմայում Հովհաննիսյանը հիմնադրել է Բժշկության պատմության թանգարան, որի ցուցանմուշների թվում էին ժողովրդական բժշկությանը, հայ անվանի բժիշկներին վերաբերող նյութեր, նրանց անձնական իրերը, ձեռագրերը, բժշկական գործիքները, գրքերը, լուսանկարները։ Որոշ ժամանակ անց թանգարանը լուծարվել է, իսկ 1978 թվականին թանգարանի նյութերի հիման վրա Երևանի պետական բժշկական ինստիտուտում ստեղծվել է Հայաստանի բժկության պատմության թանգարանը։ 1944 թվականին Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում ստեղծվել է Հայ բժշկության և կենսաբանության պատմության սեկտորը, որը Հովհաննիսյանը ղեկավարել է մինչև 1955 թվականը։ 1947 թվականին Հովհաննիսյանը ընդունվել է ՀամԿ(բ)Կ շարքերը։ 1947-1954 թվականներին Հովհաննիսյանը Հայաստանի թերապևտների ընկերության նախագահության անդամ էր, իսկ 1954-ին նա ընտրվել է ընկերության նախագահ։

1953-1955 թվականներին Հովհաննիսյանը ՀԽՍՀ ԳԱ բժշկական գիտությունների սեկտորի, իսկ 1955-1961 թվականներին՝ սրտաբանության սեկտորի վարիչն էր։ 1961 թվականին ՀԽՍՀ ԳԱ սրտաբանության սեկտորի հիման վրա Երևանում Հովհաննիսյանը հիմնադրել է ՀԽՍՀ ԳԱ սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտը և ղեկավարել այն։ Հետագայում հաստատությունը վերանվանվել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Սրտաբանության ինստիտուտի, և 1972 թվականից կրում է Լևոն Հովհաննիսյանի անունը։ 1962 թվականին Հովհաննիսյանը ընտրվել է Բժշկության պատմության միջազգային ակադեմիայի իսկական անդամ։ 1965 թվականին, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, բժշկագիտության զարգացման գործում ներդրած վաստակի, երկարատև մանկավարժական և հասարակական գործունեության համար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննիսյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկրորդ շքանշանով։

Լևոն Անդրեասի Հովհաննիսյանը մահացել է 1970 թվականի մայիսի 11-ին, Երևանում։

Գիտական գործունեություն

խմբագրել

Գիտական գործունեության սկիզբը

խմբագրել

Լևոն Հովհաննիսյանը իր գիտական գործունեությունը սկսել է 1910-ական թվականներին։ Այդ շրջանում Հովհաննիսյանը բուժհաստատություններում պրակտիկ աշխատանքի փորձ ուներ։ Նա համատեղում էր աշխատանքը գիտական հետազոտությունների հետ։ Մասնավորապես՝ Թիֆլիսի Միխայլովյան հիվանդանոցում Հովհաննիսյանի կատարած հետազոտությունների մասին զեկուցումներ էր պատրաստում իր գիտական ղեկավար Վիրսալաձեն, իսկ Ղազախստանում կատարած հետազոտությունները Հովհաննիսյանը հրապարակել էր «Կարմիր խաչի ռուսաստանյան ընկերության զեկույցներ» ամսագրում։ Այդ հետազոտությունների հիման վրա Հովհաննիսյանը պատրաստել էր իր դոկտորական ատենախոսությունը, որը սակայն չի պաշտպանվում Առաջին աշխարհամարտի սկսվելու պատճառով։

1914 թվականին մասնակցելով Բժիշկների և բնագետների համառուսաստանյան 13-րդ համագումարին, Հովհաննիսյանը երկու զեկուցում է կարդում, որոնք հետագայում ներառվում են դոկտորական ատենախոսության մեջ։ «Թիֆլիս քաղաքը կլիմատոբուժական տեսակետից» զեկուցման մեջ Հովհաննիսյանը նկարագրել է քաղաքի հանքային ջրերի ֆիզիկական հատկությունները և քիմիական կազմը, ինչպես նաև քաղաքի օթերևութաբանական տվյալները։ Եզրակացությունում, գնահատելով Թիֆլիսի կլիմայի բուժական հատկությունները, Հովհաննիսյանը առաջարկել է քաղաքում բալնեոլոգիական կայան ստեղծել։ Համագումարի բալնեոլոգիական սեկցիան որոշեց կայանի շուտափույթ ստեղծումը համարել խիստ ցանկալի։ Իր երկրորդ «Թիֆլիսի բնակչության կենցաղի ազդեցությունը հիվանդության և մահացության վրա» զեկուցման մեջ Հովհաննիսյանը քննարկում է թիֆլիսցիների կենցաղի և ժողովրդական սովորությունների (մասնավորապես՝ սնոտիապաշտական բնույթի սովորություններ, ալկոհոլիզմ, վաղ ամուսնություններ) հսկայական ազդեցությունը հիվանդությունների տարածման և մահացության վրա։

Նախապատերազմական շրջանում Հովհաննիսյանը հրապարակել է հետազոտություններ, նվիրված փայծաղի պատռմանը, մատնոցուկի բուժական հատկություններին, նշիկներով մարդու օրգանիզմ անցնող ինֆեկցիաներին, Թիֆլիս քաղաքի և Կովկասի սևծովյան ափի կուրրտաբանությանը և կլիմատալոգիային։ Լինելով Կովկասյան մալարիային կոմիտեի քարտուղար, Հովհաննիսյանը սկսել էր մալարիային հիվանդությունների ուսումնասիրությունները։

Առաջին աշխարհամարտի ժամանակ Հովհաննիսյանը ծառայում էր Կովկասյան, այնուհետև՝ Արևմտյան ճակատներում որպես ռազմական բժիկ։ Այստեղ նա կատարել է մի քանի հետազոտություն, նվիրված գազային զենքի կիրառման հետևանքներին և նրանց հետ պայքարի մեթոդներին։ Հովհաննիսյանը նաև առաջին անգամ նկարագրել է խրամատային տենդը։ Այս հետազոտությունների հիման վրա նա հրապարակել է «Ավստրո-գերմանական ճակատում գազային գրոհի և հակագազային պաշտպանության վերաբերյալ», «Այսպես կոչված խրամատային տենդի մասին», «Ռազմական գործողությունների թատերաբեմի առաջապահ զորամասերի տեղակայման շրջանում ջրի սանիտարական փորձաքննության մասին» գիտական աշխատանքները։

Վարակիչ հիվանդություններին, կուրորտաբանությանը և սրտաբանությանը նվիրված աշխատությունները

խմբագրել

1919 թվականին Երևան տեղափոխվելուց հետո Հովհաննիսյանը սկսել է հետազոտել Հայաստանում տարածված մալարիա վարակիչ հիվանդությունը, որի պատճառով մահացությունը գերազանցում էր ծնելիությանը։ 1923 թվականին ստեղծվեց Երևանի տրոպիկական ինստիտուտը, որի գիտական ղեկավարը Հովհաննիսյանն էր։ Հովհաննիսյանը ինստիտուտի աշխատակիցերի հետ համատեղ մշակել է մալարիային հիվանդությունների դասակարգում, որը հետագայում ընդունվել է ոչ միայն հանրապետությունում, այլև ողջ ԽՍՀՄ տարածքում։ Հովհաննիսյանը մշակել և պրակտիկա է ներմուծել փայծաղային դիետայի միջոցով մալարիային սակավարյունության և հյուծանքի բուժման նոր եղանակ, որը դրական արդյունքների է բերել։ Հովհաննիսյանը կատարել է հետազոտություններ, նվիրված մալարիային հիվանդությունների տարբեր տեսակերի և ծանրության աստիճանների դեպքում կենսաքիմիական փոփոխություններին, հատկապես հիպերտոնիկ վիճակների և վիսցերալ դրսևորումների ժամանակ։ Այս հետազոտությունների արդյունքները հրապարակվել են դասագրքի տեսքով 1941 թվականին։ Վ․ Եղնարյանի հետ համատեղ Հովհաննիսյանը առաջարկել է մալարիայի բուժման անընդմեջ զուգորդված եղանակ։ Այդպիսի եղանակով բուժման դեպքում նկատվում էր ռեցիդիվների թվի պակասում, ինչպես նաև հիվանդի առանձին կլինիկական ցուցանիշների (կշիռ, արյան կազմ, լյարդի և փայծաղի փոփոխություններ) նորմային զգալի մոտեցում։

Մեծ կարևորություն ունեն Հովհաննիսյանի կողմից կատարված, Հայաստանի և միջերկրածովյան երկրների համար տարածաշրջանային պաթոլոգիա հանդիսացող պարբերական հիվանդության հետազոտությունները։ Պրոֆեսոր Վ․ Ավագյանի հետ համատեղ Հովհաննիսյանը առաջին անգամ դիտարկել է հիվանդությունը որպես առանձին նոզոլոգիական միավոր, նկարագրել նոպաների կլինիկական պատկերը, նշելով նրանց պարբերական բնույթը և կապը լյարդում և ստամոքսային աղիներում ընթացող բորբոքային պրոցեսների հետ, դրանով իսկ առաջ քաշել ախտածնության բորբոքային տեսությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են 1938 թվականին՝ «Սովետական բժշկություն» ամսագրում (№ 16)։

1920-ական թվականների սկզբերից Հովհաննիսյանը զբաղված էր Հայաստանի կլիմատոլոգիական և բալնեոլոգիական ռեսուրսների՝ բուժական նպատակներով շահագործման հարցով։ Առաջնահերթությունը Հովհաննիսյանը տալիս էր Արզնիի հանքային ջրերին։ 1925 թվականին նա դիմեց ՀԽՍՀ առողջապահության ժողկոմիսարիատ՝ Արզնիում նախնական հետազոտական աշխատանքներ կատարելու թույլտվություն ստանալու համար։ Աշխատանքները կատարվեցին մի քանի գիտնականների հետ համատեղ, և արդեն նույն թվականին Արզնիյում սկսվեցին առողջարանի շինարարական աշխատանքները։ Գիտնականների խմբից կազմվեց կոմիտե, որի ղեկավար նշանակվեց Հովհաննիսյանը։ Կոմիտեն սկսեց հետազոտել Հայաստանի մի շարք այլ հանքային աղբյուրներ, որոնք բելնեոլոգիական տեսակետից հետաքրքրություն էին ներկայացնում, մասնավորապես Արարատի (Դավալու), Դվինի, Միսխանի կիրճի, Դարալագեզի հանքային ջրերը, Ջերմուկի ջերմային հանքային աղբյուրները։ Հովհաննիսյանը հետազոտել է սրտանոթային հիվանդությունների բուժման խնդիրը Արզնիի հանքային ջրերի կիրառմամբ։ Այդ հետազոտությունների հիման վրա 1936 թվականին հրատարակվել է «Հայաստանի հանքային աղբյուրնրը» մենագրությունը, որը ԽՍՀՄ հանքային ջրերին ու նրանց բուժիչ հատկություններին նվիրված առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկն է։

Հատկապես մեծ նշանակություն ունեն Հովհաննիսյանի՝ սրտանոթային հիվանդությունների տարատեսակ խնդիրներին նվիրված հետազոտությունները, որոնք կրում էին կլինիկական և փորձարարական բնույթ։ Իր փորձերում Հովհաննիսյանը ցույց է տվել, որ հակառակ հաստատված կարծիքին այն մասին, որ սրտի աղմուկները առաջանում են արյան շիթի կողային հատվածներում՝ շրջապտույտային շարժման հետևանով, նրանց իրական պատճառը արյան տուրբուլենտ շարժումն է շիթի կենտրոնական հատվածում։ Այսինքն, համաձայն Հովհաննիսյանի, քանի որ աղմուկների բացակայությունը պայմանավորված է արյան շիթի ոչ բավարար արագությամբ, աղմուկները առաջանում են շիթի ակտիվ շարժվող մասում, արյան հոսանքի արագացման պատճառով, որն ի հայտ է գալիս շիթի լայնական հատույթի մակերեսի փոքրացման հետևանքով, ինչպես նաև փականների կառուցվածքային փոփոխությունների շրջանում։ Այդպիսի պաթոլոգիայի պայմաններում արյան շիթի կտրվածքի մակերեսի փոփոխությունը վազքի կարճ հեռավորության վրա բերում է շիթի արագության մեծացման՝ մինչև աղմուկների առաջացման համար բավարար արժեքի։ Հովհաննիսյանը նաև հետազոտել է հիպերտոնիկ հիվանդությունները նրանց զարգացման ամենավաղ շրջանում և կարդիոպատիյաների բուժման արդյունավետությունը Հայաստանի ֆլորայի որոշ բույսերի կիրառմամբ (Leonurus cardiaca, Bryonia alba

Հովհաննիսյանը մեծ ուշադրություն էր հատկացնում բժշկական (կլինիկական) հոգեբանության հարցերին։ ՀԽՍՀ ԳԱ սրտաբանության սեկտորի աշխատակիցների հետ համատեղ Հովհաննիսյանը կատարել է հետազոտություններ, նվիրված սրտանոթային նևրոզներին, նրանց ծագմանը և դասակարգմանը, կարդիոպատների նոզոլոգիական հոգեբանությանը, սրտանոթային նևրոզների կլինիկային, նևրոզների բուժմանը։ 1961 թվականից այդ հետազոտությունները շարունակվել են Հովհաննիսյանի ղեկավարած Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտում։ Քսան տարիների ընթացքում Հովհաննիսյանը զբաղվել է վարկիչ և մարմնային հիվանդություններով տառապող հիվանդների նյարդահոգեկան խանգարումների հետազոտմամբ, կազմել նրանց նոզոլոգիական հոգեբանական նկարագրությունները։ Իր «Անձի դինամիկ դասակարգման փորձը» աշխատությունում Հովհաննիսյանը առաջարկել է հիվանդների դասակարգման նոր եղանակ, հիմնված նրանց դինամիկ մարմնաշարժումների, քայլվածքի, միմիկայի և այլ դինամիկ հատկությունների վրա։

Բժշկության պատմությանը նվիրված հետազոտությունները

խմբագրել

Հայաստանի բժշկության պատմությանը նվիրված Հովհաննիսյանի առաջին աշխատությունները կատարվել են 1913 թվականին, երբ նա պատմաբան Լեոյի (Առաքել Բաբախանյան) առաջարկով պատրաստեց «Բժշկության պատմությունը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև միջնադար» զեկուցումը՝ Կովկասի բժշկական ընկերության համագումարում ներկայացնելու նպատակով։ 1919 թվականին Հայաստան վերադառնալուց հետո Հովհաննիսյանը սկսել է ուսումնասիրել Էջմիածնի գրադարանի արխիվային նյութերը՝ բժշկական բովանդակությամբ հին հայկական ձեռագրերը։ Այդ նյութերի հիման վրա Հովհաննիսյանը գրել է «Բժշկության պատմությունը Հայաստանում հնագույն շրջանից մինչև XVIII դարի վերջ» մենագրությունը, որը հրատարակվել է 1928 թվականին Երևանում։ Այդ մենագրությունը ըստ էության Հայաստանում բժշկության պատմությանը նվիրված առաջին լուրջ աշխատությունն է, այն հետագայում թարգմանվել է վրացերեն և գերմաներեն։

Հետագայում Հովհաննիսյանը բազմիցս ելույթներ է ունեցել տարատեսակ գիտական կոնֆերանսներին՝ Հայաստանում բժշկության պատմությանը նվիրված զեկուցումներով։ Այդ զեկուցումների նյութերը հրապարակվել են պարբերական գիտական մամուլում։ Հայ և արտասահմանյան պատմիչների աշխատությունների, հայ ժողովրդի նյութական մշակույթի, ազգագրության տվյալների բազմամյա հետազոտության հիման վրա Հովհաննիսյանը ցույց է տվել, որ Հայաստանում բժշկական մշակույթը սկսել է զարգանալ դեռևս մեր թվարկությունից դարեր առաջ՝ անտիկ աշխարհի հունա-հռոմեական և Արևելքի երկրներում աճող հելլենիստական մշակույթների փոխադեցության ոլորտում։ 1946-1947 թվականներին Հովհաննիսյանը պատրաստել է իր աշխատության նոր, զգալիորեն լրացված տարբերակը։ Այն հրատարակվել է հինգ հատորով։ «Հայ բժշկության պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հինգհատորյակը պարունակում է Հայաստանում բուժական գործի, բժշկական գրականության, բժշկական հաստատությունների և կադրերի մասին արժեքավոր տեղեկություններ՝ սկսած հին դարերից մինչև խորհրդային շրջանի սկիզբը։

ՀԽՍՀ ԳԱ հայ բժշկության և կենսաբանության պատմության սեկտորի աշխատակիցների հետ համատեղ Հովհաննիսյանը պատրաստել է XII դարի հայ բժիշկ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության ռուսերեն թարգմանությունը, հրատարակելով «Մխիթար Հերացի։ Նրա «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը» մենագրությունը։ Մենագրության ներածությունում և ծանոթագրություններում ներկայացված են Մխիթար Հերացու կյանքը, XII դարի դրությամբ բժշկական գիտելիքների մակարդակը։

Հովհաննիսյանը նաև ուսումնասիրել է ակադեմիկոս Պավլովի ուսմունքի նշանակությունը ներքին բժշկության և սրտանոթային հիվանդությունների պաթոլոգիայի համար, Միչուրինի կենսաբանական ձեռքբերումների նշանակությունը բժշկագիտության համար, բժշկության հայտնի գործիչների կյանքն ու գործունեությունը։ Հովհաննիսյանի գրչին է պատկանում «Բժշկության մեթոդաբանությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր» աշխատությունը, որտեղ հետազոտված է բժշկագիտության զարգացումը՝ տարբեր ժամանակներում պատմա-տնտեսական ֆորմացիաների, գիտության և մշակույթի զարգացվածության աստիճանի հաշվառմամբ։ Կարևոր նշանակություն ունի Հովհաննիսյանի և Ա․ Կծոյանի հեղինակած «Բժշկության դոկտոր Առուստամովը և նրա ձկան թույնի բույթի մասին աշխատությունը» հետազոտությունը, որտեղ բացահայտվում է բժկության դոկտոր Մարգար Առուստամովի առաջնությունը ձկան թույնի ինֆեկցիոն բնույթի հայտնաբերման հարցում։

Հովհաննիսյանը մեծ ավանդ ունի նաև հայալեզու բժշկական տերմինաբանության զարգացման հարցում։ 1931 թվականին Երևանի բժշկական ինստիտուտում ստեղծվել է տերմինաբանական հանձնաժողով՝ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը և բժիշկ Ավետիք Տեր-Պողոսյանը։ Նրանց համատեղ ջանքերով ստեղծվել են լատին-ռուս-հայերեն բժշկական և անատոմիական տերմինաբանության բառարաններ։ Հովհաննիսյանի հեղինակած, տերմինաբանության հարցերին նվիրված հեդվածներում մշակվել են սկզբունքներ, որոնց պետք է հետևի գիտաբժշկական տերմինաբանությունը։

Մանկավարժական և հասարակական գործունեություն

խմբագրել

Լևոն Հովհաննիսյանը Հայաստանում թերապիայի, սրտաբանության և բժշկության պատմության գիտական դպրոցների հիմնադիրն է։ 1923 թվականին, Խորհրդային Հայաստանի անվանի բժիշկների հետ (Վահան Արծրունի, Գրիգոր Արեշյան, Համբարձում Քեչեկ և այլք), Հովհաննիսյանը ձեռնամուխ եղավ Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ստեղծմանը։ Հետագայում ֆակուլտետը անջատվել է պետական համալսարանից և վերածվել Երևանի բժշկական ինստիտուտի։ Այստեղ Հովհաննիսյանը հիմնադրել է և 43 տարի անընդմեջ, ընդհուպ մինչև 1966 թվականը, ղեկավարել ներքին հիվանդությունների պրոպոդևտիկայի ամբիոնը։ Ամբիոնը դարձել է կարևոր գիտական կենտրոն, որտեղ Հովհաննիսյանի ղեկավարությամբ ուսանեղները կատարել են ներքին հիվանդությունների տարաբնույթ հարցերին նվիրված հետազոտություններ։ Այդ ամբիոնից դուրս եկած Հովհաննիսյանի բազմաթիվ աշակերտներ հետագայում դարձել են ճանաչված թերապևտներ, ղեկավարել Երևանի բժշակական ինստիտուտի ամբիոններ և Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտների բաժիններ։ Նրանց թվում են պրոֆեսորներ Արսեն Սիմոնյանը, Վարդան Ավագյանը, Զավեն Դոլաբջյանը, Ֆրիքս Դրամբյանը, դոցենտ Աննա Ֆարմանյանը։ Բժշկական կրթության կազմակերպման հարցում հսկայական նշանակություն ունեն Հովհաննիսյանի հեղինակած դասագրքերը։

Մալարիայի և բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտում որպես խորհրդատու աշխատելու տարիներին Հովհաննիսյանը զբաղվում էր նաև տրոպիկական կայանների համար բժիշկ-մալարիաբանների, ինչպես նաև տաք երկրներում տարածված հիվանդությունների կլինիկայի գծով գործուղվող զինվորական բժիշկների վերապատրաստմամբ։

1944 թվականին, անցյալի հայ գիտնականների բժշկական և կենսաբանական ուղղվածութամբ գրական ժառանգության հետազոտման նպատակով, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի կազմում Հովհաննիսյանը հիմնադրել է հայ բժշկության և կենսաբանության պատմության սեկտորը։ Սեկտորի աշխատակիցները կատարում էին իրենց հետազոտությունները Մատենադարանի արխիվային նյութերի հիման վրա։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ ստեղծվել է ավելի քան 70 գիտական աշխատություն, պաշտպանվել են ատենախոսություններ։

1954 թվականից մինչև 1970 թվականը Հովհաննիսյանը Հայաստանի թերապևտների գիտական ընկերության նախագահն էր։ Նա նաև Թերապևտների համամիութենական գիտական ընկերության նախագահության անդամ էր, հետագայում նաև այդ ընկերության պատվավոր անդամ։ 1949 թվականին Հովհաննիսյանը Խաղաղության կողմնակիցների 1-ին համամիութենական կոնֆերանսի պատգամավոր էր՝ ընտրված ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի կողմից։ 1951 և 1953 թվականներին նա ընտրվել է նաև Խաղաղության կողմնակիցների 2-րդ և 3-րդ համամիութենական համագումարների պատգամավոր։ Հովհաննիսյանը նաև մասնացել և ելույթներով հանդես է եկել Բժշկության պատմության միջազգային կոնգրեսներին՝ Իսպանիայում (Մադրիդ, 1956) և Ֆրանսիայում (Մոնպելիե, 1958)։

Երկար տարիների ընթացքում Հովհաննիսյանը եղել է «Երևանի բժշկական ինստիտուտի ածխատություններ», «Թերապևտական արխիվ», «Կլինիկական բժշկություն» և «Սրտաբանություն» գիտական ամսագրերի խմբագրակազմի անդամ, «ՀԽՍՀ ԳԱ հայ բժշկության և բիոլոգիայի պատմության սեկտորի աշխատություններ» ժողովածույի պատասխանատու խմբագիր, Մեծ բժշկական հանրագիտարանի 2-րդ հրատարակության «Բժշկության պատմություն» խմբագրաբաժնի խմբագիր, Համամիութենական բժշկապատմական ընկերության նախագահության անդամ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի անդամ։

1956 թվականին Նոբելյան կոմիտեն դիմել է Հովհաննիսյանին 1957 թվականի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակի թեկնածուներ առաջադրելու խնդրանքով։ Հովհաննիսյանը առաջադրել է ակադեմիկոս Լևոն Օրբելու թեկնածությունը՝ մարդու նյարդային համակարգի ֆիզիոլոգիային նվիրված աշխատությունների համար։

Պարգևներ

խմբագրել
 
Լևոն Հովհաննիսյանի հուշատախտակը Երևանում

Աշխատություններ

խմբագրել

Մենագրություններ և դասագրքեր

խմբագրել
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Լազարյանի անվան կուրորտ. — Եր., 1926, 11 էջ։
  • Оганесян Л. А. Минеральные источники Армении. — Ер.: Госиздат, 1936. — 259 с.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Թերապևտիկ հիվանդությունների կլինիկական քննության մեթոդիկա. — Եր., Հայպետհրատ, 1938, 40 էջ։
  • Կարապետյան Ե․ Գ․, Հովհաննիսյան Լ․ Ա․, Մաթևոսյան Շ․ Մ․, Միրզոյան Ա․ Ա․, Փիրումով Ք․ Ն․, Մալարիա։ Տրոպիկական հիվանդությունների ձեռնարկ. — Եր., Հայպետհրատ, 1941, 248 էջ։
  • Оганесян Л. А., Симонян А. Т., Авакян В. М., Фарманян А. К., Даниэль-Бек Л. Я., Баграмян С. М. Учебник диагностики внутренних болезней. — Ер.: Армгиз, 1943. — 904 с.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Դանիել-Բեկ Լ․ Հ․, Ներքին հիվանդությունների դիագնոստիկա. 2-րդ հրատ. — Եր., Հայպետհրատ, 1951, Հ. 1, 487 էջ։
  • Оганесян Л. А., Агаджанян Г. И. Показания, противопоказания и методы комплексного лечения на курорте Арзни. — Ер.: Айпетрат, 1952. — 30 с.
  • Оганесян Л. А., Арутюнян Г. Г., Мелик-Парсаданян Х. А., Кцоян А. С., Сепетчян А. О. Мхитар Гераци. Его труд «Утешение при лихорадках». — Ер.: изд-во АН Армянской ССР, 1954. — 240 с.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Ներքին հիվանդությունների կլինիկայի մի քանի ներածական հարցերի մասին. — Եր., ՀԽՍՀ ԳԱ հրատ․, 1954, 256 էջ։
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Կրոնը և բժշկությունը. — Եր., ՀԽՍՀ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1954, 36 էջ։
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Ներքին հիվանդությունների մասնավոր ախտաբանությունը. — Եր.: ՀԽՍՀ ԳԱ հրատ․, 1956. — 606 էջ։
  • Оганесян Л. А. О взаимоотношениях между психической и соматической сферами в клинике внутренних болезней. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1961. — 464 с.
  • Оганесян Л. А. О психологическом профиле сердечного больного. Опыт изучения сдвигов в области психической сферы у больных с сердечно-сосудистыми заболеваниями. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1963. — 223 с.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա. — Եր., Հայպետուսումնակհրատ, 1964, 658 էջ[5]։

Հայ բժշկության պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը

խմբագրել
  • Оганесян Л. А. История медицины в Армении от древнейших времен до конца XVIII столетия. — Эривань, 1928. — 240 с.
  • Оганесян Л. А. История медицины в Армении, с древнейших времен до наших дней. — 2-е изд. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1946. — Т. 1. Медицина в Армении от древнейших времен до конца X века (до начала армянского ренессанса). — 272 с.
  • Оганесян Л. А. История медицины в Армении, с древнейших времен до наших дней. — 2-е изд. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1946. — Т. 2. Медицина в Армении от начала армянского ренессанса до конца средних веков (от начала XI до конца XIV века). — 267 с.
  • Оганесян Л. А. История медицины в Армении, с древнейших времен до наших дней. — 2-е изд. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1946. — Т. 3. Медицина в Армении от начала армянского ренессанса до конца средних веков (от начала XI до конца XIV века). — 310 с.
  • Оганесян Л. А. История медицины в Армении, с древнейших времен до наших дней. — 2-е изд. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1947. — Т. 4. Медицина у армян в XIX—XX веках (не включая здравоохранения в Армянской ССР). — 324 с.
  • Оганесян Л. А. История медицины в Армении, с древнейших времен до наших дней. — 2-е изд. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1947. — Т. 5. Медицина в Армении со времен установления Советской власти до настоящего времени (1920—1947 года). — 792 с.
  • Оганесян Л. А. Иллюстрации к истории медицины в Армении с древнейших времен до наших дней. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1958. — 86 с.

Բժշկական տերմինների բառարաններ

խմբագրել
  • Абегян М. Х., Оганесян Л. А., Тер-Погосян А. Г. Словарь анатомической терминологии. — Ер.: стеклографическое издание, 1937. — 112 с.
  • Абегян М. Х., Оганесян Л. А., Тер-Погосян А. Г. Латино-русско-армянский медицинский словарь. — Ер.: стеклографическое издание, 1937. — 112 с.
  • Абегян М. Х., Оганесян Л. А., Тер-Погосян А. Г. Латино-русско-армянский медицинский словарь. — 2-е изд. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1951. — 471 с.

Գիտական հոդվածներ

խմբագրել
  • Оганесян Л. А. К учению о нарывах селезенки // Труды Кавказского медицинского общества. — 1912. — С. 1—24.
  • Оганесян Л. А. Случай первичного травматического гнойника селезенки // Медицинское обозрение. — 1912. — № 8. — С. 2—16.
  • Оганесян Л. А. К вопросу о хроническом лечении наперстянкой // Врачебная газета. — 1913. — № 49.
  • Оганесян Л. А. Случай сложного заболевания головного мозга малярийного происхождения // Протоколы Кавказского медицинского общества. — 1913. — С. 15—20.
  • Оганесян Л. А. Случай delirium acutissimum при крупозной пневмонии // Труды Кавказского медицинского общества. — 1913. — С. 1—6.
  • Оганесян Л. А. Медицина в Армении в древности и в средние века // Труды Кавказского медицинского общества. — 1913. — С. 267—295.
  • Оганесян Л. А. О деятельности Тифлисского отряда Красного креста, командированного в Закаспийскую область // Вестник Российского общества Красного креста. — 1913. — С. 1—34.
  • Оганесян Л. А. О влиянии быта населения Тифлиса на заболеваемость и смертность // Дневник XIII съезда русских естествоиспытателей и врачей. — 1914. — С. 383.
  • Оганесян Л. А. Город Тифлис в климато-бальнеологическом отношении // Дневник XIII съезда русских естествоиспытателей и врачей. — 1914. — С. 384.
  • Оганесян Л. А. О газовой борьбе и противогазовой обороне на австрогерманском фронте // Труды Кавказского медицинского общества. — 1916. — С. 56—60.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Տրոպիկական հիվանդությունների դեմ պայքարող կոմիտեի գործունեության մասին // Մալարիա. — 1920, № 1, էջ 1—6։
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Մալարիայի հետևանքների մասին // Մալարիա. — 1920, № 1, էջ 11—15։
  • Оганесян Л. А. Григорий Магистр как представитель армянской медицины XI века // Известия Ереванского государственного университета. — 1922. — № 1. — С. 1—15.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Արզնու կուրորտը // Բժշկական ամսագիր. — 1926, № 1, էջ 50—55։
  • Оганесян Л. А. Болезни кишок. По поводу труда профессора Костаняна // Известия Ереванского государственного университета. — 1927. — № 2—3. — С. 536—538.
  • Оганесян Л. А. К учению о клинической анатомии селезенки и изменений ее конфигурации при малярии // Клиническая медицина. — 1928. — № 15. — С. 1070—1076.
  • Оганесян Л. А. Случай позднего удаления инородного тела из сердца // Журнал современной хирургии. — 1928. — Вып. 3. — № 15. — С. 518—526.
  • Оганесян Л. А. Оценка талейохинной пробы на хинин и попытка определения количества последнего путем цветовых сравнений // Врачебное дело. — 1929. — № 17. — С. 3—7.
  • Оганесян Л. А. Итоги совещания курортных работников Закавказских республик // Медицинский журнал Армении. — 1930. — № 1. — С. 105—106.
  • Оганесян Л. А. Курорт Арзни // Курортное дело. — 1930. — № 12. — С. 92—96.
  • Оганесян Л. А. К ревизии проблемы хирургического лечения хронического аппендицита // Медицинский журнал Армении. — 1930. — № 1. — С. 20—26.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․ Ստամոքս-աղիքային տրակտի մեթոդական շոշափման մասին // Երևանի պետական համալսարանի տեղեկագիր. — 1930, № 5, էջ 199—208։
  • Оганесян Л. А. О роли селезенки при малярии // Труды II Всесоюзного съезда патологов. — 1930. — С. 27.
  • Оганесян Л. А. О гормонах селезенки // Труды II Всесоюзного съезда патологов. — 1930. — С. 49.
  • Оганесов Л. А. Опыт динамической классификации личности // Врачебное дело. — 1930. — № 19—20.
  • Оганесян Л. А. О бальнеотерапии сердечно-сосудистых больных на курорте Арзни // Курортно-санаторное дело. — 1931. — № 9. — С. 65—68.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Հայաստանի հանքային ջրերը // Առողջապահության ճակատում. — 1933, № 1—3, էջ 50—58։
  • Оганесян Л. А. Климат курорта Арзни // Меликян М. С. Арзни, как сердечный и питьевой курорт. — М.—Ер.: Госиздат ССР Армении, 1936. — С. 9—18.
  • Оганесян Л. А. Итоги лечения сердечно-сосудистых заболеваний на курорте Арзни // Курортология и физиотерапия. — 1936. — № 2. — С. 14—19.
  • Оганесян Л. А., Фарманян А. К. О лечении малярийных анемий и кахексий селезеночной диетой // Труды Закавказского малярийного съезда. — 1936. — С. 247—250.
  • Оганесян Л. А. Бальнеологические ресурсы Армении // Курортное дело. — 1937. — № 1. — С. 109—129.
  • Оганесян Л. А., Авакян В. М. Ряд случаев неизвестной инфекционной болезни (хроническая перемежающаяся шестидневная лихорадка) // Советская медицина. — 1938. — № 16. — С. 9—12.
  • Оганесян Л. А. О генезе органических шумов сердца и причинах их изменчивости характера // Труды XII Всесоюзного съезда терапевтов. — М.: Медгиз, 1940. — С. 55—57.
  • Оганесов Л. А., Фарманян А. К., Даниэль-Бек Л. Я. Селезеночная органотерапия как фактор лечения затяжной малярии и некоторых ее последствий // Советская медицина. — 1940. — № 9. — С. 25—29.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Բժիշկ Ամիրտովլաթ Ամասիացի (Նրա «Օգուտ բժշկութեան» երկի հրատարակության առթիվ) // ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ. Տեղեկագիր. — 1941, № 3—4, էջ 117—126։
  • Иоаннисян Л. А. Медицина в Армении в древнейшие времена (до этнического оформления армян) // Известия Армянского филиала АН СССР. — 1941. — № 7. — С. 47—66.
  • Оганесян Л. А., Садоян В. С., Карапетян Р. Н., Истаманян Л. С., Егнарян В. И. К вопросу о клинической классификации малярийных заболеваний // Клиническая медицина. — 1942. — С. 74—78.
  • Оганесян Л. А., Егнарян В. И. О непрерывном комбинированном методе лечения малярии в лихорадочном периоде // Известия Ереванского медицинского института и Медицинского общества Армении. — 1946. — № 4—5. — С. 93—103.
  • Оганесян Л. А., Симонян А. Т. О нарушениях обмена веществ при различных видах и стадиях малярии // Советская медицина. — 1947. — № 11. — С. 11—14.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, 17-րդ դարի ականավոր հռոմեական բժիշկ հայազգի պրոֆեսոր Գևորգ Բալյիվի // Աշխատություններ ՀԽՍՀ ԳԱ հայ բժշկության և բիոլոգիայի պատմության սեկտորի․ — 1948, № 1, էջ 139—144։
  • Оганесян Л. А., Арутюнян Г. Г., Кцоян А. С. Хирургия в средневековой Армении // Труды III Закавказского съезда хирургов. — 1948. — С. 62—67.
  • Оганесян Л. А. Вопросы медицинской терминологии // Вестник АМН СССР. — 1950. — № 2. — С. 29—33.
  • Оганесян Л. А. О сердечно-сосудистых заболеваниях в свете учения И. П. Павлова // Труды Ереванского медицинского института. — 1953. — С. 52—53.
  • Оганесян Л. А. О научной сессии УМС Армянской ССР и Ереванского медицинского института в Ленинакане // Труды Ереванского медицинского института. — 1953. — С. 81—92.
  • Հովհաննիսյան Լ․ Ա․, Էջեր հայ բժշկագիտության պատմությունից // Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. — 1960, № 1, էջ 126—130։

Չհրապարակված աշխատություններ

խմբագրել
  • Оганесян Л. А. Клиника инфекций организма через миндалины. — 1913. Доклад на съезде врачей гражданского ведомства.
  • Оганесян Л. А. Город Тифлис в медико-топографическом отношении. — 1914. Рукопись.
  • Оганесян Л. А. О климатологии Черноморского побережья Кавказа. — 1914. Рукопись.
  • Оганесян Л. А. Научные основы санитарной экспертизы воды в районе расположения передовых войсковых частей на театре военных действий. — 1915. Доклад на съезде врачей 10-й армии.
  • Оганесян Л. А. О так называемой траншейной лихорадке. — 1916. Доклад на заседании Кавказского медицинского общества.
  • Оганесян Л. А. О так называемой аортальной гипоплазии. — 1920. Доклад на заседании Ереванского медицинского общества.
  • Оганесян Л. А. О необходимости открытия в Армении Института тропической медицины. — 1920. Доклад на I Всеармянском съезде врачей.
  • Оганесян Л. А. Об осложнениях ангины. — 1920. Доклад на заседании Ереванского медицинского общества.
  • Оганесян Л. А. О геморрагических заболеваниях малярийного происхождения. — 1923. Доклад на заседании Ереванского медицинского общества.
  • Оганесян Л. А. О некоторых мало известных особенностях паразита тропической малярии. — 1923. Доклад на заседании Ереванского медицинского общества.
  • Оганесян Л. А. О так называемых сердечных циррозах печени. — 1923. Доклад на заседании Ереванского медицинского общества.
  • Оганесян Л. А. О функциях селезёнки. — 1926. Доклад на I армянском малярийном съезде.
  • Оганесян Л. А. Вопросы профессиональной патологии в Армении. — 1931. Доклад на научной конференции II Ереванской больницы.
  • Оганесян Л. А. Медицина в Армении от древнейших времен до порога новых времен. — 1935. Доклад на декаде закавказских врачей в Харькове.
  • Оганесян Л. А. Нефропатология в исторической перспективе. — 1935. Доклад на научной конференции II Ереванской больницы.
  • Оганесян Л. А. Патогенез приступов малярии. — 1939. Доклад на V научной сессии Ереванского медицинского института
  • Оганесян Л. А. Медицина и врачи в произведениях Л. Н. Толстого. — 1940. Доклад на VI научной сессии Ереванского медицинского института.
  • Оганесян Л. А. Аллергия и малярия. — 1940. Доклад на научном заседании Ереванского тропического института.
  • Оганесян Л. А. Глистные заболевания по представлениями средневековых врачей, в частности армян. — 1940. Доклад на научном заседании Ереванского тропического института.
  • Оганесян Л. А. О терапии малярии неспецифическими средствами. — 1940. Доклад на научном заседании Ереванского тропического института.
  • Оганесян Л. А. Проблемы медицины в труде армянского философа V века Езника Кохпеци. — 1941. Доклад на лектории Армянского филиала АН СССР.
  • Оганесян Л. А. О субфебрилитете. — 1941. Доклад на VII научной сессии Ереванского медицинского института.
  • Оганесян Л. А. О малярийных эндокринопатиях. — 1943. Доклад на IX научной сессии Ереванского медицинского института.
  • Оганесян Л. А. О малярийной коме. — 1944. Доклад на научной конференции эвакогоспиталей.
  • Оганесян Л. А. Об идеологических основах медицины от древности до наших дней. — 1945. Доклад на заседании биологической сессии АН Армянской ССР.
  • Оганесян Л. А. Труды кафедры пропедевтики внутренних болезней по вопросам малярии за 30 лет. — 1947. Доклад на XIII научной сессии Ереванского медицинского института.
  • Оганесян Л. А. О гипертонической болезни. — 1948. Доклад на на выездной научной сессии в Ленинакане.
  • Оганесян Л. А. Достижения советской медицины в Великую Отечественную войну. — 1949. Доклад на заседании участковых врачей в Ереване.
  • Оганесян Л. А. О нозологической психологии при неврозах сердечно-сосудистой системы. — 1952. Доклад на заседании общества терапевтов Армении.
  • Оганесян Л. А. Перспективы развития курорта Джермук в Армении. — 1952. Доклад на конференции, посвящённой курорту Джермук.
  • Оганесян Л. А. Бальнеологические перспективы в Армении в ближайшие годы. — 1953. Доклад на научной сессии Института курортологии.
  • Оганесян Л. А. Врач М. И. Арустамов, его жизнь и деятельность. Его труд «О природе рыбьего яда». — 1954. Рукопись.

Գրականություն

խմբագրել
  • Նավասարդյան Մ․, Հովհաննիսյան Ա․, Լևոն Հովհաննիսյան // Երևանի նշանավոր ընտանիքները. — Եր․, Երևան քաղաքի պատմության թանգարան, 2009, էջ 220—235։
  • Оганесян Леон Андреевич // 60 лет Российской академии медицинских наук. — М.: Медицинская энциклопедия, 2004. — С. 403. — 492 с.
  • Մինասյան Հ․ Մ․, Հովհաննիսյան Լևոն Անդրեասի // 100 հայ հոգեբույժներ։ Կենսագրական բառարան. — Եր․, 2004, Հ․ Բ, էջ 97—100։
  • Айриян А. П. Оганесян Левон Андреевич // Армянские учёные-медики. — Ер.: Амарас, 1998. — С. 36. — 276 с.
  • Долабчян З. Л. Оганесян Леон Андреевич // Большая медицинская энциклопедия / Б. В. Петровский. — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1981. — Т. 17. — 512 с.
  • Հովհաննիսյան Լևոն Անդրեասի // Հայկական սովետական հանրագիտարան․ — Եր․, 1980, Հ․ 6, էջ 570։
  • Мелкумян Г. А. Врачи-армяне на кавказском фронте первой мировой войны // Историко-филологический журнал. — 1975. — № 3. — С. 126—134.
  • Долабчян З. Л. Оганесян Леон Андреевич // Большая советская энциклопедия / А. М. Прохоров. — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 18.
  • Մարտիրոսյան Վ․ Մ․, Թերապիայի զարգացումը Սովետական Հայաստանում (1920—1950) // Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. — 1973, № 8, էջ 189—202։
  • Левон Андреевич Оганесян // Биологический журнал Армении. — 1970. — Т. 23, № 7. — С. 110—111.
  • Դոլաբջյան Զ․ Լևոն Հովհաննիսյան // Պատմաբանասիրական հանդես. — 197, № 2, էջ 297—298։
  • Левон Андреевич Оганесян // Кровообращение. — 1970. — Т. 3, № 2. — С. 69—70.
  • Լալայան Ա․ Ա․, Հայ բժիշկների մասնակցությունը ռուսական բժշկական համագումարներին // Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. — 1967, № 4, էջ 166—184.
  • Лалаян А. А., Парсаданян Р. С. Левон Андреевич Оганесян (к 80-летию со дня рождения) // Известия АН Армянской ССР. Биологические науки. — 1965. — Т. 18, № 3. — С. 94—96.
  • Փարսադանյան Ռ․ Լևոն Հովհաննիսյան (ծննդյան 80-ամյակի առթիվ) // Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդես. — 1965, Հ․ 5, № 1, էջ 3—7։
  • Կծոյան Ա. Ս., Սովետահայ բժշկա-պատմագրության նվաճումները 40 տարում // Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. — 1962, № 2, էջ 209—229։
  • Լալայան Ա․ Ա․, Նյութեր հայ-ռուսական բժշկական կապերի պատմությունից // Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. — 1960, № 1, էջ 161—178։
  • Леон Андреевич Оганесян / Вступительная статья и библиография А. А. Лалаяна; ответственный редактор Г. А. Гевондян. — Ер.: изд-во АН Армянской ССР, 1955. — 50 с. — (Материалы к библиографии учёных СССР).
  • Հովհաննիսյան Լ. Ս., Բազմավաստակ գիտնականը (Լ. Ա. Հովհաննիսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) // ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր բիոլոգիական և գյուղատնտեսական գիտությունների. — 1955, Հ․ 8, № 12, էջ 113—114։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Оганесян Леон Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լևոն Հովհաննիսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հովհաննիսյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հովհաննիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 570