Զբոսաշրջությունը Հայաստանում
Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։
Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում՝ հիմնականում Կենտրոնում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Գորիսում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։
Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն։
Պատմություն
խմբագրելՀայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։ Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։
Նոր և նորագույն շրջանում Հայաստանում զարկ է տրվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։ 19-րդ դարի վերջից ռուսական տիրապետության տակ գտնվող հայկական գավառները՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգները ու Կարսի մարզը, երկաթուղային ու հեռագրային կապ են հաստատում Հարավային Կովկասի այլ շրջանների, ապա նաև՝ Ռուսական կայսրության և հարևան երկրների միջև։ 20-րդ դարի սկզբին անցկացվում է հեռախոսագիծը, կառուցվում են նոր երկաթուղիներ ու խճուղիներ։ Երևանում, Շուշիում, Գյումրիում ու Կարսում սկիզբ է դրվում հյուրանոցների շինարարությանը։
ԽՍՀՄ գոյության տարիներին (1922-1991) Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կազմակերպման կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։ Մայրաքաղաքի առավել հայտնի հյուրանոցներից էին «Արմենիան» (այժմ՝ Արմենիա Մարիոթ), «Ինտուրիստ» (1959 թվականից՝ «Երևան», այժմ՝ Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել), «Անին» (այժմ՝ Անի Պլազա Հոթել)։ Վերջինս կառուցվել էր 1970 թվականին՝ Խորհրդային Հայաստանի 50-ամյակի կապակցությամբ և կրում էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքի անունը։
1980-ական թվականներին Երևանում կառուցվում են նոր հյուրանոցներ՝ «Երիտասարդական պալատը», «Դվինը», «Շիրակը» և այլն։ Ամառային հանգստի կազմակերպման նշանավոր կենտրոններ են դառնում Դիլիջանը, Ծաղկաձորը, Սևանը, Արզնին, Վանաձորը (նախկին Կիրովական), Ջերմուկը և այլն։ Այդտեղ նույնպես կառուցվում են հյուրանոցային համալիրներ ու հանգստյան տներ։ Հայկական երկաթուղուց բացի, որն ավելի էր ընդլայնվել, կառուցվում են հարյուրավոր կիլոմետրերի երկարություն ունեցող ավտոճանապարհներ, «Էրեբունի» և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանները, տեղական նշանակություն ունեցող օդանավակայաններ Հայաստանի Բերդ, Ստեփանավան, Տաշիր, Գյումրի, Սիսիան, Ջերմուկ, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում։
1990-ական թվականներին զբոսաշրջությունը Հայաստանում անկում է ապրում՝ կապված աղետալի երկրաշարժի, Արցախյան ազատամարտի ու տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Փակվում է Հայաստանի երկաթուղին. այն գործում է միայն հարևան Վրաստանի հետ, անխափան շարունակում է գործել միայն «Զվարթնոց» օդանավակայանը, իսկ «Էրեբունին» վերածվում է ռազմական օդանավակայանի։ Փակվում են Հայաստանի սահմանները արևելյան ու արևմտյան հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նոր էջ է բացվում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, մասնավորապես՝ ռուսներ, վրացիներ ու հայեր, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝ Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ հայաշատ երկրներից։ Հայաստան են այցելում նաև եվրոպացի ու ամերիկացի զբոսաշրջիկներ։ Նրանց մի մասը ժամանում էր տարածաշրջան՝ եռակի այցելության նպատակով՝ լինելով ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան Ադրբեջանում ու Վրաստանում։ Այդուհանդերձ, Հայաստանում զբոսաշրջիկների թիվը առավելագույնն է լինում. դա պայմանավորված էր սփյուռքահայերի հետ։
Տարի | Թվաքանակ | %± | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2007 | - | ||||||||||||||
2008 | + 15 % | ||||||||||||||
2009 | - 2 % | ||||||||||||||
2010 | + 18 % | ||||||||||||||
2011 | + 12 % | ||||||||||||||
2012 | + 11 % | ||||||||||||||
2013 | + 28 % | ||||||||||||||
2014 | + 11 % | ||||||||||||||
2015 | - 1 % | ||||||||||||||
2016[2] | + 6 % | ||||||||||||||
2017 | + 19 % | ||||||||||||||
2018 | + 10.5 % | ||||||||||||||
2019 | + 14,7 % | ||||||||||||||
2020 | -525,0 % | ||||||||||||||
2021 | + 41,4 % | ||||||||||||||
2022 | + 52,12 % | ||||||||||||||
2023 | + 39 % |
Հայասատնի զբոսաշրջության համար նորություն էր իսլամադավան իրանցի պարսիկների, քրդերի, ադրբեջանցիների այցը երկիր[3]։ Դրա աճի տեմպերը նկատվում էին դեռ 1990-ական թվականներին, սակայն 2000-ական թվականների երկրորդ կեսից սկսած՝ նրանց հոսքը հասնում են մեծ չափերի։ Իրանցիները Հայաստան են գալիս հատկապես մարտ ամսին՝ Նովրուզ բայրամին (Նոր տարի), և ամռանը՝ եվրոպական քրիստոնյա երկրում իրենց հանգիստ անցկացնելու և Իրանում գոյություն չունեցող ազատություններից օգտվելու համար։ Հետագա տարիներին ինչպես իրանցի, այնպես էլ եվրոպացի ու ամերիկացի զբոսաշրջիկներն այցելու են նաև հարևան քրիստոնեադավան մեկ այլ երկիր՝ Վրաստան։ Հետզհետե մեծանում է Արցախ մեկնող զբոսաշրջիկների թիվը։
Կրթական համակարգում կատարվող բարեփոխումների շնորհիվ Հայաստան են այցելում հարյուրավոր ուսանողներ՝ Հնդկաստանից, Իրանից ու արաբական երկրներից՝ Երևանի բուհերում, մասնավորապես՝ Բժշկական համալսարանում ուսանելու նպատակով։ Դա իր հերթին նպաստում է զբոսաշրջության աճին։ 2010 թվականին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Մեխակ Ապրեսյանը զեկուցում է, որ զբոսաշրջիկների մեծ մասը ԱՊՀ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից և Վրաստանից, Եվրամիության երկրներից, Իրանից և Միացյալ Նահանգներից են[4]։ 2011 թվականին «National Geographic Traveler» ամսագիրը Հայաստանը որակեց ոչ միայն պատմական ու հանգստի, այլև որպես էքստրեմալ տուրիզմի վայր[5]։
2011 թվականի տվյալներով Հայաստանում կար 128 հյուրանոց, 102 ճամբար, 31 հանգստյան տուն, 19 տուրիստական բազա՝ ընդհանուր առմամբ նախատեսված մոտ 98500 մարդու համար։ 2012 թվականից Հայաստանում բացվում են առավել հարմարավետ հյուրանոցներ, վերանորոգվում են հները։ Հիմնվում է «Tufenkian» հյուրանոցային ցանցը (Երևան, Ծափաթաղ, Ձորագետ, Դիլիջան), «Նացիոնալ», ապա՝ «Փարիզ» հյուրանոցները Երևանում, վերաբացվում են «Նաիրի» և «Սիլաչի» հոյւրանոցները, Ծաղկաձորում իր երկրորդ հյուրանոցն է բացում «Marriott» ապրանքանիշը, իսկ 2013 թվականին՝ «Hyatt» ապրանքանիշը բացում է երկու հյուրանոց՝ Ջերմուկում և Երևանում, իսկ Ծաղկաձորում կառուցվում է «Golden Palace» հյուրանոցը։ Վերոնշյալ բարձրակարգ հյուրանոցներից բացի Երևանում կառուցվում են ևս երկուսը՝ Opera Suite Hotel և Radisson Blu։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը տարեցտարի ավելի է մեծանում. դա կապված է նաև Հայաստանում անցկացվող փառատոնների ու միջազգային մրցույթների հետ։ Երևանում ամռանն անցկացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, չորս տարի պարբերականությամբ՝ Համահայկական խաղերը, կայանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ժողովները, Մանկական Եվրատեսիլը (2011) և այլն։ Սփյուռքի նախարարության մշակած «Արի տուն» ծրագրով հայրենիք են այցելում հարյուրավոր պատանիներ ու երիտասարդներ։
Միջին Արևելքի երկրներից Հայաստան ուղղվող ինքնաթիռների մեծ մասը ուղիղ չվերթով Երևանը կապում է Դուբայ քաղաքի հետ։ Առևտրաարդյունաբերական այդ խոշոր կենտրոնից տարեցտարի ավելանում է ոչ միայն տեղի արաբների, այլև ՄԱԷ-ում հաստատված օտարազգիների, մասնավորապես՝ քրիստոնեադավան ֆիլիպինցիների հոսքը Հայաստան։
2016 թվականի ապրիլին Արցախում տեղի ունեցավ Քառօրյա պատերազմ, իսկ հուլիսին Երևանում կազմակերպվել էր ՊՊԾ գնդի գրավումը։ Այդուհանդերձ, զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ոչ միայն չպակասեց, այլև 2015 թվականի համեմատությամբ ավելացավ մոտ 70 000-ով։ Նրանց 19,2 %-ը ժամանեց ՌԴ-ից, 18,2 %-ը՝ Իրանից, 10,3 %-ը՝ ԱՄՆ-ից։ Այս ցուցանիշը վկայում է, որ զբոսաշրջությունը դարձել է բազմազգ. Հայաստանի այցելուների մեծամասնությունը ՌԴ-ից Հայաստան վերադարձող ժամկետային աշխատողները չեն եղել, այլ արտասահմանցի քաղաքացիներ։ Նրանց 58 %-ը Հայաստան էր մտել օդային ճանապարհով (հիմնականում՝ Զվարթնոց օդանավակայան), 34 %-ը՝ խճուղով (հիմնականում՝ Մեղրու և Բագրատաշենի անցակետերից) և 8 %-ը՝ երկաթուղով[2]։
2023 թվականին Հայաստան է այցելել մոտ 2,3 մլն զբոսաշրջիկ, ինչը 39%-ով ավելի է, քան 2022 թվականին և 20%-ով ավելի, քան 2019 թվականին։ Առաջին եռյակում են զբոսաշրջիկները Ռուսաստանից (50%), Վրաստան (11%) և Իրանից (6%)[6]։
Ճարտարապետական հուշարձաններ
խմբագրելՀայաստանն ունի հազարավոր տարիների պատմություն, որի վկայությունն են հանդիսանում երկրի տարբեր հատվածներում գոյություն ունեցող հայկական ճարտարապետական կոթողները։ Դրանք կարելի է բաժանել 4 խմբի՝ նախնադարյան, հնադարյան, միջնադարյան և նոր ու նորագույն ժամանակների։
Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդու բնակեցման կարևոր օջախներից մեկը։ Վրաստանի տարածքում հայտնաբերվել է Դմանիսի, Արցախում՝ Ազոխի, իսկ բուն Հայաստանի տարածքում՝ Արենիի քարանձավները։ Վերջինս հայտնի է նաև որպես «Թռչունների քարանձավ»։ Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, որը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին[7]։ Նույն ժամանակաշրջանին է վերագրվում նաև կանացի կիսաշրջազգեստը[8]։
Քարայրներով Վայոց ձորից առավել հարուստ է Սյունիքի մարզը (Գորիս, Խնձորեսկ և այլն)։ Այստեղ է գտնվում աշխարհի հնագույն աստղադիտարաններից Քարահունջը։ Վերջինս թարգմանաբար մոտ է անգլիական Սթոունհենջին, սակայն այն հիմնվել է 4000 տարի առավել վաղ՝ մ.թ.ա. 5500 թվականին (նոր քարի դար)։ Երևանի տարածքում է գտնվում Շենգավիթ հնավայրը (պղնձի-քարի դար)։ Արենիի քարանձավը վերագրվում է առավել ուշ շրջանի՝ բրոնզի դարին։ Այստեղ 2007 թվականին հայտնաբերվել է գինու՝ աշխարհի հնագույն մառանը[9]։
Նախնադարյան շրջանին են վերագրվում նաև Սևանա լճի ավազանում ու Արագած լեռան վրա կառուցված կիկլոպյան ամրոցները, ուրարտական Էրեբունի, Թեյշեբաինի և Արգիշտիխինիլի բերդերը, ուրարտական ջրացնքներն ու դամբարանները, տաճարների մնացորդները և այլն։
Հայկական ճարտարապետության հաջորդ փուլին՝ հնադարին վերագրվում են հիմնականում հելլենիստական կառույցները։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո Մերձավոր Արևելքում սկսված հելլենիզմի (հունականության) դարաշրջանին են վերագրվում սակավաթիվ հուշարձաններ, որոնցից առավել լավ պահպանված է Միհր աստծուն նվիրված Գառնու հեթանոսական տաճարը։ Այն կառուցվել է մ.թ. 77 թվականին և հասակակից է Հռոմի Կոլիզեումին։
Հելլենիստական ժամանակաշրջանում են կառուցվել Արմավիր, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ, Բագարան, Արշամշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Դվին քաղաքները։ Դրանցից առավել խոշորը եղել է մայրաքաղաք Արտաշատը, որը հատակագծով կառուցված առաջին քաղաքն էր։ Նրա պեղումները կատարվում են Խոր Վիրապի մոտակայքում, որտեղ հայտնաբերվել է Արտաշատի հովանավոր սուրբ Անահիտ աստվածուհու քանդակը։
Գառնիի հեթանոսական տաճարին կից կառուցվել է արքունի ամառանոց և հռոմեական բաղնիք, իսկ այդ ամենի շուրջ դեռ երկաթի դարում հիմնվել էր Գառնու ամրոցը։
Հայկական ճարտարապետության՝ մեզ հասած առավել պահպանված նմուշները վերագրվում են միջնադարին։ Հայաստանն առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական պաշտոնական կրոն։ Վաղ շրջանի կառույցներից են Ամարասի վանքը, Երերույքի տաճարը, Ծիծեռնավանքը, Էջմիածնի Մայր Տաճարը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։ Դրանցից Էջմիածնի մայր տաճարը 7-րդ դարում կառուցված երեք այլ եկեղեցիների հետ (Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Զվարթնոց) 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների Հայաստանյան ցանկում։
Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետության առավել հայտնի նմուշներից են Գեղարդի վանքը, Ամբերդը, Նորավանքը, Կաքավաբերդը, Ախթալայի ամրոցն ու եկեղեցին, Դադիվանքն ու Գանձասարը, Լոռու և Մեղրու բերդերը, Հաղարծինն ու Գոշավանքը, բազմաթիվ կամուրջներ ու ջրանցքներ, Տաթևի, Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները։ Վերջին երկուսը նույնպես, 1996 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Ճարտարապետական հուշարձաններից ոչ հեռու այժմ գտնվում են հանգստի գոտիներ ու հյուրանոցներ։
Նոր շրջանում և ուշ միջնադարում Հայաստանը կորցնում է պետականությունը և կիսվում մի կողմից՝ Օսմանյան կայսրության, մյուս կողմից՝ Սեֆյան Իրանի (ավելի ուշ՝ Ռուսական կայսրության) միջև։ Հայկական ճարտարապետությունը անկում է ապրում։ Այն վերականգնվում է ռուսական տիրապետության շրջանում և արտահայտվում գերազանցապես քաղաքաշինությամբ։ Այդ դարաշրջանի առավել պահպանված կառույցները գտնվում են Գյումրիում ու Երևանի կենտրոնում։ Ժամանակի առավել հայտնի ուսումնական կենտրոն է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը Էջմիածնում։
Խորհրդային տարիներին և անկախացումից հետո Հայաստանի քաղաքները սկսում են կառուցապատվել ու ընդլայնվել։ Երևանում կառուցվում է Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնը, Հանրապետության հրապարակը, Կասկադ համալիրը, Հյուսիսային պողոտան, մայրաքաղաքում ու հանրապետության մյուս քաղաքներում կառուցվում են մշակութային ու կրթական կենտրոններ, եկեղեցիներ ու հասարակական շենքեր։
Բնության գեղատեսիլ վայրեր
խմբագրելԲացի պատմական արժեք ունեցող ճարտարապետական հուշարձաններից, Հայաստանում կան բազմաթիվ գեղատեսիլ վայրեր։ Դրանց մի մասը պետության կողմից պաշտպանվում է՝ ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի տարածքներում կամ որպես բնության հուշարձաններ։ Կենտրոնական մասում Հայկական հրաբխային բարձրավանդակի հատվածն է՝ Արագած, Գեղամա, Ջավախքի և Սյունիքի հրաբխային զանգվածները։ Եզերող մարզերում ծալքաբեկորային լեռներ են, և տեղի գետերի հովիտներում կա փարթամ բուսականություն։
Հայաստանի տարածքի 12 %-ը, իսկ Արցախի Հանրապետության տարածքի 35 %-ը կանաչապատ է։ Անտառային զանգվածները շատ են Փոքր Կովկասի լեռնաբազուկներին՝ Լոռու, Տավուշի, մասամբ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում։ Կանաչապատ տարածքներում ստեղծվել են չորս ազգային պարկեր, որոնք պահպանում են տեղի բուսական ու կենդանական աշխարհը, ջրային հարստություններն ու հողի մաքրությունը։ Դրանք են՝ Սևան, Դիլիջան, Արփի լիճ և Արևիկ։ Եվս 26 արգելավայրեր զբաղեցնում են հանրապետության տարածքի մոտ 3,5 %-ը։ Դրանցից առավել հայտնի է Խոսրովի անտառ արգելոցը։
Բացի վերոնշյալ անտառային գոտիներից՝ հանգստի կազմակերպումն իրականացվում է նաև բուսածածկ պուրակներում ու այգիներում։ Դրանք հիմնականում տեղակայված են խոշոր քաղաքներից ոչ հեռու։ Լոռու մարզի կենտրոնական հատվածում գտնվում է հանրապետության խոշորագույն բուսաբանական այգին՝ Ստեփանավանի դենդրոպարկը, որի տարածքը կազմում է շուրջ 35 հեկտար։ Երևան քաղաքի ներսում գտնվում է մեկ այլ բուսաբանական այգի, որից քիչ հեռու տեղակայված է կենդանաբանական այգին։
Հայաստանը լեռնային երկիր է։ Ամենացածր կետերը ծայր հյուսիսում ու ծայր հարավում են՝ Ալավերդի ու Մեղրի քաղաքների մոտ, երկուսն էլ՝ 375 մ, սակայն հիմնական հարթավայրն Արարատյան դաշտն է (800-1000 մ)։ Տարածքի 80 %-ը կազմում է բարձր լեռնային լանդշաֆտը, իսկ մնացածը հարթավայրեր ու գոգավորություններ են։ Լեռնային մարզերը գլխավորապես երկու տեսակի են՝ հրաբխային և ծալքաբեկորային։ Հրաբուխի ժայթքման ու լավաների տեղաշարժի արդյունք են լանդշաֆտի ձևափոխումները Որոտան ու Հրազդան գետերի կիրճերում, որոնք հանգստի հիմնական գոտիներն են։ Առավել գեղեցիկ է Քարերի սիմֆոնիան, որը գտնվում է Ազատ գետի կիրճում և Հայաստանի բնության միակ հուշարձանն է, որ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։
Հանգստի կազմակերպման համար լեռնային միջավայրն ունի մի քանի առավելություններ՝ մաքուր օդ, հանքային բուժիչ աղբյուրներ, պայմաններ՝ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար և այլն։ Այստեղ են գտնվում Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի, Արզնիի ու Որոտանի առողջարանները, որոնք տեղակայված են համանուն աղբյուրների շուրջ։ Որպես լեռնային բուժիչ կենտրոններ՝ դրանք հայտնի էին դեռ խորհրդային տարիներին։ Այդ ժամանակներից սկսած՝ այստեղ կառուցվել են առողջարաններ ու հանգստյան տներ։
Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Հայաստանի տարածքով հոսում են Ախուրյան, Քասաղ, Դեբեդ, Աղստև, Հրազդան և Որոտան գետերը, որոնք, հարստանալով վտակներով, ստեղծում են գեղեցիկ կիրճեր։ Դրանցից առավել աչքի է ընկնում Քասախի կիրճը՝ Սաղմոսավան և Օհանավան գյուղերից ոչ հեռու՝ Սաղմոսավանք և Հովհաննավանք համալիրների շրջակայքում։ Դրանց վրա գոյանում են տարբեր բարձրության ջրվեժներ՝ Ջերմուկի (68 մ), Շաքիի (18 մ), Քասախի (70 մ), Թռչկանի (24 մ) և այլն։ Դրանք առավել ջրառատ են դառնում գարնան ամիսներին ու ամռան սկզբին, որը պայմանավորված է տեղումների քանակով և ձյան հալոցքով։
Գետերի վրա կառուցված են բազմաթիվ ջրամբարներ, որտեղ կատարվում է ձկնորսություն, իսկ դրանց շուրջ ձևավորված անտառներում ու պուրակներում՝ որսորդություն։ Այդպիսի լճակների ու ջրամբարների թվում են՝ Արփի, Քարի, Ամբերդ, Ակնա, Սպանդարյանի, Շամբի, Ախուրյանի, Գոշ, Պարզ և այլն։ Գետերում առավել տարածված են կարմրախայտը և բեղլուն, ինչպես նաև՝ զանազան վայրի թռչուններ՝ բադեր, սագեր և այլն։ Դրանց հարող անտառներում շատ են կրծող ու կաթնասուն կենդանիները, որոնց որսը թույլատրվում է հատուկ արտոնագրեր ունենալու պարագայում։ Ձկնորսությունը առավելապես զարգացած է Արարատի և Արմավիրի մարզերում՝ Արաքս գետին հարող գետակների տարածքում։
Հայաստանի ջրային ամենախոշոր պահեստը Սևանա լիճն է։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է, որի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախոր վայրը՝ 84 մ (Փոքր Սևան)։
2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Այստեղ բացվեցին լողափեր, որոնք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար[10]։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ[11]։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։
Սևանի հանրային լողափերում աշխատում են փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ[12]։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ[13]։ Լողափերը կարող են ընդունել շուրջ 100.000 մարդու։ Ամառային հանգստի կազմակերպման համար շատերն են մեկնում Սևան՝ անցկացնելու ընտանեկան կամ ընկերական հանգիստ։
Էքստրեմալ տուրիզմ
խմբագրել20-րդ դարի ընթացքում աշխարհում սկսում է զարգանալ էքստրեմալ տուրիզմը։ Նրա հիմնական մասնակիցները երիտասարդներ են, ովքեր զբոսաշրջության այս ճյուղը զարգացրել են հիմնականում ալպինիզմի (լեռնային տեսակներ), նավագնացության (ջրային տեսակներ), արշավների (ցամաքային տեսակներ) և օդային տրանսպորտի (օդային տեսակներ) շնորհիվ։
Հայաստանի լեռնային լանդշաֆտը մշտապես հետաքրքրել է ալպինիստներին։ Այստեղ զարգանում են ալպինիզմի բոլոր տարատեսակները՝ լեռնագագաթների հաղթահարում, ժայռամագլցում, էկոտուրիզմ։ Հայաստանի լեռնային որոշ առողջարաններում, մասնավորապես՝ Ծաղկաձորում, անցկացվում է ձմեռային հանգիստ։ Դա արտահայտվում է լեռնադահուկային սպորտի կազմակերպմամբ, ինչպես նաև՝ սնոուբորդի և այլ տարատեսակներով։ Լեռնային էքստրեմալ այս մարզատեսակները առավել հինն են էքստրեմալ զբոսաշրջության մեջ։ Դեռ խորհրդային իշխանության տարիներին Ծաղկաձորում ու Ջերմուկում կառուցվել են ճոպանուղիներ՝ լեռնային էքստրեմալ տուրիզմի համար։ Նույն ժամանակաշրջանում ճոպանուղի է կառուցվում նաև Երևանում, որը նախատեսված էր ինչպես զբոսաշրջիկների համար, այնպես էլ բնակչության տրանսպորտային հոգսը թեթևացնելու նպատակով։
Ծաղկաձորը գտնվում է Երևանից 50 կմ հեռավորության վրա։ Տեղի ճոպանուղին կառուցվել էր 1967 թվականին, իսկ այժմ վերանորոգվել է և բաղկացած է հինգ մասից։ Ժամանակակից ստանդարտներին համապատասխանող ճոպանուղին ամռանը աշխատում է հիմնականում մեկ կամ երկու գծով, իսկ ձմռանն աշխատում են բոլորը։ Բազկաթոռային ճոպանուղու ամենաստորին կետը Թեղենիս լեռան արևելյան լանջին է՝ ծովի մակարդակից 1966 մ բարձրության վրա, իսկ ամենաբարձրը՝ Թեղենիսի գագաթին (2819 մ)։ Սահուղիներին կան բուժկետեր և սննդի կետեր[14]։
Հայաստանի հարավում՝ Արցախ տանող ճանապարհին՝ Երևանից 240 կմ հեռավորության վրա, գտնվում է Տաթևի վանական համալիրը։ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից այստեղ շահագործման է հանձնվել «Տաթևեր» խցիկավոր ճոպանուղին, որն օդային տրանսպորտի առավել զարգացած օրինակ է։ Ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում և իրենից ներկայացնում է օդային տրամվայ՝ կապ հաստատելով Հալիձոր և Տաթև գյուղերի միջև։ Ամռան ամիսների ճոպանուղին աշխատում է 15 րոպե հաճախականությամբ՝ երկկողմանի երկու խցիկներով, ձմռանը հաճախականությունը նվազում է մինչև 30-40 րոպե։ Մեկ խցիկը տեղափոխում է 25 անձ։ Տաթևի ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում (5752 մետր), և որպես այդպիսին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[15]։
Տաթևի ճոպանուղին չունի կանգառներ. թռիչքը տևում է 12 րոպե։ Այն Տաթևի վանք տանող ամենակարճ ճանապարհն է և անցնում է Որոտան գետի կիրճով։ Ճանապարհին գտնվում է մեկ բարձունք, որն ուղին բաժանում է երկու անդունդների։ Առաջին հատվածում երևում են Հին Հալիձոր գյուղատեղին, Հարսնաձորի դիտակետը, իսկ երկրորդ հատվածում՝ Սատանի կամուրջը և Տաթևի Մեծ Անապատը։ Վերջինս Տաթևի վանքին կապված էր ��տորգետնյա ուղիով։ Այս հատվածում խցիկը թռչում է 320 մ բարձրության վրայով։ Դեպի Տաթևի վանք կարելի է հասնել նաև քայլարշավներով[16]։
2010-ական թվականներից Հայաստանում սկսում է զարգանալ նաև օդային էքստրեմալ տուրիզմը, որը գլխավորապես ներկայացված է պարապլաներիզմով և պարաշյուտային սպորտով։ Պարապլաներիզմը ժամանցային թռիչքային մարզաձև է, որն իրականացվում է մեկ կամ երկու հոգով։ Օդաչուն նստում է մի լծասարքի մեջ, որը կախված է մի կտորե թևի ներքո, և իր ձևը որոշվում է իր կախման գծերի և թևի առաջի օդանցքներից ներս մտնող օդի շնորհիվ[17]։ Իրականացվում է չորս հիմնական վայրերում՝ Սևանա լճի մոտակայքում (Ծովագյուղ, 200 մ, Սևան 100 մ, Մարտունի, 500 մ),Արագածի մոտակայքում (Արագած, 500 մ, Վարդաբլուր, 200 մ) և Հատիս (1000 կամ 200 մ) կամ Արա լեռան (1100 մ) մոտ։
Օդային էքստրեմալ տուրիզմի տեսակներից են նաև պարաշյուտային սպորտը և օդապարիկով թռիչքները։ Դեռ 1934 թվականին Հայաստանում բացվում է աէրոակումբ, որը գործում է մինչև 1980-ականների վերջը։ 2002 թվականին պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի հիման վրա ստեղծվեց Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիա[18]։ Օդապարիկով առաջին կանոնավոր թռիչքներն իրագործվեցին 2014 թվականի հուլիսի 5-ից[19]։ Մինչ այդ Հայաստանում կատարվում էին փորձեր, սակայն դրանք հիմնականում անհատների կողմից էին։
Երևանից 145 կմ հյուսիս-արևելք՝ Թբիլիսի-Երևան միջպետական ճանապարհի ուղղությամբ, տեղակայված Ենոքավան գյուղի տարածքում (Լաստիվեր), 2015 թվականի հուլիսի 26-ին տեղի ունեցավ առաջին թռիչքը զիփլայնով։ Արդեն հաջորդ տարում այցելուների քանակը գերազանցեց 10.000-ը։ Դա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածքում միակ զիփլայնն էր։ Թռիչքուղին բաղկացած է 6 ուղեգծից, որոնցից մեկը կրկնվում է։ Դրանցից ամենակարճի երկարությունը 150 մետր է, ամենաերկարը՝ 750։ Թռիչքները կազմակերպող «Յելլ Էքսթրիմ Պարկ» ընկերությունն առաջին էքստրեմալ զվարճանքի վայրն էր Հայաստանում, որը հնարավորություն էր ընձեռում թռիչքներ կատարել առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության։ 2015 թվականի նոյեմբերից հնարավոր է եղել թռիչքներ կատարել նաև պարապլանից, զբաղվել լեռնային հեծանվասպորտով, իսկ 2016 թվականի ապրիլին բացվել է Rope Park-ը։ Էքստրեմալ սպորտի սիրահարների համար հնարավորություն է տրվում մասնակցել «Ճանապարհից դուրս» (Off-road) տուրերին։
2016 թվականի ընթացքում զիփլայն բացվեց նաև Պարզ լճի տարածքում և Ծաղկաձորում։
-
Հյուրանոցի վերածված ավտովագոններ Արփա պահպանվող լանդշաֆտի գրասենյակին կից
Տրանսպորտ և կապ
խմբագրելՀայաստանը հանդիսանում է աշխարհի 44 երկրներից, որոնք դեպի ծով ելք չունեն։ Այդպիսով, այստեղ գոյություն չունի աշխարհում առավել տարածված ջրային տրանսպորտը՝ ոչ գետային, ոչ ծովային եղանակով։ Փոխարենը՝ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապված է երկաթուղով, խճուղով, օդանավակայանով։
20-րդ դարի երկրորդ կեսին հիմք է դրվում հայկական ավիացիային։ Երևանի տարածքում կառուցվում է «Էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայանը։ Նույն ժամանակահատվածում կառուցվում են Բերդի «Տավուշ», Գորիսի «Շինուհայր», Գյումրիի «Շիրակ», ինչպես նաև՝ Գավառի, Ջերմուկի, Վարդենիսի, Սիսիանի, Մեղրու, Կապանի, Նոր Հաճնի, Տաշիրի ու Ստեփանավանի տեղական նշանակության փոքր օդանավակայանները, որոնք գրեթե բոլորը փակվում են ԽՍՀՄ փլուզումից հետո[20]։
Հայաստանի գլխավոր օդային դարպասը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն է, որից տարեկան օգտվում են հարյուր հազարավոր քաղաքացիներ։ 2016 թվականի տվյալներով՝ Հայաստան է մուտք գործել կամ Հայաստանից դուրս եկել 2.105.540 ուղևոր։ Ընդ որում, եթե գրեթե բոլոր թռիչքները Հայաստան կազմակերպվում էր Ռուսաստանից, ապա այժմ կապեր են հաստատվել Դուբայի, Թեհրանի, Կիևի, Վարշավայի, Վիեննայի, Փարիզի, մասամբ՝ նաև Թբիլիսիի, Բեյրութի, Ստամբուլի, Պրահայի, Թել Ավիվի, Դոհայի, Բարսելոնայի և այլ քաղաքների օդանավակայանների հետ։ Այդուհանդերձ, թռիչքների մեծ մասն իրականացվում է Մոսկվայի «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայանների հետ, որտեղ ուղղվում են առավել խոշոր ինքնաթիռները՝ ինչպես տեղական, այնպես էլ տրանզիտային թռիչքների համար[21]։
Երկաթուղին Հարավային Կովկասում կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Այն միավորում էր Թբիլիսին Բաքվին։ Ավելի ուշ կառուցվեց Թբիլիսի-Բաթում, Թբիլիսի-Վանաձոր-Գյումրի, Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղին։ Խորհրդային իշխանության տարիներին կառուցվել է Երևան-Սևան երկաթգիծը, որը ճյուղավորվել է երկու մասի՝ հարավային՝ դեպի Սոթք և հյուսիսային՝ դեպի Իջևան։ Նախիջևանից Բաքու շարունակվող երկաթուղին շարունակվում է Սյունիքի մարզի հարավային հատվածով, առանձին ճյուղ կա դեպի Կապան։ Բաթումից ու Բաքվից Սև և Կասպից ծովերի երկայնքով երկաթուղին կապվել է Ռուսաստանին, իսկ Նախիջևանի և Կարսի միջոցով՝ Թուրքիային ու Իրանին։ Արցախյան ազատամարտից հետո փակվել են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ու վրաց-աբխազական սահմանները, ինչի հետևանքով Հայաստանը երկաթուղային կապ ունի միայն Վրաստանի հետ։
2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին՝ 30 տարի ժամանակով։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։ Երկաթուղու գլխավոր ուղու երկարությունը 780 կմ է, որից 2,56% երկուղի է։ Բեռնատար վագոնների քանակը 1839 է, իսկ ուղևորատար վագոններինը՝ 135։ Ջերմաքարշերը 30-ն են[22]։
Հայաստանի առավել տարածված ճանապարհատեսակը խճուղին է։ Ասֆալտապատ ճանապարհները Հայաստանը կապում են հարևան երկրների հետ։ Երկրի հարավային՝ Մեղրու անցակետից Իրանից Հայաստան են ժամանում հարյուրավոր զբոսաշրջիկներ։ Փոխադրամիջոցի հիմնական տեսակը ավտոբուսն է, երբեմն՝ միկորոավտոբուսը։ Հյուսիսում կան երեք անցակետեր՝ Բավրա, Գոգավան և Բագրատաշեն բնակավայրերում, որոնք գտնվում են հայ-վրացական սահմանին։ Հայաստանի արևելքում կա երկու անցակետ, որոնք կապում են Հայաստանը Արցախին. դրանք գտնվում են Սոթք-Քարվաճառ և Գորիս-Բերձոր ճանապարհների վրա։
Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր՝ նեղ իմաստով Վրաստանի ու Իրանի, լայն իմաստով՝ Եվրոպայի սևծովյան ուղու և Մերձավոր Արևելքի ճանապարհին։ Այդ տեսանկյունից կարևոր է դառնում «հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, որը սկսվել էր 2010-ական թվականներին։ Այն ունի 600 կմ երկարություն, որից 100 կմ-ն արդեն պատրաստ է։ Ճանապարհն անցնելու է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզերով։ Հայաստանի բոլոր շրջկենտրոնները՝ թվով 36, ամենօրյա երթուղային գծով կապված են Երևանին, նաև կապ կա հարևան ու հեռավոր քաղաքների միջև։ Երևանի ներսում գործում է ներքաղաքային տրանսպորտը՝ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, տրոլեյբուսներ ու մետրո։ Ժամանակին եղել են նաև տրամվայ և ճոպանուղի։
Հայաստանում փոստը հիմնադրվել է 1828 թվականին՝ ունենալով ռուսական, ապա խորհրդային շրջաններ։ 1991 թվականից անկախ Հայաստանի փոստային բաժանմունք է և կրում է «Հայփոստ» անվանումը։ Ազգային օպերատորը տրամադրում է փոստային, ֆինանսական և առևտրային ծառայություններ, ունի 900 փոստային բաժանմունք[23]։
Նախքան հեռախոսի հայտնագործումը Հայաստանում եղել է հեռագրային կապ։ Հայաստանի հեռախոսային կոդը +374 է, որին հաջորդում է ութանիշ հեռախոսահամարը։ Երևանն ունի երկնիշ, իսկ հանրապետության շրջկենտրոնները՝ եռանիշ կոդեր։ Արդյունքում Երևանի ներսում ստացվում են վեցանիշ, իսկ այլ քաղաքներում՝ հնգանիշ հեռախոսահամարներ։ Հայաստանն ունի բջջային երեք օպերատոր (VivaCell-MTS, Բիլայն և Ucom)։ Դրանք իրականացնում են նաև ինտերնետային ու կաբելային հեռուստատեսության օպերատորի աշխատանքներ, իսկ միայն ինտերնետով զբաղվում են Arminco, Rostelecom և այլ ընկերությունները։
Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից է՝ գազաֆիկացման ու էլեկտրաֆիկացման տեսանկյունից։ Երկիրն ի վիճակի է արտադրել երկու անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան սպառում է։ Բնական գազը ներմուծվում է Իրանից ու Ռուսաստանից։ Տրանսպորտային փոխադրամիջոցների համար վառելանյութ են ծառայում ինչպես բենզինը, այնպես էլ՝ բնական գազն ու էլեկտրաէներգիան։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանյան օբյեկտներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկազ Ֆանյան Զբոսաշրջությունը Հայաստանում. «Նախնյաց հայրենիքի կանչը» չի փրկում ներգնա զբոսաշրջությունն անկումից // tert.am. Արխիվացված է 1 ապրիլի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ 2,0 2,1 Տուրիզմը Հայաստանի տնտեսությունում // ampop.am. Արխիվացված է 20 փետրվարի, 2017 սկզբնաղբյուրից:
- ↑ Отдых в Армении остается популярным // travel.ru. Արխիվացված է 23 հուլիսի, 2009 սկզբնաղբյուրից:
- ↑ Tourism boosts in Armenia // panorama.am. Արխիվացված է 8 դեկտեմբերի, 2015 սկզբնաղբյուրից:
- ↑ Экстремальный туризм в Армении оценил известный журнал «National Geographic Traveler» // Prohotel.ru. Արխիվացված է 27 սեպտեմբերի, 2011 սկզբնաղբյուրից:
- ↑ «Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է. Սիսիան Պողօսեան». news.am — նորություններ. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Աշխարհի առաջին կաշվե կոշիկը». CNN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ ««Արենի 1» քարանձավում ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե շրջազգեստ է հայտնաբերվել». News Armenia. 2011 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Ալբերտ Խաչատրյան Արենիի քարանձավների գաղտնիքները // news.am. Արխիվացված է 11 մարտի, 2013 սկզբնաղբյուրից:
- ↑ Bonner, Raymond (1993 թ․ օգոստոսի 9). «Yerevan Journal; Landlocked and Alone, Armenia Fears the Winter». The New York Times. «The beach at Lake Sevan, 40 miles east the capital, would normally be packed this time of the year.»
- ↑ Holding, Deirdre (2014). Armenia: with Nagorno Karabagh (4th ed.). Bradt Travel Guides. էջ 202. ISBN 9781841625553.
- ↑ «Available 'Blue Pearl': Public beaches proved popular with Lake Sevan holidaymakers». ArmeniaNow. 2011 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «The holiday season opened along with the public beaches of Sevan Lake». Public Television of Armenia. 2015 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Ծաղկաձորի ճոպանուղի
- ↑ «Longest non-stop double track cable car». Guinness World Records. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Տաթևեր ճոպանուղի
- ↑ «Բարձր երկնքում ճախրողները. Հայաստանի լեռները դրախտ են պարապլաներիստների համար». Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ Պարաշյուտիզմը Հայաստանում // Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիա. Արխիվացված է 23 մարտի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Օդապարիկով թռիչքներ // skyball.am. Արխիվացված է 4 հունվարի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Հայաստանի քաղավիացիայի վարչության պաշտոնական կայք
- ↑ Զվարթնոց օդակայանի պաշտոնական կայք
- ↑ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայք
- ↑ Հայփոստ, պաշտոնական կայք
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զբոսաշրջությունը Հայաստանում կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |