Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով[1]։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը[2]։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը[3]։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ[4]։

Արենիի քարանձավ
Տեսակքարանձավ և հնագիտական հուշարձան
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՎայոց Ձորի մարզ
Քարտեզ
Քարտեզ

Տեղադրություն և նկարագիր

խմբագրել

Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին[5]։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի (լատին․՝ Homo erectus) հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։

Քարանձավը դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ։ Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր և ունի 400-ից 600 մ² մակերես տարածք։ V դարի պատմիչ Եղիշեն հիշատակում է Արփանեալ անու��ով բերդ կամ ավան։ Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։

Արենի-1 քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգ և չորացած խաղող ու սալոր։ Պինդ, կարբոնատե կեղևը՝ ծածկելով Պղնձի դարի հողաշերտերը, ծայրահեղ չորության և քարանձավի ներսում կայուն ջերմաստիճանի հետ մեկտեղ նպաստել են արտեֆակտների և, հատկապես, աղջկա ուղեղի պահպանմանը։ Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ պեղվել են նաև 12-14-րդ դարերի միջնադարյան վառարաններ[6]։

Պեղումներ

խմբագրել

Պեղումներն իրականացվումեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից Կալիֆորնիայի համալսարանին առընթեր Լոս Անջելեսի հնագիտության ինստիտուտի (UCLA's Cotsen) և Քորքի համալսարանի (Իռլանդիա) հետ համատեղ[7]։

2007 թվականի պեղումների ընթացքում քարանձավից հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ։ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանի խոսքով պեղումների հենց առաջին շրջանն այս վայրում մեծ հաջողություն բերեց, որովհետև գտնվել էր խաղողի ճմլարանը։ Դրա մասին ենթադրություններ կային և պահանջվում էր ապացուցել, որ այն հենց գինեգործական համալիրի կարևոր բաղադրիչն է։ Կառուցվածքային առանձնահատկությունները, այսինքն՝ գինեգործությանը հատուկ թեք հարթության առկայության (երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի) և հնձանի հարևանությամբ հողի մեջ թաղված հսկայական կարասների առկայությունն ապացուցում են, որ սա գինեգործությամբ զբաղվելու հատուկ տարածք է եղել[5]։

Կարասում խաղողի մնացորդներ և եղեգնի սնամեջ ցողուններ են գտնվել։ Բորիս Գասպարյանը նշում է․

  Դա տեսնելով հիշեցի Քսենոֆոնի «Անաբասիս»ը, որտեղ հույն պատմիչը խոսում էր հայկական գինեգործության մասին` նշելով, որ հայերը գինի էին խմում հողի մեջ թաղված կարասներից՝ օգտագործելով դրա համար եղեգնի սնամեջ ցողունները։  

Ներկայումս այդ գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին[5]։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։ Քարանձավի որոշ գտածոներից կարելի է եզրակացնել, որ այստեղի վայրի բանկիչների մոտ ընդունված է եղել ծիսական կանիբալիզմը։ Արենիի քարանձավի խորքում, սննդի պահպանության տարաների կողքին, հայտանբերվել են կավե ամանների մեջ թաղված երեխաների և մեծերի աճյուններ, որնք բավականին լավ են պահպանվել։ Երեք գանգ պատկանել է դեռահաս աղջիկների, որոնք մահացել են 5,9-6,2 հազար տարի առաջ՝ ամենայն հաանականությամբ, մահակի հարվածից[5]։

2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը[5][6]։

Քարանձավում կատարվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է ուշ նեոլիթի ժամանակաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի մասին վկայող ֆակտոլոգիական ծավալուն նյութ՝ անոթներ, ոսկրե գործիքներ, ինչպես նաև կերամիկայի մի քանի հազար բեկորներ։ Գտածոների զգալի մասը շարունակում է մնալ քարանձավում, քանի որ այնտեղ տիրող միկրոկլիմայի շնորհիվ արտեֆակտերը պահպանվում են գրեթե նախասկզբնական տեսքով[7]։

Պատկերներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մարզ Վայոց ձոր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Աշխարհի առաջին կաշվե կոշիկը». CNN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  3. Ջեյմս Օուեն. "Աշխարհի առաջին գինեգործարանը հայտնաբերվել է հայկական քարանձավում." National Geographic Society. հունվարի 10, 2011. վերցված է հունվարի 14, 2011.
  4. ««Արենի 1» քարանձավում ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե շրջազգեստ է հայտնաբերվել». news.am. 2011 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Արենիի քարանձավների գաղտնիքները
  6. 6,0 6,1 «Արենի Քարանձավ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 Բորիս Գասպարյան. Արենիի քարանձավն ամենալավ բանն է, որ Աստված մեզ տվել է(չաշխատող հղում)