Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առ այսօր։ Ունի բազմաթիվ գետնուղիներ, ջրախանդակ։ Մուտքերից մեկի վրա կա հունական արձանագրություն։ Գլխավոր մուտքի դիմաց, բերդից մոտ 20 մ հեռավորության վրա, պահպանվել են բաղնիքի մնացորդներ՝ խճանկար սալահատակով։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885։ Մ. Ճևահիրճյան

ԱՆԵՎՐԻՆ, թիամին, վիտամին , , ծծումբ պարանակող հետերոցիկլիկ ազոտային միացություն։ Անգույն, յուրահատուկ թույլ հոտով ասեղնաձև բյուրեղներ են։ Մոլեկուլային կշիռը 337,2։ Հալման ջերմաստիճանը 233°С-ից 250°С։ Ջրում լուծվում է, չի լուծվում եթերի, բենզոլի, քլորոֆորմի մեջ։ Թթու միջավայրում կայուն է, հիմնային միջավայրում քայքայվում է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում Ա. ֆոսֆորանում է՝ դառնալով Ա–պիրոֆոսֆատ, որը կազմում է կարբօքսիլազ ֆերմենտի ակտիվ խումբը և կարևոր է կետոթթուների փոխանակության մեջ։ Ա–ով հարուստ են խմորասնկերը, հացահատիկները, լյարդը են։ Ա–ի բացակայությունից կամ պակասից խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը, առաջանում է բերի–բերի (պոլինևրիտ) հիվանդությունը։ Ա. ստացվում է նաև սինթետիկ ճանապարհով։ Մարդը օրական, միջին հաշվով, 1–2 մգ, իսկ ծանր ֆիզիկական աշխատանքի և հղիության ժամանակ 2–3 մգ Ա–ի պահանջ է զգում։ Տես նաև Վիտամիններ։


ԱՆԵՐՂԻ, Անեղրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարահիսարի գավառում, Թիքման լեռան ստորոտին, Շապին–Գարահիսարից 3 կմ հեռավորության վրա։ XX դ. սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան (Վարվառյան)։ Ա–ի բնակչության մի մասը զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ փրկվածները գաղթել են օտար երկրներ։


ԱՆԵՐՈԻԴ (հուն, α - ժխտ. մասնիկ և νηρόc - ջուր, այսինքն՝ առանց հեղուկի օգնության աշխատող), մետաղական բարոմետր, մթնոլորտային ճնշման մեծությունը չափող գործիք։ Ա–ի հիմնական մասը օդազուրկ, ծալքավորված, բարակ պատերով տուփ է (տես գծ.), որը մթնոլորտային ճնշման փոփոխությանը զուգընթաց ձևափոխվում է։ Այս ձևափոխումը լծակների և զսպանակի միջոցով հաղորդվում է աստիճանավորված ցուցնակի վրայով շարժվող սլաքին։ Ա–ի ցուցմունքները կախված են ջերմաստիճանից, ժամանակի ընթացքում տուփի նյութի առաձգական հատկությունների փոփոխությունից են։ Գործիքն աստիճանավորվում և ժամանակ առ ժամանակ ստուգվում է ըստ սնդիկային բարոմետրի։

(նկ․) Աներոիդի արտաքին տեսքը։


ԱՆԵՔՍԻԱ (լատ. annexio, <annexus – միացված), ուրիշ պետության կամ ժողովրդի տերիտորիայի բռնի միացում, զավթում։ Ստրկատիրական և ֆեոդալական ժամանակաշրջանների պատերազմները սովորաբար վերջանում էին Ա–ով։ Կապիտալիզմի դարաշրջանում Ա. դարձավ մեկ պետության տերիտորիան մյուսի հաշվին ընդլայնելու եղանակ։ Նորաստեղծ սովետական պետությունը «Հաշտության մասին» լենինյան դեկրետում Ա. է համարում «… փոքր կամ թույլ ժողովրդի յուրաքանչյուր միացում մեծ կամ ուժեղ պետության, առանց այդ ժողովրդի ճշտորոշ, պարզ և կամովին հայտնած համաձայնության կամ ցանկության, անկախ նրանից, թե երբ է այդ բռնի միացումը կատարվել, անկախ նաև նրանից, թե ինչ չափով զարգացած կամ հետամնաց է բռնի միացվող կամ տվյալ պետության սահմաններում բռնի պահվող ազգը։ Վերջապես, անկախ նրանից՝ արդյոք Եվրոպայում թե հեռավոր անդըրօվկիանյան երկրներում է ապրում այդ ազգությունը» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 26, էջ 296)։ Ա. է համարվում ինչպես պետության ամբողջ տերիտորիայի (1908-ին Ավստրո–Հունգարիան զավթեց Բոսնիան և Հերցոգովինան, 1910-ին Ճապոնիան իրեն միացրեց Կորեան, 1938-ին Գերմանիան՝ Ավստրիան), այնպես էլ նրա մի մասի զավթումը(1870-ին և 1940-ին Գերմանիան իրեն միացրեց էլզասն ու Լոթարինգիան, 1918-ի գարնանը, ապա 1920-ի աշնանը Թուրքիան իրեն միացրեց Կարսի և Արդահանի մարզերը, Սուրմալուի գավառը)։ Ա–ի դեպքում զավթողն ապօրինաբար իր տիրապետությունը բռնությամբ տարածում է միացրած տերիտորիայի վրա, բնակչությանը դարձնում իր հպատակը։ Ա–ի վաղեմությունը չի կարող իրավահիմք ծառայել ուրիշի տերիտորիայի զավթումը հավերժացնելու և առավել ևս՝ օրինականացնելու համար։ Ժամանակակից միջազգային իրավունքը Ա. անօրինական է համարում, որովհետև այն հակասում է այդ իրավունքի սկզբունքներին, հատկապես՝ Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին։ ՄԱԿ–ի Կանոնադրությունն արգելում է ուժի դիրքից բխող քաղաքականությունը, առավել ևս՝ բռնի կերպով որևէ պետության տերիտորիալ անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության ոտնահարումը (գլուխ 1, հոդ. 1, 2 ևն)։ Չնայած դրան, իմպերիալիստական տերությունները շարունակում են զավթողական քաղաքականությունը քողարկված կամ բացահայտ Ա–ի ձևով։ Ա. Եսայան


ԱՆԶԱԼԱՍ (Ընջյուղ) (ծն․ և մահ․ թթ. անհտ.), VI դարի հայազգի ռազմական գործիչ Բյուզանդիայում, Հուստինիանոս I (527–565) օրոք։ Զորավար Նարսեսի հրամանատարության ներքո մասնակցել է Իտալիայում գոթերի դեմ մղված մարտերին (553)։ Աչքի է ընկել քաջությամբ և ֆիզիկական ուժով։


ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ, անեսթեզիա (հուն. άναίσθησια, άν – ժխտ. մասնիկ և άισθησία - զգայություն), զգայության մասնակի կամ լրիվ կորուստ, որն առաջանում է մաշկի, մկանների, ներքին օրգանների և զգայարանների զգացող նյարդերի ախտահարման, ինչպես նաև նյարդերի և նյարդային կենտրոնների հաղորդականությունը խոչընդոտող նյութերի ներգործության հետևանքով։ Նկատվում է նաև մի շարք պսիխոզների և հիսթերիայի դեպքում։ Ա. կարող է ընդգրկել զգայության մեկ կամ մի քանի տեսակներ, անայգեզիա՝ ցավի զգացողության բացակայություն, թերմանեսթեզիա՝ ջերմային զգացողության բացակայություն, ագեվզիա՝ համի զգացողության կորուստ, անոսմիա՝ հոտառության բացակայություն։ Արհեստական եղանակով Ա. կարելի է առաջացնել անզգայացնող նյութերի (նովոկաին, դիկտին) միջոցով՝ վիրահատությունների ժամանակ ցավի զգացողությունը վերացնելու նպատակով (տես Ցավազրկում


ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ, մեղքի ձև իրավունքում։ Քրեական իրավունքում տարբերում են Ա–յան երկու տեսակ՝ հանցավոր ինքնավստահություն, երբ անձը նախատեսում է իր արարքների՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունենում կանխել դրանք, և հանցավոր անփութություն, երբ անձը չի նախատեսում այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունը, թեև կարող էր և պետք է նախատեսեր։

Քաղաքացիական իրավունքում Ա. առկա է, երբ անձը չի դրսևորում անհրաժեշտ շրջահայացություն, հոգատարություն։


ԱՆԸՃԸԳ, Անեցիք, գյուղ Կիլիկիայում, Զեյթունի շրջանում։ Ըստ ավանդության, Ա–ի բնակիչները XIII–XIV դդ. եկել են Անիից, որի համար էլ գյուղը կոչվել է նաև Անեցիք։ XX դ. սկզբին ուներ 80 տուն՝ 385 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղի շրջակայքում կային միջնադարյան ամրոցի և բնակավայրի ավերակներ։


ԱՆԸՆԴՀԱՏ ԱՐՏԱՊԱՏԿԵՐ��ՒՄ, տոպոլոգիայի հիմնական գաղափարն��րից մեկը։ և տոպոլոգիական տարածությունների արտապատկերումը կոչվում է անընդհատ –ի կետում, եթե Կետի յուրաքանչյուր շրջակայքի համար գոյություն ունի –ի այնպիսի շրջակայք, որ ։ Եթե –ն անընդհատ է –ի բոլոր կետերում, ապա այն կոչվում է Ա.ա.։ Ապացուցված է, որ արտապատկերումն Ա. ա. է և միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր բաց (փակ) բազմության լրիվ նախապատկերը (տես Արտապատկերում) բաց է (փակ է)