Ավանակ (լատին․՝ Asinus), ձիերի սեռի միասմբակ կենդանի։ Վայրի տեսակներ հանդիպում են Աֆրիկայում (նուբիական և սոմալիական ավանակներ) և Ասիայում (կուլան, օնագր և այլն)։ Ընտանիները տարածված են գրեթե բոլոր հարավային երկրներում և կազմում են երեք խումբ.
Աֆրիկայի և Ասիայի խոշոր ավանակներ, որոնցից նախկին ԽՍՀՄ երկրներում տարածված են մարիական և Համադանի ցեղերը
բուծարանային ցեղեր, առավել տարածվածներից են չինական, ֆրանսիական, իսպանական և ամերիկյան ավանակները
Ավանակները սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 12 ամիս։ Ապրում է 13-20 տարի։ Օգտագործում են որպես բանող կենդանի և ջորի ստանալու համար։ Հայկական լեռնաշխարհում վայրի ավանակը տարածված է եղել դեռևս միջին քարի դարում, հատկապես Վայքի և Ուրծի անտառային շրջաններում։ Երևանից 7 կիլոմետր հարավ-արևելք տուֆաշերտերի տակ և այլ վայրերում գտնվել են ավանակների ոսկորներ։ Կենդանաբանները դրանք վերագրում են նշված դարաշրջանին։ Հայաստանում ավանակը ընտելացվել է սկսած էնեոլիթից։ Օգտագործվել է որպես մսատու, ապա՝ միայն բանող կենդանի։ Կաշվից պատրաստել են թմբուկ և տրեխ։ Կաթով բուժում են թոքերի և շնչուղիների հիվանդությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 60)։