Jump to content

OneCoin

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
OneCoin
Տեսակբազմամակարդակ մարկետինգային ընկերություն, Ֆինանսական բուրգ, cryptocurrency scam?, Հորինված արժույթ և pyramid scheme?
Երկիր Բուլղարիա
ՀապավումONE
Հիմնադրված2014[1] և սեպտեմբերի 16, 2014
Գլխադասային գրասենյակՍոֆիա, Բուլղարիա
ՀիմնադիրRuja Ignatova? և Sebastian Greenwood?
Կայքonelife.eu և onecoin.eu/en/

OneCoin-ը (ուանքոյն, One - մեկ, Coin - մետաղադրամ) 2014 թվականին Բուլղարիայի քաղաքացի Ռուժա Իգնատովայի կողմից գործարկված ֆինանսական բուրգ՝ ցանցային մարքեթինգի միջոցով «ուսումնական փաթեթներ» վաճառելու քողի տակ[2][3]։

OneCoin-ը ընկերության կողմից դիրքավորվել է, որպես «թվային արժույթ, որը հիմնված է կրիպտոգրաֆիայի վրա» է Bitcoin համակարգի նմանությամբ։ Միևնույն ժամանակ, իսկզբանե կային զգալի տարբերություններ այն ամենից, ինչը սովորաբար համարվում է կրիպտոարժույթ[2]`

  • OneCoin-ը չունի միակարգ ցանց, «մայնինգը» իրականացվում է բացառապես «One Coin Limited» (Ջիբրալթար) ընկերության կողմից՝ առանց փաստացի ընթացակարգը նկարագրելու;
  • Գործողությունները հասանելի են միայն «One Coin Limited»-ի կողմից վերահսկվող կայքերի միջոցով (անձնական հաշվում, MLM ցանց OneLife, DealShaker հարթակի միջոցով);
  • Միայն «One Coin Limited»-ն ունի տվյալների բազայի ամբողջական վերահսկողություն։

CoinTelegraph էլեկտրոնային հրատարակուչությունում, որը մասնագիտացած է կրիպտոարժույթների հարցերում, 2015 թվականին հրապարակվել էր երկու հոդված, որտեղ տեսանելի էին OneCoin-ի ֆինանսական բուրգի նշանները[4][5]։ Նմանատիպ գնահատական ​​տրվել էր և այլ հրատարակչությունների կողմից[6][7][8] ինչպես onecoin-ի ստեղծման առանձնահատկությունների, այնպես էլ OneCoin-ում նշանակալի դեր ունեցող բազմաթիվ մարդկանց պատճառով, որոնք նախկինում մասնակցել էին այլ բուրգային սխեմաների մեջ[9][10]։

2017 թվականին Ռուժա Իգնատովան չէր ներկայացել նախատեսված միջոցառմանը և գաղտնի լքել էր Բուլղարիան։ Այդ ժամանակվանից նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Հայտնի է դարձել, որ OneCoin-ում բացակայում են կրիպտոարժույթներին բնորոշ տարրեր, այդ թվում՝ բլոկչեյն[2] տեխնոլոգիայի բացակայությունը։ Այնուամենայնիվ, 2019 թվականի նոյեմբերի դրությամբ ընկերությունը շարունակում էր ներգրավել նոր հաճախորդներ։ Տարբեր գնահատականներով՝ ամբողջ աշխարհում բուրգի մեջ ներդրվել է 4-ից -15 միլիարդ եվրո[2]։

2022 թվականին Իգնատովան հետախուզվում էր ինչպես Եվրոպոլի[11][12], այնպես էլ ՀԴԲ[13] կողմից՝ խարդախության մեղադրանքով։

Ուանքոյներ վաճառելու համար «One Coin Ltd»-ն օգտագործում էր ցանցային մարքեթինգ։ Ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրա հիմնական բիզնեսը բաժնետոմսերի առևտրի վերաբերյալ ուսումնական նյութերի վաճառքն է տեսադասերի տեսքով, որոնք մարդկանց սովորեցնում են օգտագործել կրիպտոարժույթը, ուստի ըստ օրենքի ընկերությունը չունի որևէ ֆինանսական պարտավորություն մասնակիցների նկատմամբ։ Ընկերության ղեկավարությունը և կառավարիչները հատուկ շեշտել են դա մամուլի հաղորդագրություններում, որտեղ ասվում էր, որ «օգտատիրոջ անձնական հաշվում» ուանքոյները միայն միջոց են մարդկանց սովորեցնելու, թե ինչպես աշխատել կրիպտոարժույթով, չունեն որևէ իրական երաշխիք և չեն հանդիսանում որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի ֆինանսական պարտավորություններ որևէ մեկի նկատմամբ։ Անվճար փորձնական փաթեթը տրամադրում է ընդհանուր տեղեկություններ OneCoin-ի և «Think and Grow Rich» էլեկտրոնային գրքի մասին։ Ուսումնական փաթեթներն ունեն 7 մակարդակ՝ 110-ից մինչև 118,000 եվրո տատանվող գներով։ Փաթեթները տրամադրում են մի շարք «թոքեններ», որոնք կարող են օգտագործվել ուանքոյների «արդյունահանման» համար։ Թույլատրելի գործարքների ծավալը, ներառյալ ուղղորդումների ներգրավման համար փոխհատուցման մակարդակը, կախված է մասնակցի կողմից գնված ուսումնական փաթեթի մակարդակից[8][14]։ «One Coin Ltd»-ի կողմից Ֆիատ փողերով ուանքոյների ուղղակի վաճառք չի եղել, սակայն դրանք հնարավոր էր գնել այլ մասնակիցներից ներքին փոխանակման հարթակում։

Ընկերությունը կենտրոնացել էր ոչ միայն եվրոպացիների վրա։ 2016 թվականի առաջին կիսամյակում եկամուտների ավելի քան 2/3-ը ստացվել է Չինաստանից (մոտ 425 մլն եվրո)։ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան տրամադրել են մոտավորապես 30-ական միլիոն եվրո, ԱՄՆ-ն՝ մոտ 25 միլիոն եվրո, Հոնկոնգը՝ մի քանի միլիոն[2]։ Հետագայում աստիճանաբար ավելացավ աղքատ բնակչություն ունեցող աֆրիկյան և ասիական երկրների մասնաբաժինը[2]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային «cointelegraph.com» հրատարակությունը OneCoin-ը համարում է խաբեություն և ֆինանսական բուրգ[5]։ Հրապարակման հատուկ հետաքննությունը չի կարողացել գտնել անկախ հաստատումներ Ռուժա Իգնատովայի այն ռեգալիաների մասին, որոնք նշված են ընկերության պաշտոնական կայքում։ CoinTelegraph-ը ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուժա Իգնատովայի կրթության և գործունեության մասին տեղեկատվությունը մինչև OneCoin-ի ստեղծումը հաստատվում էին միայն նրա հետ կապված աղբյուրների հղումներով[5]։

OneCoin կայքում ցուցադրված Forbes ամսագրի բուլղարական հրատարակության 2015 թվականի մայիսյան համարի շապիկի լուսանկարը, որը պարունակում էր հարցազրույց Ռուժա Իգնատովայի հետ, չի համապատասխանում նույն ամսագրի շապիկի լուսանկարին Ֆորբսի պաշտոնական կայքում։ Պարբերականն իսկապես հոդված ունի Ռուջա Իգնատովայի մասին, որը վճարովի գովազդ է[2][5], այլ ոչ թե ուղղակի հարցազրույց։

Երբ պոտենցիալ ներդրողները անձամբ հանդիպեցին OneCoin-ի պաշտոնյաների հետ, տեխնիկական հարցերի պատասխանները մանրամասն չէին և իմաստ չունեին, եթե մեկնաբանվի՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչն է ընդհանուր առմամբ ճշմարիտ համարվում կրիպտոարժույթների համար[5]։

Մենեջերները խոսում են OneCoin-ի գնի մասին, բայց դա չի կարող ստուգվել անկախ աղբյուրների կողմից։ Օրինակ, 2017 թվականի մայիսի վերջի դրությամբ ոչ մի անկախ փոխանակման հարթակ առևտուր չէր իրականացնում ուանքոյներով։ Ըստ «cointelegraph.com» հրապարակման, OneCoin կայքում նշված գինը «ինքնագնահատում» է[5], որը չի ձևավորվում օբյեկտիվ շուկայի կողմից։

Բրիտանական Daily Mirror-ը գրել էր, որ OneCoin/OneLife-ը արագ հարստանալու խարդախություն է՝ այն անվանելով «գործնականում անօգուտ»[15]։ Նման կարծիք է արտահայտված նաև BBC-ի լրագրողական հետաքննության մեջ, որտեղ նշվում է տեղեկատվության մշակման կենտրոնացումը միայն թողարկող ընկերությունում,որը կարող էր կամայականորեն փոխել ցանկացած տվյալ, քանի որ չկար բլոկչեյն, այն ընդօրինակվում էր միայն սովորական SQL տվյալների բազայի միջոցով[2]։

Պաշտոնական որոշումներ և կանոնակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի Ազգային բանկը նախազգուշացում էր տարածել, որ OneCoin-ը բրգաձև սխեմա է[16]։

2017 թվականի ապրիլի 28-ին Թաիլանդի բանկը նախազգուշացում էր տարածել OneCoin-ի դեմ՝ նշելով, որ այն անօրինական թվային արժույթ է, որը չպետք է օգտագործվի առևտրում[17]։

2017 թվականի հուլիսի 12-ին Ավստրիայի ֆինանսական շուկաների մարմինը հայտարարություն էր տարածել, ըստ որի OneCoin-ն իրավունք չունի Ավստրիայում լիցենզիա պահանջող բանկային գործառնություններ իրականացնել[18]։

Բուլղարիայի ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի հայտարարությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 30-ին Բուլղարիայի ֆինանսական վերահսկողության հանձնաժողովը հրապարակեց հատուկ հաղորդագրություն՝ նվիրված OneCoin-ին[19]։ Պոտենցիալ ներդրողները տեղեկացվում են, որ OneCoin-ի և այլ կրիպտոարժույթների միջոցով ձեռքբերումը, առևտուրը և վճարումը չի կարգավորվում ԵՄ-ի և Բուլղարիայի ազգային կապիտալի շուկաների օրենսդրությամբ։ OneCoin-ը, ինչպես մյուս վիրտուալ արժույթները, չի ճանաչվում կամ չի դիտարկվում որպես ֆինանսական գործիք։ Պոտենցիալ ներդրողներին խորհուրդ է տրվում, որ կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելը մեծ ռիսկ է պարունակում։ Կազմակերպչի սնանկության դեպքում նման ներդրումները ենթակա չեն փոխհատուցման «Ներդրողների հատուցման հիմնադրամից»։ Նախազգուշացումից հետո OneCoin-ը դադարեցրեց բոլոր գործունեությունը Բուլղարիայում և սկսեց օգտագործել ոչ բուլղարական բանկերը բուլղարացի մասնակիցների վճարումները մշակելու համար[20]։

Մեծ Բրիտանիայի ֆինանսական վարքագծի կառավարման մարմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերին Միացյալ Թագավորության Ֆինանսական ծառայությունների կառավարման մարմինը (FSA) հայտարարեց, որ «One Coin Ltd»-ն չի զբաղվում որևէ գործունեությամբ, որը պահանջում է լիցենզավորում, սակայն կան մտահոգություններ այն պոտենցիալ ռիսկերի վերաբերյալ, որոնք ընկերությունը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի սպառողների համար։ Հայտարարության մեջ կոչ էր արվում սպառողներին, ովքեր կարծում են, որ իրենց խաբեության են ենթարկել, կապ հաստատել Լոնդոնի ոստիկանության խարդախության ջոկատի հետ, որն իրականացնում է համապատասխան քննությունը[21]։

Իտալիայի մրցակցային կառավարամն մարմնի որոշումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական հակամենաշնորհային կառավարման մարմինը (իտալ.՝ Autorità garante della concorrenza e del mercato) 2016 թվականի դեկտեմբերին ընդունել է «One Network Services Ltd»-ի գործունեության՝ ուղղված խթանելու և տարածելու OneCoin կրիպտոարժույթը, ժամանակավոր արգելք, նկարագրելով իրենց գործունեությունը, որպես «ապօրինի բրգաձև վաճառքի համակարգ» («sistema di vendita piramidale vietato dalla legge»)[22]: 2017 թվականի փետրվարի 27-ին, հետաքննությունն ավարտելուց հետո, կարգավորող մարմինն արգելեց OneCoin-ի հետ բոլոր գործողությունները մինչև հետագա ծանուցումը[23]։

Գերմանիայի Ֆինանսական վերահսկողության դաշնային մարմնի որոշումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարին Գերմանիայի Ֆինանսական վերահսկողության դաշնային մարմինը սառեցրեց 29 միլիոն եվրո բանկային հաշիվներում, որոնք օգտագործվել են OneCoin ցանցում փողերի լվացման համար։ Բացի այդ, IMS International Marketing Services GmbH-ին հանձնարարվել է դադարեցնել OneCoin-ի հետ կապված բոլոր չարտոնված գործարքները և իր ներդրողներին վերադարձնել ամենավերջին դրամական գործարքները[24]։ 2017 թվականի ապրիլին կարգավորիչը հրամայեց «OneCoin Ltd»-ին դադարեցնել ամբողջ գործունեությունը Գերմանիայում[25] և արգելեց ուանքոյների առևտուրը[26]։

Ղազախստանի ֆինանսների նախարարության Պետական ​​եկամուտների կոմիտե

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլին Ղազախստանի ֆինանսների նախարարության Պետական ​​եկամուտների կոմիտեն մեկնաբանել էր «Աստանայում OneCoin կեղծ կրիպտոարժույթի բուրգի գործունեության սխեման»[27]։ Նրանց կարծիքով, «OneCoin-ի արտադրանքը իրականում կրիպտոարժույթ չէ, այլ առցանց խաղերում լայնորեն կիրառվող էլեկտրոնային վճարային միավորների անալոգն է, հետևաբար, ընկերության ներդրողներին ավելորդ շահույթ ստանալու հնարավորության մասին ներարկված ամբողջ տեղեկատվությունը հանցավոր կեղծիք է՝ ուղղված ներդրողների միջոցների անօրինական բռնագրավմանը»։

Բելիզ Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի հայտարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 29-ին Բելիզի Ֆինանսական ծառայությունների միջազգային հանձնաժողովը (IFSC) նախազգուշացում էր տարածել, որ «OneLife Network Ltd»-ն առևտուր է անում առանց IFSC-ի կամ որևէ այլ մարմնի կողմից լիցենզիայի կամ թույլտվության։ Ընկերությանը առաջարկ է ուղարկվել դադարեցնել ապօրինի առևտրային բիզնեսը[28]։

«Վիետնամական լիցենզիա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 16-ին «OneCoin Ltd»-ի ղեկավարության անունից հայտարարություն է տարածվել, որ OneCoin-ը լիցենզավորվում է Վիետնամի կառավարության կողմից և օրինական է դառնում Վիետնամում, որպես թվային արժույթ, նրան օգտագործելը։ 2017 թվականի հունիսի 20-ին Վիետնամի պլանավորման և ներդրումների նախարարությունը հայտարարություն էր տարածել այն փաստաթղթի կեղծման մասին, որը OneCoin-ը օգտագործել է որպես օրինականացման ապացույց։ Նախարարությունը մարդկանց և տնտեսվարողներին զգուշացրել էր այս փաստաթղթին հանդիպելու դեպքում լինել զգոն[29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://behindmlm.com/mlm-reviews/onecoin-review-100-5000-eur-ponzi-point-cryptocurrency/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Cryptoqueen: How this woman scammed the world, then vanished». BBC. 2019 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Ruja Ignatova: The crooked cryptoqueen». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  4. William Suberg (2015 թ․ հոկտեմբերի 30). «Fool Me Once … Top 5 Bitcoin-Related Scams for 2015». CoinTelegraph (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 William Suberg (2015 թ․ մայիսի 27). «One Coin, Much Scam: OneCoin Exposed as Global MLM Ponzi Scheme» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. Morris, David Z. (2017 թ․ մայիսի 31). «The Rise of Cryptocurrency Ponzi Schemes». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  7. «Survey: Malaysians Warm Up to Cryptocurrencies,». nasdaq. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  8. 8,0 8,1 «OneCoin Review: 100-5000 EUR Ponzi point "cryptocurrency"». behindmlm.com (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. cointelepgraph.com (2015 թ․ մայիսի 27). «OneCoin exposed as global MLM Ponzi scheme». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «indian police label 12 million onecoin operation a clear ponzi scheme». The Indian Express. 2017 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  11. «Europe's most wanted». Europe's most wanted (անգլերեն). 2022 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  12. Dragu, Florentina (2022 թ․ մայիսի 12). «"Regina cripto", pe lista celor mai căutați fugari VIDEO». Profit.ro (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  13. Dilanian, Ken; Winter, Tom (2022 թ․ հունիսի 30). «The 'CryptoQueen' is now one of the FBI's 10 Most Wanted». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  14. YLE (2016 թ․ մարտի 14). «Finns investing millions in new virtual currency; police keeping tabs on case». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին.
  15. «Who wants to be a OneCoin millionaire? YOU don't - here's why hyped-up web currency is virtually worthless». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին.
  16. «Fokozott kockázatot hordoznak a világhálón elérhető virtuális fizetőeszközök (in Hungarian)». mnb.hu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  17. Bangkok Post (2017 թ․ ապրիլի 28). «BoT warns public about OneCoin currency». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  18. «OneCoin Ltd. Investor Warning». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  19. СЪОБЩЕНИЕ — OneCoin Արխիվացված 2015-12-30 Wayback Machine // Комисия за финансов надзор 30/09/2015(բուլղ.)
  20. «OneCoin lose last bank account, unable to accept wires». behindmlm.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  21. «London Police Investigate OneCoin Cryptocurrency Scheme». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  22. «PS10550 - Vendite piramidali: sospesa in via cautelare la promozione della criptomoneta OneCoin». agcm.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  23. «PS10550 - Vendite piramidali: Antitrust sospende la promozione della criptomoneta OneCoin da parte di One Life». agcm.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  24. bafin.de (2017 թ․ ապրիլի 10). «IMS International Marketing Services GmbH: account freezing and winding-down of unauthorised money remittance business». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  25. bafin.de (2017 թ․ ապրիլի 18). «OneCoin Ltd, Dubai: Prohibition of involvement in unauthorised money remittance business». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  26. BaFin (2017 թ․ ապրիլի 27). «OneCoin Ltd (Dubai), OneLife Network Ltd (Belize) und One Network Services Ltd (Sofia/Bulgaria): BaFin issues cease and desist orders holding the companies to stop own funds trading in "OneCoins" in Germany». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  27. «Схему работы псевдокриптовалютной пирамиды разъяснили в КГД». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  28. IFSC (2017 թ․ մայիսի 29). «One Life Network Limited». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  29. Behind MLM (2017 թ․ հունիսի 20). «OneCoin Vietnamese regulatory document forged, govt says». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]