Ֆերդինանդ Ղազարյան
Ֆերդինանդ Ղազարյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Գիտական աստիճան՝ | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | մանկավարժ, պետական գործիչ, քաղաքական գործիչ և հասարակական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 16, 1938 |
Ծննդավայր | Ազատեկ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | դեկտեմբերի 26, 1997 (59 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան (դեկտեմբերի 16, 1938, Ազատեկ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 1997), հայ մանկավարժ, պետական, հասարակական գործիչ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերդինանդ Ղազարյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 16-ին Վայքի շրջանի Ազատեկ գյուղում, գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի յոթնամյա դպրոցում, այնուհետև սովորել Զառիթափի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան։ 1958 թվականին ավարտել է ուսումնարանը և ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1962 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Վայքի N 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսումնական մասի վարիչ[1]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965-1967 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Վայքի շրջկոմի առաջին քարտուղար, միաժամանակ՝ հեռակա կարգով ընդունվել և ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1967-1974 թվականներին եղել է ՀԿԿ Վայքի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ։ 1974 թվականին ընտրվել է ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, 1976 թվականին՝ երկրորդ քարտուղար։ 1985 թվականի դեկտեմբերից մինչև 1991 թվականը աշխատել է Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 1990 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է կրթության, գիտության, լեզվի, մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամ[2], միաժամանակ դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականից զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբ՝ մամուլում հրապարակելով բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ Որպես հասարակական պաշտպան՝ մասնակցել է Կ. Բալայանի և «Սեպտեմբերի 26»-ի գործով մյուս մեղադրյալների դատական պաշտպանությանը։ Եղել է «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից, այդ կազմակերպության խորհրդի անդամ։
1978 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը, այդ նույն տարում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1985 թվականին հրատարակել է «Դպրոցականների դաստիարակության նկատմամբ կոմպլեքսային մոտեցում» մենագրությունը։ Մամուլում հրապարակվել են մի քանի գիտական հոդվածներ։ Ջերմուկում աշխատելու տարիներին, Վ. Ազատյանի հետ համատեղ, հրապարակել է «Ջերմուկ» գիրք-ուղեցույցը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր
- Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 26-ին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ Ջերմուկի ըմպելասրահից մինչև Սառնաղբյուր ձգվող ճեմուղին անվանակոչվել է Ֆերդինանդ Ղազարյանի անունով։ Ճեմուղու սկզբնամասում կանգնեցված է Ֆերդինանդ Ղազարյանի հուշաքարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ One, Studio. «Ֆերդինանդ Ղազարյանն այսօր կդառնար 76 տարեկան». www.slaq.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.