Ֆաթիհի օրենք
Ֆաթիհի օրենք (կամ եղբայրասպանության օրենք)՝ Մեհմեդ Ֆաթիհի Կանուն–նամեի (օրենքների ժողովածու) դրույթներից մեկի՝ ավելի ուշ ստացած անվանումը։ Այն թույլ էր տալիս Օսմանյան գահի այն ժառանգին, ով դառնում էր սուլթան, սպանել մյուսներին՝ հանուն հանրային բարիքի (Nizam-I Alem)՝ պատերազմները և խառնաշփոթը կանխելու համար։
Այս օրենքի գոյությունը ոչ բոլորի կողմից ճանաչվեց. տարածված է այն տեսակետը, որ Մեհմեդը չէր կարող օրինականացնել անմեղների սպանությունը։ Կասկածողները կարծում էին, որ այդ օրենքը հորինել են եվրոպացիները և այն կեղծ վերագրել Ֆաթիհին։ Թուրք գիտնականներն ապացուցել են, որ դա այդպես չէ։
Նման դրույթի լեգիտիմության (շարիաթի նորմերին համապատասխանության), ինչպես նաև Օսմանյան կայսրության պատմության վրա այդ օրենքի ազդեցության գնահատականը միանշանակ չէ։ Սխալ կարծիք էր ձևավորվել, թե շարիաթի օրենքները չեն կարող հավանություն տալ անմեղ մարդու սպանությանը։
Օրենքի դերը դրական գնահատող գիտնականները նշել են, որ օրենքի կիրառման դեպքում անհրաժեշտ է եղել նաև բարձրաստիճան մուֆթիի ֆետվան (այսինքն՝ ամեն անգամ դրա կիրառման նպատակահարմարությունը քննարկվել է), և որ երկիրը խուսափել է ժառանգության համար բազմաթիվ եղբայրասպան պատերազմներից։ Նրանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ օրենքը թույլ է տվել պահպանել կայսրության ամբողջականությունը, ի տարբերություն այլ թյուրքական պետությունների, որոնցից յուրաքանչյուրը մասնատված է եղել իշխող դինաստիայի բոլոր անդամների միջև։ Օրենքի դերը բացասական գնահատող գիտնականները կարծում էին, որ օրենքը սուլթանների որդիների միջև պատերազմներ ու ընդվզումներ է հրահրել դեռևս հայրերի կենդանության օրոք։
Եղբայրասպանության օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եղբայրասպանության մասին» օրենքը պարունակվում է Մեհմեդ II-ի Կանուն–նամեի երկրորդ գլխում (Bāb-ı sānī): Օրենքի ձևակերպումները տարբեր ձեռագրերում աննշան ուղղագրական և ոճական տարբերություններ ունեն միմյանցից։ Ստորև ներկայացվում է Մեհմեդ Արիֆ–բեյի կողմից 1912 թվականին հրատարակած տեքստի տարբերակը[1][2]։
Եվ իմ որդիներից ում բաժին կհասնի Սուլթանատը, հանուն համընդհանուր բարիքի թույլատրելի է հարազատ եղբայրներին սպանելը։ Այն թույլատրելի է նաև ուլեմների մեծամասնության կողմից։ Թո՛ղ նրանք գործեն ըստ սրա։
Ve her kimseneye evlâdımdan saltanat müyesser ola, karındaşların Nizâm-ı Âlem için katl eylemek münasiptir. Ekser ûlema dahi tecviz etmiştir. Anınla amil olalar.
Տեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանուն–նամեի տեքստին համընկնող երկու ցուցակներ գտնվում են Վիեննայի ավստրիական ազգային գրադարանում (Cod. H. O. 143 եւ Cod. A. F. 547)[3]։ 1650 թվականի մարտի 18-ին թվագրված մի ձեռագիր Յոզեֆ Համերի կողմից բացթողումներով թարգմանվել է գերմաներեն և հրատարակվել 1815 թվականին՝ «Մուհամեդ II սուլթանի օրենսգիրք» անվանումով[4]։ Մոտ մեկ դար անց Մեհմեդ Արիֆ–բեյը հրապարակել է 1620 թվականի հոկտեմբերի 28-ի ավելի հին ձեռագրի տեքստ, որը կոչվում էր Kanunnname-i al-I ' Osmann («Օսմանների օրենսգիրք»)։ Այս ձեռագիրը ռուսերեն թարգմանվել է 1990 թվականին[5]։ Նախքան Կոջա Հուսեյնի Beda’i’u l-veḳā'i («Հիմնադրումների ժամանակները») կիսատ թողած տարեգրության երկրորդ հատորի հայտնաբերումը, Վիեննայի գրադարանի այս երկու ձեռագրերը մնացել են Կանուն–նամեի միակ հայտնի ցուցակները։ Կոջա Հուսեյնը, որը ծառայել է որպես դիվանի ռեիս ուլ-քիթաբա (քարտուղար), օգտագործել է օսմանյան արխիվներում պահվող գրառումներն ու տեքստերը[6]։ Տարեգրության պատճենը (518 թերթ, Nesta’lī Du-Duktus, թերթի չափերը՝ 18×28,5 սմ, 25 տող՝ մեկ էջում) գնվել է մասնավոր հավաքածուից՝ Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի կողմից, 1862 թվականին և հայտնվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղում, որտեղ և այն պահվում է (NC 564): Այս ձեռագրի առաջին ֆաքսիմիլային հրապարակումը երկարատև նախապատրաստությունից հետո տեղի է ունեցել 1961 թվականին՝ «Արևելքի ժողովուրդների գրականության հուշարձաններ։ Տեքստեր։ Մեծ շարք» հրապարակումների շարքում[7]։
Կանուն–նամեի մեկ այլ՝ ավելի կարճ և ոչ ամբողջական ցուցակ (որում բացակայում է եղբայրասպան օրենքը) կարելի է գտնել Հեզարֆեն Հյուսեյն–էֆենդիի (մահացել է 1691 թվականին) «Օսմանի տան օրենքների բացատրությունների ամփոփում» աշխատանքում։ Ըստ նախաբանի՝ այն գրված է ոմն Լեյսադ Մեհմեդ բին Մուստաֆայի՝ պետական դիվանատան ղեկավարի (թևվիի) կողմից, երեք բաժիններով կամ գլուխներով։ Ձեռագրի ստեղծումը վերաբերում է այն ժամանակներ��ն, երբ մեծ վեզիրը Կարամանլի Մեհմեդ–փաշան էր (1477—1481)[8]։
Գահաժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան պետության կազմավորումից հետո երկար ժամանակ իշխող դինաստիայում բացակայում էր իշխանության անմիջական փոխանցումը մի տիրակալից մյուսին, գոյություն չունեին հստակ կանոններ, որոնք թույլ էին տալիս որոշել ժառանգորդին։ Արևելքում, մասնավորապես, դար ալ–իսլամի երկրներում, քոչվոր ժամանակներից որպես Ժառանգություն պահպանվել էր մի համակարգ, համաձայն որի ընտանիքի արական սեռի բոլոր անդամները, որոնք տղամարդկանց գծով ծագում էին դինաստիայի հիմնադրից, ունեցել են հավասար իրավունքներ (Ekber-i-Nesebi)[9]։ Սուլթանը իրավահաջորդ չի նշանակել. համարվում էր, որ տիրակալն իրավունք չուներ նախապես որոշելու, թե բոլոր հավակնորդներից և ժառանգներից ով պետք է ստանա իշխանությունը[10], քանի որ իշխանությունն անցնում էր նրան, «ում օգնում էր ճակատագիրը»[11]։ Ժառանգորդի նշանակումը մեկնաբանվում էր որպես միջամտություն աստվածային նախասահմանմանը՝ «Սուլթանին որոշում է Բարձրյալը»[12]։ Սուլեյմանը իր ապստամբ որդի Բայազիդին գրել է. «Ապագան պետք է թողնվեր Տիրոջը, քանի որ թագավորությունները ոչ թե մարդկային ցանկություններով են տնօրինում, այլ՝ Աստծո կամքով։ Եթե նա որոշի ինձանից հետո պետությունը տալ քեզ, ապա ոչ մի կենդանի հոգի չի կարող խանգարել նրան»[2]։ Գործնականում գահը զբաղեցնում էր հավակնորդներից նա, ում թեկնածությունը ստանում էր ազնվականների և ուլեմների աջակցությունը[9]։ Օսմանյան աղբյուրներում պահպանվել են նշումներ այն մասին, որ Էրթուղրուլի մահից հետո նրա եղբայրը՝ Դյունդար–բեյը, հավակնել է լիդերության և առաջնորդի տիտղոսին, բայց ժողովուրդը գերադասել է էրթուղրուլի որդուն՝ Օսմանին[13]։
Այս համակարգում սուլթանի բոլոր որդիները տեսականորեն հավասար իրավունքներ ունեին գահի նկատմամբ։ Կարևոր չէր, թե նրանցից ով էր ավելի ավագ, և ով էր ավելի երիտասարդ, նրան ծնել էր սուլթանի կինը, թե՞՝ հարճը։ Վաղ ժամանակներից, հետևելով Կենտրոնական Ասիայի ժողովուրդների ավանդույթներին, տիրակալները արական գծով իրենց բոլոր հարազատներին ուղարկում էին կառավարելու տարբեր շրջաններ։ Ընդ որում, սուլթանի որդիները պետությունն ու բանակը կառավարելու փորձ էին ձեռք բերում լալայի ղեկավարությամբ։ Սանջակի նման վարչական միավորների հայտնվելուց հետո սուլթանի որդիները ստանում էին սանջակ–բեյերի պաշտոնը։ Բացի ադմինիստրատիվից, մինչև XVI դարի կեսերը օսմանյան արքայազնները նաև ռազմական փորձ էին ստանում՝ մասնակցելով մարտերին և հրամանատարելով զորքերը։ Այդպիսիք էին Սուլեյմանի որդիները. 1537 թվականին Դանուբի արշավանքին մասնակցել են Մեհմեդն ու Սելիմը, 1541 թվականի Բուդայի պաշարմանը մասնակցել են Սելիմն ու Բայազիդը, 1553 թվականի Նախիջևանի արշավանքին մասնակցել են Սելիմն ու Ջհանգիրը, Մուստաֆան նույնպես մասնակցել է այդ արշավին, բայց մահապատժի է ենթարկվել[14]։
Երբ սուլթանը մահանում էր, նոր սուլթան էր դառնում նա, ով հոր մահից հետո ավելի վաղ էր հասցնում գալ մայրաքաղաք և երդում ընդունել պաշտոնյաներից, ուլեմներից ու զորքից։ Այս պրակտիկան նպաստում էր այն բանին, որ իշխանության գան փորձառու և տաղանդավոր քաղաքական գործիչներ, որոնք կարողանում են լավ հարաբերություններ կառուցել պետության վերնախավի հետ և ստանալ նրա աջակցությունը[15]։ Սուլթանի բոլոր որդիները փորձում էին նշանակում ստանալ մայրաքաղաքին ավելի մոտ գտնվող սանջակում։ Բայազիդ II-ի որդիների՝ շեհզադե Ահմեդի և շեհզադե Սելիմի, և Սուլեյմանի որդու՝ շեհզադե Բայազիդի խռովությունները կապված էին ավելի հեռավոր քաղաք չգնալու ցանկության հետ։ Բայց մայրաքաղաքին մոտ լինելուց առավել կարևոր էին սուլթանի այս կամ այն որդու թիկունքում կանգնած ուժերը։ Օրինակ, Մեհմեդ II-ի մահից հետո նրա երկու որդիներին (Ջեմին և Բայազիդին) այդ մասին հաղորդագրությամբ նամակներ են ուղարկվել։ Ինչպես գրել է Անջիոլիլոն, որը ծառայում էր Մեհմեդին, «ամբողջ խնդիրն այն էր, թե ով կժամանի մայրաքաղաք առաջինը», «և կգրավի գանձարանը»,-հստակեցրել է Սպանդունեսը[11][16]։ Ջեմի սանջակն ավելի մոտ էր մայրաքաղաքին։ Բացի այդ, կարծիք կար, որ Մեհմեդը ավելի բայրացակամ էր նրա հանդեպ, նրան աջակցում էր նաև մեծ վեզիրը։ Սպասելի էր, որ Ջեմը կդառնա հաջորդ սուլթանը, սակայն Բայազիդի կողմնակիցներն ավելի ուժեղ գտնվեցին։ Զբաղեցնելով կարևոր պաշտոններ (Ռումելիայի բեյլեր–բեյի, Անթալիայի սանջակ–բեյի)՝ Բայազիդի կողմնակիցները բռնեցին Ջեմի մոտ շտապող սուրհանդակներին, արգելափակեցին բոլոր ճանապարհները, և Ջեմը չկարողացավ ժամանել Ստամբուլ[17]։
Շեհզադեին սանջակ ուղարկելու պրակտիկան դադարել է XVI դարի վերջին։ Սուլթան Սելիմ II-ի որդիներից (1566-1574) Մանիսա է մեկնել միայն ավագ որդին՝ ապագա սուլթան Մուրադ III-ը (1574-1595), իր հերթին՝ Մուրադ III-ը նույնպես այնտեղ ուղարկել է միայն իր ավագ որդուն՝ ապագա սուլթան Մեհմեդ III-ին (1595-1603)։ Մեհմեդ III-ը վերջին սուլթանն էր, ով անցել էր սանջակի կառավարման «դպրոցը»։ Հաջորդ կես դարի ընթացքում սուլթանների ավագ որդիները կրում էին Մանիսայի սանջակ–բեյի տիտղոսը՝ ապրելով Ստամբուլում[18][16]
Մեհմեդի մահվամբ 1603 թվականի դեկտեմբերին սուլթան դարձավ նրա երրորդ որդին՝ 13-ամյա Ահմեդ I–ը, քանի որ Մեհմեդ III-ի երկու ավագ որդիներն արդեն ողջ չէին[19][20]։ Քանի որ Ահմեդը դեռ թլպատված չէր և հարճեր չուներ, նա որդիներ չուներ, ինչը Ժառանգության հետ խնդիր էր ստեղծում, և այդ պատճառով Ահմեդի եղբայրը՝ Մուստաֆան, հակառակ ավանդույթի՝ կենդանի թողնվեց[21][20]։ Որդիներ ունենալուց հետո Ահմեդը երկու անգամ պատրաստվել է մահապատժի ենթարկել Մուստաֆային, բայց երկու անգամ էլ տարբեր պատճառներով հետաձգել է մահապատիժը։ Բացի այդ, Մուստաֆային չսպանել Ահմեդին համոզել է Քյոսեմ սուլթանը՝ դրա համար ունենալով ի՛ր պատճառները[22]։ 1617 թվականի նոյեմբերի 22-ին, 27 տարեկանում Ահմեդը մահացավ՝ թողնելով իր յոթ որդիներին և եղբորը։ Ահմեդի ավագ որդին Օսմանն էր, որը ծնվել էր 1604 թվականին։ Ուլեմները, վիզիրիները և ենիչերիների առաջնորդները որոշում կայացրեցին գահին նստեցնել Մուստաֆային[21]։ Սա առաջին դեպքն էր, երբ սուլթան էր դառնում ոչ թե որդին, այլ՝ նախորդ սուլթանի եղբայրը։ Այդ ժամանակից ի վեր սուլթանները գահակալության ժամանակ մահապատժի չեն ենթարկել իրենց եղբայրներին, այլ փակել են նրանց կաֆեսում՝ մշտական պահպանության տակ։ Եվ չնայած ժառանգներին, որպես կանոն, շքեղության մեջ էին պահում, շատ շեհզադեներ խելագարվում էին ձանձրույթից կամ դառնում էին հարբեցող-անբարոյականներ։ Եվ դա հասկանալի էր, քանի որ նրանք գիտակցում էին, որ ցանկացած պահի իրենց կարող են մահապատժի ենթարկել[23]։
1876 թվականին ընդունվեց Օսմանյան կայսրության Սահմանադրությունը, որը դե յուրե ամրագրեց արդեն հարյուրամյակներ գահաժառանգության՝ դե ֆակտո գոյություն ունեցող սենյորատային սկզբունքը (ekberiyyet) (ավագների ժառանգումը)[24]:
Հոդված 3. Օսմանյան գերագույն իշխանությունը, ի դեմս մեծ խալիֆ տիրակալի, պատկանում է Օսմանի դինաստիայի ավագ արքայազնին՝ սահմանված կանոններին համապատասխան՝ ab antiquo[25]. |
Կիրարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանների դինաստիայում իշխանության համար պայքարի ժամանակ (կամ դրա հետևանքով) մերձավոր ազգականների սպանության դեպքերը տեղի են ունեցել առաջին իսկ օրերից. Օսմանը նպաստել է իր հորեղբոր՝ Դյունդար–բեյի մահվանը՝ չներելով, որ Դյունդարը հավակնում էր առաջնորդի դերին[26]։ Եվ իհարկե, գահի համար պայքարում մահապատժի ենթարկելով մրցակցին՝ հաճախ սպանում էին նաև նրա բոլոր որդիներին՝ անկախ տարիքից։ Մինչ Մուրադ II–ը՝ բոլոր դեպքերում մահապատժի են ենթարկվել միայն մեղք գործած արքայազնները (և նրանց որդիները)՝ ապստամբները և դավադիրները, զինված պայքարում՝ հակառակորդները։ Այդ շարքից դուրս է միայն Յակուբի մահը, ով, լեգենդի համաձայն, սպանվել է եղբոր՝ Բայազիդի, հրամանով Կոսովոյի դաշտում Մուրադ I–ի մահից հետո։ Մուրադ II-ը առաջինն է պատիժ է սահմանել անչափահաս անմեղ եղբայրների (8 և 7 տարեկան) վրա՝ հրամայելով նրանց կուրացնել բացարձակապես առանց նրանց մեղքի առկայության[27]։ Նրա որդին՝ Մեհմեդ II–ը, ավելի առաջ է անցել. ջյուլյուսից (իշխանության գալուց) անմիջապես հետո Մուրադի այրուն շնորհավորելու են եկել Մեհմեդի գահակալման կապակցությամբ։ Նրանցից մեկը Ջանդարոգուլլարների դինաստիայի ներկայացուցիչ Հաթիջե Հալիմե խաթունն էր, ով վերջերս էր որդի ունեցել՝ Քյուչյուք Ահմեդին։ Մինչ կինը զրուցում էր Մեհմեդի հետ, վերջինիս հրամանով Էվրենոս–բեյի որդին՝ Ալի–բեյ Էվրենոսօղլուն խեղդում է երեխային[28]։ Դուկասը հատուկ նշանակություն է վերագրել այդ երեխային՝ նրան անվանելով «պորֆիրոծնված» (ծնված իր հոր՝ սուլթան դառնալուց հետո)։ Բյուզանդական կայսրությունում նման երեխաները գահաժառանգության առումով առաջնահերթություն են ունեցել։ Բացի դա, ի տարբերություն Մեհմեդի, որի մայրը ստրկուհի էր, Ահմեդը ծնվել էր դինաստիական միությունից։ Այս ամենը երեք ամսական երեխային վտանգավոր մրցակից էր դարձրել, և Մեհմեդին ստիպել ազատվել նրանից[28]։ Անմեղ նորածին–եղբորը սպանելը (մահապատժի ենթարկելը) հնարավոր խնդիրները կանխելու համար օսմանների մոտ դրանից առաջ չի կիրառվել։ Բաբինգերը դա անվանում է «եղբայրասպան օրենքի երդմնակալության արարողություն»[28]։
Դժվար է հաշվել այդ օրենքի զոհերին։ Չի կարելի ասել, որ այդ օրենքի ընդունումից հետո այն հաճախ է կիրառվել։ Սակայն, հնարավոր է, որ արքայազնների խռովություններից մի քանիսը տեղի են ունեցել եղբոր գահակալության դեպքում սպանվելու վախի պատճառով։ Այդ դեպքում կարելի էր Ֆաթիհի օրենքի զոհ համարել շեհզադե Մեհմեդին, շեհզադե Քորքութին, շեհզադե Ահմեդին, շեհզադե Մուստաֆային և շեհզադե Բայազիդին, թեպետ այս բոլոր դեպքերում մահապատժի ենթարկված արքայազններն իրենք էին առիթ տվել իրենց այս կամ այն կերպ մեղադրելու՝ կա՛մ ապստամբել էին, կա՛մ՝ մասնակցել դավադրության, կա՛մ կասկածվում էին ապօրինի գործողությունների մեջ, այսինքն՝ նրանք մահապատժի են ենթարկվել արդեն որպես ապստամբներ[29]։
Օսմանները ժառանգել էին այն գաղափարը, որ դինաստիայի անդամների արյունը թափելը անթույլատրելի է, ուստի սուլթանների հարազատներին մահապատժի են ենթարկել՝ նրանց խեղդելով աղեղնալարի օգնությամբ[14]։ Սուլթանի՝ այդ կերպ սպանված որդիներին թաղում էին պատվով, սովորաբար՝ մահացած հոր կողքին։ Բայազիդ II-ը և Սելիմ I-ը չեն կիրառել Ֆաթիհի օրենքը, քանի որ եղբայրների հետ հարաբերությունները պարզել են զենքի միջոցով, Սուլեյման I-ի որդիներից ապրել է միայն մեկը՝ Սելիմ II-ը, ուստի Ֆաթիհի օրենքը կիրառվել է սկսած 1574 թվականին Մուրադ III-ի գահակալությունից մինչև Մուրադ IV-ի մահը՝ 1640 թվականը։
«...սուլթան Մուրադը <...> արցունքոտ աչքերով ուղարկեց համրերին՝ հանձնարարելով նրանց խեղդել իր եղբայրներին և սեփական ձեռքով նրանց ավագին իննը թաշկինակ տվեց»[30]։
- Մուրադ III-ը՝ Սելիմ II-ի ավագ որդին, 1574 թվականին գահակալության ժամանակ, օգտվել է Ֆաթիհի օրենքով անմեղ անչափահաս եղբայրներին մահապատժի ենթարկելու իր իրավունքից։ Մահապատժի ենթարկածների թիվը գնահատվում է հինգ (Ալդերսոն[31]), վեց (Պիրս[32]) կամ իննը (Ֆինքելը՝ վկայակոչելով շեհզադե Մուրադի «երրորդ բժշկին»[33])։ Բացի այդ, մահապատժի են ենթարկվել Մուրադի մի քանի հարճեր[31][16]։
- Մուրադ III–ի ավագ որդին՝ Մեհմեդ III–ը, գահ բարձրանալիս նույնպես հրաման է տվել իր մանկահասակ եղբայրներին մահապատժի ենթարկելու մասին։ Նրանք 19 հոգի էին։ Նրանց ասել են, որ իրենց տանում են թլփատության, բայց արդյունքում բոլորին խեղդել են։ Վախենալով սեփական որդիների դավադրությունից՝ Մեհմեդը կործանարար սովորույթ է մտցրել՝ շեհզադեին չուղարկել սանջակ, որտեղ նրանք պետք է սովորեն երկիրը կառավարելու արվեստը, այլ պահել է իր մոտ՝ սուլթանական պալատի տարածքում, որտեղ շեհզադեն փաստացի կտրված է եղել արտաքին աշխարհից[34][16]։
- Ըստ Սիմոն Կոնտարինիի հաղորդագրության՝ Ահմեդ I-ը՝ Մեհմեդ III–ի որդիներից ավագը, ով կենդանի էր հոր մահվան ժամանակ, երկու անգամ հրաման է տվել եղբորը՝ Մուստաֆային մահապատժի դատապարտելու մասին, սակայն երկու անգամ էլ անհաջողություններ են տեղի ունեցել, որոնք ստիպել են սնահավատ սուլթանին չեղյալ հայտարարել հրամանը։ Մի անգամ դա որովայնի ցավն էր, իսկ երկրորդը պալատի վրա ուժեղ ամպրոպը[35]։
- Ահմեդի որդին՝ Օսմանը, հրամայել է մահապատժի ենթարկել իր եղբորը՝ Մեհմեդին։ Օսմանը մտավախություն էցելուներ, որ իր բացակայության դեպքում Մեհմեդը սուլթան կհայտարարվի, անձամբ Մեհմեդի հանդեպ նա ոչինչ չի ունեցել։ Օսմանը շուտով տապալվել և սպանվել է[36]։
- Մուրադ IV-ը հրամայել է մահապատժի ենթարկել իր անչափահաս երկու եղբայրներին (ըստ Անդերսոնի՝ չորս[37])։ Չնայած նրան, որ նա այդպես էլ չուներ մանկությունը վերապրած որդիներ, Մուրադը հրամայել է մահապատժի ենթարկել իր վերջին եղբորը և միակ ժառանգին՝ Իբրահիմին։ Սակայն Իբրահիմին փրկել է մայրը, և նա գահին փոխարինել է Մուրադին։ Իբրահիմը սպանվել է ավելի ուշ, ենիչերիների խռովությունից և տապալումից հետո[37]։
Հետագայում Ֆաթիհի օրենքն այլևս չի կիրառվել։ Հաշվարկվել է, որ Օսմանյան կայսրության ողջ պատմության ընթացքում մահապատժի է ենթարկվել 60 արքայազն։ Նրանցից 16-ը մահապատժի են ենթարկվել ապստամբության և 7-ը՝ ապստամբության փորձերի համար, մյուս բոլոր 37–ը՝ «հանուն» ընդհանուրի օգտի[24]։
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղբայրության և Ֆաթիհի օրենքի դերը գնահատվում է տարբեր ձևերով։ Մի տեսակետի համաձայն՝ եղբայրասպանությունն Օսմանյան կայսրությունն ազատել է քաղաքացիական պատերազմներից սուլթանների մահից հետո և օգնել է պահպանել կայսրության ամբողջականությունը՝ ի տարբերություն դրանից առաջ գոյություն ունեցած թուրքական պետությունների[38]։
Մյուս կողմից, Ջեմի և Բայազիդի պատերազմներից չհաջողվեց խուսափել։ Բայազիդ II–ի որդիների՝ շեհզադե Մեհմեդի և շեհզադե Սելիմի ապստամբությունը հոր դեմ մեծամասամբ հրահրված էր նրանցից յուրաքանչյուրի՝ Ֆաթիհի օրենքով սպանվելու վախից[39]։ Սուլթանի որդին սկսել է ընդվզել՝ հասկանալով, որ սանջակը, ուր նրան ուղղորդում են, ավելի հեռու է գտնվում, քան մրցակցինը։ Սուլեյմանի որդիների ողբերգությունը նույնպես հրահրվել է այդ օրենքով։ Թե՛ շեհզադե Մուստաֆային, թե՛ շեհզադե Բայազիդին կարելի է Ֆաթիհի օրենքի զոհերը համարել։ Սուլեյմանի մահից հետո քաղաքացիական պատերազմ չի եղել, բայց որդիները հասցրել են կռվել նրա կենդանության օրոք[40]։ Այսինքն, «թագավորիր կամ մեռիր» ընտրությունը սուլթանների որդիների վրա ճնշում է գործադրել և հարկադրել տարատեսակ միջոցներ ձեռնարկել թագավորելու համար[41]։
Կա տեսակետ, որ Ֆաթիհի օրենքը հորինվածք է։ Այն, որ մինչև 20-րդ դարը հայտնի էր Ֆաթիհի օրենքը պարունակող Կանուն–նամեի միայն մեկ պատճեն, և այդ պատճենը գտնվում էր Վիեննայում, առիթ էր տալիս ասելու, որ օրենսգիրքը արևմտյան կեղծիք է։ Սակայն հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են նաև այլ օրինակներ[42]։ Պատմաբաններ Խալիլ Ինալջիկը և Աբդուլքադիր Օզջանը ցույց են տվել, որ Կանուն–նամեն ստեղծվել է Ֆաթիհի կողմից, սակայն մինչև մեր օրերը հասել են Ֆաթիհի որդու (Բայազիդ II) կառավարման ժամանակների կրկնօրինակները, որոնք ուշ ներառումներ և խմբագրումներ են պարունակում[43]։
Ժամանակակից որոշ գիտնականներ կարծում են, որ արքայազնների, որոնք ոչնչով չեն մեղանչել, չեն ընդվզել և նամակագրություն չեն վարել դավադիրների հետ, մահապատիժները անօրինական են եղել և խախտել են շարիաթի կանոնները։ Հնարավոր հանցագործությունը կանխելու համար անմեղ մարդու պատիժը հետագայում անմեղության կանխավարկածի համաձայն հակասել է օրենքին։ Բայց օսմանյան (շարիաթի) իրավունքն իր դրույթների մեծ մասում չի էլ ժխտել մեղքի ապացուցման անհրաժեշտությունը։ Անմեղ մարդու մահապատիժը համարվել է օրինական (արդարացված) միայն որպես «հնարավոր չարիքներից փոքրագույնը», և այդ տեսակետը հիմնվել է մասլահայի սկզբունքի վրա։ «Մասլահա» նշանակում է անձնականի նկատմամբ գերակա հանրային շահ։ Ըստ Ղուրանի, ֆիտնան (քաոս, ապստամբություն, խռովություն) ավելի վատ է, քան մարդու սպանությունը, և, հետեւաբար, իսլամական օրենքների մեկնաբանների մի մասը կարծում է, որ նրանք թույլ են տվել անմեղ մարդու սպանությունը հանուն ընդհանուր բարիքի[24]։ «Ֆիտնան վատ է սպանությունից», Ղուրան 2:217[44]։ Յուրաքանչյուր նման ակտի ժամանակ պահանջվել է «սանկցիա»՝ ֆետվա, ընդ որում՝ օրենքը մեկնաբանելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող տարբեր ուլեմներ կարող էին ունենալ իրավիճակի տարբեր ըմբռնում և կարծիք։ Օրինակ, օսմանյան սուլթան Օսման II-ը նախքան Խոտին գնալը ցանկացել է սպանել իր եղբորը՝ հնարավոր խռովությունից խուսափելու համար[45]։ Սկզբում Օսմանը դիմել է շեյխ ալ–իսլամ Հոջազադե Էսադ–էֆենդիին, սակայն վերջինս մերժել է սուլթանին։ Ապա Օսմանը դիմել է Ռումելիայի կադիասկեր Թաշքոպրյուզադե Մեհմեդ էֆենդիին, վերջինս դատել է այլ կերպ, քան շեյխ ալ-իսլամը և արտոնել է շեհզադե Մեհմեդի մահապատիժը[46]։
Հանբալյան գիտնական Կարմին (մահացել է 1624 թվականին) Ֆաթիհի օրենքը անվանել է «Օսմանյան կայսրության զորությունը (առաքինությունը)»։ Պատերազմները կանխելու նպատակով որդիների կամ եղբայրների սպանություններն արդարացնելով՝ Կարմին օրենքը շատ օգտակար էր համարում։ Նրա խոսքով՝ ինքը կնախընտրեր ֆետվա տալ երեք հոգու մահապատժին՝ հանուն մյուսների փրկության։ Իր դիրքորոշումը Կարմին բացատրում է Մարոկկոյի սուլթանատի (Սաադիտների դինաստիա) օրինակով, որը, նրա կարծիքով, կործանվել է կանխարգելիչ եղբայրասպանությունների բացակայության պատճառով[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Канун-наме 1990; Ortaylı 2007.
- ↑ 2,0 2,1 Іналджик, 1998, էջ 69
- ↑ Qānūn-nāme; Qānūn-nāme-i Āl-i ʿOsmān.
- ↑ Hammer, 1815
- ↑ Канун-наме, 1990
- ↑ Özcan 2003; Özcan 2002.
- ↑ Özcan 2002; Тверитинова, Петросян 1961.
- ↑ Özcan, 2003, էջ XX
- ↑ 9,0 9,1 Quataert 2005; Alderson 1956.
- ↑ İnalcık, էջ 38
- ↑ 11,0 11,1 İnalcık, էջ 40
- ↑ İnalcık, էջեր 38—40
- ↑ Alderson, 1956, էջ 5
- ↑ 14,0 14,1 Alderson, 1956, էջ 24
- ↑ Quataert 2005; Ekinci-1.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Іналджик, 1998, էջ 70
- ↑ Uzunçarşılı, 1 Cild 1988; Финкель 2017; İnalcık 1991.
- ↑ Quataert, 2005, էջ 91
- ↑ Mantran, 1986
- ↑ 20,0 20,1 Іналджик, 1998, էջ 70—71
- ↑ 21,0 21,1 Kramers, 1993
- ↑ Peirce, 1993, էջեր 106, 232
- ↑ Alderson 1956; Eroğlu 2010; Іналджик 1998.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Ekinci-2
- ↑ Текст Конституции
- ↑ Alderson 1956; Ekinci-1.
- ↑ İnalcık, էջ 59
- ↑ 28,0 28,1 28,2 Babinger, 1992, էջ 65
- ↑ İnalcık 1991; İnalcık 1997; Murphey 1997.
- ↑ Финкель, 2017
- ↑ 31,0 31,1 Alderson, 1956, Table XXXI
- ↑ Peirce, 1993, էջ 93
- ↑ Финкель, 2017, Глава 6
- ↑ Alderson, 1956, էջ 10
- ↑ Peirce, 1993, էջ 99
- ↑ Emecen, 2007
- ↑ 37,0 37,1 Alderson, 1956, Table XXXIV
- ↑ Ekinci-1; Афьонджу.
- ↑ İnalcık 1991; İnalcık 1997.
- ↑ Murphey 1997; Fisher 1993; Turan 2006.
- ↑ Parry, 1987, էջ 133
- ↑ Афьонджу
- ↑ Özcan 1981; Özcan 2003.
- ↑ Quran
- ↑ Peirce, 1993, էջ 105
- ↑ Ekinci-1; Emecen 2007.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Канун-наме» Мехмеда II Фатиха о военно-административной и гражданской бюрократии Османской империи // Османская империя. Государственная власть и социально-политическая структура / АН СССР, Институт востоковедения; отв. ред. С. Ф. Орешкова. — М. : Наука, 1990. — ISBN 5-02-016943-9.
- Хюсейн Беда’и' ул-века’и' (Удивительные события), Ч. 1, 2 / Издание текста, введение и общая редакция А. С. Тверитиновой. Аннотированное оглавление и указатели Ю. А. Петросяна. — М., 1961. — Т. 29(XIV,1), 30(XIV,2). — 1122 с. — (Памятники литературы народов Востока. Тексты. Большая серия).
- Финкель К. История Османской империи: Видение Османа. — Москва: АСТ, 2017.
- Kanunname-i Al-i Osman قانوننامهء آل عثمان.
- Іналджик Г. Османська імперія: класична доба, 1300-1600 / пер. з англ. Олександр Галенко; Ін-т сходознавства ім. А. Кримського НАН України. — К.: Критика, 1998. — 286,[32] с. — ISBN 966-02-0564-3(ուկր.)
- Akgunduz A.; Ozturk S. Ottoman History - Misperceptions and Truths. — IUR Press, 2011. — 694 с. — ISBN 978-9090261-08-9
- Alderson, Anthony Dolphin The Structure of the Ottoman Dynasty. — Oxford: Clarendon Press, 1956. — 186 p.(անգլ.)
- Babinger F. Mehmed the Conqueror and His Time / Edited by William C. Hickman, translated from the German by Ralph Manheim. — Princeton University Press, 1992. — 549 p. — ISBN 978-0-691-01078-6(անգլ.)
- Babinger F. Sawdji / In Houtsma, Martijn Theodoor. — Leiden: BRILL, 2000. — Vol. IX. — С. 93. — (E.J. Brill's first encyclopaedia of Islam, 1913–1936). — ISBN 978-0-691-01078-6(անգլ.)
- Emecen F. Osman II : Islamansiklopedisi. — 2007. — № 33. — P. 453—456.(թուրքերեն)
- Emecen F. Selîm I : Islamansiklopedisi. — 2009. — Т. 36. — P. 407—414.(թուրքերեն)
- Eroğlu H. Şehzade-2. bölüm (madde 2 bölümden oluşmaktadır) : Islamansiklopedisi. — 2010. — Т. 38. — P. 480—483.(թուրքերեն)
- Fisher A. Musrafa / In Houtsma, Martijn Theodoor. — Leiden: BRILL, 1993. — Vol. VII. — С. 710—713. — (E.J. Brill's first encyclopaedia of Islam, 1913–1936). — ISBN 978-0-691-01078-6
- Hammer-Purgstall J. F. Des Osmanischen Reichs Staatsverfassung und Staatsverwaltung, dargestellt aus den Quellen seiner Grundgesetze. — 1815. — 532 с.
- İnalcık H. Djem / In Houtsma, Martijn Theodoor. — Leiden: BRILL, 1991. — Vol. II. — С. 529—531. — (E.J. Brill's first encyclopaedia of Islam, 1913–1936). — ISBN 978-0-691-01078-6
- İnalcık H. Osman I : Islamansiklopedisi. — 2007. — Vol. 33. — P. 443—453.(թուրքերեն)
- İnalcık H. Selim I / In Houtsma, Martijn Theodoor. — Leiden: BRILL, 1997. — Vol. IX. — С. 127—131. — (E.J. Brill's first encyclopaedia of Islam, 1913–1936). — ISBN 978-0-691-01078-6
- İnalcık H. Osmanlı Hukukuna Giriş : Örfi - Sultani Hukuk ve Fatih' in Kanunları : Yayın Tarihi. — 1958. — Vol. 13. — P. 102—126. — (թուրքերեն)
- İnalcık H. The Ottoman Succession and lts Relation to the Turkish Concept of Sovereignty. — P. 37—69. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.(թուրքերեն)
- Kramers J.H. Mustafa I / In Houtsma, Martijn Theodoor. — Leiden: BRILL, 1993. — Vol. VII. — С. 707. — (E.J. Brill's first encyclopaedia of Islam, 1913–1936). — ISBN 978-0-691-01078-6
- Mantran R. Ahmad I / In Houtsma, Martijn Theodoor. — Leiden: BRILL, 1986. — Vol. I. — С. 267—268. — (E.J. Brill's first encyclopaedia of Islam, 1913–1936). — ISBN 978-0-691-01078-6
- Murphey R.[en] Suleyman I / In Houtsma, Martijn Theodoor. — Leiden: BRILL, 1997. — Vol. IX. — С. 832—843. — (E.J. Brill's first encyclopaedia of Islam, 1913–1936). — ISBN 978-0-691-01078-6
- Ortaylı I. Türkiye teşkilât ve idare tarihi. — Cedit Neşriyat, 2007. — 592 с. — ISBN 9757352101, 9789757352105(անգլ.)
- Özcan A. Fâtih'in teşkilât kānûnnâmesi ve Nizâm-i âlem için kardeş katli meseles : İstanbul Üniversitesi Edebiyat Fakültesi Tarih Dergisi. — 1981. — Vol. 33. — P. 7—56.(թուրքերեն)
- Özcan A. Atam Dedem Kanunu Kanunnâme-i Âl-i Osman. — İstanbul: Kronik Kitap, 2003. — ISBN 978-975-2430-12-9(թուրքերեն)
- Özcan A. Koca Hüseyin : Islamansiklopedisi. — 2002. — № 26. — P. 130—131.(թուրքերեն)
- Parry V.J. The period of Murad IV 1617/48 / Edited with an introduction M.A.Cook. — Cambridge University Press, 1987. — P. 133—156. — ISBN 0521 20891 2(անգլ.)
- Peirce Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775(անգլ.)
- Turan S. Mustafa Çelebi : Islamansiklopedisi. — 2006. — Т. 31. — P. 290—292.(թուրքերեն)
- Quataert D. The Ottoman Empire, 1700-1922. — Cambridge University Press, 2005. — 212 p.(անգլ.)
- Uzunçarşılı, İsmail Hakkı Osmanlı Tarihi. — Ankara: Türk Tarih Kurumu, 1988. — 3114 p.(թուրքերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Афьонджу Э. (23.01.2014). «Братоубийство в Османской империи». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- Ekinci E.B. (27 января 2010 г). «OSMANLILARDA KARDEŞ KATLİ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- Ekinci E.B. (2015). «The history of fratricide in the Ottoman Empire - Part 1». DailySabah.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- Ekinci E.B. (2015). «The history of fratricide in the Ottoman Empire - Part 2». DailySabah.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- «Конституция Оттоманской империи 1876». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- «Qānūn-nāme-i Āl-i ʿOsmān, (AL00633319)». obvsg.at. 1620. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- Yümn-zāde Muḥammed bin Muṣṭafā (1650). «Qānūn-nāme (AL00634102)». obvsg.at. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- «Quran 2:217». quran.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.