Վիգեն (երգիչ)
Վիգեն | |
---|---|
Ի ծնե անուն | Վիգեն Տերտերյան |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1929 Համադան, Իրան |
Երկիր | Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 26, 2003 (73 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Valley Oaks Memorial Park |
Ժանրեր | ռոք և փոփ |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Avang Music, Caltex Records և Taraneh Records |
Անդամակցություն | The Raptures? |
Vigen Վիքիպահեստում |
Վիգեն (ի ծնե՝ Վիգեն Տերտերյան, պարս.՝ ویگن دردریان, անգլ.՝ Viguen Derderian[1], նոյեմբերի 23, 1929, Համադան, Իրան - հոկտեմբերի 26, 2003, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իրանահայ էստրադային երգիչ և դերասան, հայտնի էր որպես «Իրանական փոփի արքա» և «Ջազի սուլթան»։ Հայտնի է ամբողջ Մերձավոր Արևելքում[2]։ Վիգենը երգում էր ինչպես պարսկերեն, այնպես էլ հայերեն[2]։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ԱՄՆ-ում։
Վիգենը իրանահայ էր և պարսկական փոփի ոսկե դարաշրջանում (1970-ականների սկիզբ) մինչև 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը իրանցի շատ կատարողներ և հայտնիներ, այդ թվում՝ Դելկեշը, Պուրանը և Էլահեն, ասոցացվում էին նրա հետ։
Վիգենի նորարարական և լավատեսական երաժշտական ոճը մեծ ազդեցություն ունեցավ իրանական երաժշտության նոր ժանրի ճանապարհը հարթելու վրա։ Այն ազդված էր Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ոճերից։ Նրա երաժշտական և կատարողական տաղանդները շուտով գրավեցին իրանցի շատ հայտնի բանաստեղծների և երգահանների ուշադրությունը, ինչպիսիք են Փարվիզ Վաքիլին և Քարիմ Ֆաքուրը, և նրանք միասին ստեղծեցին իրանական ամենահիշարժան երգերը[3]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգենը ծնվել է Իրանի արևմտյան Համադան քաղաքում՝ ութ երեխաներ ունեցող իրանահայ ընտանիքում[3]։ Նրա հայրը մահացել է թոքաբորբի հետ կապված բարդություններից, երբ Վիգենն ընդամենը ութ տարեկան էր[3]։ Մայրը և ավագ եղբայր Զավենը նրան մեծացրել են ընտանեկան անհամաձայնության պատճառով հայրենի տնից հեռանալուց հետո։ Նրա ավագ եղբայր Կարոն իրանցի հայտնի բանաստեղծ էր և գրել է Վիգենի «Lala'ee» («Օրորոցային») հայտնի երգի բառերը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվել է հյուսիսային Թավրիզ քաղաք, որտեղ տեղի ադրբեջանցի ազգայնականները խորհրդային օկուպացիոն ուժերի օգնությամբ այդ տարածքում հռչակել էին անջատողական հանրապետություն[3]։ Այստեղ Վիգենը ռուս զինվորից գնել է իր առաջին կիթառը և հայտնաբերել, որ ամերիկյան, իտալական և իսպանական երաժշտությունն իրեն հոգեհարազատ է։ Այդ մեղեդիներից շատերը սկսեցին հնչել պարսկերեն բառերով և դարձան ու մինչ օրս մնում են Իրանի ամենահայտնի երգերից[4]։
Գեղարվեստական վերելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի հասակում Վիգենը տեղափոխվել է Թեհրան և 1951 թվականին սկսել է հանդես գալ մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող «Café Shemiran» բարձրակարգ ռեստորան-բարում[3]։
Իրանի որոշ երկրպագուների կողմից Վիգենը հավասարեցվում էր Էլվիս Փրեսլիին. կենսուրախ տեսքը և բարձրահասակ ու մարզական կազմվածքը լրացնում էին նրա՝ որպես Իրանի առաջին տղամարդ փոփ-աստղի գրավչությունը, հատկապես իրանցի երիտասարդ կանանց շրջանում այն ժամանակ, երբ 1950-ական և 60-ական թվականներին ազատական գաղափարները հաստատվել էին երկրում։ Նա նաև իրանցի առաջին դերասաններից էր, ով ելույթ է ունեցել կիթառով[3]։
Ավելի ուշ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին Վիգենը տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Կալիֆոռնիայում։ Նա ամեն տարի վերադառնում էր Իրան՝ համերգներ տալու և Վեգասի ոճով ելույթ ունենալու գիշերային ակումբներում։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո նա աքսորվել է Միացյալ Նահանգներ, քանի որ Իրանում փոփ երաժշտությունն այլևս թույլատրված չէր։ Իր կարիերայի 50-ամյակը նա նշել է 2001 թվականի փետրվարին Լոս Անջելեսի Հոլիվուդյան պալադիումում[3]։
Նրա ամենանշանավոր երգերից են՝ «Baroon Barooneh» («Անձրև է գալիս»), «Asb-e Ablagh» («Զտարյուն ձի»), «Mahtab» («Լուսնի լույս»), «Lala'ee» («Օրորոցային»),«Gol-e Sorkh» («Կարմիր վարդ»), «Ragheeb» («Մրցակից»), «Simin-bari» («Սիմին-բարի»), «Awazekhan» («Երգիչ») և «Del-e Divaneh» («Խենթ սիրտ»)։ Իր երկարամյա գործունեության ընթացքում Վիգենը ձայնագրել է ավելի քան 600 երգ։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգենի նորամուտը կինեմատոգրաֆում տեղի է ունեցել 1955 թվականին, երբ նրան հայտնաբերել է իրանահայ անվանի ռեժիսոր Սամուել Խաչիկյանը՝ իր «Chaharrah-e Havades» («Իրադարձությունների խաչմերուկ») ֆիլմում դեր կատարելու համար։ Հետագա տարիներին նա խաղացել է Խաչիկյանի և այլ պրոդյուսերների բազմաթիվ այլ կինոնկարներում, այդ թվում՝«Zalembala» (1956, Սիամակ Յասամի), «Tappeh-eh Eshgh» (1959, Խաչիկյան), «Arshin Malalan» և «Cheshmeh Oshagh» (1960, Սամադ Սաբահի), «Atash Khakestar» (1961, Խոսրո Փարիզի), «Arooseh Darya» (1965, Արման)։ Ավելի ուշ նա հիմնադրել է «Viguen Film»-ը՝ սեփական կինոնկարներ արտադրելու համար, բայց այդ գործին հետամուտ չի եղել[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Բնօրինակ անվանում | Թարգմանություն | Նշումներ |
---|---|---|---|
1955 | Chaharrah-e Havades | Իրադարձությունների խաչմերուկ | Վիգենի նորամուտը կինեմատոգրաֆում տեղի է ունեցել 1955 թվականին, երբ նրան հայտնաբերել է իրանահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանը՝ այս ֆիլմում նկարահանելու համար[6]։ |
1955 | Khoon va Sharaf | Արյուն և պատիվ | [7] |
1959 | Tappe-ye Eshq | Սիրո բլուրը | [8] |
1965 | Aroos-e Darya | Ծովի հարսնացուն | [9] |
1969 | Atash va khakestar | Կրակ և մոխիր |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգենի առաջին կնոջ անունը Օլգա էր, նրանք ունեին երեք դուստր՝ դերասանուհի Այլինը (հայտնի է նաև որպես Էյլին կամ Էյլեն), Այլինի երկվորյակ քույրը՝ երգչուհի Ժակլին Մյունսը (հայտնի է նաև որպես Ջաքլին կամ Ժակլին) և Քեթրինը։
Նրա երկրորդ կնոջ անունը Նադյա էր, և նրանք ունեցել են մեկ դուստր՝ Էվելին, և մեկ որդի՝ Էդվին Տերտերյան անունով[10]։
Նրա երրորդ կինը Կարեն Հոլստոն Տերտերյանն էր (1951–2015)[11], և նա ուներ խորթ դուստր՝ Ռոբին Նավոն Բրեյքֆիլդ[10]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգենը մահացել է տանը 2003 թվականի հոկտեմբերի 26-ին քաղցկեղից։ Թաղված է Կալիֆոռնիայի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում գտնվող Pierce Brothers Valley Oaks գերեզմանատանը[4]։
Կյանքի ընթացքում Վիգենը ձայնագրել է ավելի քան վեց հարյուր երգ, նկարահանվել է վեց կինոնկարում և հյուրընկալվել հայտնի հեռուստատեսային շոուներում, այդ թվում՝ The Bob Hope Show, The Jack Benny Show և «Անհնարին առաքելություն» հեռուստասերիալում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Abrahamyan, Lusine (2011 թ․ սեպտեմբերի 1). «Milanda de Mont: "My life is art, art is my life"». Hayern Aysor. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. «[...] most of my relatives are artists. Vigen Terterian is my mother's uncle's son.»
- ↑ 2,0 2,1 Saba, Sadeq (2003 թ․ հոկտեմբերի 27). «Iranian pop legend dies at 74». BBC News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Vigen Derderian | Iran | [[The Guardian]]». webcache.googleusercontent.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ 4,0 4,1 «Iran Chamber Society page on Vigen Derderian». Iranchamber.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Vigen Derderian: "Sultan of Persian jazz"». OST ARMENIA (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «The Crossroad of Events». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Blood and Honor». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «The Hill of Love». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «The Bride of the Sea». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 10,0 10,1 Zinder, Jac (1992 թ․ մարտի 19). «The King of Persian Pop: Never a Dull Nouruz». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Karen Derderian Obituary». Valley Oaks-Griffin Memorial Park, Mortuary & Crematory. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Vigen, Iran's King of Pop Passed Away». Iran Dokht. Iran Dokht. 2003. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dehkordi, Morteżā Ḥoseyni (2010). «DARARIĀN, Vigen». Encyclopaedia Iranica.
- Vigen Death in BBC
- Vigen Biography on BBC Persian
- Vigen Bio on Iranian Chamber
- Sheet Music of songs by Viguen
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգեն (երգիչ)» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Համադան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 2003 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկահայ դերասաններ
- Ամերիկահայ երգիչներ
- Ամերիկահայ կիթառահարներ
- Իրանահայ դերասաններ
- Իրանահայ երգիչներ
- Իրանահայ կիթառահարներ
- Իրանահայ կոմպոզիտորներ
- Քաղցկեղից մահացածներ