Jump to content

Վարդենիսի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Վարդենիսի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՎարդենիս
Խոշորագույն քաղաքՎարդենիս
Բնակչություն (1987)60 200
Խտություն52,3
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ
Տարածք1 151
(3,9 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Սյունիք

Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Գտնվել է ՀԽՍՀ ծայր արևելքում՝ Սոթքի լեռնանցքով կապվելով Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 1151 քառ. կմ էր, բնակչությունը՝ 60 200 մարդ (1987), խտությունը՝ 52,3 մարդ։

Վարդենիսի շրջանի կենտրոնը Վարդենիս ավանն էր։ Ուներ 1 քտա (Վարդենիս), 1 ավանային և 14 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Վարդենիսի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Վարդենիսի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ մտել է Երևանի կուսակալության, ապա՝ 17-18-րդ դարերում մտել է Երևանի խանության Գյոգչայի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Վարդենիսը կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Վարդենիսի շրջանը Նոր Բայազետի գավառի Բասարգեչար գավառամասն էր։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են կիկլոպյան ամրոցները, Մաքենյաց վանքը (9-11-րդ դարեր), Ազատի և Զոդի եկեղեցիները (13-րդ և 17-րդ դարեր)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 104 սկզբնական կուսակցական և 129 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Վարդենիս» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդենիսի շրջանը գտնվում է Սևանի ավազանի հարավարևելյան մասում՝ Սևանի, Արևելյան Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաների միջև։ Տարածքում է Մասրիկի դաշտը։ Ունի 1900-3522 մ (Վարդենիս լեռ) բարձրություն։ Գերակշռում է լեռնային մակերևույթը։ Կան ոսկու, շինանյութերի, տորֆի հանքավայրեր։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Ունի չափավոր ցուրտ, լեռնային կլիմա։ Հունվարի միջին ջերմաստիճանը -6 °C-ից մինչև-14 °C է, հուլիսինը՝ 8-16 °C, տարեկան տեղումները՝ 350-650 մմ ակտիվ վեգետացիայի շրջանը՝ 40-130 օր։ Տարածքով հոսում են Մասրիկ, Բաբաջան, Փամբակ, Դարա, Կարճաղբյուր և այլ գետեր։ Գործում են Սոթքիի, Այրքի, Գեղաքարի Խաչաղբյուրի և այլ ջրանցքներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության ճյուղերն են գյուղատնտեսությունը, հանքարդյունահանող, թեթև և սննդի արդյունաբերությունը, սարքաշինությունը։ Կա 16 արդյունաբերական ձեռնարկություն, 18 կոլտնտեսություն, 17 խ��րհդրային տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար էին Սոթքի ոսկու հանքի կոմբինատը, փոշեմետալուրգիայի գործարանները, գորգի ֆաբրիկան։

Գյուղատնտեսության առաջատարը դաշտավարությունն ու անասնապահությունն են։ Մշակում են հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ։ Ուներ կապի հանգույց՝ 25 բաժանմունքով։ Ավտոճանապարհների երկարությունը 293 կմ էր, երկաթուղին՝ 65 կմ, կար օդանավակայան։

1986-87 ուսումնական տարում գործում էր 30 միջնակարգ, 10 ութամյա, 2 հեռակա, 2 երաժշտական, 1 գեղարվեստի, 1 մարզական դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան, Երևանի բժշկական ուսումնարանի մասնաճյուղը։ 1987 թվականին շրջանում կար 46 գրադարան, 19 մշակույթի տուն, 27 ակումբ, 1 կինոթատրոն, 3 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 4 ամբուլատորիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։