Սև հունգարներ
Սև հունգարներ կամ սև մագյարներ (լատին․՝ Ungri Nigri), 9-րդ դարի վերջին արևելյան Եվրոպայում հաստատված ուգրո-գերմանական ծագում ունեցող հունգարների առանձին ցեղախումբ, որոնք նախքան Իշտվան I-ի նվաճումները բնակվել են Միջինդանուբյան դաշտավայրում՝ Ալպերի և Կարպատներ միջև, Դանուբ գետի միջին հոսանքում։ Առհասարակ, մագյարները բաժանված են եղել չորս անկախ ցեղախմբերի, որոնք միմյանցից տարբերակվել են գույների անվանումներով։ Հյուսիսում հաստատված հունգարները կոչվել են «սև», արևմուտքինը՝ «սպիտակ», հարավինը՝ «կարմիր», իսկ արևելքինը՝ «կապույտ»[1]։
Սև հունգարները գրավոր կերպով հիշատակվում են սակավաթիվ աղբյուրներում, առավել հաճախ՝ «սպիտակ հունգարների» դեմ առճակատումների կապակցությամբ։ Այնուամենայնիվ, աղբյուրներից և ոչ մեկը վերջիններիս անվանումը չի կապում նրանց մաշկի գույնի (սևամորթ լինելու կանխավարկածի) հետ և չի պատասխանում այն հարցին, թե արդյոք այն կախված է մագյարների միջև փոխհարաբերությունների և ապառազմական առնչությունների ճշգրիտ բնույթից[2]։
Հայտնի է, որ պատմական որոշակի ժամանակամիջոցում սև հունգարները հյուսիսից ասպատակել են Կիևյան Ռուսիայի քրիստոնեական տերության սահմանները՝ ձեռնարկելով նվաճողական արշավանք։ Հաջորդիվ նշվում է սև հունգարների շրջանում քրիստոնեական ուսմունքի և գաղափարախոսության տարածման մասին։ Մասնավորապես, սև հունգարների քրիստոնեացման գործընթացը շարունակվել է նույնիսկ Իշտվան I-ի կողմից համահունգարական, ազգային, կենտրոնացված թագավորության պատմության ասպարեզ դուրս գալուց հետո։ Սակայն քրիստոնեական ուսմունքը սև հունգարների շրջանում չի ընդունվում միանշանակ կերպով․ քրիստոնեության տարածման նպատակով վերջիններիս բնակության տարածք է ժամանում պրուսիացի միսիոներ Բրունո Քվերֆուրտացին, սակայն իր քարոզչության ընթացքում Բրունոն բախվում է տեղի հեթանոսների սանձարձակությանն ու բարբարոսությանը։ Վերջիններս շուտով կուրացնում են Բրունոյին[3]։
1008 թվականին Իշտվանը արշավանք է ձեռնարկում սև հունգարների դեմ, որը պսակվում է հաջողությամբ։ Կարճ ժամանակահատվածում «համայն հունգարների արքա» տիտղոսով իրեն հորջորջող Իշտվանը նվաճում է այսպես կոչված «Սև Հունգարիան»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Korai Magyar Történeti Lexikon (9-14. század), főszerkesztő: Kristó, Gyula, szerkesztők: Engel, Pál és Makk, Ferenc (Akadémiai Kiadó, Budapest, 1994)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Béla Köpeczi. History of Transylvania: From the beginnings to 1606
- ↑ A fehér és a fekete magyarok
- ↑ Bruno of Querfurt: Vita quinque fratrum eremitarum; Vita vel passio Benedicti et Iohannis sociorumque suorum.