Սրբուհի Լիսիցյան
Սրբուհի Լիսիցյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15 (27), 1893[1] կամ հունիսի 16 (28), 1893[2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 28, 1979[2] (86 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ազգագրագետ, արվեստագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | պարի պատմություն[1] և հայկական ժողովրդական պար[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ (1917)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1961) |
Պարգևներ | |
Հայր | Ստեփան Լիսիցյան |
Սրբուհի Ստեփանի Լիսիցյան (հունիսի 15 (27), 1893[1] կամ հունիսի 16 (28), 1893[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 28, 1979[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ազգագրագետ, արվեստաբան։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), պատմական գիտությունների դոկտոր (1959), պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիրը Խորհրդային Միությունում, պարարվեստի ուսուցման կազմակերպիչներից մեկը Հայաստանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբուհի Լիսիցյանը ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում՝ հայտնի մտավորական, հասարակական գործիչ, մանկավարժ և ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի ընտանիքում։ Մայրը՝ Եկատերինա Քրիստափորովնան, մանկավարժ էր, գիմնազիայի հիմնադիր։
Սրբուհին մանկուց առնչվել է Թիֆլիսի մշակութային կյանքին, թրծվել այդ մթնոլորտում։ Ծնողները լույս էին ընծայում «Հասկեր» մանկական հանդեսը (1905–1922), խմբագրում «Տարազ» շաբաթաթերթը (1892-1893) և համագործակցում հայ մշակույթի կարկառուն դեմքերի՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Լևոն Շանթի, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ։
Ռուս և ռոմանական գրականության մասնագիտությամբ Մոսկվայում ավարտում է Գերիեի անվան օրիորդաց բարձրագույն դասընթացները, Օ. Է. Օզարովսկայայի «Գեղարվեստական խոսքի» ստուդիան, Ի. Չերնեցկայայի պարարվեստի ստուդիան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսիցյանը 1917 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ էլ ի հայտ է գալիս նրա կազմակերպչական տաղանդը։ Նույն թվականին նա հիմնում է ասմունքի, ռիթմի և պլաստիկայի ստուդիա, որը 1924 թվականին վերածվում է Թիֆլիսի ռիթմի ինստիտուտի։
1930 թվականին Լիսիցյանը հաստատվում է Երևանում։ Նրա ջանքերի շնորհիվ նույն թվականին Երևանում բացվում է «ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի» ուսումնարանը (հետագայում՝ «ռիթմի և պլաստիկայի ստուդիա»)։ Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը և ստուդիան։ Նրա անմիջական մասնակցությամ�� 1936 թվականին բացվում է պարարվեստի ուսումնարանը։ Լիսիցյանը դառնում է ուսումնարանի առաջին տնօրենը։
1930 թվականից նա սկսում է գրի առնել ավելի քան 2000 ժողովրդական պարեր և թատերական ներկայացումներ (թատերախաղեր)։ Հայկական ժողովրդական պարերի՝ Լիսիցյանի գրառումներն ու տեսական վերլուծությունները ոչ միայն առաջինն էին հայ պարարվեստի պատմության մեջ, այլև հիմնարար նշանակություն ունեին։ Նրա կողմից նաև ձայնագրվել ու պահպանվել է շուրջ 1100 երաժշտական նմուշ՝ պարերգեր, պարեղանակներ։
Սրբուհի Լիսիցյանը համարվում է պարային շարժումների գրառման գյուտի հեղինակն ու Խորհրդային միությունում էթնոպարագիտության հիմնադիրը։ Ուսումնասիրելով մինչ այդ գոյություն ունեցած գրառման համակարգերը՝ նա վեր է հանում և հաշվի առնում իր նախորդների բոլոր թերացումները, յուրացնում ամենայն արժեքավորը։ 1940 թվականին Մոսկվայում հրատարակվում է Լիսիցյանի «Շարժման գրառումը (կինետոգրաֆիա)» աշխատությունը, որը մինչ այդ ստեղծված համակարգերի տրամաբանական շարունակությունն էր։
Նոր մեթոդը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ վերլուծել շարժումը՝ ամբողջությամբ և առանձին տարբերակներով՝ համրանքի յուրաքանչյուր հաշվին։ Մոտ 40 նշագրերով համակարգը հնարավորություն է ստեղծում լիարժեքորեն գրառել ու պահպանել մարմնի յուրաքանչյուր դիրք, յուրաքանչյուր շարժում, անգամ դիմախաղը։ Շարժումներին զուգահեռ գրառվում էր նաև մեղեդին, ինչը հնարավորություն էր տալիս հստակորեն որոշել յուրաքանչյուր շարժման ճիշտ պահը ու հետագայում նաև վերականգնել պարերը։
Լիսիցյանի շարժման գրառման գյուտի շնորհիվ ստեղծվեց նաև արծիվ, ուր տեղ գտած պարերն այժմ ավելի քան 3000 միավոր են։ Գրառման նորագույն սկզբունքը, որի շնորհիվ երևան են բերվում շարժողական, բառային, երաժշտական և պատկերավորման տեքստերը, վեր հանվում լեզվաբանական, պատմական, աշխարհագրական շերտերը, պարարվեստի պատմության մեջ առաջինը կյանքի է կոչել Սրբուհի Լիսիցյանը։
Իր «Շարժման գրառումը (կինետոգրաֆիա)» և «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» աշխատություններով նա սկզբնավորում է պարագիտության հայկական դպրոցը, մշակում պարի վերլուծության նոր՝ համակարգված մեթոդ, բացահայտել հայկական պարարվեստի օրենքներն ու օրինաչափությունները[3]։
«Կաքավագիր» պարերի գրառման համակարգի ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2013-2014 թվականներին ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը Instigate ընկերության հետ համատեղ ստեղծվեց Սրբուհի Լիսիցյանի կողմից ստեղծված կինետոգրաֆիայի «Կաքավագիր» պարերի գրառման համակարգի ծրագրային հավելվածը։ Ապա Այբ դպրոցում Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ կաքավագրերի միջոցով աշակերտները գրառեցին ավելի քան 20 պար [4]։
Լիսիցյանն ինքն իր ստեղծած համակարգով գրառել է ընդամենը երկու պար։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսիցյան գեղարվեստական մարմնամարզության հիմնադիրն է Անդրկովկասում։ Գիտարշավների ընթացքում գրանցել է հայկական ժողովրդական պարեր, թատերայնացված գործողություններ, հավաքել ազգագրական և բանահյուսական նյութեր։ Հոդվածների, աշխատությունների և թարգմանությունների, պարերի բեմադրությունների հեղինակ է։ Գրել է «Նարինե» բալետը (Ս. Բարխուդարյանի հետ)։ Ռուսերեն է թարգմանել հայ դասականների գործերից (Լ. Շանթ, Ստ. Զորյան, Դ. Դեմիրճյան) և այլն[5]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբուհի Լիսիցյանը Երևանում բնակվել է Մաշտոցի պողոտա 43 շենքում, որի մուտքի մոտ տեղադրված է նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակը։
2023 թ․ հունիսի 27-ից հուլիսի 2-ին Կարին կրթամշակութային ՀԿ-ն և Ազգային երգ ու պարի ակադեմիան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համագործակցությամբ կազմակերպեցին լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում իրականացվենին մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես․
2023 թ․ հունիսի 27-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակին նվիրված պարային միջոցառում, որով ազդարարվեց լիսիցյանական շաբաթի բացումը[6]։
2023 թ․ հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունենացավ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի Bon quart խորագրով մենահամերգը[7]։
2023 թ․ հունիսի 29-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակին, որի ընթացքում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հանդես եկավ բանախոսությամբ[8]։
2023 թ․ հունիսի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կայացավ «Մեր պարերը և մենք» խորագրով հայկական պարի բաց դասը՝ նվիրված Սրբուհի Լիսիցյանին[7]։
2023 թ․ հուլիսի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց «Պարահեն ինքնություն» բաց դաս – դասախոսությունը[7]։
2024 թ․ հունիսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Սրբուհի Լիսիցյանի 131-ամյակին նվիրված հանդիպում-քննարկումը՝ «Հայ ինքնության բանահավաքը» խորագրով [9]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Запись движения (кинетография), М .— Л., 1940;
- Старинные пляски и театральные представления армянского народа, т. 1,2, Е., 1958, 1972;
- Армянские старинные пляски, Е., 1983.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 483.
- ↑ Հայաստանի հանրային ռադիոյի «Վերնատուն» ծրագիր
- ↑ «Կաքավագիրը» հյուրընկալվեց «Ապրի Արմենիա»
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայոց պարի Կոմիտասը. Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակն է
- ↑ 7,0 7,1 7,2 Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվում է Լիսիցյանական շաբաթ
- ↑ «Հայոց պարի խազագիրը» խորագրով բանախոսություն՝ նվիրված Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակին
- ↑ Հայ ինքնության բանահավաքը | Սրբուհի Լիսիցյան 131
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական հինավուրց պարեր, Սրբուհի Լիսիցյան, Երևան, 2013, Առաջաբան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբուհի Լիսիցյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 625)։ |
- Հունիսի 27 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Հունիսի 28 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 28 մահեր
- 1979 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի հայ կանայք
- Խորհրդահայեր
- Խորհրդային ազգագրագետներ
- Խորհրդային կին գիտնականներ
- Կին ազգագրագետներ
- Հայ ազգագրագետներ
- Հայ արվեստաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ