Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բանանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Դաշքեսանի շրջան, գ. Բանանց, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակկիսավեր
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Բանանցի Սուրբ Աստվածածին), հայկական առաքելական եկեղեցի ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի կենտրոնում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հյուսիսային կողմում, գրեթե կից։

Համաձայն Տեր-Պողոս Եպիսկոպոսյանցի վկայության՝ 19-րդ դարի վերջին Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր անմխիթար վիճակում.

...յետ իսպառ քայքայման փայտակերտ տանեաց ս. Ա(ստուա)ծածին հին եկեղեցւոյ գեղջս սրբավայրն օրըստօրէ անշքանայր և լիներ կոխան մարդուց և անգամ անասնոց, քանզի ի վերջին ամս որմունքն ի տեղիս տեղիս փլեալ էին։ ...Շինութիւն սենեկաց սկսեալ է ի 1886 ամի արդեամբք եկեղեցւոյ, նուիրատութեամբ պ. Եագորի Յովհաննիսեանց ի յիշատակ որդւոց իւրոյ Աղէքսանդրի և եղբարց Տէր-Յովսեփեանց՝ դպիր Ներսեսի և Յովսեփայ ի յիշատակ բազմերախտ եղբօր իւր մահտեսի Աւետիքի, նոյնպէս և այլոց ոմանց բարեսիրաց և օժանդակութեամբ ժողովրդի... միայն թէ շինութիւնն յատկապէս կառուցեալ է վասն ...անհրաժեշտ պիտոյից եկեղեցւոյ ի տեղի և ի վերայ հիման հին եկեղեցւոյ[1]

1981 թվականին եկեղեցին վերանորոգվել է[2]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավ, թաղածածկ հորինվածքով, անմշակ քարով, կրաշաղախով իրականացված կառույց է (արտաքին չափերն են՝ 9,64 x 7,40 մ)։ Միակ մուտքը՝ 19-րդ դարի ձևափոխության ակնհայտ դրոշմով (լայնացվել է), բացված է արևմտյան ճակատից։ Լուսավորությունն իրականացվել է դեպի ներս լայնացող 2 լուսամուտների միջոցով։ Ունի լայն խորան, ավանդատներ չունի։ Կառույցն առանձնահատուկ է թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ պատերի մեջ ագուցված բազմաթիվ խաչքարերով ու տապանաքարերով։ Մեր հաշվառմամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 153 միավոր գերեզմանական հուշարձան, որոնցից 22-ը՝ տապանքար, 131-ը՝ խաչքար։ Ընդ որում, վերջիններս ագուցված են ամենուրեք՝ սկսած քիվատեղերից մինչև խորհրդարաններ ու լուսամուտներ[3]։

Խաչքարերն ու տապանաքարերը ոճական և գեղարվեստական առումով վերաբերում են ԺԶ-ԺԷ դարերին։ Դրանցում զգալի թիվ են կազմում նաև արձանագրվածները[4]։

Սուրբ Աստվածածին եկեղեցին կալվածներ ուներ նաև Գանձակում. «1845 ամի ի գիւղն Բանանց սբ. Աստուածածնայ եկեղեցի ունի զմի փոքր պարտեզ թթենեաց, ի քաղաքին Յելիզավետապոլ ունի զմի փոքրիկ մահլայ յորում է մի տուն»։ Ի դեպ, Գանձակում գտնվող այգին եկեղեցուն 1839 թ. նվիրել էր հանգուցյալ գանձակաբնակ բանանցեցի տիկին Հռիփսիմե Հարությունյանցը[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ461, ց. 1, գ. 9, թ. 161
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 160
  3. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 160-161
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 161
  5. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 13-14, գ. 3798, թ. 242-243